Քնարիկ․ որդեգիր, խնամատար, խնամակալ

Քնարիկ Գարամֆիլյանը հինգ զավակների մայր է, չորս տղա ու մեկ աղջիկ ունի։ Ինքն ու ամուսինը, սակայն, երեխաներից ոչ մեկի կենսաբանական ծնողները չեն։ Առաջին տղային՝ Արմենին, որդեգրել են, մյուս երկուսի՝ Աննայի ու Վարդանի խնամատար ծնողներն են, Նարեկին ու Աշոտին վերցրել են խնամակալության (բոլոր երեխաների անունները փոխված են)։

Տիկին Քնարիկը «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունում սոցիալական աշխատող էր, երբ մի երեխա բերեցին, որին մայրը լքել էր ու անհայտ էր, թե կվերադառնա նա արդյոք։ Երեխային պատրաստվում էին հանձնել մանկատուն։

Ես բնականաբար չէի կարող թողնել, որ երեխային մանկատուն հանձնեին, ոչ մի դեպքում։ Մեկ տարի փոքրիկին պահեցի՝ հուսալով, որ մայրը ի վերջո կհայտնվի, բայց այդպես չեղավ։ Օրենքն այդ պարագայում թույլ էր տալիս նրան որդեգրել։ Ես ու ամուսինս երկար չենք մտածել, քանի որ երկուսս էլ սիրում էինք այդ փոքրիկին ու պատկերացնելն անգամ անհնար էր, որ նա կհայտնվի մանկատանը։ Մայրը մինչև օրս էլ չի երևացել։

2006 թվականին Հայաստանի կառավարությունը հանձն առավ զարգացնել խնամատարության ինստիտուտը ու երեխաներին մանկատուն հանձնելու փոխարեն խնամող ընտանիք գտնել նրանց համար։ «Հայ օգնության ֆոնդում» տիկին Քնարիկը ծանոթացավ երկու երեխաների հետ, որոնք քույր ու եղբայր էին՝ 11 ու 13 տարեկան։ Մայրն առողջական խնդիրներ ուներ, երեխաների հայրը Հայաստանում չէր, երկու անչափահասները մնացել էին տատիկի և պապիկի խնամքին, որոնք դժվարանում էին հոգ տանել նրանց մասին, այդ պատճառով դիմել էին ՀՕՖ-ին։

Ծանոթներ ունեի, որոնք ցանկանում էին երեխա որդեգրել։ Իրենց բացատրեցի, որ որդեգրման ընթացքը բարդ է, բայց կա խնամատար ծնող դառնալու տարբերակը։ Բայց երբ իմացան երեխաների տարիքը, խուսափեցին՝ ասելով, որ անցումային շրջան է ու դժվար հաղթահարվող փուլ։ Ամուսինս ասաց․ ինչպե՞ս, եթե իրենք չեն վերցնում, ուրեմն մենք պիտի վերցնենք։ Այդպես դարձանք խնամատար ծնողներ։

Օրենքն անկատար էր այդ տարիներին, համադրման փուլ, որի ընթացքում ծնողներն ու երեխան հանդիպում են տանը, զրուցում, որոշ ժամանակ անցկացնում միասին, չկար, ծնողավարման դասընթացներ, որ այժմ կազմակերպվում են խնամատար ծնողների համար, ևս չկային։ Երկու երեխաներին պարզապես ուղեկցեցին իրենց տուն, հիշում է տիկին Քնարիկը։

Իրենք եկան ու պարզապես հայտարարեցին, որ այլևս չեն ուզում գնալ այլ տեղ ու պիտի մնան մեր տանը։ Մենք էլ ասացինք․ մնացե՛ք, սիրով կխնամենք ձեզ։ Մեծ տղայիս սպասումն եմ լավ հիշում, այնքան անհամբեր էր, որ միանգամից քույր ու եղբայր է ունենալու։ Պատշգամբից անընդհատ նայում էր, չէր համբերում, հարցնում էր՝ մամ, հաստա՞տ գալու են, բա ինչի՞ չեկան, ինչո՞ւ են ուշանում։

