Երեխայի իրավունքների շուրջ բացատրություններ կարելի է գտնել 12-րդ դարի հայ մտածող Մխիթար Գոշի հայտնի աշխատության՝ «Դատաստանագրքի» մեջ։ Կնոջ և երեխայի նկատմամբ բռնություն, հաշմանդամություն ունեցող երեխաների ժառանգ լինելու իրավունք, երեխաների՝ անվճար կրթություն ստանալու իրավունք. սրանց կարգավորման ձևերն է առաջարկել միջնադարյան այս մտածողը։ Ու թեև 900 տարի է անցել «Դատաստանագրքի» գրվելուց հետո, մարդիկ շարունակում են պայքարել երեխաների իրավունքների համար։

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանն ասում է, որ հայ հասարակության համար երեխան միշտ բարձրագույն արժեք է եղել. «Պատահական չէ, որ դեռ Գոշի ժամանակներից մենք ունեցել ենք հատուկ օրենսդրություն, որը վերաբերել է երեխայի իրավունքի պաշտպանության կարգավորմանը»,- ու հավելում՝ պետականություն չունենալու պայմաններում ծնողազուրկ երեխաների մասին հոգ է տարել հայ եկեղեցին։

Գևորգյանը համոզված է, որ խնամատարության ինստիտուտը հայ ժողովրդի ամենահին ավանդույթներից է. երբ հնարավոր չի եղել երեխային պահել իր կենսաբանական կամ հարազատներից մեկի ընտանիքում, եկեղեցին նրան այլ ընտանիք է գտել։

Ըստ Գևորգյանի՝ խնամաԿԱԼՈՒԹՅԱՆ ու խնամաՏԱՐՈՒԹՅԱՆ ինստիտուտների ամրապնդումը բացառում է մանկատների գոյությունը. կարևորագույն մի քայլ, որի համար պայքարում են իրենք։ «Երեխայի զարգացման, ինքնաբավ ու երջանիկ լինելու լավագույն միջավայրը մեր ժողովուրդը միշտ էլ համարել է խնամատարությունը։ Հանրության շրջանում դեռ կարծրատիպեր կան այս ինստիտուտի հետ կապված, բայց մենք իրազեկման արդյունքում հասնելու ենք կարծրատիպերի կոտրման»,- ասում է Լեռնուհի Գևորգյանը՝ մանրամասնելով, որ խնամատարությունը երեխային կենսաբանական ծնողներից զրկելը չէ, այլ յուրատեսակ այլընտրանք մանկատանը։

Խնամատար ընտանիքներում հայտնվում են այն երեխաները, որոնց խնամքն այլևս անհնար է ապահովել կենսաբանական կամ խնամակալ ընտանիքում։ «Հրաշալի է, որ մենք ունենք ավելի շատ խնամակալ ընտանիքներ, որոնք ինչպես երեխայի արյունակիցներն են, այնպես էլ ընտանիքի բարեկամները։ Ես ինքս բազում դեպքեր կարող եմ մտաբերել, երբ երեխային ուղղորդել եմ խնամակալ ընտանիք, բայց, ցավոք, միշտ չէ, որ կարելի է գտնել խնամակալ երեխայի համար, և շատերը հայտնվում են մանկատանը։ Հենց այդ պարագայում է օգնության գալիս խնամատարության ինստիտուտը»,- ասում է Լեռնուհի Գևորգյանը։ Իրենք, մինչև երեխային խնամատար ընտանիք տեղափոխելը, իրազեկման աշխատանքներ են տանում ոչ միայն ընտանիքում, այլև այն միջավայրում, որտեղ երեխան պետք է ապրի։ Լեռնուհի Գևորգյանը մի դեպք է հիշում 2006-ից, երբ Լոռիի Մարգահովիտ գյուղում բնակվող խնամատար ընտանիք երեխա էր տեղափոխվել․ «Երբ գյուղացիները նկատել էին, որ երեխան կովին տարել է ջուր խմելու, անմիջապես սկանդալ էին սարքել, թե երեխային աշխատեցնում են։ Իրականում սա մեր բացթողումն էր, քանի որ մենք չէինք բացատրել, որ երեխան, որը մեծանում է խնամատար ընտանիքում, ունի նաև պարտականություններ, ինչպես բոլորը։ Գյուղում բոլոր երեխաները օգնում են ծնողներին, խնամատար ընտանիք տեղափոխված երեխան չպետք է տան մյուս երեխաներից տարբերվի։ Երեխան պետք է աշխատանքային դաստիարակություն ստանա»։

