ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այն առաջնահերթություն է դիտարկվում Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրով։ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ անհնարինության դեպքում՝ ընտանիքահենք խնամքի այլ տարբերակների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ։ Այս նպատակին է ուղղված նաև երկրի ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը, որը կոչված է երեխայի խնամքի և կրթության շուրջօրյա հաստատությունների փակմանը կամ վերակազմավորմանը՝ նպատակ ունենալով երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպել ընտանիքահենք և համայնքահենք միջավայրում։

Միջազգային փորձը, ինչպես նաև երեխայի զարգացմանն ուղղված բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնամքի շուրջօրյա հաստատությունները նպաստավոր միջավայր չեն ապահովում երեխայի լիարժեք զարգացման համար։ Այս առումով ընտանեկան միջավայրն ամենանպաստավորն է երեխայի խնամքի և պաշտպանության համար։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2019 թ. հունիսի դրությամբ 835 երեխա շարունակում է խնամք ստանալ պետական և մասնավոր մանկատներում։ Այս թիվը նվազել է տարիների ընթացքում (2018-ին՝ 835, 2008 թ. 975-ի համեմատ)։ Հաստատություններում բնակվող երեխաների թվի նվազումը պայմանավորված է առավելապես հաշմանդամություն չունեցող երեխաների՝ հաստատություններից դուրս բերմամբ, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը շարունակում է գրեթե անփոփոխ մնալ։ Նույն աղբյուրի համաձայն՝ 835 երեխաներից 468-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի՝ 2015-2018 թթ. ընթացքում ծննդատներից մանկատներ տեղափոխված 181 երեխաներից 97-ը առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են։ Պետության մինչև այժմ ձեռնարկած քայլերը հիմնականում ուղղված են եղել ընդհանուր տիպի մանկատների և գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորմանը։ Սա անհավասար և խտրական պայմաններ է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ հետաձգելով նրանց՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։

Այն պարագայում, երբ ապաինստիտուցիոնալացման արդյունքում հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական ընտանիք, իսկ խնամակալությունն (մերձավոր բարեկամների կողմից խնամքը) ու որդեգրումը ևս տարբերակ չեն, խնամատար ընտանիքի ինստիտուտը պետության կողմից ներդրված այլընտրանքային միջոց է, որը կոչված է երաշխավորելու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը։ Չնայած խնամատարությունը պաշտոնապես ամրագրվել է 2008-ին՝ 2018 թ. դրությամբ խնամատար ընտանիքում խնամք է ստացել ընդամենը 75 երեխա, որից միայն 5-ն են հաշմանդամություն ունեցել։

Վերջին 2 տարիների իրավական բարեփոխումների արդյունքում խնամատարությունը՝ որպես ինստիտուտ, համապարփակ իրավական ձևակերպումներ է ստացել, ինչն ընդգրկուն հնարավորություններ է ստեղծում այլընտրանքային խնամքի այս ձևի լայն կիրառման համար։ Մյուս կողմից՝ դեռևս խտրական են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հանրային ընկալումները, ինչը պարարտ հող է ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հաստատություններում հայտնվելու համար։ 

Երեխայի զարգացմանն ուղղված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխայի զարգացումը խթանող ամենաբարենպաստ միջավայրը ընտանիքն է։  Որքան էլ խնամքի հաստատությունը հագեցած լինի տարատեսակ սարքավորումներով և որակյալ անձնակազմով, այն նույն միջավայրը չի կարողանա ստեղծել երեխայի զարգացումը խթանելու համար։ Հաստատությունում երեխան ավելի կախյալ, ապանձնավորված, սեփական իրավունքները ոչ ամբողջությամբ իրացնող և հասարակությունից մեկուսացված է։ Սա առավել ակնառու է հաշմանդամություն ունեցող երեխաների պարագայում։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ անհրաժեշտ է թիրախավորված մոտեցում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամք տրամադրող հաստատությունների ապաինստիտուցիոնալացմանը և մասնագիտացված խնամատարությանը՝ որպես հաշմանդամություն ունեցող երեխայի՝ ընտանիքահենք խնամքի կազմակերպման այլընտրանքային ձև։

Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման իրավական և գործնական հնարավորությունները, միջազգային փորձը, խոչընդոտող գործոնները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։

 

1. ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ Ի ՆՊԱՍՏ ԸՆՏԱՆԻՔԱՀԵՆՔ ԽՆԱՄՔԻ

 

Ապաինստիտուցիոնալացումը, որը հաստատություններից երեխաների՝ ընտանեկան և համայնքային միջավայրում վերաբնակեցման գործընթաց է, արևմտյան շատ երկրներում սկսվել է դեռևս 20-րդ դարի կեսերին։ Մարդու իրավունքների պաշտպանության քարոզարշավները, ինչպես նաև երեխայի զարգացումն ուսումնասիրող գիտական շրջանակի ընդլայնումն ապաինստիտուցիոնալացումն էլ ավելի ամուր հիմքերի վրա դրեցին։ Ալիքը տարածվեց Եվրոպայում և մյուս աշխարհամասերում։ 

Ինչո՞ւ է ընտանեկան խնամքը նախընտրելի հաստատություններից.

- Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունք. յուրաքանչյուր երեխա, անկախ իր առանձնահատկություններից, ընտանիքում ապրելու իրավունք ունի։ ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը[1] հոդված 41-ի 2-րդ մասով սահմանում է՝ «Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին»։

Ընտանեկան միջավայրում երեխան կարողանում է իրացնել իր մյուս իրավունքները։

Երեխայի զարգացման վրա ընտանիքի բարենպաստ ազդեցությունը. հաստատությունում խնամք ստացող երեխան հեռու է իր ընտանիքից և համայնքից, տարիքային և հաշմանդամության կարգավիճակի տեսանկյունից համասեռ խմբում է, խմբային ինքնության պայմաններում կորցնում է իր ես-ը, խնամք տրամադրողների կողմից չի զգում կապվածություն և սեր, չի ստանում անհատական մոտեցում, անվերապահորեն հետևում է ամենօրյա գրաֆիկին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաստատություններից ընտանեկան միջավայր, ներառյալ՝ որդեգիր և խնամատար ընտանիքներ վերադարձած երեխաներն ավելի մեծ հաջողություններ են արձանագրում[2]։

- Պետության տեսանկյունից՝ ծախսարդյունավետությունը. երկարաժամկետ կտրվածքով ընտանիքահենք և համայնքահենք որակյալ խնամքը ավելի ծախսարդյունավետ է պետության համար, քան ամենաորակյալ և սարքավորումներով հագեցած հաստատությունները։

 

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (այսուհետ՝ ՅՈՒՆԻՍԵՖ) ֆինանսական վերլուծությունը[3] վերահաստատում է. ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպելը և համայնքում ծառայությունների ներդրումը ծախսարդյունավետ է, ավելին՝ այն հնարավորություն է տալիս ներդրում կատարել ավելի մեծ թվով երեխաների համար համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայնման մեջ, բարենպաստ միջավայր ստեղծում համայնքում բնակվող յուրաքանչյուր երեխայի համար՝ օգտվելու անհրաժեշտ ծառայություններից դեռ վաղ տարիքից։ Սա նաև կանխարգելիչ գործառույթ ունի՝ խթանում է երեխայի բնականոն զարգացումը և ծառայությունների հասանելիության պայմաններում երեխաներին պահում ընտանիքում և համայնքում։

Ապաինստիտուցիոնալացման արդյունքում երեխայի խնամքի կազմակերպման ամենանախընտրելի ձևն իր կենսաբանական ընտանիքն է։ Կենսաբանական ընտանիքում հետագա խնամքը կազմակերպելու անհնարինության դեպքում երեխայի խնամքը կազմակերպվում է այլընտրանքային ձևերով։

ՀՀ կառավարության N 551 որոշմամբ[4]՝ երեխայի այլընտրանքային խնամքի տեսակներն են՝

1) որդեգրումը.

2) խնամակալությունը և հոգաբարձությունը.

3) խնամատարությունը (երեխայի խնամքի կազմակերպումը խնամատար ընտանիքի որևէ տեսակի միջոցով).

4) երեխայի խնամքը սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում.

5) երեխայի խնամքը երեխաների աջակցության կենտրոնում.

6) երեխայի խնամքը խնամքի գիշերօթիկ հաստատությունում.

7) երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) հաստատությունում՝ նախապատվությունը տալով ընտանեկան տիպի հաստատություններին, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում՝ մասնագիտացված հաստատությանը։

 

Ընտանիքահենք են համարվում այլընտրանքային խնամքի առաջին 3 տեսակները, և առաջնահերթությունը տրվում է ըստ հերթագայության՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը և, այս երկուսի անհնարինության դեպքում միայն՝ խնամատարությանը։

Ըստ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի (հոդված 137)[5]՝ խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպումն է այլ ընտանեկան միջավայրում իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով՝ մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը։

Այլընտրանքային խնամքի ցանկացած տեսակի, այդ թվում խնամատարության առանցքային սկզբունքներն են՝

1. երեխային իր հարազատ համայնքին հնարավորինս մոտ պահելը,

2. ընտանիքից հեռացնելը որպես ժամանակավոր և ծայրահեղ միջոց,

3. խնամքի շարունակական ապահովումը,

4.  պաշտպանություն բռնությունից, անտեսումից և շահագործումից,

5.  եղբայրների և քույրերի խնամքը միասին կազմակերպելը[6]։

EVN Report's the Reader's Forum section is meant to create a space and platform for readers to be co-creators of engaged, credible journalism, to have a voice in driving policy development and to collaborate in bringing about a more informed public discourse. We want you, our reader, to be part of the conversation and that is why we are inviting you to read our White Papers, leave a comment, ask a question, make a recommendation and be part of the conversation.

Thank you for your submission! We will review it soon.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 

1. ԻՆՉՈ՞Ւ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ՝ Ի ՆՊԱՍՏ ԸՆՏԱՆԻՔԱՀԵՆՔ ԽՆԱՄՔԻ 

2. ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

3. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ 

3.1. Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպման շուրջ վիճակագրական տվյալների անհամադրելիություն և տեղեկատվական համակարգերի անկատարություն 

3.2. Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությունը կարգավորող իրավական դաշտի խնդիրներ 

3.2.1. Միջազգային արձագանք 

3.2.2. ՀՀ իրավական կարգավորումներ 

3.3. Հաշմանդամության և հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության վերաբերյալ հասարակական ընկալումներ 

3.4. Սոցիալական ծառայությունների ցանցի սահմանափակություն 

4. Ի՞ՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ 

5. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերլուծության ընթացքում ուսումնասիրվել են. 