2008-ին տիկին Քնարիկի ամուսնու քույրը մահացավ, երեխաները մնացին առանց ծնողական խնամքի. նրանց հայրը վաղուց էր մահացել։ Եվս երկու երեխա միացան այս մեծ ընտանիքին։

Ազգականներից ոչ մեկը չէր ուզում երեխաների խնամքը ստանձնել։ Ամուսնուս հետ որոշեցինք, որ երեխաները մանկատուն չպետք է գնան և դարձանք նրանց խնամակալը։

Տիկին Քնարիկը երկար տարիներ աշխատում է առանց ծնողական խնամքի մնացած կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ ու քաջատեղյակ է որդեգրման, խնամատարության և խնամակալության մոդելներին։ Ավելին, նա այս երեք ինստիտուտներին էլ առնչվել է։ Երբեմն երեխայի խնամակալ են դառնում տատիկ-պապիկները, որոնք իրենք խնամակալության կարիք ունեն։

Մենք մի մեծ հետազոտություն ենք արել 2017-2018 թվականներին, ամբողջ Հայաստանում, այս երեք ինստիտուտների՝ խնամատարության, խնամակալության, որդեգրման վերաբերյալ։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ խնամակալ ընտանիքների մեծ մասը նպաստառու է։ Խնամատար ծնողները վճարվում են, հետևաբար ֆինանսական մասով հոգսը փոքր-ինչ թեթևանում է։ Չնայած ես, լինելով խնամատար ծնող, շատ լավ գիտեմ, որ այդ գումարը չի բավականացնում։ Երեխայիդ խմբակ ես տանում, հագուստ ես գնում, ծնունդ, հավաքույթներ և այլն․ այդ գումարը բավարար չէ։

Պետությունը պետք է հետևողական լինի ու լուրջ վերահսկողություն սահմանի այն ընտանիքների նկատմամբ, որոնց երեխաներ է հանձնել, որովհետև ծնողներից շատերը կամ մեծ մասը չունեն ծնողավարման հմտություններ, ֆինանսապես կայուն կամ ապահով չեն։ Տիկին Քնարիկն ասում է, որ երբ երեխան մնում է առանց ծնողական խնամքի, ազգականները, հաճախ չգիտակցելով ողջ պատասխանատվությունը, զգացմունքային որոշում են կայացնում ու ստանձնում երեխայի խնամակալությունը, բայց միայն հետո հասկանում, թե որքան դժվար է ծնող լինելը։

Երեխան, որը կյանքի դժվարին իրավիճակում է հայտնվել, հուզական այնպիսի վիճակում է, որ նրա հետ պետք է լուրջ հոգեբանական աշխատանք տանել։ Երբ ես փորձում էի երեխաներիս որևէ բան բացատրել, հարյուր անգամ մտածում էի, թե ինչպես բացատրեմ, որ հանկարծ նրանց չվիրավորեմ, որ հանկարծ նրանց մտքով անգամ չանցնի, որ ա՛յ ես իրենց ծնողը չեմ, դրա համար նեղացրի։ Երեխան ունի պարզ հոգատարության կարիք։

Մենք մի ծրագիր էինք իրականացնում Ամանորին ընդառաջ ու խնդրել էինք երեխաներին գրել, թե ի՞նչ են ուզում Ձմեռ պապիկից։ Երեխաներից մեկը գրել էր, որ 20 տատիկ է ուզում, որ մեկն իր համար ճաշ պատրաստի, մյուսը հագուստը լվանա, այն մեկը խաղա իր հետ։ Սա պարզ բացատրություն ունի․ երեխան խնամք էր ուզում։

Գարամֆիլյանն ասում է, որ հուսահատության պահեր էլ են ունեցել, ամեն ինչ հարթ չի եղել. երեխաների համար ոստիկանություն են գնացել, դպրոցում ծնող են կանչել, անգամ դատարանի դուռն են հասել։ Հիմա երեխաները մեծ են, երկուսն ամուսնացած են, երեխաներ ունեն։

