Թեմայի արդիականությունը

 

Կամավորական գործունեությունը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեության տեսակ է։ Հաճախ կամավորությունը դիտարկվում է որպես կողմնակի, հավելյալ ուժ՝ կարողությունների բացը լրացնելու համատեքստում։ Իրականում կամավորությունն ավելին է, քան զուտ հավելյալ ուժը, այն քաղաքացիական հասարակություն ձևավորելու կարևորագույն տարրերից է, սոցիալական ինտեգրման գործիք, որը նպաստում է անհավասարությունների վերացմանը։ Սոցիալական ինտեգրումը անհատի ինքնիրացումն է որպես հասարակության լիարժեք անդամ, հասարակության կողմից ճանաչումն ու ընդունումը իր յուրահատկություններով հանդերձ։ Եվրոպայի Խորհուրդը սոցիալական համախմբվածությունը բնութագրում է որպես իրավիճակ, երբ հասարակությունը հասնում է բոլոր անդամների բարեկեցության ապահովմանը, և անհավասարությունները նվազագույն մակարդակում են։ Այս համատեքստում հասարակության մասնակցայնության աստիճանը դառնում է չափման միավոր սոցիալական համախմբվածությունը հաշվարկելու տեսանկյունից, իսկ կամավորությունը դիտարկվում սոցիալական ինտեգրման գործիք։

Այս առումով, ինչպես ցույց են տալիս վերլուծություններն ու քննարկումները, Հայաստանի Հանրապետությունում կամավորությունը չի դիտարկվում սոցիալական ինտեգրման համատեքստում, այն ընկալվում է սոսկ որպես ներուժ։ Այս մոտեցումն է, որ ամրագրված է գործող կարգավորումներում՝ անտեսելով կամավորության սոցիալական ինտեգրման համատեքստը։ Խնդիրը չի սահմանափակվում սակայն միայն վերոնշյալով։ Հայաստանի Հանրապետությունում չկա նաև միասնական, համապարփակ կարգավորում, որը թույլ կտար կանոնարկել դաշտը՝ սահմանելով ներդաշնակ նորմեր։ Ավելին, իրականում օրենքները և իրավական ակտերը կոչված են կարգավորելու խնդիրները միայն առանձին ոլորտներում։ Օրենսդրական մակարդակում չկան կարգավորումներ, որոնք ուղղված կլինեին կամավորության խթանմանը և զարգացմանը։ Այս իսկ պատճառով հետազոտությունը փորձում է վեր հանել Հայաստանի Հանրապետությունում կամավորությամբ զբաղվելու հիմնական դրդապատճառները, ուսումնասիրել կամավորական գործունեության կարգավորման շրջանակները և բացահայտել կամավորության ոլորտում առկա հիմնախնդիրները։

Հաշվի առնելով վարքագծային և օրենսդրական վերլուծությունների, ինչպես նաև փորձագիտական հանդիպումների արդյունքները՝ Հայաստանի Հանրապետությունում կարելի է առանձնացնել կամավորությանն առնչվող հետևյալ հիմնախնդիրները.

  • Կամավորական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում ներդաշնակեցված չէ։ Գործունեության այս տեսակը կարգավորվում է տարբեր օրենքների և իրավական ակտերի շրջանակում, որոնք նպատակ ունեն լուծելու միայն առանձին խնդիրներ։ Ավելին, գործող կարգավորումներում առկա են հակասություններ։
  • Ներկայիս կարգավորումներում բացակայում են ոլորտի հիմնական հասկացությունների համընդհանուր սահմանումները։

  • Պաշտպանված չեն կամավորի և ընդունող կազմակերպության իրավունքները, սահմանված չեն վերջիններիս պարտականությունները։

  • Թե գործող կարգավորումներում և թե առաջարկվող նախագծերում լիարժեք սահմանված չեն կամավորության տեսակները։ Գործող կարգավորումներում ընդհանրապես բացակայում է կամավորության տեսակների սահմանումը, մինչդեռ 2017 թվականին առաջարկված նախագծով առաջարկվում է կամավորության 3 տեսակ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Նախագծով չի սահմանվում տարերային աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ ինքնաբուխ կամավորությունը որպես կամավորության տեսակ կամ ենթատեսակ։

  • Գործող կարգավորումներով կամավորությունը չի դիտարկվում ռիսկերի կանխարգելման, հետևանքների վերացման և արագ արձագանքման համատեքստում, ուստի չկան համապատասխան իրավական հիմքեր կամավոր գործունեության խթանման և զարգացման համար։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում չեն նախատեսվում գործողություններ, որոնք ուղղված կլինեին կամավորական գործունեության, ինչպես նաև աղետների ժամանակ և արտակարգ իրավիճակներում ինքնաբուխ կամավորության մասին իրազեկվածության բարձրացմանը։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում սահմանված չեն տարերային աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ ինքնաբուխ կամավորության կառավարման մեխանիզմները, կամավորների իրավունքներն ու պարտականությունները։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում դիտարկված չեն կամավորությունը խթանող մեխանիզմները։ Սույն հետազոտության «Միջազգային փորձ» բաժնում նշվում է, որ Չեխիայի Հանրապետությունը, օրինակ, 2014 թվականից կիրառում է կամավորության գնահատման հավաստագրի ինստիտուտը, որով փորձում է աջակցել քաղաքացու՝ աշխատանք գտնելու գործընթացին։ Հայաստանում չկան մեխանիզմներ, որոնք կխթանեին կամավորության զարգացումը։ Ավելին, ԵՄ կազմակերպությունները կամավորությունն այժմ դիտարկում են որպես կրթությունից աշխատաշուկա անցնելու կարևոր օղակ։ Հայաստանի Հանրապետությունում կամավորությունը օրենսդրական մակարդակում չի դիտարկվում այս համատեքստում, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հենց կամավորությունն է, որ կարող է սկզբունքային գործիք լինել երիտասարդության շրջանում գործազրկությունը կրճատելու համար։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում կամավորությունը չի դիտարկվում գործազրկության կրճատման համատեքստում։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում կամավորությունը չի դիտարկվում քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման համատեքստում, այն չի դիտարկվում որպես սոցիալական ինտեգրման գործիք։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում կամավորությունը չի դիտարկվում տնտեսական և սոցիալական արժեքների ստեղծման համատեքստում։

  • Կամավորությունը Հայաստանի Հանրապետությունում չի դիտարկվում սոցիալական հավասարության ապահովման համատեքստում։

  • Կամավորության կարգավորմանն առնչվող նախագծերը պարունակում են հոդվածներ, որոնք կարող են հանգեցնել ոլորտի գերկարգավորման։ Օրինակ, 2017 թվականի նախագծի 6-րդ հոդվածը՝ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական բնագավառները և աշխատանքները», որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, ինչը նշանակում է, որ կամավորի համար գծվում է գործունեության խիստ որոշակի, սահմանափակ շրջանակ։ Նման մոտեցումը կարող է սահմանափակել հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում չեն դիտարկվում գործողություններ, որոնք կնպաստեին կամավորության ոլորտում պետական մարմինների, քաղհասարակության և մասնավոր հատվածի միջև համագործակցության ուղիների ստեղծմանը և ամրապնդմանը։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում չկան նախադրյալներ, որոնք կնպաստեին կամավորության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը։

  • Կամավորությունը Հայաստանի Հանրապետությունում չի դիտարկվում մասնակցության հավասար պայմաններ ապահովելու համատեքստում։

  • Օրենսդրական մակարդակում հստակեցված չէ կամավորի տարիքը, հետևաբար և սահմանված չեն ռիսկերի վերացման կամ նվազեցման իրավական հիմքերը՝ ըստ տարիքային խմբերի։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում սահմանված չեն վնասների փոխհատուցման հստակ մեխանիզմներ՝ ըստ կամավորության տեսակների։

  • Թե գործող կարգավորումների և թե առաջարկվող նախագծերի շրջանակներում չեն սահմանվում կազմակերպությունների կողմից կամավոր աշխատանքների իրականացման իրավական հիմքերը, պարտականություններն ու իրավունքները։

  • Գործող կարգավորումներով չկան հարկային քաղաքականության մեխանիզմներ՝ ուղղված կամավորության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և ոլորտի զարգացմանը։

  • Կամավորության հանրահռչակման ծրագրերի կարիք կա, ինչի պատճառով հանրության լայն շրջանակներում կամավորության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության բաց է առաջացել։

  • Կամավորությունը խրախուսող նախաձեռնությունների բաց է նկատվում, որը հնարավորինս կխթաներ հասարակության՝ կամավորական ծրագրերում ներգրավման շարունակականության ապահովումը։

  • Չկան մասնագիտական կամավորության մեխանիզմներ, ինչը թույլ կտար ավելի շատ կամավորներ հավաքագրել։

  • Չկա կամավորականների տվյալների միասնական շտեմարան, ինչը թույլ կտար կամավորության փաստահենք քաղաքականություններ մշակել՝ հիմնված վիճակագրական ծավալուն տվյալների վրա։