ա) ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը,

բ) ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերը և համապատասխան առաջարկները,

գ) հայաստանյան և միջազգային ուսումնասիրությունները և զեկույցները,

դ) պաշտոնական վիճակագրությունը։

Ուսումնասիրության արդյունքում համադրվել է հայաստանյան և միջազգային փորձը՝ վեր հանելով խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության զարգացմանը։

Իրականացվել է իրավական փաստաթղթերի և պաշտոնական վիճակագրության վերլուծություն, վեր են հանվել ոլորտը կարգավորող օրենսդրության խնդիրները, տեղեկատվական համակարգի բացերը։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ձևակերպվել են առաջարկներ՝ ուղղված Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության զարգացմանը։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Կարդացեք նաեւ

Անցումային արդարադատության օրակարգ հայաստանի հանրապետության համար

Էմպիրիկ ցուցիչներ եւ համեմատական ուսումնասիրություններ անցումային արդարադատության գործիքների եւ ծրագրերի կառուցվածքի, ազդեցության եւ արդյունքների վերաբերյալ՝քաղաքագիտության դոկտոր Ներսես Կոպալյանի հետազոտությունը:

 

2. ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում խնամատարության կիրառմանը սկիզբ է դրվել 1999 թ.՝ Ֆրանսիայի և Հայաստանի Հանրապետությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում «Մանկատներում խնամվող 3-12 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպումը խնամատար ընտանիքում» ծրագրի շրջանակում 9 երեխայի խնամքը խնամատար ընտանիքներում կազմակերպելու միջոցով[7]։ Սակայն միայն 2008 թ. խնամատարությունը պաշտոնական ճանաչում ստացավ Հայաստանում՝ կառավարության N 459 որոշումից[8] հետո։

Ռազմավարական տեսանկյունից 2014 թ. շրջադարձային էր, երբ ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. ռազմավարական ծրագրում[9]՝ բավարարելով Երեխայի այլընտրանքային խնամքի մասին ՄԱԿ-ի ուղեցույցի[10] պահանջները։ Այս ռազմավարությամբ է առաջնահերթություն ստանում երեխաների խնամքի և պաշտպանության խոշոր հաստատությունների բեռնաթափումը և այդ գործընթացի շրջանակներում խնամատար ընտանիքի՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային ձևի խթանումը։

2016 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգային փաստաթուղթ և միջոցառումների ծրագիր[11]՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման վերաբերյալ։ 2017 թ. հուլիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2017-2021 թթ. երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը[12]։ Վերջինս ներառում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են երեխաների հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելուն՝ ճանաչելով երեխայի լավագույն շահը և ընտանեկան միջավայրում երեխայի խնամքի ու զարգացման իրավունքը։

Խնամատար ընտանիքի ավելի ընդգրկուն սահմանումը տրվեց 2017 թ. հաստատված Ընտանեկան օրենսգրքի լրամշակված տարբերակում։ Հոդված 137-ում[13] խնամատարությունը սահմանվեց որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպում այլ ընտանեկան միջավայրում՝ իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով, մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը։

Ընտանեկան օրենսգիրքը ընդհանուր դրույթներով սահմանում է խնամատարությունը, այն կազմակերպելու համար կնքվող պայմանագիրը, ծնողի և հոգեզավակի իրավունքները, խնամատարության տեսակները և ժամկետները, խնամատարության վերահսկողությունը և վճարվող դրամական միջոցները։

Խնամատարության շուրջ վերջին փոփոխությունները, որոնք ուղղված էին նաև ամբողջականացնելու և հստակեցնելու Ընտանեկան օրենսգրքով սահմանված ընդհանրական դրույթները, կատարվեցին 2019 թ. հունիսի 13-ի ՀՀ կառավարության որոշմամբ[14], որը ուժը կորցրած ճանաչեց 2008 թ. N 459 որոշումը։

Հաստատությունների վերակազմակերպման և խնամատարության զարգացման պատմության ընթացքում, սակայն, հաշմանդամություն ունեցող երեխաներին անդրադարձ գրեթե չի եղել։

Հաշմանդամություն ունեցող երեխաները Հայաստանում խնամվում են մասնագիտացված 3 մանկատներում` Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Գյումրու «Երեխաների տուն»։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատությունների վերակազմավորման որոշումների մեջ մինչև այժմ 3 այս մանկատների վերաբերյալ ոչ մի հիշատակում չի եղել։

Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող երեխաները համահավասար իրավունք ունեն թիրախավորվելու ապաինստիտուցիոնալացման գործընթացում և իրացնելու ընտանիքում ապրելու իրենց իրավունքը։

Այս նպատակով, ի թիվս կենսաբանական, խնամակալ կամ որդեգիր ընտանիքներում նրանց հետագա խնամքը կազմակերպելու միջոցների, անհրաժեշտ է դիտարկել նաև մասնագիտացված խնամատարության ձևը՝ որպես պետության կողմից երաշխավորվող այլընտրանքային խնամքի միջոց, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամք ստանալու ընտանեկան միջավայրում։ 

 

3. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Այժմ ավելի մանրամասն անդրադառնանք հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությանը խոչընդոտող հիմնական գործոններին։

 

3.1. Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպման շուրջ վիճակագրական տվյալների անհամադրելիություն և տեղեկատվական համակարգերի անկատարություն

Տարիների ընթացքում մանկատներում բնակվող երեխաների թիվը նվազել է։ Սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը, որոնք խնամք են ստանում մասնագիտացված մանկատներում, այդ ընթացքում գրեթե չի փոխվել (հմմտ. պատկերում կանաչ կորը)։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Պարենի ապահովություն և աղքատություն» տարեկան հրապարակումների՝ պետական ընդհանուր տիպի մանկատներում բնակվող երեխաների թիվը 2008-2018 թթ. 496-ից նվազել է 162-ի, մինչդեռ մասնագիտացված մանկատներում, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն ունեցող երեխաները, 2008 թ. գրանցված թիվը 370 է, 2018-ին՝ 446. ցուցանիշը ոչ միայն չի նվազել, այլև աճել է։

Խնամյալների թիվն ըստ պետական մանկատների տեսակների (2008-2018)

Աղբյուրը՝ «Պարենային ապահովություն և աղքատություն», ՀՀ վիճակագրական կոմիտե

graph01 armenian

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի մեկ այլ դասակարգման՝ մանկատներում (պետական և մասնավոր) երեխաների թվի նվազմանը զուգահեռ հաշմանդամություն ունեցող խնամյալների թվի փոփոխությունը չնչին է։ Այս դասակարգումը հնարավորություն է տալիս դիտարկելու ոչ միայն հաշմանդամություն, այլև քրոնիկ հոգեկան շեղումներ ունեցող և անկողնային երեխաների թիվը մանկատներում։ Քրոնիկ հոգեկան շեղումներով խնամյալների թիվը վերջին տասը տարիներին ավելացել է՝ 2013 թ. հասնելով պիկին՝ 358, այնուհետ նվազել է մինչ 113 խնամյալ 2018 թվականին։ Անկողնային խնամք պահանջող երեխաների թիվը ևս տարիների ընթացքում տատանվել է՝ 2015-2017 թթ. գտնվելով նվազագույն շեմին՝ 74-77 երեխա, թեև 2018-ին ցուցանիշը գրեթե կրկնակի աճել է (130 խնամյալ)։

Խնամյալների թիվն ըստ կարգավիճակի (2008-2018)

Աղբյուրը՝ Արմստատ բանկ, ՀՀ վիճակագրական կոմիտե

graph02 armenian

Նման (նախընտրելի է՝ հնարավորինս մանրամասն) տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու օրինաչափությունները, իրավիճակը և քաղաքականությունը հասցեագրելու առավել խոցելի ուղղություններով։

Մտահոգիչ է այն փաստը, որ մինչև 1 տարեկան երեխաների թիվը գրեթե անփոփոխ է, ինչը նշանակում է, որ մանկատներ երեխաների հոսքը չի նվազում։ Վերջին 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշը տատանվել է 47-77 երեխայի սահմաններում։ 2018-ին մանկատներում մինչև 1 տարեկան երեխաների թիվը եղել է 49։

Մինչեւ 1 տարեկան խնամյալների թիվը մանկատներում

Աղբյուրը՝ Արմստատ բանկ, ՀՀ վիճակագրական կոմիտե

graph03 armenian

Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի[15] վերջին երեք տարիներին ծննդատներից մանկատներ տեղափոխված 181 երեխայից 97-ը առողջական խնդիրներ են ունեցել։

Այս տվյալները հուշում են, որ երեխաների խնամքի և պաշտպանության քաղաքականության առաջնահերթություններից պետք է լինի երեխաների, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հաստատություններ մուտքի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շուտափույթ ձեռնարկումը։

Կանխարգելմանը զուգահեռ, առաջնային ուշադրության է արժանի երեխաների՝ հաստատություններից դուրս խնամքի կազմակերպումը։

Վերջին 10 տարիներին մանկատներից դուրս եկած երեխաների խնամքի կազմակերպման պատկերը հետևյալն է. 2008 թ. համեմատ՝ մանկատներից որդեգրված երեխաների թիվը կտրուկ նվազել է՝ 2018-ին կազմելով 48 երեխա։ Կենսաբանական ընտանիքներ վերադարձած կամ խնամատար ընտանիքում խնամք ստացող երեխաների թիվը փոփոխության գրեթե չի ենթարկվել. մանկատներից կենսաբանական ընտանիքներ վերադարձած երեխաների թիվը 2008-ին եղել է 31 երեխա, 2018-ին՝ 23, խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների թիվը 24-ից աճել է 39-ի։ 

Մանկատներից խնամակալ ընտանիքներ տեղափոխված երեխաների մասին վիճակագրական տվյալներ արձանագրվել են 2010, 2017 և 2018 թվականներին։

Մանկատներից դուրս եկած երեխաների խնամքի կազմակերպումը (2008-2018)

Աղբյուրը՝ «Պարենային ապահովություն և աղքատություն», ՀՀ վիճակագրական կոմիտե

graph04 armenian

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալներն ավելի մանրամասն տեղեկություններ են պարունակում հաստատություններից դուրս երեխայի խնամքի կազմակերպման ձևերի և դրանցում հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավման վերաբերյալ։ Այս տվյալները զգալիորեն տարբերվում են վերը բերվածներից, քանի որ ընդգրկում են նաև խնամքի գիշերօթիկ հաստատություններից ընտանիքահենք խնամքի անցած երեխաների թիվը։