Վանաձորում չորս խնամատար ընտանիք կա։ Դրանցից մեկը տիկին Աիդայինն է, որը նաև Հայ օգնության ֆոնդի Վանաձորի փոքր սոցիալական տան աշխատակից է: Նա իր տղային տարիներ առաջ որդեգրել է խնամատար խնամքի համակարգի միջոցով, այժմ երկրորդ երեխային որդեգրելու գործընթացում է: «1988 թվականի երկրաշարժի ժամանակ ես կորցրի ամուսնուս, աղջկաս՝ երեք տարեկան Գայանեիս, սկեսուրիս, ամբողջ ընտանիքս։ Այդ ժամանակ հղի էի, մեր երկրորդ բալիկին էինք սպասում։ Անունը նորից Գայանե դրեցի, որովհետև ամուսնուս սիրած անունն էր, ինքն էր որոշել։ Ամեն անգամ, երբ բարձրաձայն կանչում էի Գայանե՛, ինձ թվում էր ամուսնուս ներկայություն էի զգում,- պատմում է տիկին Աիդան։- Աղջիկս մեծացավ ու երբ 15 տարեկան էր, ասաց, որ չի ուզում մենակ ապրել՝ կրկնելով, թե քույր կամ եղբայր բեր ինձ համար»։

Տիկին Աիդան հիշում է, որ մինչև այդ խնամակալության հիմքով մի տատիկի մասին էր հոգ տանում, միասին էին ապրում, աղջիկն էլ դադարել էր տան նոր անդամ պահանջել։ Ծեր կինը մնացել էր առանց խնամքի, սակայն ութ ամիս անց նրա ամուսինը որոշում է խնամել նրան, ու Գայանեի պահանջը կրկին ակտուալ է դառնում. «Մնացինք երկուսով, ու Գայանեն սկսեց նորից քույր կամ եղբայր պահանջել։ Ու ես 2005 թվականին դիմեցի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողով, որ դառնամ խնամատար»։

Տիկին Աիդային հրավիրում են դասընթացների՝ ծնողավարման հմտություններ սովորելու։ Խնամատար ծնողներից շատերն են բողոքել, թե իրենց ինչին է պետք դասընթացը, բայց ոչ տիկին Աիդան․ «Այնքան կարևոր հմտություններ ու գիտելիքներ եմ ստացել, որ պետքական են եղել թե՛ իմ սեփական դստերը, թե՛ տղայիս մեծացնելու հարցում։ Հիշում եմ, որ Կարոյիս անցումային տարիքում խնդրում էի նորից դասընթաց կազմակերպել, որ կարողանայի այդ փուլը հեշտ անցել, անխոչընդոտ, որ երեխայիս կարողանայի ճիշտ ուղղորդել»։

Վերապատրաստումից որոշ ժամանակ անց տիկին Աիդային տեղեկացնում են, որ մանկատանը մի երեխա կա՝ յոթ տարեկան Կարոն, որին մայրը լքել էր 40 օրականում։

«Կարո մի ասա է, մի հրաշք ասա, շատ սիրում եմ էրեխուս, շատ, շատ․․․ Մեր առաջին հանդիպման ժամանակ ինձ տեսավ, փախավ, բայց քաղաքապետարանի աշխատակիցները զրուցեցին նրա հետ, բացատրեցին, որ ընտանիք է գնալու։ Կարոն իմն էր, երևի դրա համար համոզվեց։ Երկու անգամ գնացինք տեսության աղջկաս հետ ու էդպես լեզու գտանք»։