  • Համապատասխան հետազոտությունների բացակայության պայմաններում կամավորներ թիրախավորելիս հաշվի չեն առնվում վերջիններիս շարժառիթները, ինչը դրականորեն կանդրադառնար կամավորների հավաքագրման արդյունավետության վրա։

  • Կամավորական ռիսկային աշխատանքների համար համապատասխան դասընթացներ և վերապատրաստումներ չեն իրականացվում, ինչը կամավորներին կօժտեր անհրաժեշտ հմտություններով և գիտելիքով։

  • Չկան կամավորների համար սահմանված արտոնություններ, կամ լայնամասշտաբ սոցիալական ապահովագրության մեխանիզմներ, որոնք միտված կլինեին խրախուսելու կամավորական աշխատանքը։

 

 

1. ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

 

1.1 Կամավորությամբ զբաղվելու շարժառիթները և կամավորների տիպաբանական առանձնահատկությունները

Ակադեմիական գրականությունը հարուստ է կամավորության վերաբերյալ մեծածավալ հետազոտություններով։ Ուսումնասիրությունների զգալի մասը նպատակ ունի լույս սփռել կամավորության շարժառիթների վրա։ Կամավորական աշխատանք կատարելու մոտիվացիաների քննությունը և դրանից բխող եզրահանգումները հաջող քաղաքականություն մշակելու կարևոր նախապայման են։ Մասնավորապես, որոշ տեսաբաններ (Dolnicar and Randle, 2007), հղում կատարելով շուկայաբանության առանցք համարվող առաջարկի և պահանջարկի ներդաշնակեցման սկզբունքին (McDonald, 2002), պնդում են, որ եթե կամավորի շարժառիթը համապատասխանեցվի վերջինիս ցանկությանը պատշաճող առաջարկին, ապա արդյունքը փոխշահավետ կլինի բոլոր կողմերի համար։ Այլ հետազոտություններ (Clary et al., 1998) ևս փաստում են, որ եթե կամավորների պահանջները չեն բավարարվում, ապա նրանք դադարեցնում են աշխատանքը։ Հետևաբար, կարելի է պնդել, որ կամավորության շարժառիթները հասկանալն ու եզրահանգումներ անելը կարող են նպաստել ոչ միայն կամավորների թվի ավելացմանը, այլև պայման հանդիսանալ, որ նրանք ժամանակից շուտ չդադարեցնեն աշխատանքը։

Կամավորության շարժառիթների արդի հետազոտություններում գերակշռում է հիմնականում երկու տեսակետ։ Հետազոտողների մի թևը պնդում է, որ կամավորությամբ զբաղվում են մարդասիրական նկատառումներից ելնելով (Bussel and Forbes, 2002), մյուսներն այն կարծիքին են, որ հիմնական դրդապատճառը պայմանավորված է եսասիրական գործոններով (Hibbert, Piacentini and Dajani, 2003)։ Օրինակ՝ կամավորները կարող են ձեռք բերել հմտություններ, որոնք հետագայում պետք կգան աշխատաշուկայում (Ziemek, 2006)։ Հիշատակության է արժանի փաստը, որ երկրներում, որտեղ գործազրկության տոկոսը մեծ է, կամավորությունը դիտարկվում է որպես աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն (Akintola 2011)։ Մյուս կողմից՝ մարդասիրական և եսասիրական շարժառիթները կարող են հանդես գալ համատեղ (Wandersman and Alderman 1993; Rehberg, 2005)։ Իրապես, կամավորները սովորաբար առանձնացնում են մի քանի գործոն, որոնք ազդեցություն են ունեցել իրենց որոշման վրա (Wandersman and Alderman 1993; Rundle 2007; Akintola 2011)։ Տարբեր ուսումնասիրությունների արդյունքները միակցելով՝ (Dolnicar and Randle 2007; Akintola 2011; Carpenter and Myers 2010) վեր են հանվում կամավորությամբ զբաղվելու հետևյալ դրդապատճառները.

  • անձնական կամ ընտանեկան ներգրավվածություն,

  • անձնական բավարարվածություն,

  • սոցիալական պայմանագիր (social contract),

  • կրոնական համոզմունք,

  • ակտիվ լինել,

  • նոր հմտություններ սովորել,

  • հանրօգուտ գործ անել,

  • օգնել այլոց,

  • փորձ ձեռք բերել,

  • օգտագործել հմտություններն ու գիտելիքը,

  • պարտավորության զգացում,

  • ընկերներ ձեռք բերել,

  • պարզապես պատահականություն։

Տեսաբանները, խմբված շարժառիթները համակցելով ժողովրդագրական և սեռատարիքային առանձնահատկությունների հետ (Dolnicar and Randle 2007), կամավորներին տիպաբանորեն դասակարգել են վեց սեգմենտներում. 

  • դասական կամավորներ,

  • նվիրյալ կամավորներ,

  • ներգրավված կամավորներ,

  • անձնական բավարարվածություն հետապնդող կամավորներ,

  • մարդասեր կամավորներ,

  • օգտապաշտ կամավորներ։

Դասական կամավորների հիմնական նպատակը արժեքավոր և հանրօգուտ աշխատանք կատարելն է։ Նրանք սովորաբար տարեց են, աշխատաշուկայում ակտիվ մասնակցություն չունեն, մեծ ջանասիրությամբ ներգրավված են կամավորական աշխատանքներում։ Նվիրյալ կամավորները բավական շատ ժամանակ են տրամադրում կամավորությանը և համագործակցում են բազմաթիվ կամավորական կառույցների հետ։ Վերջիններս որպես շարժառիթ նշում են մի քանի դրդապատճառ, որոնք հավասարապես կարևոր են լինում։ Ներգրավված կամավորները միայն սահամանփակ ժամանակ են տրամադրում կամավորությանը՝ աշխատելով հաստատություններում, որոնցում հարազատներ կամ ծանոթներ ունեն։ Անձնական բավարարվածություն հետապնդող կամավորները հազվադեպ են առանձնացնում այլոց օգնելու շարժառիթը որպես հիմնական մոտիվացիա։ Փոխարենը մարդասեր կամավորներն են որպես առանցքային դրդապատճառ դիտարկում մերձավորին օգտակար լինելու ցանկությունը։ Օգտապաշտ կամավորներն աչքի են ընկնում կրթվածության բարձ մակարդակով, համեմատաբար երիտասարդ են, նորեկ են կամավորության ոլորտում և որպես դրդապատճառ առանձնացնում են կամավորներին ոչ հատուկ շարժառիթներ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելը կամ ոլորտում պատահաբար հայտնվելը։

Այս առանձնահատկությունները, այդուհանդերձ, միայն մասնակիորեն են տեղայնացվում տարբեր երկրներում։ Բայց և այնպես, հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել նոր հիպոթեզ ձևավորելու կամ էլ համեմատական վերլուծությունների համար։ Այսպիսով, ամեն երկրի օրինակ կարիք ունի առանձին ուսումնասիրության:

 

1.2. Արդյունքներ և վերլուծություն

 

1.2.1. Կրտսեր տարիքային տիրույթ

Շարժառիթները

Տարիքային այս խմբում կամավորության դրդապատճառները բազմաբնույթ են։ Շարժառիթները կարելի է բաժանել ըստ փուլերի՝ մինչև կամավորությունը և փորձառությունից հետո։ Սկզբնական շրջանում ռոմանտիզմն ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու ցանկությունն են պայմանավորում կամավորությամբ զբաղվելու որոշումը։ Խոսվում է նաև աշխարհը փոխելու, օգտակար լինելու, ձանձրալի առօրյայում փոփոխություն մտցնելու, մյուսների հետ հաղորդակցվելու և հետաքրքրիր աշխատանք կատարելու ցանկությունների մասին։ Հետագայում արդեն կամավորությունը դիտարկվում է որպես ինքնաճանաչողության միջոց, և թիրախային խմբի անդամները կամավորական աշխատանք են կատարում տարբեր ոլորտներում սեփական ներուժը գնահատելու ու մասնագիտական կողմնորոշումը հստակեցնեու նպատակով։ Կամավորությունն ընկալվում է նաև ներդրում ապագայի մեջ, որի հեռանկարները, սակայն, հստակ չեն ուրվագծվում, քանի որ այդ տարիքում մասնակիցները դեռ չեն պատկերացնում այն ոլորտը, որտեղ կկարողանային կիրառել ձեռք բերած փորձը։ Վերջիններս նշում են, որ կամավորությունը միանշանակ կնպաստի աշխատանք գտնելուն, մասնագիտական առաջխաղացմանը, բայց թե որ ոլորտում, դեռ անհայտ է։ 

Փոխարենը՝ նրանք կարևորում են կյանքի փորձ ձեռք բերելու հնարավորությունը, որը նրանց ավելի ինքնավստահ, շրջահայաց և գիտակից է դարձնում։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիքային այս խմբի կամավորները աշխատանքային փորձառության միջոցով ձգտում են ապահովել իրենց սահուն անցումը դեպի «մեծերի աշխարհ»։ Ցցուն է նաև միտումը կրկնօրինակելու մենթորներին, ինչն արտահայտվում է, օրինակ, հետագայում կազմակերպչական և ոչ «շարքային» աշխատանք կատարելու ցանկությամբ։