Ամեն դեպքում, հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը զգալիորեն ցածր է։ Սակայն, համեմատության մեջ դիտարկելու պարագայում, ընդհանուր թվի աճին զուգահեռ նկատվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների թվի աճ կենսաբանական ընտանիքներ վերադարձող և խնամակալ ընտանիքներում խնամք ստացող երեխաների շրջանում։ Այսպես, օրինակ, 2008 թ. (6) համեմատությամբ 2018-ին կենսաբանական ընտանիք վերադարձած հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմել է 51, խնամակալ ընտանիքների դեպքում ցուցանիշը 1-ից աճել է մինչև 12-ի։ Սա դրական միտում է երեխայի խնամքը սեփական ընտանիքում կամ նրան մոտ միջավայրում կազմակերպելու առումով։

Վիճակագրական տվյալներով նշմարվող դրական փոփոխությունները հիմնավորվում են նաև որակական մի շարք հետազոտություններում[16], որոնք փաստում են ընտանիքների՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ստանձնելու պատրաստակամության մասին, եթե համայնքում հնարավոր լինի կազմակերպել նրանց անհրաժեշտ սոցիալական, ներառյալ՝ մասնագիտական ծառայություններն ու կրթությունը։

 Ընտանիքահենք այլընտրանքային խնամք ստացող երեխաների թիվն ըստ հաշմանդամության կարգավիճակի (2008-2018)

table01 armenian

Որդեգիր ընտանիքների պարագայում հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդհանուր որդեգրվողների 15-20% են կազմում։ Այնուամենայնիվ, չնայած որդեգրված երեխաների թիվը տարիների ընթացքում նվազել է, հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը համարյա փոխվել։ Հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասին օտարերկրյա քաղաքացիներ են որդեգրել (9-11 երեխա)։ Ավելին, 2016-2018 թթ. տվյալների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող ոչ մի երեխա չի որդեգրվել Հայաստանի քաղաքացիների կողմից, իսկ օտարերկրացի որդեգիրների կողմից գերակշիռ մեծամասնությամբ որդեգրվել են 1-6 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները։

Որդեգրված երեխաների թիվն ըստ որդեգրման տեսակի եւ առղջական վիճակի (2016-2018)

Աղբյուրը՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը», ՀՀ վիճակագրական կոմիտե

graph05 armenian

Հաշմանդամություն ունեցող երեխաների առումով ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են խնամատարության պարագայում։ Չնայած խնամատարության դեպքերն ավելացել են, մասնագիտացված խնամատարությունը դեռ աննշմար է։ Օրինաչափությունը բացատրող գործոնները կարող են տարբեր լինել, սակայն պետք է արձանագրել, որ խնամատարությունը և, մասնավորապես՝ մասնագիտացված խնամատարությունը խթանող իրավական կարգավորումները վերջին 2 տարվա ընթացքում են ընդունվել։

Ցավոք, ապաինստիտուցիոնալացմանը և երեխայի խնամքի կազմակերպմանը վերաբերող տվյալները սահմանափակ են և հնարավորություն չեն տալիս ավելի բազմաչափ վերլուծություն կատարելու՝ իրավիճակը և հիմնախնդիրներն ավելի լավ հասկանալու համար։ Ավելին, հաճախ տարբեր են տվյալները, ինչը խոսում է վիճակագրական համակարգի անկատարության մասին։ Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է խնդրի շուրջ ավելի հարուստ տեղեկատվություն հավաքագրել՝ հասկանալու խնդրի ողջ էությունը, միտումներն ու օրինաչափությունները։

Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվության ամբողջականության խնդիրը ոչ միայն հանրային հասանելի տվյալներին է վերաբերում, այլև ներքին՝ երեխայի իրավիճակը ամբողջությամբ բնութագրող տեղեկատվությանը։ Ոլորտում աշխատող մասնագետները հաճախ են բարձրաձայնում երեխայի մասին տվյալների ոչ ամբողջական լինելը, նույն երեխայի վերաբերյալ տեղեկատվության ոլորտային մասնատումը (առողջապահական, կրթական, սոցիալական և այլն), երեխայի պաշտպանության համակարգի տարբեր մակարդակների աշխատակիցների միջև տեղեկատվության փոխանցման խնդիրը և այլն[17]։

Համաձայն «Հայաստանում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների մշտադիտարկում, գնահատում, և վերհանված խնդիրներին արձագանքում» մասնակցային գնահատման[18] արդյունքների՝ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգում մշտադիտարկումն ու գնահատումն ամենաթույլ բաղադրիչներն են։ Գերակա խնդիր է միասնական համակարգի ստեղծումը՝ այլընտրանքային խնամքի բնագավառում տվյալների հավաքագրման, փոխանակման և օգտագործման համար։ «Նորք» տեղեկատվական կենտրոնի «Մանուկ» տեղեկատվական համակարգը երեխաների վերաբերյալ տեղեկատվության շտեմարան է, որը պետք է հիմք հանդիսանա բազմաչափ տեղեկատվության հավաքագրման և հետագա վերլուծությունների համար։ Այնուամենայնիվ, այն ևս կանոնավոր և համապարփակ տեղեկատվություն չի պարունակում, ավելին՝ այն ամբողջությամբ անհասանելի է երեխայի պաշտպանության պետական համակարգից դուրս։

Տեղեկատվական միասնական և բազմաչափ համակարգը մի շարք կարևոր գործառույթներ ունի և խիստ անհրաժեշտ է քաղաքականության մշակման և իրականացման յուրաքանչյուր փուլում. այն

- երաշխավորում է պետության երեխայակենտրոն մոտեցումը, երբ քաղաքականության հիմքում ոչ թե առանձին ոլորտներին հարմարված երեխան է և նրա պահանջները, այլ կենտրոնում երեխան է՝ իր առանձնահատկություններով, կարիքներով և իրավունքներով, որից բխում է ոլորտային համապատասխան աջակցությունը.

- պարունակում է երեխային վերաբերող ամբողջական տեղեկատվություն նրա սոցիալական, առողջական, կրթական և այլ կարգավիճակների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս երեխայի հետ աշխատող ցանկացած մասնագետի համապարփակ տեղեկատվություն ունենալ՝ հետագա անելիքները ծրագրելու համար.

- հիմք է քաղաքականություն մշակողների համար՝ հետևելու երեխայի պաշտպանության ոլորտի ընթացիկ միտումներին, օրինաչափություններին, բացահայտելու առկա խնդիրները և նախաձեռնելու քաղաքականության փոփոխություններ՝ հիմնվելով վիճակագրության վրա։ Այս տեղեկատվությունը կարևոր աղբյուր է նաև ոլորտին հատկացվող դրամական միջոցների հաշվարկման, ինչպես նաև պետական առաջնահերթությունները ձևակերպելու համար։

Thank you for your submission! We will review it soon.

Այնուամենայնիվ, վիճակագրական նույնիսկ վերոնշյալ տվյալներից է ակնհայտ, որ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը հաստատություններից դուրս կազմակերպելու խնդիրը շուտափույթ և հասցեական լուծումներ է պահանջում։

 

3.2. Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությունը կարգավորող իրավական դաշտի խնդիրներ

 

3.2.1. Միջազգային արձագանք

Վավերացնելով մի շարք միջազգային կոնվենցիաներ՝ Հայաստանը ստանձնել է մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններ։ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը պարտավորվել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ լիարժեք պաշտպանված կլինեն երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի և սոցիալական պաշտպանության վերաբերյալ այս փաստաթղթերն արձանագրում են՝

Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թ. հուլիսի 22-ից)

Հոդված 20. 

1- Ժամանակավորապես կամ մշտապես իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդպիսի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի:

2- Մասնակից պետություններն իրենց ներպետական օրենքներին համապատասխան ապահովում են այլընտրանքային խնամք այդպիսի երեխայի համար:

3- Այդպիսի խնամքը կարող է ներառել, ի թիվս այլ միջոցների, խնամակալության սահմանումը, «ղաֆալան»՝ ըստ իսլամական իրավունքի, որդեգրումը կամ, անհրաժեշտության դեպքում, երեխաների խնամքի համար նախատեսված համապատասխան հաստատություններում տեղավորելը: Այս կամ այն լուծումն ընտրելիս պատշաճ կերպով հաշվի է առնվում երեխայի դաստիարակության հաջորդայնությունն ապահովելու ցանկալիությունն ու նրա էթնիկական ծագումը, կրոնական ու մշակութային պատկանելությունը և մայրենի լեզուն:

Հոդված 23

1- Մասնակից պետություններն ընդունում են, որ մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրա արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա (ՀՀ կողմից վավերացված 2010 թ.) 

Հոդված 23

Տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը

2. Մասնակից պետություններն ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները` կապված երեխաների խնամակալության, հովանավորության, հոգաբարձության, որդեգրման կամ նման այլ ինստիտուտների հետ, եթե տվյալ հասկացությունները գոյություն ունեն ներպետական օրենսդրության մեջ. բոլոր դեպքերում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ: Մասնակից պետությունները համապատասխան աջակցություն են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց երեխաների դաստիարակության հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս:

3. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվեն ընտանեկան կյանքի իրավունքներից: Այս իրավունքներն իրականացնելու նպատակով, և որպեսզի կանխեն այնպիսի երևույթները, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող երեխաներին թաքցնելը, լքելը, նրանց նկատմամբ պարտականությունները չկատարելը և խտրականության ենթարկելը, մասնակից պետությունները պարտավորվում են հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին վաղ փուլում տալ սպառիչ տեղեկատվություն, մատուցել ծառայություններ և ցուցաբերել աջակցություն:

4. Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան չբաժանվի ծնողներից իր կամքին հակառակ` բացի այն դեպքերից, երբ դատական հսկողություն իրականացնող մարմինները, կիրառելի օրենսդրության ու ընթացակարգերի համաձայն, որոշում են կայացնում, որ նման բաժանումն անհրաժեշտ է` ելնելով երեխայի բարձրագույն շահերից: Ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով:

5. Երբ հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիքն ի վիճակի չէ խնամելու նրան, մասնակից պետությունները քայլեր են ձեռնարկում նրան խնամելու այլ միջոցներ տրամադրելու ուղղությամբ, մասնավորապես` հեռավոր հարազատների միջոցով, իսկ նման հնարավորություն չլինելու դեպքում` տվյալ համայնքում ապրող այլ ընտանիքում տեղավորելով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցը[19] (2010, այսուհետ՝ Ուղեցույց) մասնավորեցնող և ուղղորդող քայլեր է առաջարկում Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները կյանքի կոչելու համար՝ շեշտադրելով առանց ծնողական խնամքի մնացած կամ այդ ռիսկի գոտում գտնվող երեխաների պաշտպանության և բարեկեցության ապահովումը։