Եկավ մի պահ, երբ ես ու ամուսինս հասկացանք, որ պարզ, հասարակ բարեկիրթ պահվածքի բացակայության հետ գործ ունենք։ Մենք չորս որդի ունենք ու արժանապատիվ տղա մեծացնելը հեշտ գործ չէ․ պիտի աչալուրջ լինես։ Բացի այդ, ես ու ամուսինս աշխատում էինք ու հինգ երեխայի ստիպված պետք է թողնեինք տանը. հազար ու մի փորձանք կա։ Այդ պատճառով ամուսինս որոշեց մնալ տանը ու տղաների հետ անցկացնել։ Դա մարտահրավեր էր մեզ համար, ու պիտի ասեմ, որ մենք ճակատներս պարզ անցանք այդ ամենի միջով։ Հիմա արդեն հասուն զավակներ ունենք, որոնցով հպարտանում ենք։ Նրանց միջև գոյություն ունեցող կապն այնքան ջերմ է, այնքան հուզական ու սիրով լի, որ ես ինձ կարող եմ երջանիկ մայր անվանել։

Երբեմն տիկին Քնարիկի մտքով էլ է անցել, թե ինչ լուրջ պատասխանատվություն է վերցրել ուսերին, արդյո՞ք ճիշտ է արել, արդյո՞ք կկարողանա, բայց երբեք չի հանձնվել, երեխային նսեմացնող ոչ մի բառ, ոչ մի վիրավորանք չի հնչել տանը։ Ինքն ու ամուսինը շատ լավ գիտեն, թե որքան դառը կարող են լինել մանկության տարիներին այդպիսի բառերը։

Ես կարծում եմ, որ խնամատար ծնողն ավելին է, քան ծնողը, որովհետև երեխան լավ կյանքից չէ, որ հայտնվել է քո մոտ. նրա համար պիտի ավելին լինես, քան ծնողը, պիտի պատասխանատվությամբ մոտենաս խնամատարությանը։ Ես իմ հինգ երեխաներին սիրում եմ այնպես, ինչպես ծնողն է սիրում իր երեխային՝ անթաքույց սիրով։ Մենք ընկերներ ենք. սիրահարվեցին, առաջինը ես ու ամուսինս ենք իմանում, խնդիր ունեցան, տղաների դեպքում հորն են ասում, ինձ խնայում են։ Որդեգիր տղաս ու խնամատարներս մեզ մամա-պապա են ասում, իսկ խնամակալ երեխաներս՝ քեռի ու քեռակին, քանի որ ի սկզբանե այդպես են դիմել։ Դիմելաձևը նշանակություն չունի, կարևորը բովանդակությունն է, իսկ մեր ընտանիքի ամրության գրավականը հենց այդ բովանդակության մեջ է, որ կոչվում է սեր ու հարգանք։

 

Վահե․ Ես չեմ պարտվելու իմ երազանքին

Իմ ծնունդի մասին ես միայն փաստական տեղեկություններ ունեմ, մյուս երեխաների նման չեմ կարող հույսս դնել հիշողությանս վրա ու ասել, որ ա՛յ աստեղ եմ ծնվել։ Մանկատանը մնացած թղթերի համաձայն ծնվել եմ Երևանում։ Ծնողներիս չեմ ճանաչում, մինչև 10 տարեկանը ապրել եմ մանկատանը։

Ֆուտբոլիստ դառնալու մասին երազող Վահեն (անունը փոխված է) այժմ 24 տարեկան է։ Հինգ տարի է, ինչ աշխատում է Երևանում գործող հասարակական կազմակերպություններից մեկում, օգնում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, նպատակներ դնել ու կյանքի դժվարությունները դիտարկել որպես մարտահրավեր, ոչ թե պատճառ՝ պարտվելու երազանքին։