 

 

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Բովանդակություն

 

Թեմայի արդիականությունը

Մեթոդաբանություն  

1.  ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ  

1.1. Կամավորությամբ զբաղվելու շարժառիթները և կամավորների տիպաբանական առանձնահատկությունները

1.2.   Արդյունքներ և վերլուծություն            

1.2.1.  Կրտսեր տարիքային տիրույթ             

1.2.2.  Միջին տարիքային տիրույթ 

1.2.3.   Ավագ տարիքային տիրույթ  

1.2.4.   Երբևէ կամավորական աշխատանք չծավալածների խումբ              

1.3.  Միջազգային փորձի և ակադեմիական գրականության տեղայնացումը հայաստանյան օրինակով               

1.3.1. Ալտրուիզմ, թե՞ էգոիզմ            

1.3.2. Կամավորների տիպաբանական դասակարգում        

2.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԱՇՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ    

2.1.  Իրավական ակտերի և օրենքների շրջանակ              

2.2. Կամավորական գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախագծեր      

2.3. Կամավորական գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը

3. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ     

3.1. Ոլորտում քաղաքականությունների մշակմանն առնչվող առաջարկներ  

3.2.  Ոլորտի իրավական կարգավորմանն առնչվող առաջարկներ         

Օգտագործված գրականության ցանկ            

Մեթոդաբանություն

 

Հետազոտական այս աշխատանքը նպատակ ունի վեր հանել Հայաստանի Հանրապետությունում կամավորությամբ զբաղվելու հիմնական դրդապատճառները, որոնց վերլուծությունից էլ բխեցվում են կամավորության համար բարենպաստ պայմաններ ապահովելու առաջարկները։ Ուսումնասիրվել են կամավորական աշխատանքին վերաբերող օրենսդրական կարգավորումները, անցկացվել հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, ուրվագծվել ոլորտում առկա հիմնախնդիրները։

Հետազոտության երկու հիմնական հարցերն են.

Հարց 1. Որո՞նք են ՀՀ-ում կամավորությամբ զբաղվելու հիմնական շարժառիթները։

Հարց 2. Ինչպե՞ս կարելի է խրախուսել կամավորական աշխատանքը ՀՀ-ում։

Հետազոտությունը, գույքագրելով կամավորագրվելու շարժառիթները, դասակարգում է կամավորներին ըստ սեգմենտների՝ ժողովրդագրական, տարիքային և վարքաբանական հատկանիշներով։ Դրդապատճառների վերհանումն ու վերլուծությունը մատնանշում է օրենսդրական կարգավորումներում ենթադրվող փոփոխությունները, որոնք կարող են կամավորական աշխատանքի խրախուսման նպաստավոր պայմանների ստեղծել։

Հետազոտության առաջին հարցին պատասխանելու համար քննարկումներ են կազմակերպվել չորս ֆոկուս խմբերում։ Թիրախային առաջին երեք խմբերը ներառել են մասնակիցներ տարիքային տարբեր տիրույթներից (մինչև 20 տարեկան, 21-30, 31 և ավելի)։ Տարիքային միջակայքի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում կամավորների ծանրակշիռ մեծամասնությունը 14-20 տարեկան է, համեմատաբար տարեց կամավորների թիվը էականորեն փոքր է։ Հետևաբար նվազեցվել է ավագ խմբի տարիքային միջակայքը և սահմանվել 31 տարեկան և ավելի։ Մեկ քննարկում անցկացվել է այն մասնակիցների հետ, որոնք երբևէ կամավորությամբ չեն զբաղվել։ Այս մոտեցումը թույլ է տալիս հասկանալ ինչպես կամավորությամբ զբաղվելու, այնպես էլ չզբաղվելու դրդապատճառները։ Հարցաշարերը կազմվել են ակադեմիական գրականության ուսումնասիրության և խորհրդատվական հարցազրույցների հենքով։ Հավաքագրված տվյալները սղագրվել և ենթարկվել են թեմատիկ վերլուծության (Attride-Sterling, 2001), ինչը հնարավորություն է տալիս դրանք ներկայացնել պատկերավոր և համընդգրկուն կերպով։ Ապա կազմվել է կամավորների տիպաբանական սեգմենտների դասակարգման աղյուսակը։

Հետազոտության երկրորդ հարցի շրջանակում կատարվել է ՀՀ-ում օրենսդրական կարգավորումների ամբողջական վերլուծություն։ Ստացված տվյալները համակցվել են համաշխարհային փորձի ուսումնասիրությամբ։ Ստացված արդյունքների հիմքում նաև խորհրդատվական հարցազրույցներն են, որոնք անց են կացվել պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։

Հետազոտության վերջին մասում, հիմնվելով հավաքագրված տվյալների վերլուծության վրա, ձևակերպվել են ՀՀ-ում կամավորությունը խրախուսելու առաջարկներ։ Հետազոտության ամփոփիչ մասն ընդգրկում է քաղաքականությունների և անհրաժեշտ կարգավորումների մշակմանը միտված բաղադրիչներ:

Կարդացեք նաև

Անցումային արդարադատության օրակարգ հայաստանի հանրապետության համար

Էմպիրիկ ցուցիչներ եւ համեմատական ուսումնասիրություններ անցումային արդարադատության գործիքների եւ ծրագրերի կառուցվածքի, ազդեցության եւ արդյունքների վերաբերյալ՝քաղաքագիտության դոկտոր Ներսես Կոպալյանի հետազոտությունը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների ընտանիքահենք խնամքի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ։Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման հնարավորությունները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Սեփական գերազանցության գիտակցում 

Կամավորների այս խմբում հստակ նկատելի է սեփական գերազանցության գիտակցումը, ինչն արտահայտվում է արված աշխատանքից ստացած բավարարվածության, կարևոր գործում ներդրում ունենալու և տարեկիցների համեմատ հանրօգուտ աշխատանք կատարած լինելու զգացումով։ Այս խումբն իրեն հստակ տարբերակում է շահախնդիր կամավորներից։ Հարցման մասնակիցները նշում են, որ իրենց տարեկիցների շրջանում կան այսպես կոչված՝ «թղթի համար» կամավորություն անողներ, որոնց հիմնական շարժառիթը անձնական շահն է, կամավորությունը փաստող վկայականի առկայությունը համալսարան ընդունվելու կամ ուսման վարձի զեղչ ստանալու համար։ Այդուհանդերձ, շահադիտական դրդապատճառներ ունենալը մեղադրելի չէ, իսկ «ստիպված կամավորությունը» հետագայում միգուցե հանրօգուտ աշխատանք կատարելու ցանկություն արթնացնի։ Ամեն դեպքում, ըստ հարցվողների, շահախնդիր կամավորները հիմնականում անտարբեր են գործի նկատմամբ։

 

Առկա խնդիրները

Թեպետ կամավորական աշխատանքը բնորոշվում է որպես դրական երևույթ, տարիքային այս խումբն առանձնացնում է խնդիրներ, որոնց ականատեսն է եղել փորձառության ընթացքում։ Նշվում է գործի բերումով կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելու հնարավորությունը, տարիքային առումով անցանկալի խոսակցությունների մեջ ներգրավվելու անխուսափելի լինելը, աշխատանքի համակարգման հետ կապված որոշ բացթողումներ և հասարակական հնարավոր ճնշումը։ Հատկանշական է, որ այս խմբում, ի տարբերություն մյուսների, գնահատված չլինելու մասին խոսք ընդհանրապես չկա։ Հավանաբար սա բացատրվում է կրտսեր տարիքային խմբի թեթև ծանրաբեռնվածությամբ. կամավորական աշխատանքով նրանք զբաղվում են հիմնականում ամռանը, ներգրավված են համեմատաբար հաճելի և հեշտ աշխատանքներում, ինչի դիմաց խրախուսանք, գովասանք կամ գնահատվածություն ի սկզբանե չեն ակնկալում։

 

 

1.2.2. Միջին տարիքային տիրույթ

Շարժառիթները

Միջին տարիքային խմբում կամավորությամբ զբաղվողները ներգրավված են հիմնականում մասնագիտական ոլորտներում, ինչն օգնում է նրանց աշխատանքային առաջխաղացմանը։ Որպես շարժառիթ նշվում է մարդասիրական բաղադրիչը։ Դիմացինին օգնելիս նրանք հոգեկան բավարարվածություն են ստանում, որն ամրագրվում է անշահախնդիր լինելուց հաճույք ստանալու և գնահատվածության գիտակցմամբ։ Ըստ հարցվողների՝ հարազատ ոլորտում գործունեությունը նպաստում է աշխատանքային փորձի, նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչը թույլ է տալիս իրենց ավելի կազմակերպված և ինքնավստահ զգալ։ Հատկանշական է, որ տարիքային այս խմբում չեն էլ թաքցնում, որ կազմակերպության հեղինակությունը վճռորոշ է կամավորությամբ զբաղվելու որոշում ընդունելու համար։ Հայտնի ընկերությունում կամ կազմակերպությունում կամավորությունը գրավիչ է հաստատության ներքին խոհանոցին ծանոթանալու, փորձի փոխանակման, մասնագիտական զարգացման և այլ տեսանկյուններից։ Այդուհանդերձ, հետագա ներգրավվածության համար կարևոր է գաղափարի գիտակցումը, որը կամավորական աշխատանքի հիմնական շարժիչ ուժն է։