Ի լրումն այլ միջազգային փաստաթղթերի՝ Ուղեցույցը վերահաստատում է, որ խտրականության բացառման համար հատուկ միջոցների անհրաժեշտություն կա՝ ի թիվս այլ հիմքերի, նաև մտավոր և ֆիզիկական հաշմանդամության հիմքով։ Այն քայլեր է առաջարկում երեխայի՝ ընտանիքում խնամք ստանալու և այլընտրանքային խնամքի անհրաժեշտության կանխարգելման, ընտանիքի վերամիավորման, այլընտրանքային խնամքի անհրաժեշտության դեպքում դրա ձևերի ընտրության, իրականացման, վերահսկողության և մշտադիտարկման համար։

Հատկանշական են հետևյալ դրույթները՝ [թրգմ.՝ հեղինակի]

52. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առանձնահատուկ հոգեզգայական, սոցիալական և այլ կարիքները հոգալու համար պետությունը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ երաշխավորելու, որ առկա են իրավական, քաղաքական և ֆինանսական պայմաններ համապատասխան այլընտրանքային խնամքի տարբերակներ առաջարկելու համար՝ առաջնահերթություն տալով ընտանիքահենք կամ համայնքահենք լուծումներին։

 54. Պետությունը պետք է երաշխավորի այլընտրանքային խնամք տրամադրող կառույցների և անհատների կողմից խնամք տրամադրելու լիազորվածությունը, պարբերական մշտադիտարկման և վերանայման առարկա դարձնելով այն՝ համապատասխան սույն Ուղեցույցի։ Այս նպատակով իշխանությունները պետք է խնամք տրամադրողների որակի և էթիկայի գնահատման և նրանց ակրեդիտացիայի, մշտադիտարկման և սուպերվիզիայի համար համապատասխան չափանիշներ մշակեն։

57. Այլընտրանքային խնամքի ձևի ընտրության համար գնահատումը պետք է արվի մանրամասն և զգուշորեն։ Այն պետք է հաշվի առնի երեխայի անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև երկարաժամկետ խնամքն ու զարգացումը, պետք է անդրադառնա երեխայի անձնական և զարգացման առանձնահատկություններին, էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական պատկանելությանը, ընտանեկան և սոցիալական միջավայրին, բժշկական պատմությանը և հատուկ կարիքների առկայությանը։

113. Գործակալությունների և հաստատությունների կողմից աշխատանքի ընդունված խնամք տրամադրողների աշխատանքային պայմանները, ներառյալ փոխհատուցումը, պետք է նպաստի նրանց մոտիվացիայի, աշխատանքից բավարարվածության և շարունակականության բարձրացմանը, արդյունքում՝ նրանց կողմից այդ դերի ստանձնման արդյունավետությանն ու համապատասխանությանը։

116. Գործակալություններն ու հաստատությունները պետք է երաշխավորեն խնամք տրամադրողների կողմից համապատասխան պատրաստվածություն երեխաների հատուկ կարիքներին, մասնավորապես՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով կամ այլ քրոնիկ ֆիզիկական կամ մտավոր հիվանդությամբ ապրող, մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին արձագանքելու համար։  

 

2016 թ. մարտի 10-ին ՀՀ կառավարության նիստի N 9 արձանագրությամբ ընդունված «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգը»[20] հիմնվել է այս փաստաթղթի առաջարկների վրա, և, արդյունքում, 2017 թ. Ընտանեկան օրենսգրքի լրամշակված տարբերակի և կառավարության 2019 թ. N 751 որոշմամբ հաստատված խնամատարության կարգի մեջ հաշվի են առնված Ուղեցույցի դրույթները։ 

Հաշմանդամություն ունեցող երեխաների՝ խնամքի և կրթական հաստատություններում խնամքի շարունակական կազմակերպման խնդրին պարբերաբար անդրադառնում են միջազգային կազմակերպությունները։

2017 թ. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր եզրափակիչ դիտարկումների[21] մեջ անհանգստություն է հայտնել հաշմանդամություն ունեցող մեծ թվով երեխաների՝ հաստատություններում խնամք ստանալու վերաբերյալ՝ հետադարձ հղում կատարելով նաև Երեխայի իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոմիտեի առաջարկություններին։ Մասնավորապես նշվել է, որ Կոմիտեն մտահոգված է. [թրգմ.՝ հեղինակի]

ա) մանկատներում և շուրջօրյա հատուկ դպրոցներում մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաների տեղակայմամբ, ներառյալ ապաինստիտուցիոնալացման անվան տակ նրանց վերաբնակեցումը մեկ հաստատությունից մյուսում, և նման հաստատությունների շարունակական ֆինանսավորմամբ.

բ) պետական նվազ աջակցությամբ, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար կանխարգելիչ գործողություններ իրականացնելը, հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աղքատության բարձր մակարդակով, առավելապես գյուղական և հեռավոր համայնքներում.

գ) ոչ բավարար միջոցների ձեռնարկմամբ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրումը խրախուսելու համար.

դ) հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ անտեսման, բռնության և չարաշահման տարբեր ձևերով, ներառյալ՝ ընտանեկան և հաստատությունների պայմաններում.

ե) հաշմանդամություն ունեցող երեխաների պիտակավորմամբ։

 

Կոմիտեն մասնակից պետությանը առաջարկում է.

ա) առաջնայնություն տալ հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացմանը և ընտանեկան միջավայրում տեղավորմանը, ներառյալ խնամատարության խթանումը և ծնողներին համապատասխան համայնքահենք աջակցության տրամադրումը. 

բ) հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել համարժեք աջակցություն, ներառյալ՝ վաղ կանխարգելումը, որոշակի միջոցներ ձեռնարկել նրանց շրջանում աղքատության մակարդակը նվազեցնելու համար.

գ) խթանել և աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրմանը.

դ) արգելել և քրեականացնել հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ ցանկացած պայմաններում բռնության ու չարաշահման բոլոր ձևերը, ներառյալ՝ տանն ու հաստատությունում.

ե) խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների դրական կերպարի ձևավորումը.

զ) իրականացնել Երեխայի իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ գտած առաջարկները, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող երեխաներին։ 

 

«Հյուման Ռայթս Ուոթչն» իր «Ե՞րբ ես կկարողանամ տուն գնալ. չարաշահումներ և խտրականություն հաստատություններում գտնվող երեխաների նկատմամբ և որակյալ ներառական կրթության մատչելիության պակասը Հայաստանում» զեկույցում[22] ևս անդրադարձել է այս խնդրին՝ զեկույցին հաջորդող առաջարկների մեջ ներառելով հետևյալ կետերը.

  • Կանխել երեխաների նոր տեղակայումները խնամքի հաստատություններում։

  • Ապահովել, որ երեխաները չառանձնացվեն կենսաբանական ընտանիքներից աղքատության, այլ նյութական զրկանքների և հաշմանդամության հիմքով։

  • Վերացնել խտրականությունը բեռնաթափման գործընթացում, այդ թվում երաշխավորելով, որ բեռնաթափման պետական քաղաքականությունը ներառում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և երեխաների միջև խտրականություն չի դնում հաշմանդամության, հաշմանդամության տեսակի կամ աջակցության խիստ կարիքների հիման վրա։

  • Ապահովել, որ հաստատություններին հատկացվող ֆինանսական և այլ ռեսուրսներն ապակենտրոնացվեն և վերաուղղորդվեն համայնքահեն ծառայությունների հիմնադրման նպատակով։

  • Աջակցել և հզորացնել ներկայումս հաստատություններում երեխաներ ունեցող կենսաբանական բոլոր ընտանիքներին՝ նպատակ ունենալով վերամիավորել երեխային նրա ծննդյան ընտանիքի հետ։ Ընտանիքներին ընտրելու և նրանց հետ աշխատելու գործընթացներում հավասար հիմունքներով ներառել հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին։

  • Մշակել խնամքի հաստատություններից յուրաքանչյուր երեխայի դուրս գրվելու անհատական ծրագրեր, այդ թվում նաև համայնքահենք աջակցության և ծառայությունների ծրագրեր։ Անհատական ծրագրերը պետք ունենան հստակ սահմանված ժամանակացույց և իրագործվեն ողջամիտ ժամկետներում, որպեսզի դրանք չդառնան ժամանակավրեպ, քանի որ ընտանեկան հանգամանքները կարող են փոխվել։ Ապահովել, դեպք վարողների երկարաժամկետ ներգրավվածությունը և անհատական ծրագրերի իրականացման պարբերական մշտադիտարկումը։

  • Համոզվել, որ խնամատարության և որդեգրման համակարգերը գտնվում են լիարժեքորեն գործող վիճակում նախքան երեխաների հաստատություններից դուրս գրվելը, այլ ոչ հաստատությունների փոխակերպումից հետո։

  • Պոտենցիալ խնամատարները պետք է մանրակրկտորեն ուսումնասիրվեն, վերապատրաստվեն և վերահսկվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել, որ տեղակայումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահերից։

EVN Report-ը ողջունում է այն գրառումները, որոնք նպաստում են առողջ քննարկման ծավալման և խթանում են իրազեկ բանավեճ։ Ցանկացած գրառում, որը ներառում է ատելության խոսք, անարգանք կամ անձնավորված վիրավորանքներ չի հրապարակվի: Չեն հրապարակվի  սպառնալից, ռասիստական, սեքսիստական, ագրեսիվ, մոլորեցնող կամ զրպարտիչ գրառումները։ Գովազդային բնույթի  մենկաբանությունները նույնպես չեն հրապարակվի։ Համապատասխան բովանդակությանը հղում կցելը թույլատրվում է, բայց հղումը պետք է լինի թեմային համապատասխան։ 

Thank you for your submission! We will review it soon.