Տիկին Աիդան մտաբերում է, որ աղջիկը չէր հավատում, որ մայրն իսկապես երեխա է տուն բերելու։ Տասնյոթամյա Գայանեն, համոզվել համար, մոր հետ գնում մանկատուն, Կարոյի համար էլ փոքրիկ խաղալիք վերցնում. մոտոցիկլետ։ Մի քանի հանդիպումից հետո քաղաքապետարանի աշխատակիցներն անցնում են համադրման փուլին, որի ընթացքում երեխան մոտ երկու ժամ անց է կացնում խնամատար ընտանիքի հետ․ «Կարոյիս բերեցին մեր տուն։ Գայանեի հետ մտավ խոհանոց ու տեսավ, որ մայրս մի դույլ լիքը հավկիթներ էր ուղարկել գյուղից։ Աղջիկս հարցրեց, թե ձվածեղ կուտի՞, Կարոն էլ, թե հա, իսկ կարելի՞ է։ Սա ի՞մն է, ամբողջն ի՞մն է, անդադար հարցնում էր»։

Կարոն մոտոցիկլետը ջարդված բերեց տիկին Աիդաենց տուն, երկար ժամանակ իր սենյակում էր պահում, որ աչքից հեռու չլինի։ Տարիներ անց միայն կարողացավ դեն նետել։

«Գնացի, բերեցի մեր տուն։ Մտածում էի, որ գուցե մենակ վախենա քնել, նույն սենյակում էինք գիշերում։ Մի գիշեր արթնացա Կարոյի լացի ձայնից։ Ասաց՝ կարո՞ղ եմ գալ քո մոտ քնել։ Այնքան պինդ էր ինձ գրկել, որ ամբողջովին քրտինքի մեջ կորել էի, բայց չէի ուզում շարժվել, որովհետև գիտեի, որ Կարոս այդ ջերմության կարիքը շատ ուներ»։

Կարոն տիկին Աիդային մամա չէր ասում մինչև այն պահը, երբ Աիդայի մայրը հերթական անգամ գյուղից եկավ տեսության։ Հիշում է, թե ինչպես էր տատի թևի տակ մտել, ու իրար հետ ինչ-որ բան էին քչփչում․ «Խոհանոցում կերակուր էի պատրաստում, երբ լսեցի, թե ինչպես է շշուկով մորս ասում է, թե ուզում է ինձ մամա ասել, բայց ամաչում է։ Ճաշը պատրաստեցի ու տարա հյուրասենյակ, որ ընթրեինք, մեկ էլ Կարոս թե՝ օգնե՞մ քեզ մամ ջան»,- մնացածը տիկին Աիդան չի հիշում. հազիվ պահեց իրեն, որ ձեռքինը գետնին չթափի, Կարոյին ամուր գրկեց ու մինչև հիմա Աստծուն շնորհակալ է որդու համար։

Ու չկա մի օր, որ Կարոն ասի մամ, միշտ՝ մամ ջան, անգամ եթե զայրանում է, ջանը չի մոռանում։ Դժվար շրջաններ շատ են ունեցել, տիկին Աիդան մտածել է, թե չի հաղթահարի, բայց երբեք չի հանձնվել. «Հարևաններս բողոքում էին, խանութի ապակիներն էր կոտրել, երկար զրուցեցինք։ Հիմա ուղղակի գնացեք մեր բակ, ասացեք, ո՞վ է Կարոն։ Չի լինի մեկը, որ գովասանքի խոսքեր չասի»։

Ինքը՝ Կարոն, տեսախցիկի առաջ երևալ ու իր կյանքի պատմությունը պատմել չի սիրում, Գայանեն՝ ևս։ Տիկին Աիդան շրջան է հիշում, երբ քույր-եղբայր լեզու չէին գտնում։ Կարծում է, որ այդտեղ իր մեղավորությունը կա, Կարոյի մասին շատ էր հոգ տանում՝ մտածելով, որ դրա կարիքը նա ավելի շատ ունի․ «Լավ կոնֆետ լիներ՝ կտայի Կարոյիս, հագուստի հարց լիներ՝ առաջինը Կարոյիս մասին կմտածեի։ Չէի հասկանում, որ աղջկաս զգացմունքները դրանով վիրավորում եմ։ Աղջիկս հաճախ էր վիճում, թե ինչու եմ առաջինը Կարոյի մասին մտածում։ Բայց, դա էլ անցավ․ Գայանես պաշտում է եղբորը։ Տղաս էլ չափազանց ուշադիր է քրոջ հանդեպ, գնում է, աշխատանքից տուն բերում, խորհուրդներ տալիս, օգնում։ Ես իմ երեխաներով հպարտ եմ»։