 

Սեփական գերազանցության գիտակցում

Սեփական գերազանցության գիտակցումը հստակ արտահայտված է նաև այս խմբում։ Նշվում է, որ կամավորությունը ամեն մեկի համար չէ։ Եթե կրտսեր խմբում հարցվողներն իրենց համեմատում էին կամավորություն չարած տարեկիցների կամ շահախնդիր կամավորների հետ, ապա միջին խումբը այս երկուսին հավելում է նաև երիտասարդ կամավորներին, որոնք հաճույքի համար են հանրօգուտ աշխատանք կատարում՝ հիմնականում ամռան ամիսներին։ Ամեն դեպքում, ներգրավվածության այս տեսակն էլ է գովելի, շահախնդիր նկրտումները ևս  չեն մերժվում, ավելին, կամավորության ընթացքում հաշվենկատների դրդապատճառները կարող են փոխվել։

 

Խնդիրները որպես մարտահրավեր

Տարիքային այս խումբը խնդիրներն ընկալում է որպես մարտահրավեր, որոնց ճիշտ արձագանքելով իրենք ավելի հմուտ և փորձառու են դառնում։ Կամավորության բնագավառում համեմատաբար զգալի փորձ ունենալով՝ հարցվողները խոսում են նաև ոլորտում կամավորների ներգրավվածությունն ընդլայնելու ուղիների մասին։ Հիմնականում նշվում է իրազեկումը դպրոցներում, ինչը թույլ կտա, որ երեխաները գիտակցեն կամավորության կարևորությունը։ Որպես հիմնական խոչընդոտ դիտարկվում է տեղեկացվածության բացը, որը կարելի է լուծել իրազեկող արշավների միջոցով։ Արդյունավետ է համարվում նաև կամավորներ ստիպողաբար ներգրավելու տարբերակը, ինչը հնարավոր է, եթե կամավորական աշխատանքը ցանկալի կամ անհրաժեշտ նախապայան սկսեն դիտարկել համալսարանները և գործատուները։ Նման քայլերը, ըստ հարցվողների, քայլերը թույլ կտան ավելացնել կամավորների քանակը։

 

 

1.2.3 Ավագ տարիքային տիրույթ

Շարժառիթները

Հարցվողների հիմնական մոտիվացիան կարելի է հավասարապես բաշխել մարդասիրական և շրջահայացությամբ պայմանավորված բաղադրիչների միջև, իսկ արված գործից բավարարվածության գիտակցումը կարելի է բնորոշել որպես հիմնական շարժառիթ։ Մյուս՝ ոչ պակաս կարևոր շարժառիթը մի քանի շերտ ունի, որոնք միտված են մասնագիտական բացի լրացմանը, հմտությունների և գիտելիքի զարգացմանը, կարողությունների պահպանմանը։ Օրինակ՝ օտարալեզու միջավայրում կամավորությունը նպաստում է օտար լեզուն պահպանելուն և այն զարգացնելուն։ Հատկանշական է, որ եթե մյուս խմբերում կամավորությամբ ցանկանում են փորձ և հմտություններ ձեռք բերել, ապա ավագները փորձում են կամավորության ճանապարհով մոռացության չմատնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Արդյունքում՝ մասնագիտական ոլորտում կամավորական աշխատանք ծավալելու նախապայմանը այս խմբի համար մեծ կարևորություն ունի։

 

Չգնահատվածության զգացում

Ի տարբերություն մյուս խմբերի՝ հարցվողներն այստեղ կամավորության վերաբերյալ հստակ մտահոգություններ ունեն, հիմնականում՝ գնահատված չլինելը։ Դժգոհության տեղիք է տալիս հատկապես պետական մարմինների կողմից խրախուսանքի չարժանանալը։ Թեպետ վերջիններս նշում են, որ գնահատվածությունը կարող է շնորհակալական խոսքի տեսքով էլ արտահայվել, բայց վատ չէր լինի, որ կամավորները, թեկուզ խորհրդանշական, բայց խրախուսվեին, ֆինանսական խրախուսանք ստանային՝ իրենց ավելի արժևորված զգալու համար։ Այդ կերպ իրենք կկարողանային հոգալ նաև սննդի և տեղափոխման ծախսերը։ Տարատեսակ արտոնությունների և սոցիալական ապահովագրության տրամադրումը նույնպես գնահատանքի միջոց կարող է լինել։

 

Հստակ լուծումներ՝ միտված առկա խնդիրների լուծմանը

Լինելով փորձառու՝ հարցվողները տարբեր լուծումներ են առաջարկում։ Հիմնական խնդիրը, ըստ նրանց, կամավորության մշակույթի բացակայությունն է, ինչը մասամբ պատճառաբանվում է խորհրդային տարիների ժառանգությամբ։ Մյուս խնդիրը կամավորության մասին օրենքի բացակայությունից բխող հետևանքներն են, ինչի արդյունքում կամավորները կարող են շահագործվել կամ ընդհանրապես չաշխատել (կուզեմ՝ կանեմ, չեմ ուզի՝ չեմ անի սկզբունքով), պաշտպանված չլինել (օրինակ՝ վնասի դեպքում), կամ էլ համապատասխան որակավորում կամ փորձառություն չունեցող կամավորները կարող են վնասել իրենց աշխատանքով։

Կամավորական աշխատանքի մշակույթը զարգացնել կարող է երեխաներին փոքր տարիքից դրան վարժեցնելն ու այդ մշակույթը դաստիարակելը, կամավորական աշխատանքը երեխաների մոտ հետաքրքիր եղանակներով խրախուսելը։ Բոլոր այս խնդիրները հնարավոր է լուծել համապատասխան օրենքի միջոցով, որը և՛ կկարգավորի ոլորտում առկա բացերը, և՛ կմեծացնի կամավորների թիվը։

 

 

1.2.4. Երբևէ կամավորական աշխատանք չծավալածների խումբ

Թեկուզև թիրախային խմբի մասնակիցներն ակնածանքով են վերաբերվում կամավորությանը, նրանք երբևէ նմանատիպ աշխատանք չեն կատարել։ Հարցվողները մե՛կ մատնանշում են հանգամանքները, թե ինչու կամավորություն չեն արել, մե՛կ վատաբանում երևույթը՝ արդարացնելով անգործությունը, մե՛կ փորձում կամավորության և այլ երևույթների միջև համեմատականներ անցկացնել՝ ցույց տալու համար, որ իրենք էլ ինչ-որ կերպ կամավորական են եղել։

Կամավորություն չանելու հիմնական պատճառը ժամանակի սղությունն է, նպաստող միջավայրի բացակայությունը (տանը չեն տեսել, դպրոցում չեն արել), հասարակական կարծիքը, օրինակ, չվճարվող աշխատանք կատարելու բացասական ընկալումը, կամ էլ կամավորական աշխատանքի անհամատեղելիությունը տղամարդկայնության հետ։ Մասնակիցներից մեկը, օրինակ, նշել է. «Շատերը մի քանի տարի առաջ կամավորագրվեցին ու սահման մեկնեցին, բայց իրենցից քչերը կհամաձայնեն բահը ձեռքներին այգում գործ անել»։

Հարցվողներն ունեն կատարյալ կամավորի իրենց պատկերացումը, որից մասնակի շեղումն անգամ մեկնաբանվում է բացասական երանգավորմամբ, և որով փորձ է արվում արդարացնել կամավորական աշխատանքներում ներգրավված չլինելը։ Իդեալական կամավորականը անշահախնդիր մեկն է, ով անհատույց աշխատանք է անում բացառապես մասնագիտական ոլորտում։ Այս շրջանակից դուրս կամավորությունը ասոցացվում է, օրինակ, ծայրահեղականության, քաղաքական ակտիվիզմի կամ շահախնդրության հետ։ Մասնակիցները նշում են, որ եթե կարողանային մասնագիտական շրջանակում կամավորություն անել, հնարավոր է՝ անեին, սակայն դժվարանում են պատկերացնել իրենց հմտությունների կիրառումը կամավորության ձևաչափով։

Ինչպես արդեն նշվեց, վերջիններս հաճախ զուգահեռներ են անցկացնում կամավորության և բարեգործության, բարի գործի, անշահախնդիր արարքի միջև, այնուհետև հարց բարձրացնում, թե արդյոք սա կամավորություն է, թե ոչ։ Հնարավոր է նաև, որ այս զուգակցումները անտեղյակության արդյունք են, քանի որ բազմիցս կամավորին նույնացրել են քաղաքական ակտիվիստների և բնապահպանների հետ։ Հատկանշական է, որ հարցվողները երբեմն այլընտրանքային տարբերակներ են առաջարկում կամավորությանը։ Օրինակ՝ պայքարել, որ համապատասխան մարմիններն իրենց գործը լավ անեն, ինչը կբացառի կամավորական աշխատանքի կարիքը։