Այս խնդրին է անդրադարձել նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը[23]՝ առաջարկելով Հայաստանին ջանքերը կենտրոնացնել երեխաների աղքատությունը հաղթահարելու և կեցության պատշաճ պայմաններ ունենալու՝ երեխաների իրավունքը ապահովելու ուղղությամբ։ Նա քաջալերում է իշխանություններին ջանքերը՝ ծնողներին ապահովելու համապատասխան ռեսուրսներով երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու համար, միաժամանակ խթանելով նաև խնամատարությունը, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։

Վերը նշված միջազգային փաստաթղթերը, որոնք վավերացրել կամ կարևորել է Հայաստանի Հանրապետությունը, միանշանակ շեշտադրում են հաշմանդամություն ունեցող երեխաների համահավասար իրավունքը՝ թիրախավորված ապաինստիտուցիոնալացման քաղաքականությամբ։ Ավելին՝ անհրաժեշտ է ձեռնարկել հավելյալ միջոցներ այս երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքը խթանելու համար։ Խնամատարությունը, որպես ընտանիքահենք խնամքի այլընտրանքային մոդել, պետք է դիտարկվի ապաինստիտուցիոնալացման արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաներին ընտանիքում տեղավորելու այլընտրանք։

 

3.2.2. ՀՀ իրավական կարգավորումներ

ՀՀ-ում երեխայի իրավունքները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով։ Խնամատարությանը վերաբերող օրենսդրական կանոնակարգումներն ամրագրված են.

 

  • ՀՀ Ընտանեկան օրենսգրքում,

  • 2019 թ. հունիսի 13-ին ընդունված «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու և ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 751-Ն որոշմամբ, 

  • 2014 թ. դեկտեմբերի 17-ի «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-231-Ն ՀՀ օրենքում, 

  • 1996 թ. մայիսի 29-ի «Երեխայի իրավունքների մասին» ՀՕ-59 ՀՀ օրենքում, 

  • 2016 թ. հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 631-Ն ՀՀ օրենքում,

  • 2016 թ. մայիսի 26-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու և ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 551-Ն որոշմամբ,

  • 2015 թ. սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 1112-ն որոշմամբ,

  • 2017 թ. հուլիսի 13-ի «Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N 30 արձանագրային որոշմամբ,

  • 2016 թ. սեպտեմբերի 15-ի «ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N36 արձանագրային որոշմամբ,

  • մի շարք այլ որոշումներով և ակտերով։

Վերը նշված իրավական ակտերով սահմանվում են երեխայի խնամքի և այլ իրավունքների իրացման ձևերը, ընթացակարգը, երեխայի պաշտպանության եռաստիճան համակարգի և այլ կառույցների դերակատարների դերը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի հայտնաբերման, նրա հետագա խնամքի կազմակերպման, խնամքի հաստատություններում և դրանից դուրս, մասնավորապես՝ խնամատարության ընթացակարգերը, խնամատարության հանձնման կարգը, վերահսկողությունը, համայնքային ծառայությունները և դրանց մատուցման ձևերը։

Խնամատարության իրավական ձևակերպման երկու հիմնական փաստաթղթերը ՀՀ Ընտանեկան օրենսգիրքն ու 2019 թ. հաստատված N 751 որոշումներն են։ Ընտանեկան օրենսգրքի 2017 թ. լրամշակմամբ և խնամատարությանը վերաբերող կառավարության վերոնշյալ արձանագրային որոշմամբ հստակություն մտցվեց խնամատարությանն առնչվող իրավական ընթացակարգերի մեջ։ Իրավական փաստաթղթերում առկա որոշ անհամաձայնություններ շտկվեցին։

2017 թ. դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-10-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ հաստատվեցին խնամատար ընտանիքի ինստիտուտի ամրապնդման գործընթացին նպաստող դրույթներ, մասնավորապես՝ սահմանվեցին խնամատար ընտանիքի տեսակները և երեխային հանձնելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները, խնամատարության տևողությունը, խնամատար ընտանիքի նկատմամբ վերահսկողություն նախատեսելու հիմնական սկզբունքները և ուղղությունները, ամրագրվեցին երեխայի ծնողների իրավունքները՝ տեսակցելու, դատական կարգով խնամատարությունը բողոքարկելու և երեխային վերաբերող այլ հարցերի լուծման դեպքում։

Ընտանեկան օրենսգիրքը խնամատարությունը սահմանում է որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքի և դաստիարակության ժամանակավոր կազմակերպում այլ ընտանեկան միջավայրում իրավասու մարմինների կողմից ընտրված, հաշվառված, վերապատրաստված, որակավորված անձի միջոցով՝ մինչև երեխայի ընտանիքում խնամատարության կիրառման հիմք հանդիսացած իրավիճակի վերացումը[24]։ 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է խնամատար ընտանիքների տեսակները.

 

1) մասնագիտացված խնամատար ընտանիք, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խանգարումով տառապող, խոր սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները.

2) ճգնաժամային խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են`

ա. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) ծանր հիվանդության դեպքում,

բ. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) կալանավորման կամ ազատազրկման դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել,

գ. եթե երեխային պետք է անհապաղ առանձնացնել ծնողից (այլ օրինական ներկայացուցչից) վերջինիս գործողության կամ անգործության հետևանքով երեխայի կյանքին կամ առողջությանն սպառնացող անմիջական վտանգի դեպքում,

դ. եթե տարերային կամ տեխնածին աղետի հետևանքով երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) համար անհնար է իրականացնել կամ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը,

ե. եթե ծնողը (այլ օրինական ներկայացուցիչը) հոգ չի տանում երեխայի մասին, այդ թվում` չի ապահովում նրա պատշաճ խնամքը և դաստիարակությունը,

զ. ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում, եթե ծնողները համաձայնություն ձեռք չեն բերել երեխայի բնակության վայրի կամ տեսակցությունների վերաբերյալ.

3) արձակուրդային խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր տևողությամբ, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական, հիշատակի և հանգստյան օրերին։ Արձակուրդային խնամատարությունը կազմակերպվում է դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (այլ օրինական ներկայացուցչին) աջակցելու նպատակով.

4) ընդհանուր խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել այն դեպքում, երբ առկա չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված խնամատար ընտանիքներ ընտրելու հիմքերը»։

Նույն օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ սուր կամ քրոնիկ վարակիչ հիվանդությամբ տառապող երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կարող է կազմակերպվել, եթե խնամատար ծնողը անցել է հաշմանդամություն կամ այլ հատուկ կարիք կամ դաստիարակության դժվարություն ունեցող երեխային խնամելու և դաստիարակելու համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև ունի երեխայի կարիքներին համապատասխանող կենցաղային և այլ անհրաժեշտ պայմաններ։

2008 թ. հաստատվեց երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը[25], յուրաքանչյուր երեխայի համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգն ու չափը, և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը։ Այն ուժը կորցրած ճանաչվեց 2019 թ. N 751-Ն որոշմամբ։ Վերջինս սահմանում է.

ա) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու կարգերը,

բ) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման կարգը,

գ) խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգը,

դ) խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը,

ե) խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը։ 

Այս որոշման համաձայն՝ մարզպետարանները, իսկ Երևանում՝ քաղաքապետարանը ստանձնում է խնամատարության շուրջ հիմնական լիազոր մարմնի դերը։ Ի տարբերություն նախորդ որոշման, որտեղ Խնամատարության և հոգաբարձության մարմինները խնամատարության պայմանագրի կողմ էին (նրանց էր վերագրված խնամատարության վերահսկողության գործառույթները), նոր որոշմամբ դրանք սահմանափակ գործառույթներ ունեն, թեև շարունակում են կազմակերպել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի և երեխայի հանդիպումը և երեխային առնչվող փաստաթղթային փաթեթի տրամադրումը մարզպետարանին։ Մարզպետարանին, ի թիվս խնամատարության հաստատման գործառույթի, վերապահվել են նաև խնամատարության կազմակերպման, վերահսկման, պետության կողմից պայմանագրի կողմ հանդիսանալու գործառույթներ։

Խնամատարության և հոգաբարձության մարմիները պարտականությունները թերի կատարելու մասին բազմիցս բարձրաձայնել են հասարակական կազմակերպությունները, խնամատար ընտանիքները և այլ շահագրգիռ կողմեր։ Ի տարբերություն այդ մարմնի՝ մարզպետարաններն ավելի հագեցած են ռեսուրսներով (ներառյալ մարդկային՝ մասնագիտական ռեսուրսները) և ավելի որակյալ կարող են իրականացնել վերը նշված ընթացակարգերը։

2016 թ. հավանություն տրվեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին[26], հաստատվեցին նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները[27]։

Չնայած Հայաստանի Հանրապետությունում իրականացված մի շարք օրենսդրական բարեփոխումների` այլընտրանքային խնամքի կարգավորման ոլորտում դեռևս առկա են բացեր։ Մասնավորապես, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համարժեք իրավական հիմքերի և պայմանների անկատարության արդյունքում վերջիններիս իրավունքների և շահերի պաշտպանությունը ոչ լիարժեք է իրականացվում։ Մասնավորապես` ՀՀ օրենքներով և իրավական ակտերով սահմանված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման առանձնահատկությունները, հետևաբար սահմանված չեն առանձնահատուկ մոտեցումներ վերջիններիս խնամքը խնամատար ընտանիքներում պատշաճ կազմակերպելու համար։

Խնամատարությանն առնչվող իրավական ակտերում առանձին անդրադարձ չի կատարվում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ 

Ընտանեկան օրենսգրքի լրամշակման արդյունքում սահմանվել են խնամատարության մասնագիտացված և արձակուրդային տեսակները, որոնք հիմնականում վերաբերում են հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպմանը։

ՀՀ կառավարության 2019 թ. N 751 որոշմամբ փոփոխվել է հաշմանդամություն ունեցող երեխայի խնամատարության դեպքում խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության ամսական չափը, որն այժմ հավասար է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափին։

Այս փոփոխությունը կարող է մոտիվացնող միջոց լինել մասնագիտացված խնամատարությունը խթանելու համար։ Սակայն պետք է նշել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների առանձնահատկություններից ելնելով անհրաժեշտ է սահմանել նաև խնամքի համար հավելավճար՝ հաշվի առնելով երեխային անհրաժեշտ հավելյալ խնամքի միջոցները։ Օրինակ՝ անընդմեջ տակդիրի կարիք ունեցող երեխայի խնամքի համար հավելյալ միջոցներ են անհրաժեշտ նրա խնամքը պատշաճ կազմակերպելու համար։

Հաշմանդամությանը անդրադարձ կատարված է նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի ուսուցման և վերապատրաստմանը վերաբերող դրույթներում, մասնավորապես՝ խնամատարության «դասընթացն ավարտելուց հետո, հաշմանդամություն ունեցող կամ առողջական խնդիրներով երեխա խնամող խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը կարող է մասնակցել երեք տարին մեկ իրականացվող վերապատրաստումներին, որին մասնակցած խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը համարվում է մասնագիտացված խնամատար ծնող։ Բացառությամբ ճգնաժամային և մասնագիտացված խնամատարության՝ երեխայի մերձավոր ազգականները կարող են չմասնակցել ուսուցման դասընթացներին[28]»։