Մանկատունը տարբեր երեխաների վրա տարբեր կերպ է ազդում՝ կախված այդ հաստատությունում երեխայի հայտնվելու հանգամանքներից։ Եթե երեխան չունի հիշողություն, այսինքն իր գիտակցական հիշողությունը սկսվում է հենց մանկատնից, ապա այդ վայրը նրա համար մի տեղ է, որը նրան կտրում է իրականությունից, ինքը չգիտի՝ ծնող ունենալը լավ է, թե վատ։ Եթե դու չունես հիշողություն քո ծնողների, հարազատների մասին, ապա քեզ թվում է, թե բոլորի կյանքը հենց մանկատնից է սկսվում։ Ամեն դեպքում, երկար ժամանակ այդպես է, քանի դեռ չես հանդիպում մարդկանց, որոնք ունեն ծնողներ ու ապրում են տանը։ Երբ երեխան ունի որոշակի հիշողություն ծնողների ու ընտանիքի մասին, մանկատունը ծանր բեռ է նրա համար և՛ այդ պահին, և՛ հետո՝ ողջ կյանքի ընթացքում։ Նա սկսում է մեղավորներ փնտրել ու գտնում է, հետո այդ մեղավորներին դարձնում դրոշակ՝ արդարացնելու ողջ կյանքի ընթացքում իր ծուլանալը, անգործությունը, վատ կյանքով ապրելը, ձախողվելը, թուլանալը։

Արդեն 10 տարի է Վահեն մանկատանը չէ։ Ընկերները մանկատնից՝ շատ չեն, հանդիպումները՝ հազվադեպ։ Եկավ մի պահ, երբ հասկացավ, որ իրենք տարբեր կերպ են մտածում, կյանքի այլ ընկալումներ ունեն, իրենց երազանքները շատ են տարբեր։ Վահեն չի համարում, որ այս կերպ ինքը փախչում է անցյալից, պարզապես չի հասկանում մարդկանց, որոնք անընդհատ հետ են նայում։

Ես չեմ ամաչում, որ մանկատանն եմ մեծացել։ Այն, որ ես հայտնվել եմ մանկատանը, իմ մեղքը չէ, ես չեմ ինձ տարել այնտեղ, որ ամաչեմ դրա համար։ Ես առողջ դատողությամբ եմ առաջ գնում ու մտածում եմ, որ ամեն մեկի հետ էլ կարող էր պատահել։ Ես դուրս եմ եկել մանկատնից ու կարողացել եմ 0-ից ոտքի կանքնել։ Ընտանիքից դուրս եկող երեխայի զրո կետն ուրիշ է, իմը՝ բոլորովին ուրիշ, դրա համար, եթե ընտրեմ ամաչելու ու հպարտանալու միջև, կընտրեմ երկրորդը։ Էնքան տղերք են իրենց երազանքին պարտվել, որովհետև մանկատանն են մեծացել, քանիսն են ընկել ցեխի մեջ ու համոզել իրենց՝ որ դե մանկատանն ենք մեծացել, վատ կյանքից է, որ վատ կյանքով ենք ապրում։

10 տարի մանկատանը մնալուց հետո Վահեին տեղափոխել են խնամատար ընտանիք։ Առանձնապես ոգևորված չէր, անտարբեր էլ չէր։ Մանկատանն ասում էին, որ իրեն խնամատարության վերցնող ընտանիքը գյուղում է ապրում ու իրեն տանում է աշխատելու։ Իսկ Վահեն գյուղի մասին այլ պատկերացնում ուներ՝ տատիկ-պապիկ, որ իր համար կարկանդակ կթխեն, վառարան կվառեն։ Գնաց խնամատար ընտանիք, տատիկ-պապիկ չկային։ Խնամատար ընտանիքում Վահեն առաջին անգամ հասկացավ, թե ինչ է նշանակում Ամանորի համար վարկ վերցնելը ու հետո ամբողջ տարի ճոխ սեղանի գումարը փակելը։ Հասկացավ, որ հյուր գնալու նվերի համար 10․000 դրամ կա, իսկ 500-դրամանոց ֆուտբոլի գնդակի համար՝ ոչ։