 

 

1.3. Միջազգային փորձի և ակադեմիական գրականության տեղայնացումը հայաստանյան օրինակով

 

1.3.1. Ալտրուիզմ, թե՞ էգոիզմ

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ կամավորական աշխատանքով զբաղվելու դրդապատճառները ներառում են թե՛ մարդասիրական, թե՛ հաշվենկատության բաղադրիչներ։ Պատկերը տարբեր համամասնություններով նկատվում է տարիքային բոլոր խմբերում։ Ուստի կարելի է պնդել, որ կամավորության շարժառիթները պայմանավորված չեն բացառապես ալտրուիստական կամ բացառապես էգոիստական մղումներով (Wandersman and Alderman 1993; Rehberg 2005)։ Հատկանշական է, որ կամավորական աշխատանքում շահագրգռող հանգամանքները բավական լուրջ խթաններ են, որոնք արտահայտվում են հիմնականում փորձ, հմտություններ, գիտելիք ձեռք բերելու հեռանկարով։ Որոշ դեպքերում հենց սրանք են պայմանավորում անվարձահատույց աշխատանք կատարելու որոշումը։ Այդուհանդերձ, մարդասիրական կամ հանրօգուտ գործ անելու ցանկությունն է կամավորական աշխատանքներում ընդգրկվածության շարունակականությունը երաշխավորող պարտադիր պայմանը։

Մարդասիրական շարժառիթներ։ Կրտսերների խմբում ալտրուիստական նկրտումները մեծամասամբ դրսևորվում են աշխարհը փոխելու, ինչ-որ դրական գործ անելու ցանկությամբ և ոչ անպայմանորեն մարդկանց օգնելով։ Մինչդեռ տարիքային մյուս խմբերում հենց մարդկանց օգնելու ցանկությունն է հիմնական խթանիչ գործոնը։

img 1824

Շրջահայացությամբ պայմանավորված շարժառիթներ։ Տարիքային խմբերում կամավորական աշխատանքի շահագրգռող գործոնները տարբեր արտահայտություններ ունեն։ Երիտասարդներն ուզում են առավելապես կյանքի և ոչ թե մասնագիտական փորձ ձեռք բերել, քանի որ մասնագիտական կողմնորոշում դեռ չունեն։ Միջին և ավագ տարիքային խմբերը կամավորական աշխատանքով ձգտում են լրացնել մասնագիտական հմտությունների և փորձի բացերը։ Հատկանշական է, որ մեծահասակները կամավորական գործունեությամբ ավելի շատ ցանկանում են պահպանել մասնագիտական իրենց կարողությունները, քան ընդլայնել կամ հարստացնել դրանք։ Սա հավանաբար պայմանավորված է նրանով, որ նրանք արդեն հասցրել են բավական գիտելիք և հմտություններ ձեռք բերել և նրանց հիմնական խնդիրը սահմանափակվում է եղած կոմպետենցիաները պահպանելով։

 

1.3.2. Կամավորների տիպաբանական դասակարգում

«Դասական կամավորի» սահմանմանը համապատասխանում են առավելապես միջին և ավագ խմբի ներկայացուցիչները, քանի որ վերջիններիս հիմնական նպատակը արժեքավոր և հանրօգուտ աշխատանքն է, որին բավական շատ ժամանակ են կարողանում հատկացնել։ Կրտսեր մասնակիցները չնայած նշում են դրական փոփոխություն բերելու ցանկությունը, սակայն շատ քիչ ժամանակ են տրամադրում կամավորությանը՝ ինչը պայմանավորված է դպրոցական ծրագրի հետ անհամատեղելիությամբ։

«Նվիրյալ կամավորության» սահմանմանը, ինչպես և սպասվում էր, համապատասխանում են ավագ խմբի հարցվողները։ Բացի այն, որ նրանք համագործակցում են բազմաթիվ կամավորական կազմակերպությունների հետ, հաճախ հենց իրենք են նախաձեռնում կամավորական աշխատանքներ։

Ինչպես երևում է աղյուսակից՝ տարիքային և ոչ մի խմբում «ներգրավված կամավորներ» չկան։ Կամավորության այս տեսակը թերևս զարգացած չէ Հայաստանում։

img 1827

Անձնական բավարարվածության ձգտողներ կան տարիքային բոլոր խմբերում։ Քանի որ դասակարգման այս խմբի ներկայացուցիչները դիմացինին օգնելու դրդապատճառը հազվադեպ են նշում, իսկ տարիքային բոլոր երեք խմբերում կամավորական աշխատանք անելու ցանկությունը միայն մարդասիրական նկրտումերով չէ պայմանավորված, ապա կարելի է պնդել, որ անձնական բավարարվածության ձգտումը միայն մասնակիորեն է արտացոլված ուսումնասիրված խմբերում։

Տարիքային բոլոր խմբերն էլ համապատասխան են «մարդասեր կամավորների» բնորոշմանը։ Թեև պետք է նշել, որ կրտսեր խմբի անդամները, չնայած ցանկությանը, սահմանափակ փորձ, հմտություններ ու ժամանակ ունենալու պատճառով չեն կարող լիովին ներգրավված լինել այսօրինակ նախաձեռնություններում։ Ուստի, սեփական հնարավորությունները իրատեսորեն գնահատելով, երիտասարդները կամավորության այլ դրդապատճառներ են նշում։

Օգտապաշտական կամավորությունը ընդգծված է երիտասարդների՝ առավելապես կրտսեր տարիքայինների մոտ։ Թեպետ ֆոկուս-խմբի մասնակիցները շահադիտական նկատառումներից չէ որ կամավորություն են անում, սակայն բոլորն էլ նշում են, որ տարիքային այս միջակայքում շատ են նրանք, ովքեր կամավորություն են անում պահանջված փաստաթուղթը ստանալու կամ կենսագրություն մեջ համապատասխան տողը լրացնել կարողանալու համար:

 

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԱՇՏԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2.1. Իրավական ակտերի և օրենքների շրջանակ

Հայաստանի Հանրապետությունում կամավորական գործունեությունը կարգավորվում է իրավական առանձին ակտերի և օրենքների շրջանակներում, որոնք միտված են կանոնակարգելու կամավորության ոլորտի միայն որոշակի դաշտեր։

Կամավորությունը ՀՀ-ում կարգավորվում է հետևյալ օրենքներով և իրավական ակտերով՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգիրք,

  • 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՀ ՀՕ-22-Ն օրենքը «Հասարակական կազմակերպությունների մասին»,

  • 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՀ ՀՕ-424-Ն օրենքը «Բարեգործության մասին»,

  • ՀՀ կառավարության 20 մարտի 2003 թվականի N 274-Ն որոշումը «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին»,

  • 2004 թվականի մայիսի 25-ի ՀՀ ՀՕ-85-Ն օրենքը «Փրկարար ուժերի եվ փրկարարի կարգավիճակի մասին»,

  • 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՀ ՀՕ-265 օրենքը «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»,

  • 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՀ ՀՕ-176 օրենքը «Հրդեհային անվտանգության մասին»,

  • 2014 թվականի  հոկտեմբերի 9-ի N 42 «Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին ու հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի 
    արձանագրությունից քաղվածք։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ գլխի 102-րդ հոդվածը սահմանում է, որ կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական։ Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ բարեգործությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նույն օրենքով սահմանված նպատակների իրականացման համար ֆիզիկական անձանց, առողջապահական և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված (անհատույց կամ արտոնյալ պայմաններով) նյութական և հոգևոր օգնության (այսուհետև՝ բարեգործական աջակցության) տրամադրումն է։

Նույն օրենքի 2-րդ գլխի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ բարեգործության մասնակիցներ են բարեգործները, կամավորները, բարեգործություն ստացողները։ Բարեգործական կազմակերպությունները կարող են հանդես գալ և՛ որպես բարեգործ, և՛ որպես բարեգործություն ստացող։

Նույն օրենքի 2-րդ գլխի 9-րդ հոդվածը սահմանում է, որ կամավորներն այն ֆիզիկական անձինք են, որոնք նույն օրենքի նպատակներից ելնելով կատարում են անհատույց աշխատանքներ բարեգործություն ստացողների օգտին։

Նույն օրենքի 3-րդ գլխի 14-րդ հոդվածով բարեգործական են համարվում բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով կատարվող ծախսերը, կամավորների գործունեության հետ կապված ծախսերը, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը։

Նույն օրենքի 4-րդ գլխի 15-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարվա կամավորի կոչմանը կարող է արժանանալ այն ֆիզիկական անձը, որը որպես կամավոր աշխատել է տարեկան 365 ժամից ավելի, միաժամանակ տվյալ տարում նրա՝ որպես կամավորի աշխատած ժամերի տևողությունը գերազանցում է մնացած բոլոր կամավորների այդ տարում աշխատած ժամերին։ Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավորի կոչմանը կարող են արժանանալ այն ֆիզիկական անձինք, որոնք հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա կամավոր։

2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի 17-րդ հոդվածը սահմանում է.