Չնայած վերապատրաստումը ենթադրում է նաև մասնագիտացված խնամատարության որակավորման դասընթացներ՝ նպատակահարմար է դրանք ի սկզբանե կազմակերպել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի համար, որը նպատակ ունի ստանձնել հաշմանդամություն ունեցող երեխայի խնամատարությունը։

Ավելի վաղ բերված վիճակագրական տվյալները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից բազմիցս արված առաջարկներն ահազանգում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման շուրջ անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմներ և դրանք ամրագրել իրավական փաստաթղթերով։ Ավելին, հաշմանդամություն ունեցող երեխաների պարագայում, ելնելով նրանց առանձնահատկություններից, անհրաժեշտություն կա դիտարկելու այդ առանձնահատկություններից բխող և նրանց իրավունքների համահավասար պաշտպանությունը երաշխավորող հավելյալ միջոցներ։ Փաստարկն ամրագրող օրինակ կարող է լինել խնամատար ընտանիքում բնակվող լսողության խնդիր ունեցող երեխայի խնամքի վերահսկման մեխանիզմի առանձնահատուկ լինելու անհրաժեշտությունը, քանի որ երեխայի հետ հաղորդակցման համար անհրաժեշտ է լրացուցիչ միջոցների ձեռնարկում։ Նման դեպքերի առանձնահատկությունը հաշվի չառնելու պարագայում միօրինակ վերահսկման մեխանիզմի կիրարկումը ռիսկային է, քանի որ երեխայի հետ կապ հաստատելու անհնարինության պատճառով կարող է անտեսվել նրա կարծիքը։

Ոլորտին առնչվող ռազմավարական ծրագրերը և համապատասխան միջոցառումների ժամանակացույցները ևս որոշակի անդրադարձ չեն կատարում հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությանը։ Հիմնական փաստաթուղթը, որն անդրադառնում է խնամատարության զարգացմանն ուղղված միջոցառումներին, Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրն է՝ հաստատված ՀՀ կառավարության 2016 թ. սեպտեմբերի 15-ի N 36 քաղվածքով[29]։ Այն միջոցառումներ է նախատեսում խնամատար ընտանիքների հայտնաբերման, ուսուցման, տվյալների շտեմարանի ստեղծման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգում խնամատար ընտանիքների մասին տեղեկատվության զետեղման և պարբերաբար թարմացման վերաբերյալ։ Այս փաստաթղթի մեջ ևս որևէ միջոցառում չի առանձնացվում հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հաստատություններից դուրս խնամքի կազմակերպման և մասնավորապես՝ խնամատարության վերաբերյալ։

Խնամատարությանն անդրադարձ է կատարվում ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրում[30]՝ նախատեսելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգում խնամատարություն ստանձնել ցանկացող անձանց հաշվառմանը, նրանց՝ շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում։ Կրկին որևէ անդրադարձ չկա հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Հաջորդ փաստաթուղթը, որն անդրադառնում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությանը, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թ. տարեկան ծրագիրն ու միջոցառումների ցանկն է[31], որի 1.5 կետում ամրագրված է «Խնամատարության և խնամատարության հանձնված հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի աջակցության իրավական հիմքերի ստեղծում» միջոցառումը՝ «Հաշմանդամություն ունեցող երեխայի դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու աջակցության մեխանիզմերի ամրագրում» ակնկալվող արդյունքով։

Այսպիսով, չնայած Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն ունի ապահովելու իրավունքների պաշտպանության հավասարություն, օրենսդրական վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող կարգավորումներում հաշվի չեն առնված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները։

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությունը հավելյալ միջոցներով խթանելու անհրաժեշտություն կա։ Թեև նոր կարգով սահմանվել է խնամքի և դաստիարակության համար հավելավճար, անհրաժեշտություն կա վերանայելու նաև խնամքի համար նախատեսված գումարի չափը՝ կախված երեխայի կարիքներից և առանձնահատկություններից։ Հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, կարող է ենթադրել հավելյալ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։

Չկան սահմանված հստակ մեխանիզմներ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության վերահսկողության համար։ Անհրաժեշտ է դիտարկել բոլոր այն հնարավոր իրավիճակները, երբ երեխայի առանձնահատկություններից ելնելով հավելյալ միջոցներ են անհրաժեշտ վերահսկողությունը պատշաճ իրականացնելու համար։

Անհրաժեշտ է նախատեսել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպման և խնամատարության խթանմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Ներկայիս այն ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտման ժամկետը մոտ է և որոնցում հնարավոր չէ առանձին բաղադրիչ առանձնացնել, առաջարկվում են առանձին թիրախային միջոցառումներ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպմանը։ Օրինակ՝ այլընտրանքային խնամքին վերաբերող իրազեկման միջոցառումների ժամանակ կարելի է նախատեսել մասնագիտացված և արձակուրդային խնամատարության բաղադրիչներ։

Որպես հավելում, անհրաժեշտ է վերանայել և համապատասխան փոփոխություններ իրականացնել Ընտանեկան օրենսգրքում և ՀՀ կառավարության N 751 որոշմանը նախորդող մի շարք իրավական ակտերում, օրինակ՝ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում, Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության մեջ։

 

3.3. Հաշմանդամության և հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության վերաբերյալ հասարակական ընկալումներ

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությանը խոչընդոտող հաջորդ գործոնը հաշմանդամության և խնամատարության վերաբերյալ հասարակական ընկալումներն են։

Հաշմանդամություն ունեցող անձիք երկար տարիներ հասարակական հարաբերություններից օտարված են եղել։ Նրանք գրեթե «անտեսանելի» են եղել հասարակական վայրերում, շատ ցածր է եղել նրանց հասարակական, քաղաքական, տնտեսական մասնակցությունը։ Արդյունքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց միֆականացումն ստեղծել է անիրազեկվածության և անհավասարության մթնոլորտ, որում հաշմանդամության վերաբերյալ հանրային գիտակցության պակասը դրդել է հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին լքել նրանց կամ թաքցնել տան պատերից ներս՝ խուսափելով հասարակության կողմից խղճահարության, օտարման կամ մեղադրանքի դրսևորումներից։ Հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաների ներառմանն ուղղված քայլերը մեծ խոչընդոտների են հանդիպում, իսկ հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների միջոցառումները հասարակական ընդդիմության են արժանանում։

Երևանում, Արմավիրում և Արարատում հաշմանդամության վերաբերյալ հասարակական ընկալումների շուրջ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հետազոտությունը[32] ցույց է տալիս, որ հարցվածների 34%-ը կարեկցանք է զգում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, 14.1%-ը՝ անտարբերություն և 13.6%-ը` խուսափում։ Հարցվածների 30%-ը հարգանք է տածում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ։ Պատահական չէ, որ մեծ է պատրաստակամության աստիճանը աջակցելու հաշմանդամություն ունեցող երեխաներին. հարցվածների 74.5%-ը դրական է արձագանքել այս հարցին։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դիրքորոշումներն էականորեն տարբեր են հաշմանդամության ֆիզիկական և մտավոր տարանջատման ժամանակ։ Մարդիկ շատ ավելի հակված են հասարակական շփումներում տեսնել ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց, քան մտավոր խնդիրներ ունեցողներին։ Այսպես, «Սիվիլիթաս» հիմնադրամի հետազոտության[33] համաձայն հարցվածների 95%-ը` գրեթե բոլորը, համամիտ են, որ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխան լիովին պետք է ներգրավվի հասարակության մեջ, սակայն 63%-ն է համակարծիք մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում։ Ավելին, հարցվածների 23%-ը մտավոր հաշմանդամություն ունեցող երեխային մանկատուն հանձնելը ընդունելի է համարում։ Այս թիվը ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների պարագայում կրկնակի պակաս է՝ 11%։

3 տարի անց իրականացված մեկ այլ հետազոտության[34] համաձայն մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատուն կամ հատուկ հանրակրթական հաստատություն հանձնելու միտքը ընդունելի է հարցվածների միայն 12.9%-ի համար։ Այնուամենայնիվ, կտրուկ խզում կա հանրակրթությանն առնչվող դիրքորոշումների ժամանակ։ Նույն հետազոտության համաձայն՝ հարցվածների 40%-ն ընդունում է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան կարող է հաճախել սովորական հանրակրթական դպրոց, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում ցուցանիշը 71% է։ Հարցվածների 25%-ը համաձայն է, որ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխան իրենց երեխայի հետ համատեղ սովորի նույն դասարանում, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում համաձայն է 40%-ը։

Ընդհանրական դատողություններում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հասարակական ընկալումները շատ ավելի ներառական են, մինչդեռ սեփական վարքագծին վերաբերող հարցերի ժամանակ արձագանքներն ավելի զգուշավոր են։ Այսպես, խնամատարություն ստանձնել պատրաստակամ է հարցվածների միայն 5.1%-ը, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում՝ 3.2%-ը, մտավոր հաշմանդամություն ունեցողների դեպքում՝ 2.5%-ը։ Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարություն ստանձնել չհամաձայնած չափահաս բնակչության միայն 8%-ն է պատրաստ հաշմանդամություն ունեցող երեխային խնամատար ծառայություն մատուցել, եթե համայնքում աջակցող/մասնագիտական, վերականգնողական ծառայություններ լինեն և վճարվի սահմանվածից բարձր գումար[35]։

Մտավոր հաշմանդամության միֆականացումը, մտավոր խնդիրների և հոգեկան առողջության խնդիրների նույնացումը, մտավոր խնդիրների շուրջ իրազեկվածության ցածր մակարդակը կարող են վերոնշյալ վերաբերմունքի հիմքում լինել։

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցում ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացող խոչընդոտներն ավելի շատ տեխնիկական են, մինչդեռ մտավոր հաշմանդամության դեպքում խնդիրները հասարակական դիրքորոշումների տիրույթում են. անհրաժեշտ է աշխատել հասարակական ընկալումների փոփոխության ուղղությամբ։

Հաշմանդամության տեսակների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը հաճախ է վկայակոչվում որպես երեխային ծննդատանը լքելու պատճառ։ «Հյուման Ռայթս Ուոթչի» զեկույցում[36] անհատական շատ դեպքեր անդրադառնում են հենց այս խնդրին։ Պետք է հաշվի առնել, որ հասարակական իրազեկվածության բարձր մակարդակը նաև հավասարության և փոխադարձ հարգանքի երաշխիք է։