Խնամատարության ընթացքն ընդհատվեց անազնվության հետևանքով։ Ես ինքս ընդհատեցի։ Որոշեցի, որ այլևս չեմ կարողանում ապրել իրենց հետ, չնայած 7 տարի դիմացա։ Դիմեցի ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն, ասացի, որ չեմ ուզում այլևս մնալ այնտեղ։ Հիմա, երբ վերլուծում եմ ամեն ինչ, հասկանում եմ, որ դա մինչև օրս կայացրած իմ ամենաճիշտ որոշումն էր. չապրել մարդկանց հետ, որոնք ինձ հետ ազնիվ չէին ու շատ մանրախնդիր էին՝ այնքան, որ ես մինչև վերջին պահը չգիտեի, որ խնամատարության համար պետությունը գումար է վճարում ու ես կարող էի ինձ թույլ տալ 500-դրամանոց ֆուտբոլի գնդակ ուզել։ Կյանքումս մի անգամ եմ գողություն արել իրենց տնից․ վերցրել եմ 1000 դրամ, 500-ին գնդակ եմ առել, որը նույն օրը պատռվեց, մնացածին երկու հատ պաղպաղակ՝ իմ ու ընկերոջս համար։

Վահեն շատ է կարդում։ Աշխատավայրում սեղանին դրված գրքերի կապոցն է ցույց տալիս ու ասում, որ հիմա ինքնակրթվում է, սովորում Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջում։ Ֆուտբոլ մինչև հիմա էլ խաղում է, բայց այդպես էլ չի համարձակվում բարձրաձայնել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլով է ուզել զբաղվել։ Որոշել է քաղաքական գործիչ դառնալ, ասում է, որ դեռ մի 10 տարի էլ պետք է աշխատել այդ ուղղությամբ։

Ես կյանքում մեկ անգամ եմ ինքս ինձնից փախել, եթե դա կարելի է փախուստ անվանել՝ գնացել եմ բանակ։ Գիտեի, որ արտոնություններ որպես մանկատան երեխա, չունեմ։ Ինքս ինձ համար որոշեցի, որ գնում եմ բանակ, ոչ թե որ փախչեմ ինձնից, այլ որ գտնեմ ինձ։ Որոշեցի հասկանալ ինձ ու նվիրված ծառայել հայրենիքիս, ոչ թե ժամանակ սպանել։ Ես ուզում էի հավաքվել, հարցեր ունեի, որոնց պատասխաններն էի ուզում գտնել։ Հետո եկա ու որոշեցի, որ պետք է կրթություն ստանամ ու ոչ թե թուղթ, որտեղ գրված կլինի, որ ես գիտելիք ունեմ. ինքնակրթվեմ, դա ինձ համար ավելին է, քան թղթով կրթությունը։ Ես միշտ դժվարություններս դիտարկել եմ որպես հնարավորություն ու շարունակում եմ այդպես մտածել։

 

Նարեկ․ կապույտ աչքերով տղան

Նարեկը (անունը փոխված է) եղբորս թոռն է։ Մայրը մեր տանն էր մնում, հետո իմացա, որ անբարո կյանքով է ապրում, տնից դուրս արեցի, ասացի գնա՛, գիտեմ, թե ինչով ես զբաղված։ Անցավ մոտ վեց ամիս, զանգեց մի տղամարդ, ասաց, որ գնանք տանենք, հղի է, սպառնաց, որ եթե չգնամ վերցնեմ, աղբավայր կնետի նրան։ Սիրտս չտվեց, գնացի ու բերեցի մեր տուն։

Տիկին Վարդուհին (անունը փոխված է) 4-ամյա Նարեկի խնամատար ծնողն է։ Նույն բնակարանում նրանց հետ ապրում են տիկնոջ աղջիկն ու ամուսինը՝ իրենց չորս երեխաների ու շան հետ։ Բնակարանը վերանորոգման կարիք ունի, խոստովանում է տանտիկինն ու պատմում Նարեկի պատմությունը։