«1. Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորների։

2. Կազմակերպության շահառուներն են նրա կանոնադրությամբ նախատեսված անձինք կամ անձանց խմբերը, ի շահ որոնց իրականացվում է Կազմակերպության գործունեությունը։ Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում սույն օրենքին։

3. Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։

4. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և Կազմակերպության միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ Կազմակերպությունն ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ։

5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են`

1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) Կազմակերպության անվանումը.

3) Կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

4) կամավորի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը.

5) կամավոր աշխատանքի նկարագիրը և աշխատանքային գործառույթները, իրականացման կարգը և պայմանները.

6) Կազմակերպության և կամավորի իրավունքները և պարտականությունները.

7) աշխատաժամանակի ռեժիմը.

8) պայմանագրի գործողության ժամկետը։

Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև կամավոր աշխատանքի վերաբերյալ այլ պայմաններ։

6. Կազմակերպությունը կամավորին հատուցում է տրամադրում կամավոր աշխատանքի իրականացման արդյունքում վերջինիս կողմից փաստացի կատարված ծախսերի դիմաց։

7. Արգելվում է կամավորներին ներգրավել Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։

8. Կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»։

Նույն օրենքի 3-րդ գլխի 18-րդ հոդվածով սահմանվում է, որ կազմակերպությունը պարտավոր է վարել իր անդամների և կամավորների հաշվառումը։

ՀՀ կառավարության 20 մարտի 2003 թվականի N 274-Ն «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու, «Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ», «Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր», «Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ», «Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր» կոչումների շնորհման նպատակով բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը։

Բարեգործական որակված ծրագրերի շրջանակում բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով)։ Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության (դրամական և (կամ) բնաիրային) չափը և կամավորների կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար։ Տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում միևնույն անհատ բարեգործի տրամադրած բարեգործական աջակցության չափը և (կամ) կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը հաշվարկվում են տվյալ օրացուցային տարվա ընթացքում տրամադրած բարեգործական աջակցության կամ կատարած աշխատանքների հանրագումարի ձևով։ Պետական մարմինները, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունները մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը հանձնաժողով են ներկայացնում անհատ բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և (կամ) բարեգործական որակված ծրագրի իրականացման աշխատանքներին կամավորների մասնակցության մասին տեղեկատվություն, որը պետք է ներառի՝

ա) անհատ բարեգործի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, դրամական աջակցության չափը և (կամ) բնաիրային աջակցության դրամական արժեքն ու բարեգործական ծրագրի անվանումը.

բ) կամավորի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան (անհատական ծածկագիրը), բարեգործական ծրագրի անվանումը, կամավորի կատարած աշխատանքի ժամաքանակը, ժամկետը և վայրը։

Պետական մարմինների, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունն ստորագրվում է տվյալ մարմնի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ու կնքվում տվյալ մարմնի կամ կազմակերպության կնիքով։

Արտակարգ իրավիճակներում կամավորների կատարած աշխատանքի մեկ ժամը հաշվարկվում է եռակի։

Հանձնաժողովն ստացված տեղեկատվությունը գրանցում է այդ նպատակով վարվող գրանցամատյաններում։

Հանձնաժողովը տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարին ամփոփում է պետական մարմիններից, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպություններից ստացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում պարզում դրանց հավաստիությունը։

Հանձնաժողովը «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող թեկնածուների տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին միջնորդություն ներկայացնելու համար։

2004 թվականի մայիսի 25-ի «Փրկարար ուժերի եվ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ փրկարար ուժերն ստեղծվում են՝

1. որպես մասնագիտացված ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի,

2. որպես կամավոր ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի։

Նույն օրենքի 3-րդ գլխի 12-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ արտակարգ իրավիճակի վայր մեկնած կամավոր փրկարարները ձեռնամուխ են լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը։ Հիմնական ուժերի ժամանելուն պես կամավոր փրկարարներն անցնում են այդ ուժերի ենթակայության տակ և աշխատում են նրանց ղեկավարության ներքո։

Կամավոր փրկարարներն արտակարգ իրավիճակների վայր մեկնելու ժամանակ ձևակերպում են արձակուրդ՝ առանց աշխատավարձի պահպանման։ Փրկարարական աշխատանքներ իրականացնելիս կամավոր փրկարարի առողջությանը, կյանքին հասցված վնասը հատուցվում է պետության կողմից, կամ նրան տրվում է ապահովագրական գումարը։ Լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար։ Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով։

1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի գ) և դ) կետերը համապատասխանաբար սահմանում են, որ տեղական ինքնակառավարման մարմինները կազմակերպում են փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում և իրականացնում են արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում։

2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176  «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի ա) և բ) ենթակետերը համապատասխանաբար սահմանում են, որ հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների կամավոր լիազորություններն են՝

ա) հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումը բնակիչներին ու նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում և,

բ) հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությանն աջակցելը։

2014 թվականի  հոկտեմբերի 9-ի N 42 «Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգին ու հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի արձանագրությունից քաղվածքը սահմանում է, ի թիվս այլոց, հասարակական, կամավորական փրկարարական շարժման վիճակը և զարգացման հիմնական միտումները, կարգավորման անհրաժեշտությունը։

 

2.2. Կամավորական գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախագծեր

Գործող կարգավորումներին զուգահեռ վերջին տասնամյակում տարբեր պետական մարմիններ մշակել են մի շարք նախագծեր, որոնք նպատակ են հետապնդել ներդաշնակեցնել կամավորական գործունեության ոլորտի կարգավորումները և միասնական օրենսդրական դաշտ ստեղծել։

Այսպես. 2017 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկել է կարգավորել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական բնագավառները, սկզբունքները, նպատակները, կամավոր աշխատանքի տեսակներն ու հիմնական ձևերը, սուբյեկտները, նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու առանձնահատկությունները։ Այս նախագծում կամավորական գործունեությունը սահմանվել է որպես կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր գործունեություն, որն իրականացվում է նախագծով սահմանված բնագավառներում և (կամ) աշխատանքներում և (կամ) նախագծով սահմանված հիմնական նպատակներին ու սկզբունքներին համապատասխան։

Համաձայն նախագծի՝ կամավորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, որը աշխատանքից (ուսումից) ազատ ժամանակ կամ նախագծով սահմանված դեպքերում աշխատաժամանակի (ուսուցման ժամերի) ընթացքում կամ աշխատող (սովորող) չհամարվող և նախագծով սահմանված կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագրով կամավոր աշխատանք է կատարում։

Կամավոր աշխատանքը կամավորի, ինչպես նաև անհատի կամ խմբի կողմից կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր աշխատանքն է։

Կամավոր աշխատանք կատարող անհատ կամ խումբը այն ֆիզիկական անձը կամ անձանց խումբն է, որը նախագծով սահմանված բնագավառներում և (կամ) աշխատանքներում և (կամ) կամավոր աշխատանքի՝ նախագծով սահմանված հիմնական նպատակներին ու սկզբունքներին համապատասխան, առանց կամավոր աշխատանքի մասին պայմանագրի նախագծով սահմանված կարգով կատարում է կամավոր աշխատանք և (կամ) կազմակերպում և (կամ) մասնակցում է նախագծով սահմանված կամավորական գործողության (ակցիայի)։

Կամավորական գործողությունը (ակցիան) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կողմից նախագծով սահմանված բնագավառներում և (կամ) աշխատանքներում և (կամ) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի՝ նախագծով սահմանված հիմնական նպատակներին ու սկզբունքներին համապատասխան իրականացվող մեկանգամյա և (կամ) մշտական բնույթ չկրող միջոցառում է։

Այս նախագծով սահմանվուն են կամավորական աշխատանքի տեսակները.

1) կարճաժամկետ՝ մինչև երկու ամիս տևողությամբ կամավոր աշխատանք,

2) միջին ժամկետով՝ երկու ամսից մինչև մեկ տարի տևողությամբ կամավոր աշխատանք,

3) երկարաժամկետ՝ մեկ տարուց ավելի տևողությամբ կամավոր աշխատանք։

Սահմանվում են նաև կամավոր աշխատանքի հիմնական ձևերը՝

1) կամավորական կազմակերպության կամավորական գործունեության շրջանակներում կատարվող կամավոր աշխատանք,

2) կամավոր ներգրավող կազմակերպության կամավորական գործունեության շրջանակներում կատարվող կամավոր աշխատանքը,

3) անհատի կամ խմբի կողմից ինքնուրույն կատարվող կամավոր աշխատանք։

 

2.3 Կամավորական գործունեության հետ կապված հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը

Կամավորությունը զարգացող քաղաքացիական հասարակության անբաժան մասն է և իր ուրույն և որոշիչ տեղն ունի դրա ձևավորման և զարգացման գործում։ Այն կարելի է դիտարկել թե տնտեսական և թե սոցիալական համատեքստում։ Միջազգային բազմաթիվ կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան և Եվրախորհրդարանը, կոչ են անում անդամ երկրներին խթանել կամավորությունը, ստեղծել իրավական հիմքեր վերջինիս զարգացման համար։

Այդուհանդերձ, այսօր «կամավոր» և «կամավորություն» հասկացությունների միջազգայնորեն ճանաչված սահմանում չկա, որով կարող են ուղղորդվել երկրները, թեև միջազգային տարբեր կառույցներ փորձել են սահմանել այն և նկարագրել կամավորության հիմնական առանձնահատկությունները։ Ամենատարածված սահմանումը Աշխատանքի միջազգային կազմակերպությանն (International Labor Organization, ILO) է.