Մյուս կողմից՝ խնդիրը բարդ և անլուծելի է թվում, երբ հաշմանդամությունը դիտարկվում է ֆիզիկական և մտավոր հակադրության մեջ։ Իրականում առանձնահատուկ կարիքներն ավելի բազմազան են և հաճախ հանդիպում են համակցված ձևով։ Մտավոր և ֆիզիկական տարանջատման դեպքում ուշադրությունից դուրս է մնում կարիքների բազմազանության հանգամանքը, ավելի կտրուկ են դրսևորվում հասարակական դիրքորոշումները։

Հաշմանդամության շուրջ իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլեր, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ նախաձեռնելիս անհրաժեշտ է հաշմանդամությունը դիտարկել բազմաչափ տիրույթում՝ խուսափելով ֆիզիկական և մտավոր հակադրումից։ Այս մոտեցումը թույլ կտա չափել նաև հաշմանդամության տարբեր դրսևորումների շուրջ հասարակության զգայունությունը։

Միաժամանակ, հետազոտության տվյալներից կարելի է եզրահանգել, որ խնամատարության վերաբերյալ իրազեկվածության լուրջ բաց կա։ Ըստ փորձագետների՝ հայաստանյան հասարակությունը պետք է նախ խնամատարությունը ընկալի և ընդունի որպես դրական երևույթ, ապա միայն կազմակերպվի հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությունը[37]։

Ամփոփելով հասարակական դիրքորոշումների շուրջ հետազոտությունների արդյունքները՝ կարելի է եզրահանգել, որ խնամատարության և հաշմանդամության շուրջ իրազեկվածության ցածր մակարդակը ստեղծում է անհավասարության մթնոլորտ, որը կարող է հանգեցնել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարությանն ընդդիմանալուն։ Հաշվի առնելով հնարավոր հետևանքները՝ անհրաժեշտ են լայնածավալ տեղեկատվական արշավներ՝ իրազեկելու հանրությանը խնամատարության վերաբերյալ և բարձրացնելու իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց՝ որպես հասարակության համահավասար անդամ լինելու մասին։

Հաշմանդամության շուրջ իրազեկվածության բարձր աստիճանը կխթանի նաև խնամատարություն ստանձնող անձանց թվի ավելացումը։

 

3.4. Սոցիալական ծառայությունների ցանցի սահմանափակություն

Սոցիալական, ներառյալ՝ մասնագիտական ծառայությունների ցանցը Հայաստանում փոքր ծածկույթ ունի՝ կենտրոնանալով Երևանում և այն համայնքներում, որտեղ աշխատում են հասարակական կազմակերպություններն ու վերակազմավորված աջակցության կենտրոնները։ Սակայն այս ռեսուրսները բավարար չեն ամբողջությամբ հոգալու տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների կարիքները։ Միջազգային և տեղական տարբեր հետազոտություններ շեշտում են սոցիալական ծառայությունների ցանցի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես առաջնային քայլերից մեկը ապաինստիտուցիոնալացման և երեխաներին ընտանիքահենք խնամք տրամադրելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար։ Ապաինստիտուցիոնալացման ընթացիկ գործընթացի արդյունքում կենսաբանական ընտանիքներ վերադարձած երեխաներն բախվում են իրենց համայնքներում համապատասխան ծառայություններից զրկված լինելու խնդրին[38]։ Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու իրավունքի իրացումը ապահովելու առաջնահերթ քայլերից է նախևառաջ սոցիալական ծառայությունների հասանելիությունը նրանց համար ապահովելը՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ կարիքները և զարգացմանը նպաստող միջավայրի ապահովումը։ 

Այս նպատակով անհրաժեշտ է համապարփակ գնահատել մի կողմից ապաինստիտուցիոնալացման արդյունքում երեխաների տեղակայման համայնքների և սոցիալական ծառայությունների ցանցի հասանելիությունը, մյուս կողմից՝ երեխաների կարիքները, և համադրել գնահատման արդյունքները՝ հաջորդ քայլում արդեն համապատասխան ռեսուրսներ կենտրոնացնելով համայնքներում անհրաժեշտ ծառայություններն ապահովելու համար։

 

4. Ի՞ՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

Ապաինստիտուցիոնալացումն արևմտյան շատ երկրներում սկսվել է դեռևս 20-րդ դարի սկզբին։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, ավելի ուշ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների (Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա) անցած ճանապարհը գնահատման և վերլուծության հնարավորություն է ընձեռում։ Վերլուծության հիման վրա առանձնացվել են մի շարք խնդիրներ, որոնցից հնարավոր է խուսափել՝ դրանք ի սկզբանե հաշվի առնելով գործընթացի նախապատրաստական փուլում։ 

Գաղափարախոսություն և լեզու

- Մարդակենտրոնություն. սոցիալական պաշտպանության քաղաքականությունը հաճախ հիմնվում է գերատեսչական շահերի վրա, հետևաբար, առաջնահերթությունները ևս սահմանվում են ըստ գերատեսչական հայեցողության։ Այս մոտեցումը թույլ չի տալիս խնդիրը դիտարկել համակողմանի, խնդրին տրված լուծումների արդյունավետությունը ցածր է։ Անհրաժեշտ է սոցիալական քաղաքականությունը կառուցել մարդակենտրոն մոտեցմամբ, այն է՝ դիտարկել մարդուն որպես քաղաքականության սուբյեկտ, դիտարկել նրա կարիքներն ամբողջականության մեջ։ Գերատեսչական գործողությունները պետք է բխեն մարդու կարիքներից և համագործակցային լուծումներ ստանան։ Օրինակ՝ Իսպանիան երեխաների պաշտպանության իր քաղաքականության հաջողությունն է համարում համապարփակ մոտեցումը երեխայի զարգացման յուրաքանչյուր ասպեկտին՝ երեխային՝ որպես քաղաքականության օբյեկտ դիտարկելուց անցում կատարելով սուբյեկտայնության[39]։ Հայաստանում այս մոտեցման իրավական հիմքերն արդեն իսկ առկա են[40]։

- «Աջակցության» լեզվից անցում «հավասարության» լեզվին. սոցիալական աջակցության, հաշմանդամության շուրջ իրավական փաստաթղթերը կառուցված են աջակցային մոտեցման հիման վրա. հաշմանդամություն ունեցող անձը ծառայության կրող ու աջակցություն ակնկալող է դիտարկվում։ Մինչդեռ հավասարության լեզուն հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկում է որպես հավասար քաղաքացիներ, որոնք որոշակի աջակցության կարիք ունեն՝ հասարակական կյանքին համահավասար մասնակցություն ունենալու համար։ Այս մասին իր զեկույցում նշում է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը. «Երեխաները ներկայացվում են ավելի շատ որպես «պաշտպանության սուբյեկտներ», քան ինքնուրույն իրավատերեր։ Մինչդեռ, երեխաներին ճանաչելը՝ որպես անկախ և ինքնուրույն իրավատերեր, պետական իշխանությունների և մասնավոր հաստատությունների ուշադրությունը կենտրոնացնում է նրանց լավագույն շահերի վրա»[41]։ Սա հատկապես կարևոր է հասարակական ընկալումների փոփոխության շուրջ աշխատելու համար, քանի որ ընկալումների հիմքում նաև լեզվամտածողությունն է։

- Մասնակցայնություն. «Ոչինչ մեզ համար՝ առանց մեր մասնակցության». ինչպես քաղաքականության մշակման, այնպես էլ իրականացման և մշտադիտարկման փուլերում անհրաժեշտ է ապահովել քաղաքականության սուբյեկտների և նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը։ Հունգարիան, օրինակ, մի շարք հաշվետվություններում բացասական լույսի ներքո է ներկայացվում մասնակցայնություն չապահովելու և, արդյունքում, ապաինստիտուցիոնալացման գործընթացը հետաձգելու փաստով[42]։ 

Վերահսկողություն

- Պատասխանատու պետական մարմինների կողմից համակարգված մոտեցման բացակայություն խնամատար ընտանիքներում երեխաների տարբեր իրավունքների իրացման հարցում. կրթություն, առողջապահություն, մասնագիտական աջակցություն և այլն։ Արդյունքում հնարավոր է երեխայի՝ կրթական գործընթացից դուրս մնալը կամ ոչ լիարժեք ներգրավվածությունը, առողջապահական ծառայություններից չօգտվելը կամ թերի օգտվելը, մասնագիտական աջակցության թերացումը և այլն։ Նման հետևանքների է հանգեցնում նաև տարբեր դերակատարների գործառույթների ոչ հստակությունը, և նրանց միջև հաղորդակցության թերի լինելը։ Արդյունքում, երեխային և նրա ընտանիքին տրամադրվող աջակցությունը և դրա վերահսկողությունը ոչ լիարժեք են կազմակերպվում։

- Վերահսկողության մեխանիզմների ոչ բավարար զգայունություն կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության իրականացման ընթացքում. վերահսկողական մեխանիզմների մշակման և վերանայման ժամանակ անհրաժեշտ է առավելագույնս ուշադրություն դարձնել դրանց զգայունությանը տարբեր իրավիճակները հասցեագրելու համար։ Դրանք պետք է առավելագույնս հստակ ձևակերպված լինեն, որպեսզի տեղ չթողեն վերահսկողի անհատական մեկնաբանման և սուբյեկտիվ մոտեցման համար։

- Երեխայի և կենսաբանական ընտանիքի միջև կապի պահպանման և ընտանիքի վերամիավորման հարցում հետևողականության շուրջ թերացում. խնամատար ընտանիքը ժամանակավոր խնամքի հնարավորություն է՝ վերջնական նպատակ ունենալով երեխայի խնամքը կազմակերպելու իր կենսաբանական ընտանիքում, որդեգրման կամ խնամակալության միջոցով։ Կենսաբանական ընտանիքի հետ կապի մշտական պահպանումը և այս գործընթացի վերահսկողությունը էական նշանակություն ունեն երեխայի և ընտանիքի շուտափույթ վերամիավորման համար։

- Չափահաս տարիքում անկախ ապրելու իրավունքի իրացման կազմակերպում. մեխանիզմների մշակում և համապատասխան աջակցության տրամադրում։