Այն ժամանակ հայրս դեռ կենդանի էր, մեկ ամսից ավելի չէր խոսում հետս, երբ իմացավ, որ Նարեկի մորը որոշել եմ տուն բերել։ Ինձնից անգամ աղջիկս ու փեսաս էին երես թեքել, հարցնում էին, թե ինչու եմ խնամում նրան։ Մի խոսքով, ինը ամիս պահեցի, մինչև երեխան ծնվեց ու պարզվեց, որ եղբորս աղջիկը հիվանդություն ուներ, երեխային ստիպված կրծքի կաթից էլ զրկեցի։ Հիվանդանոցից դուրս գրելիս ամեն ինչ արել եմ, 40-ը եկեղեցում ենք արել, օրհնություն են ստացել։ Արդեն ընտանիքիս անդամներն էլ սկսեցին սիրել ու ընդունել նրան՝ մտածելով, որ, դե շրջան էր, անցավ։ Մի օր աղջկաս ասել է, որ երեխային տանում է զբոսանքի, վերցրել է կաթի շիշն ու տակդիրներ։ Գնաց ու չեկավ։ Հարևանների տուն գնացի, հարցուփորձ արեցի, չկար ու չկար։ Ամբողջ գիշեր չքնեցի։ Առավոտ մի տղամարդ զանգեց, ասաց, որ 4-րդ գյուղի ծերանոցից 50 մետր հեռավորության վրա, ձախ մասում աղբավայր է, աջում՝ խոզանոց, այդտեղ կգտնենք երեխային, մայրը թողել է ու մտել խոզերի մոտ։ Ասաց՝ կա՛մ եկեք տարեք, կա՛մ էլ խոզերի առաջ եմ գցում երեխային։

Տիկին Վարդուհին վստահեցնում է, որ օգտագործել է հնարավոր բոլոր կապերն ու խնդրել այդ մարդուն երեխային տուն բերել։ Ասում է, որ այդ օրը Նարեկը 2 ամսական էր դառնում, պետք է տաներ պոլիկլինիկա՝ պատվաստման։ Հիշում է, որ երեխային բերեցին սարսափելի վիճակում, այդպես էլ վերցրել ու գնացել է պոլիկլինիկա։ Որոշ ժամանակ հետո մայրը նորից երեխային տարել է, էլի հետ բերել։

Մարտի 24-ն էր, այդ օրը երբեք չեմ մոռանա։ Եկավ մեր տուն, վերցրեց ինչ-որ իրեր ու ասաց․- Հորքուր, վերցրու, էս էրեխուն պահի, շատ ա ուտում, շատ ա լացում, ես իրան չեմ կարա պահեմ։- Ես իրեն ասացի, որ հայրս ու իր եղբայրը հիվանդանոցում են, աղջիկս զույգ երեխայի է սպասում, չեմ կարող երեխային պահել։ Խնդրեցի, որ մանկատուն տանի, ասաց, որ իբր չի կարող։ Մի քանի ժամ հետո՝ գիշերվա 11-ին եկավ, որոշել էր հանձնել մանկատուն։ Աղջիկս որոշեց Նարեկին լողացնել ու տեսավ, որ մարմնի վրա կապտուկներ կան։ Երեխային ծեծել էր։

Նարեկին վերցրի ու տարա քաղաքապետարան, Իդայի մոտ (Իդա Խաչատրյանը Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն է): Ասացի, տե՛ս, թե ինչ է արել երեխային, տվե՛ք մանկատուն, մինչև տեսնենք ինչ է լինում։ Տարա Նորքի մանկատուն, բայց սիրտս չէր տալիս, շաբաթը երկու անգամ պարտադիր գնում էի այցելության։

Տիկին Վարդուհու աղջիկն է միջամտում ու հաստատում, որ հաճախ էին մանկատուն գնում.