Չվճարվող ոչ պարտադիր աշխատանք, երբ անհատը իր ժամանակը տրամադրում է սեփական տնից/տարածքից դուրս չվճարվող գործունեություն իրականացնելուն, որևէ կազմակերպության միջոցով կամ անմիջական, ուղղակի մասնակցությամբ։

Կամավորության իրավական սահմանումը տեղական մակարդակում առաջնային է, քանի որ թույլ է տալիս ուրվագծել կամավորության սահմանները, հետևաբար՝ ապահովել նմանօրինակ գործունեության հաշվետվողականությունն ու չափելիությունը։

Քանի որ պետությունները, ելնելով քաղաքական, տնտեսական և սոցիալական պայմաններից, հակված են կյանքի կոչելու կամավորությանն առնչվող տարբեր նպատակներ, ուստի տարբեր են կամավորության նկատմամբ իրավական մոտեցումները։ Այդուհանդերձ, կամավորության կարգավորման հարցում կա մեկ ընդհանուր խնդիր՝ ինչպե՞ս բացառել գերկարգավորումը։ Եթե դիտարկենք ԵՄ երկրների փորձը, ապա հստակ նկատելի է կարգավորման երեք հիմնական մոտեցում.

1. Կամավորների իրավական կարգավիճակը կարգավորող ազգային օրենսդրության բացակայություն. մոտեցումը կիրառվում է այն երկրներում, որոնցում կամավորության ձևավորված ավանդույթ կա։ Իրավական այսօրինակ կարգավորումներ ունեն Շվեդիան և Միացյալ Թագավորությունը։ Շվեդիան, օրինակ, տարիներ շարունակ խուսափում է ոլորտի կարգավորումից, իսկ առկա հակասությունները լուծում է բացառապես դատական ճանապարհով։

2. Կամավորության կարգավորում ոլորտային օրենքների և իրավական ակտերի շրջանակում։ Իրավական նման պրակտիկա են կիրառում Լատվիան, Կոսովոն, Լեհաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան։ Ֆրանսիան, օրինակ, ճանաչում է կամավորության երկու տեսակ՝ Bénévolat և Volontariat։ Եթե առաջինի դեպքում կամավորի իրավական ճանաչումը պարտադիր չէ, և անձը, լինելով աշխատող կամ ուսանող, սեփական կամքով կարող է ընդգրկված լինել կամավորական աշխատանքներում, ապա երկրորդը պահանջում է կամավորի իրավական ճանաչում, որը կարգավորվում է օրենսդրական տարբեր ակտերով։

3. Կամավորության կարգավորում մեկ առանձին համապարփակ օրենքի շրջանակում։ Իրավական այսօրինակ իրավական կարգավորումներ ունեն Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Սլովակիան։ Մակեդոնիայում, օրինակ, կամավորության մասին օրենքը սահմանում է կամավորությունը, կամավորի և ընդունող կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հարկային քաղաքականությունը, պարտադիր ապահովագրության պահանջները և կամավորի պատասխանատվության շրջանակները՝ վերջինիս մեղավորությամբ վնասների առաջացման դեպքում։

Ընդհանրացնելով երեք մոդելները՝ Շահույթ չհետապնդող օրենսդրության եվրոպական կենտրոնը (European Center for Not-for-Profit Law 2014) խորհուրդ է տալիս ներդնել.

ա) առաջին ուղղությունը, եթե երկրում արդեն իսկ կա կամավորականության ձևավորված ավանդույթ,

բ) երկրորդ ուղղությունը, եթե ոլորտում անհապաղ լուծումների անհրաժեշտություն կա,

գ) երրորդ ուղղությունը, եթե անհրաժեշտ է խթանել կամավորությունը երկրի մակարդակով և եթե առկա են կամավորության կարգավորման ոչ ներդաշնակ պահանջներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի զարգացումը։

Հետաքրքրական է, որ Չեխիայում 2014-ին «Չեխիայի կամավորության ծառայության օրենքում լրացումներ իրականացնելու մասին» օրենքով ներդրվեց կամավորության գնահատման հավաստագրի ինստիտուտը, որը պաշտոնական ատեստավորման հավաստիք է առ այն, որ տվյալ անձը մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի։ Հավաստագրի առկայությունը հավելյալ աջակցություն է գործազուրկներին աշխատանքի տեղավորման հարցում։

Կամավորության կարգավորման ոլորտում նոր, բայց կարևոր նախաձեռնություն է աղետների արագ արձագանքման մեխանիզմների ներդրումը, որը նպաստում է ինքնաբուխ կամավորության կառավարման բարելավմանը և զարգացմանը։

Պետք է նշել, որ պետական միջամտությունը չի սահմանափակվում միայն կարգավորման դաշտի ստեղծմամբ կամ բարելավմամբ, և որպեսզի կառավարությունը կարողանա կամավորության ոլորտում համագործակցային մթնոլորտ ապահովել պետական մարմինների, քաղհասարակության և մասնավոր հատվածի միջև, որոշ երկրներում ստեղծվել են միավորումներ կամ հանձնաժողովներ պետության, քաղհասարակության և մասնավոր հատվածի անմիջական մասնակցությամբ։ Կա նաև կամավորության ազգային կամ տեղական կենտրոնների փորձը, որը մեկ հարկի տակ է միավորում կամավորներին, ընդունող կազմակերպություններին և պետության ներկայացուցիչներին։ Հենց այս մոտեցումն է կիրառվում, օրինակ, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Խորվաթիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Լյուքսեմբուրգում (ՄԱԿ կամավորներ, 2011)։

 

3. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Հիմք ընդունելով ուսումնասիրության ընթացքում ներգրավված տվյալները, դրանց վերլուծությունն ու արված հետևությունները՝ վեր են հանվել ՀՀ-ում կամավորությունը խրախուսող հետևյալ առաջարկները.

 

3.1 Ոլորտում քաղաքականությունների մշակմանն առնչվող առաջարկներ

  • Անհրաժեշտ են կամավորության հանրահռչակման ծրագրեր, որոնք միտված են հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանը. կամավորության մասին տարրական գիտելիքների բացակայությունը նպաստավոր պայմաններ չի ստեղծում կամավորագրման համար։

  • Կամավորների խրախուսման միջոցներ՝ կամավորական ծրագրերին մասնակցության շարունակականությունը խթանելու նպատակով։ Խրախուսանքը կարող է արտահայտվել շնորհակալագրերի կամ ինչ-ինչ արտոնությունների տրամադրմամբ, որոնք ցանկալի է, որ ենթադրեն շոշափելի բաղադրիչ, օրինակ՝ տարատեսակ զեղչեր։

  • Նպաստավոր պայմաններ ոլորտային կամավորության համար, ինչը կենթադրի հնարավոր կամավորների ներգրավվածություն՝ հաշվի առնելով մասնագիտական կամավորության վերաբերյալ դրական արձագանքները։

  • Կամավորականների տվյալների միասնական շտեմարան՝ ամբողջական տեղեկատվությամբ (անձնական տվյալների պաշտպանությանը չհակասող), որը կնպաստի՝

Կրկնակի կամավորագրմանը, քանի որ փորձ ունեցողներին կրկին կամավորագրելը շատ ավելի դյուրին է, քան նորեկներ հավաքագրելը։

«Կեղծ» և «իրական» կամավորների տարանջատման վերացմանը, քանի որ «փաստաթղթի համար» կամավորություն անողները կարող են չբարձրաձայնել իրենց շարժառիթները և փաստաթուղթ խնդրելու փոխարեն պարզապես տրամադրել իրենց տվյալները։

Կամավորության վերաբերյալ փաստահենք քաղաքականությունների մշակմանը՝ հիմնված ծավալուն վիճակագրական տվյալների վրա։

  • Պատշաճ ուշադրություն կամավորական աշխատանքների կազմակերպմանը և համակարգմանը՝ հնարավորության դեպքում ավելի հետաքրքիր դարձնելով  աշխատանքի բովանդակությունը։

  • Համալսարանները և գործատուները բուհ կամ աշխատանքի ընդունվելու հայտարարություններում կարող են նշել կամավորական աշխատանքի փորձառությունը որպես ցանկալի պայման։

  • Կամավորության մասին տեղեկատվություն դպրոցական առարկայական ծրագրերում, որը դրական լույսի տակ կներկայացնի կամավորական աշխատանքը։