Վերջին շրջանում Կարոն հաճախ է մորն ասել, թե լավ կլինի մի երեխա էլ վերցնեն խնամատարության։ Մայրն էլ կատակել է, թե՝ երեխա ես ուզում, Գայանեին ասա ամուսնանա, փոքրիկ ունենա։ «Տղես ասեց՝ չէ՛ մամ ջան, էրեխա չեմ ուզում, ուղղակի մտածում եմ, որ մեկի կյանքն էլ կփրկենք, մեկին էլ ընտանիք կտանք։ Ես կպահեմ, մենակ դու բեր։ Քանի անգամ է խնդրել, որ տղա-երեխա վերցնեմ։ Անգամ չկարողացա համոզել, որ իմ քրոջ ու եղբոր երեխաների հետ շփվի, չհամոզվեց, փոխարենն ինձ համոզեցին էրեխեքս։ Ինձ հատկապես հուզեց այն, որ Կարոս ասաց, որ այդ երեխային ուզում է տալ այն, ինչ ինքը չի ունեցել»։

Զրույցի ընթացքում ներս է մտնում մանկահասակ մի երեխա. Արմենն է (անունը փոխված է)՝ տիկին Աիդաենց տան ապագա բնակիչը։ Նկարչական ալբոմը վերցնում է ու գնում։ Տիկին Աիդան պատմում է․ «Արմենենք չորս երեխա են, բոլորի համար էլ արդեն խնամատար ընտանիքներ գտնվել են։ Երբ Արմենն իմացավ, որ մյուս երեքի համար արդեն գտնվել են ընտանիքներ, սկսեց նկարել. իր հույզերն ու ապրումները հանձնել էր թղթին, սև մատիտով նկարել էր փոթորկված ծով, վրան՝ նավ։ Խոսեցի հետը, ասացի, գիտես, որ Կարոն ու Գայանեն են գալու՝ իմ երեխաները։ Երեխաներիս գնալուց հետո մի այլ նկար տեսա՝ արև, ծով, գույներ ու երեք հոգի։ Արմենի հետ համադրման փուլն արդեն անցել ենք։ Ոնց որ իմ տան էրեխեն լինի»։

Սեղանին փոքրիկ կապույտ մոտոցիկլետ է դրված․ Կարոն իր մանկության խորհրդանիշն է գնել՝ «ապագա եղբորը»։ Բոլոր փաստաթղթերը պատրաստ են, սպասում են դեպք վարողին, որ գա ու ուսումնասիրի տան պայմանները։ Փորձն ունեն, ցանկությունը ևս։ Տանը մի բան է պակասում՝ սև, խաղողի հատիկ աչքերով Արմենը։

Տիկին Աիդան, որ կյանքի փորձություններից ու դժվարություններից երբեք չի դադարել հավատալ այս «ծուռ» աշխարհին, երջանիկ է. շուտով տունը նորից երեխայի ծիծաղով է լցվելու, իրենց «մեծական» առօրյան՝ Արմենի ներկայությամբ։

ՀՕՖ-ի Վանաձորի փոքր սոցիալական տանն ապրող ութ երեխաներից շատերի համար արդեն գտնվել են խնամատար ընտանիքներ։ Մյուսները շարունակում են ապրել երկհարկանի կոկիկ ու հարմարավետ այս տանը՝ հուսալով, որ մի օր այս մեծ աշխարհում մի տաքուկ անկյուն էլ իրենց համար կգտնվի։

 

Կարդացեք EVN Report-ի հատուկ ցեկույցը

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների ընտանիքահենք խնամքի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ։Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման հնարավորությունները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։


EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Կարդացեք նաև

Իմ մեծ ու արտասովոր ընտանիքը․ ՍՕՍ մանկական գյուղեր

Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղը հիմադրվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո` տրամադրելու անհապաղ օգնություն այն երեխաներին, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին: Այսօր ՍՕՍ մանկական գյուղերը շարունակում են աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին Հայաստանի երեք վայրերում:

Վերադարձ ընտանիք

Ոչ մի երեխա չպետք է լքվի, և ոչ մի երեխա չպետք է ապրի հաստատությունում: Սա մի խումբ մայրերի պատմություն է, ում անհանգստությունը, սերը և կարեկցանքը փոխում են հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:

Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

cssf logo funded by uk gov cmyk aw


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team