Ինքը ոչ մանկատան ծծակ ա կերել, ոչ տակդիր ա հագել, ոչ էլ շոր։ Խանութից նորն առնում էինք, տանում հագցնում։ Ապրիլից սկսել ենք թղթերը հավաքել, որ թույլտվություն ստանանք, որ խնամատար դառնա մայրս։ Նարեկը մանկատանը մնացել է ընդամենը ութ ամիս։

Դեկտեմբերի 2-ին Նարեկի ծննդյան օրն էր, տիկին Վարդուհին խնդրել էր, որ մինչ այդ քաղաքապետարանում բոլոր փաստաթղթերը կարգավորեն՝ այդ օրը տանը նշելու համար։

Մեկ տարի ու մեկ ամսականում Նարեկի մոտ մեկը մյուսի հետևից սկսում են լուրջ հիվանդություններ ի հայտ գալ․ քնի էպիլեպսիա, ասթմա, ռախիտ։ Երեխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի տվյալների բազայում գրանցված է որպես հաշմանդամություն ունեցող անձ, որը տրվել է խնամատարության։ Տիկին Վարդուհին ևս փաստում է, որ Նարեկը հաշմանդամություն ունի, սակայն հաստատող որևէ փաստաթուղթ այդպես էլ չգտնվեց։ Իսկ ահա երեխայից հրաժարվելու մասին մոր ձեռագրով գրված փաստաթուղթը մինչև հիմա էլ պահում է.

Ինքը չգիտի, թե ով է երեխայի հայրը։ Երբ աղջիկս հարցնում էր, թե քանի ամսական է հղիությունը, չգիտեր հստակ։ Երբ Նարեկը ծնվեց, մաշկը թեփոտում էր, տարա հիվանդանոց, ասացին, որ մայրը տարբեր մարդկանց հետ հարաբերություններ է ունեցել հղիության ընթացքում, հազար ու մի ինֆեկցիա ունի, երեխային է փոխանցվել։ Տարել եմ հիվանդանոց, էրեխուն բուժել եմ մինչև մանկատուն տալը։

Երբ Նարեկին հարցնում են, թե ովքեր են իր ծնողները, ցույց է տալիս տիկին Վարդուհու դստերն ու ամուսնուն։ Հարևանները, ծանոթները հաճախ են հարցնում, թե արդյո՞ք Նարեկը տեղյակ է, որ իրենք խնամատար ծնողներ են, տիկին Վարդուհին էլ ասում է, որ գիտի, ու չի ուզում երեխային սթրեսի ենթարկել մեծ տարիքում։ Տիկին Վարդուհին ասում է, որ խնամատարության գումարի մեծ մասը տալիս է դեղերին, ու գումարը չի բավարարում։ Նարեկին վերաբերվում է ինչպես իր երեխային, պատժելիս էլ նույն կերպ է վարվում, ինչպես կվարվեր իր երեխայի հետ։

Մանկապարտեզից խաղալիք ավտո էր բերում տուն, գնացի հետ տվեցի ու ասեցի, որ ես իր մատները կկտրտրեմ, եթե հանկարծ մի չոփ բերի էնտեղից։ Եթե իր հետ խիստ չեղա, Աստված հեռու տանի։ Մանկապարտեզում էլ եմ ասել, որ իր հետ պետք է խիստ լինեք, եթե հանկարծ խիստ չեղաք, ժպտացիք, կգա ձեր ունքերը հատ-հատ կհանի։

Էլ ինչպես եք երեխային պատժում հարցին, տիկին Վարդուհին պատասխանում է․

Մի ոտքի վրա անկյուն եմ կանգնացնում, բոլորին հաց եմ տալիս, իրեն՝ չէ։ Հետո հենց կասի կներես, կներես, կհասկանա իր սխալը, նոր հաց կտամ։ Հենց աղջկաս ամուսինը գալիս ա, հանդարտվում է, շան նման վախենում է իրանից։

Խնամատար ընտանիքների նկատմամբ պետությունը պարտավոր է հսկողություն սահմանել։ Տիկին Վարդուհին, սակայն, ասում է, որ դրա կարիքը չկա, քանի որ իրեն և ՛քաղաքապետարանում են ճանաչում, և՛ թաղապետարանում։

Իդան զանգում է, բայց տեսակցության չեն գալիս։ Մեկ-մեկ մեզ են հրավիրում միջոցառումների՝ Նոր տարի, երեխաների իրավունքների պաշտպանության օր և այլն։