  • Հանդիպումներ դպրոցականների հետ, որոնց շրջանակում կներկայացվեն կամավորության առանձնահատկությունները և կխրախուսվի կամավորական աշխատանքով զբաղվելը։

  • Հասարակության լայն շրջանակների իրազեկում, որը, հաշվի առնելով գործազրկության բարձր տոկոսը, կամավորական աշխատանքը փորձ, հմտություններ և գիտելիք կուտակելու արդյունավետ միջոց կներկայացնի։

  • Կամավորներ հավաքագրելիս ու թիրախավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել վերջիններիս շարժառիթները և առաջարկել համապատասխան ոլորտ, զբաղվածություն և վայր։ Օրինակ՝ 14-20 տարեկաններին առաջարկել ավելի հետաքրքիր, քիչ աշխատատար և ժամանակատար աշխատանք, որը հմտություններ ու փորձ կառաջարկի առօրյայի համար։ Տարիքային ավագ խմբերին առաջարկել ոլորտային ներգրավվածություն՝ նպաստելով մասնագիտական փորձի և հմտությունների կուտակմանը կամ պահպանմանը։

  • Կամավորական որոշ աշխատանքների ներգրավելուց առաջ (օրինակ` հրդեհաշիջում) հատուկ դասընթացներ, որոնց մասնակցության վկայականը շոշափելի կիրառելիություն ունի։ Օրինակ՝ ֆիզիկական պատրաստության վկայականը կարող է առավելություն դիտվել ուժային կառույցներում աշխատանքի անցնելիս կամ բուհ ընդունվելիս հավասար միավորներ ունցող դիմորդներից նախապատվությունը տրվում է նրան, ով կամավորական աշխատանքի վկայական ունի:

3.2 Ոլորտի իրավական կարգավորմանն առնչվող առաջարկներ

  • Կարգավորել կամավորության ոլորտը մեկ համապարփակ օրենքի շրջանակում՝ սահմանելով ոլորտի հիմնական հասկացությունները։

  • Հաշվի առնելով փաստը, որ կամավորության որոշ տեսակներ պահանջում են համեմատաբար խիստ մոտեցումներ, իսկ որոշների կոշտ կարգավորումը կարող է հանգեցնել կամավորության կրճատմանը՝ տվյալ ոլորտում կամավորության կարգավորումները, այդ թվում՝ կամավորի և ընդունող կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանել ոլորտը կարգավորող մարմնի հետ համատեղ։ Առաջարկվում է դիտարկել կամավորության հետևյալ տեսակները ըստ ոլորտների՝

  • տարերային աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ ինքնաբուխ կամավորության կամ հետևանքների վերացմանն ուղղված կամավորություն,

  • աղետների ռիսկերի կանխարգելմանն ուղղված կամավորություն,

  • սոցիալական կամավորություն,

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

  • կամավորություն միջազգային համագործակցության շրջանակում,

  • շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կամավորություն,

  • մշակութային կամավորություն,

  • գիտակրթական կամավորություն,

  • առողջապահական կամավորություն,

  • մարզական կամավորություն, 

  • ազատ ժամանակի անցկացման կամավորություն՝ ուղղված կամավորության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը,

  • համայնքային կամավորություն,

  • պաշտպանության ոլորտի կամավորություն։

  • Սահմանել կամավորի տարիքը՝ թույլատրելի ստորին շեմը ըստ կամավորության տեսակի։

  • Սահմանել կամավորության ընթացքում վնասի փոխհատուցման հստակ մեխանիզմներ (օրինակ՝ ապահովագրական)՝ ըստ կամավորության տեսակի։

  • Սահմանել կամավորության ընթացքում ծախսերի փոխհատուցման մեխանիզմներ։

  • Սահմանել կամավորին սոցիալական օգուտների տրամադրման մեխանիզմներ։

  • Սահմանել կամավորության կառավարման մեխանիզմներ` ըստ կամավորության տեսակի։

  • Նախատեսել քայլեր, որոնք ուղղված կլինեն կամավորական գործունեության, ինչպես նաև աղետների ժամանակ և արտակարգ իրավիճակներում ինքնաբուխ կամավորության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը։

  • Դիտարկել կամավորությունը որպես կրթությունից աշխատաշուկա անցման կարևորագույն օղակ և սահմանել կամավորության խթանման մեխանիզմներ, օրինակ՝ իրավական հիմքեր ստեղծել կամավորի հավաստագրի կիրառման համար՝ սահմանելով այն ոլորտների ցանկը, որտեղ կամավորի հավաստագիրը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փորձ։ Այս մոտեցումը կնպաստի երիտասարդության շրջանում գործազրկության կրճատմանը։

  • Կամավորության միասնական էլեկտրոնային հարթակ, որը կպարունակի տեղեկատվություն կամավորների վերաբերյալ, կլուսաբանի կամավորությանը վերաբերվող օրենսդրությունը, կամավորի և ընդունող կազմակերպության իրավունքներն ու պարտավորությունները, կպարունակի կամավորության հավաստագրի ձևը, հավաստագրի կիրառության մեխանիզմները և կամավորությանն առնչվող այլ տեղեկատվություն։ Կամավորության ոլորտում թափանցիկության ապահովման նպատակով առաջարկվում է միասնական էլեկտրոնային հարթակում տեղադրել կամավորությանն առնչվող ընթացիկ հնարավորություններն ու ծրագրերը։

  • Կամավորության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կամավորների ներգրավման ընթացքում պարտավոր են պահպանել տեղեկատվության թափանցիկության սկզբունքը՝ սահմանված ժամկետներում տեղադրելով կամավորության վերաբերյալ հայտարարությունը կազմակերպության կայքերում, օնլայն այլ տիրույթներում, կամավորության միասնական էլեկտրոնային հարթակում։

  • Կամավորության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կամավորների ներգրավման նախագծման փուլում պարտավոր են պահպանել հավասարության սկզբունքը՝ դիտարկելով կամավորների ներգրավման գործընթացը ինչպես սոցիալական ինտեգրման, այնպես էլ մասնակցության հավասարության ենթատեքստերում. կամավորների ներգրավման գործընթացն անհրաժեշտ է կազմակեպել այնպես, որ հասարակության առավել խոցելի ներկայացուցիչները, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձիք, անապահով ընտանիքի դեռահասները և այլն ևս կարողանան մասնակցել կամավորական ծրագրերին։

  • Կամավորության խրախուսման մեխանիզմներ, այդ թվում՝ հատուկ տարբերանշաններ, որոնք կամավորը կարող է փակցնել հագուստին՝ ի նշան իրականացրած կամավոր աշխատանքի և համապատասխան նվաճումների։ Տարբեր միջոցառումների միջոցով անհրաժեշտ է կարևորել կամավորությունը և վերջինիս դերը երկրի զարգացման գործում։

 

 

-----------------------

Akintola, Ol. (2011). What Motivates People to Volunteer? The Case of Volunteer AIDS Caregivers in Faith-Based Organizations in KwaZulu-Natal, South Africa. Health and Planning, 26, 53-62.
Attride-Sterling, J. (2001). Thematic Network։ An Analytic Tool for Qualitative Research. Qualitative Research 1, 3, 385-405.
Bussell, H. and Forbes, D. (2002). Understanding the volunteer market։ The what, where, who and why of volunteering. International Journal of Nonprofit and Voluntary Sector Marketing, 7 (3), 244–257.
Clary, G., Snyder M., Ridge R., et al. (1998). Understanding and Assessing the Motivations of Volunteers։ a Functional Approach. Journal of Personality and Social Psychology 74։ 1516–1530.
Carpenter, J. and Myers, C. (2010). Why Volunteer? Evidence on the Role of Altruism, Image and Incentives. Journal of Public Economics. 94, 911-920.
Dolnicar, S. and Randle, M. (2007). What Motivates Which Volunteers? Psychographic Heterogeneity Among Volunteers in Australia. International Society For Third-Sector Research and The Johns Hopkins University. 18, 135-155.
Hibbert, S. Piacentini, M. and Dajani, H. (2003). Understanding Volunteer Motivation For Participation in a Community-Based Food Cooperative. International Journal of Nonprofit and Voluntary Sector Marketing, 8 (1), 30–42.
 McDonald, M. (2002). Marketing Plans - How to Prepare Them, How to Use Them, 4th edition. Oxford։ Butterworth-Heinemann.
Rehberg, W. (2005). Altruistic Individualists։ Motivations For International Volunteering Among Young Adults in Switzerland. Voluntas, 16(2), 109–122.
Wandersman, Ab. and Alderman, J. (1993). Incentives, Costs and Barriers for Volunteers։ A Staff Perspective on Volunteers in One State. 67-76.
Ziemek, S. (2006). Economic Analysis of Volunteers' Motivations։ a Cross-Country Study. Journal of Socio-Economics 35, 532–555.
UN Volunteers (2011). Drafting and Implementing Volunteerism Laws and Policies։ A Guidance Note. 15-20.
European Center for Not-for-Profit Law (2014). Volunteering։ European Practice of Regulation. 1-16.

Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

cssf logo small by uk gov cmyk aw


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team