Որակավորում և վերապատրաստում

- Խնամք տրամադրողների կոմպետենտությունը և իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպման կարևորագույն բաղադրիչներից են։ Տարբեր երկրների փորձը (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Շվեդիա[43]) ցույց է տալիս, որ խնամատար ընտանիքների ուսուցումը ոչ միայն ծնողավարման, իրավունքների, այլև հաշմանդամության, երեխայի խնամքի առանձնահատկությունների, նրան անհրաժեշտ ծառայությունների, կրթության և առողջապահական միջամտությունների և այլ հարցերի շուրջ, շատ կարևոր է։ Այն պետք է լինի անհատականացված՝ կախված երեխայի առանձնահատկություններից և այն միջավայրից, որում գտնվում է ընտանիքը։ Խնամատար ընտանիքը ոչ միայն երեխայի խնամքի երաշխավորողն է, այլ իր էությամբ երեխայի շահերի պաշտպանը և խնամատարության ջատագովը, հետևաբար, անհրաժեշտ է նրան համապատասխան հմտություններ փոխանցել` ըստ արժանվույն իրականացնելու իր գործառույթները։ Խնամատար ծնողի վերապատրաստումները պետք է պարբերական բնույթ ունենան և հիմնված լինեն նրանց կարիքների վրա։

Տեղեկատվական համակարգ

- Տեղեկատվության մասնատվածությունը և ոչ ամբողջական տվյալները մարտահրավեր են երեխաների պաշտպանության համակարգի համար, քանի որ տվյալների փոխանակման, համագործակցության և հաղորդակցման կուռ համակարգի բացակայության պայմաններում երեխային և նրա ընտանիքին տրվող աջակցությունը կարող է ոչ ամբողջական լինել, ներառյալ՝ առողջապահական, դատական, կրթական և այլ համակարգերում տրվող աջակցությունը։ Այս բացերը կարող են բացասական հետևանքների բերել, մասնավորապես՝ խնամատար ընտանիքներում խնամք ստացող երեխաների համար[44]։ 

Սոցիալական ծառայություններ

- Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը չպետք է իրագործվի այլ իրավունքների խախտման պայմաններում։ Պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի սոցիալական ծառայությունների ցանցի հասանելիությանը՝ մինչև երեխային հաստատությունից ընտանիքահենք խնամքի տեղափոխումը։ Երեխայի խնամքի ընտանիքահենք մոդելների կիրառումը չպետք է հիմք լինի երեխայի այլ իրավունքների խախտման համար։ Այսպես, եթե հաշմանդամություն ունեցող երեխան վերադառնում է իր կենսաբանական ընտանիք, խնամակալության կամ խնամատարության է հանձնվում, ապա պետք է երաշխավորվեն այդ երեխայի կրթության, առողջապահական և այլ իրավունքները։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որում երեխան կկարողանա օգտվել առնվազն իր հիմնական իրավունքներից։ Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորումը չի կարող բավարար լինել՝ սահմանափակելու կամ անտեսելու երեխայի մյուս իրավունքները։

 

5. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Իրավունքի կիրարկման կարևոր նախապայման է համապատասխան միջավայրի ստեղծումը։ Հետևապես, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքահենք խնամք կազմակերպելու համար անհրաժեշտ է ապահովել աջակցող միջավայր։ Նման միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է. ա) հաշմանդամության շուրջ հանրային ընկալումների փոփոխություն, երբ հանրությունն աջակցող է հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքների նկատմամբ և ընդունում է նրանց համահավասար սկզբունքով, բ) հասանելի են այն բոլոր ծառայությունները, որոնք հաշմանդամություն ունեցող երեխան կարող է ստանալ չկտրվելով ընտանեկան միջավայրից։

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելուն ուղղված վերջին տարիների քաղաքականությունը դրական միտումներ է կանխորոշում նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության զարգացման հարցում։ Վերլուծության արդյունքում առանձնացվել են հետևյալ առաջարկները՝ այս գործընթացն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Կառավարությանը.

1. Ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը մշակել միջգերատեսչական համագործակցության շրջանակում՝ ներգրավելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, համայնքային ծառայություններ մատուցող կառույցների ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների ծնողներին/խնամք ստանձնողներին։ Սա միջոլորտային ամուր համագործակցություն պահանջող գործընթաց է։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ միջոլորտային համագործակցության շնորհիվ է հնարավոր արդյունավետ իրականացնել ապաինստիտուցիոնալացումը։

2. Ապաինստիտուցիոնալացման մշակվող ռազմավարության մեջ առանձնահատուկ թիրախավորել հաշմանդամություն ունեցող երեխաներին և մշակել համապատասխան միջոցառումներ և մեխանիզմներ նրանց ապաինստիտուցիոնալացումը կազմակերպելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն դարձնել մասնագիտացված խնամատարության ինստիտուտին՝ որպես հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքահենք խնամքը կազմակերպելու միջոց։

3. Սինխրոնացնել ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը։ Ռազմավարական ծրագրերում, մասնավորապես՝ երեխայի իրավունքների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերում նախաձեռնել միջոցառումներ/գործողություններ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը կազմակերպող հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և մասնագիտացված խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ։

4. Ընդգրկել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը կազմակերպող հաստատությունների ապաինստիտուցիոնալացման հարցը Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհրդի օրակարգում։

5. Իրականացնել խնամքի և սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություններում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների անհատականացված խորը գնահատում և յուրաքանչյուր երեխայի համար մշակել ապաինստիտուցիոնալացման արդյունքում խնամքի կազմակերպման անհատական պլան։

6. Իրականացնել պատճառահետևանքային ուսումնասիրություն հաշմանդամության տեսակի, հաստատություն տեղավորելու ուղիների, հաստատությունում հայտնվելու տարիքի և այլ գործոնների ուսումնասիրությամբ, մշակել երեխաներին լքելու կանխարգելման ռազմավարություն և թիրախային միջոցառումներ։

7. Ընդլայնել համայնքահենք սոցիալական, մասնավորապես՝ մասնագիտական ծառայությունների աշխարհագրությունը՝ առաջնահերթություն տալով այն համայքներին, որտեղ ապաինստիտուցիոնալացման արդյունքում թվով ավելի շատ երեխաներ են տեղակայվելու։ Միջազգային փորձի կարևորագույն դասերից մեկը այն է, որ հաստատությունների փակումը պետք է նախորդի ընտանիքահենք և համայնքահենք ծառայությունների ցանցի ստեղծմամբ, որպեսզի երեխաների կարիքները հասցեական լուծումներ գտնեն անմիջապես հաստատություններից դուրս գալուց հետո, այլապես վերաինստիտուցիոնալացման վտանգ կա։

8. Հաշմանդամություն ունեցող երեխաների առանձնահատկություններից ելնելով սահմանել վերահսկողության հատուկ մեխանիզմներ։ Ավելի զգայուն լինել վերահսկողության հարցում՝ հաշվի առնելով հաշմանդամության առկայությունը, տեսակը, կարիքները։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները խնամատար ընտանիքներում ավելի շատ են խախտվում, քան հաշմանդամություն չունեցող երեխաներինը։

9. Առանձնահատուկ զգայունությամբ և մանրամասնությամբ ձևակերպել մասնագիտացված խնամատարության որակավորման և վերապատրաստման դասընթացները՝ դրանց համար հատկացնելով հավելյալ ժամանակ ի լրումն խնամատարության վերաբերյալ ընդհանուր ուսուցմանը։

10. Վերանայել մասնագիտացված խնամատարության դեպքում երեխայի խնամքի համար հատկացվող գումարի չափը. այն, երեխայի կարիքների առանձնահատկությունից ելնելով, պետք է սահմանվի այդ կարիքն ամբողջությամբ բավարարելու համար։

11. Դիտարկել ճգնաժամային խնամատարությունը որպես ծննդատանը երեխային լքել ցանկացող ծնողների հետ աշխատելու ժամանակահատվածում երեխայի խնամքի հնարավորություն։

12. Իրականացնել խնամատարության և հաշմանդամության մասին իրազեկման լայնածավալ արշավներ՝ թիրախավորելով.

- պոտենցիալ խնամատար ծնողներին,

- երիտասարդներին՝ որպես պոտենցիալ ծնողներ, երեխայի մուտքը հաստատություն կանխարգելելու ռիսկային խումբ,

- հանրությանը՝ ա) խնամատարության էությունը և նշանակությունը հասկանալու համար, տարբերակելու այն խնամքի այլ ձևերից, բ) հաշմանդամության տեսակների մասին տեղեկացված լինելու համար։

Կարիքի խորքային գնահատման արդյունքների հիման վրա իրականացնել թիրախավորված արշավ մասնավոր հատուկ կարիքներ (օրինակ՝ պալիատիվ խնամքի կարիք) ունեցող երեխաների համար խնամատար ծնողներ հավաքագրելու համար։

 

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին.

1. Մոբիլիզացնել ռեսուրսները այն համայնքներում, որտեղ բնակվելու են երեխաները ապաինստիտուցիոնալացման արդյունքում։

2. Համադրել սեփական առանջնահերթությունները պետական քաղաքականության հետ՝ ապաինստիտուցիոնալացման արդյունքում մասնագիտացված խնամատար ընտանիքներին թիրախային աջակցություն տրամադրելու համար։

3. Բարձրացնել մասնագիտացված խնամատար ընտանիքների մասին իրազեկվածության մակարդակը շահառուների հանրույթում։

4. Աջակցել պատկան մարմինների և խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած մարդկանց միջև կապի հաստատմանը։

 

ԶԼՄ-ներին.

1. Ավելի հաճախ լուսաբանել մասնագիտացված խնամատարության երևույթը, ճանաչողական հաղորդումներ կազմակերպել, իրազեկել հանրությանը խնամատարության նպատակի և իրականացման շուրջ։

2. Պահպանել երեխայի վերաբերյալ լուսաբանման էթիկայի կանոնները, առավելագույն զգայունություն ցուցաբերել լուսաբանման հարցում՝ չվնասելու երեխային և ընտանիքի այլ անդամներին՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հնարավոր հետևանքները հաշվի առնելով։

 

Դոնոր և աջակից այլ կառույցներին և անհատներին.

1. Համադրել պետությանը և քաղաքացիական հասարակությանը տրվող աջակցության ռազմավարությունը/առաջնահերթությունները կառավարության կողմից մշակվող ապաինստիտուցիոնալացման ռազմավարության հետ՝ աջակցությունը թիրախային կազմակերպելու համար։

 

Շնորհակալություն Անի Ավետիսյանին և Սուսաննա Գևորգյանին հետազոտական աշխատանքներին աջակցելու համար։

Thank you for your submission! We will review it soon.

Նախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։

Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

cssf logo funded by uk gov cmyk aw


 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Velvet Revolution: The Moments In-Between

In 2018, the Armenian people were swept up in a nationwide movement that would come to be known as the Velvet Revolution. Photojournalist Eric Grigorian took thousands of photos, documenting and capturing images of ordinary people who came together to achieve the extraordinary. Through his own words, Grigorian tells the story of the revolution and the moments in-between.

------------------------------

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

-------------------------------

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

-----------------------------------------

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team