Տիկին Վարդուհին ասում է, որ և՛ հարևանները, և՛ բարեկամները լավ են նայում իր՝ խնամատար լինելու փաստին, համարում են, որ երեխան իրենցն է ու իրենք լավ գործ են անում։ Այս ընթացքում Նարեկի մայրը մի անգամ զանգել է, խոստովանել, թե ուզում է տեսնել երեխային, բայց տիկին Վարդուհին թույլ չի տվել, քանի որ՝ անբարո կյանքով է շարունակում ապրել, իսկ այդպես երեխային մոտ գնալ չի թողնի։

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է փնտրել ընտանիքներ, որոնք պատրաստ են ընդունել ու հարազատի պես սիրել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։ Սակայն խնամատար ծնող դառնալուց առաջ պետք է գիտակցել ամբողջ պատասխանատվությունը, որը ստանձնում ես։ Խնամատարությունը փորձարկում չէ, երեխային հնարավոր չէ մեկ ամիս սիրել, հոգ տանել նրա մասին, հետո հանկարծ հասկանալ՝ որ չէ, չի ստացվի։ Չարժե ևս մեկ անգամ ևս ցավ պատճառել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այս երեխաներին, չի կարելի ևս մեկ անգամ լքել նրանց։

Ու թող բոլոր երեխաները գտնեն իրական ընտանիք ու երբեք չպարտվեն իրենց երազանքներին։

Կարդացեք հատուկ ցեկույցը

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների ընտանիքահենք խնամքի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ։Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման հնարավորությունները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.

Կարդացեք նաև

Վերադարձ ընտանիք

Ոչ մի երեխա չպետք է լքվի, և ոչ մի երեխա չպետք է ապրի հաստատությունում: Սա մի խումբ մայրերի պատմություն է, ում անհանգստությունը, սերը և կարեկցանքը փոխում են հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:

Իմ մեծ ու արտասովոր ընտանիքը․ ՍՕՍ մանկական գյուղեր

Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղը հիմադրվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո` տրամադրելու անհապաղ օգնություն այն երեխաներին, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին: Այսօր ՍՕՍ մանկական գյուղերը շարունակում են աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին Հայաստանի երեք վայրերում:

Հանդարտեցնելով փոթորկոտ ծովը. երբ երեխան տուն է գտնում

Երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց խնամքը ընտանիքի և պետության պարտականությունն է: Այսօր, ինչպես և միշտ, հենց շրջապատի սերն է, որ փոփոխությունների հիմք է դառնում:

Ապահովել ապաստարան, հույս և ապագա

Հասարակության առավել խոցելի խմբերի պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է։ Բայց կան մարդիկ, ինչպես ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը, որը պետության հետ միասին տարիներ շարունակ կրում է այդ բեռը։

Միևնույն հեղինակի կողմից

Լինել փոխնակ մայր Հայաստանում

Անպտղության դեմ պայքարող զույգերը երեխա ունենալու նպատակով երբեմն դիմում են փոխնակ մայրերի։Հայաստանում սակայն դեռեւս կարիք կա հասցեագրելու ներկայիս օրենսդրության խնդիրները, որոնք հնարավոր է որ խոցելի դարձնեն այն կանանց, ովքեր ընտրում են փոխնակ մայր լինել։

Սեռական դաստիարակություն եւ հաշմանդամություն

Սեռական դաստիարակություն, սեռական առողջության պահպանում, սեռական հարաբերություններ․ մեր երկրում ընդունված է այս մասին կամ շշուկով խոսել կամ լռե։ Իսկ եթե խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող անձանց սեռական հարաբերություններ ունենալու մասին, ապա տաբուներն ու թյուրըմբռնումներն ավելի շատ են:

Գյումրիից սիրով ու մեծ սրտով

«Արեգակ» սրճարանը կոտրում է կարծրատիպեր տալով հաշմանդամություն ունեցող մարդկանց ոչ միայն աշխատանք, այլ նաև հույս, արժանապատվություն եւ նպատակ, միաժամանակ իրազեկելով հասարակությանը:

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի:

Thank you for your submission! We will review it soon.

Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

cssf logo small by uk gov cmyk aw


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team