armen 001
Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:

 

Քեզ ասում են՝ մնա տանը, իսկ դու տուն չունես։ Անտունին անգամ տուն ունի, իսկ դու անտուն ես։

Մի տնից չենք, մի հալի ենք։ Երկուսս էլ «տուն» ասվածի հետ խնդիր ունենք։ Դու մեկն ես հարյուր միլիոն անտուններից, ես՝ աշխարհասփյուռ տասը միլիոն հայերից։ Դուք ապրում եք մոխիրների մեջ, կյանքի անթեղում։ Մենք ապրում ենք այրվող տանը, մենք ապրում ենք օջախում։ Հայը տուն չունի, օջախ ունի։ Թեև օջախազուրկ հայեր էլ են պատահում։

Ուրեմն, երբ «արի տուն» կանչն անիմաստ դարձավ, երբ աշխարհը գոցվեց «մնա տանը» կոչով, երբ գայլ-վարակը հերթով թակեց խոզուկ Նաֆ-նաֆի, ապա Նիֆ-նիֆի, վերջում Նուֆ-նուֆի դռները, և կարծես թե անապահով դուրսը վերստին պարտվեց տուն-ամրոցին, երբ փողոց փակողների մեր ազնիվ ցեղն էլ մարդկությունից հետ չմնաց ու փորձեց խորովվել իր օջախում, որոշեցի վերջապես քեզ տնավորել, ավելի ճիշտ՝ տնակալել։

Գլխանց հեշտ գործ թվաց։ Ահա, մանկական նկարի տնակի պես պարզ մի լուծում. ուղղանկյուն, գլխին՝ եռանկյուն, ամեն ինչ տեղն է՝ չորս պատ ու ծածկ, դուռ ու լուսամուտ, գուցե ծխնելույզ, թեև պարտադիր չի: Ո՞վ չի ուզի երեխեքի պատկերած տնակներից մեկում կենալ։ Դու չուզեցիր։ 

Հըմմ, երևի շատ է աշխարհից կտրված։ Խնդրեմ՝ վառ արև, կապուտակ երկինք, շուրջը՝ ծառ ու ծաղիկ, մի երկու մարդուկ «Գարուն-ամառ 2020» նորաձևության վերջին ճիչի համաձայն բժշկական դիմակներով ու ձեռնոցներով (Մասիս, բարդի ու արագիլ։ Չէ՞։ Շատ բարի)։ Հասցեն՝ անորոշ, բայց ժամանակի շունչը տեղն է։ Դե՛, ներս համեցիր, դուռը կողպիր, մնա տանը, կյանքեր փրկիր։

Բայց դու օդակախ տանս չուզեցիր փակվել։ Ոչ թե օդային դղյակում, ոնց որ Միաձակիի հեքիաթային Լապուտան, այլ Արարատ Մինասյանի «Կենցաղի փիլիսոփայություն» շարքի նկարները հիշեցնող մեկում, ուր արմատախիլ բարձրահարկ թե առանձնատուն դրված են տոպրակների մեջ։ 

Չեմ հանձնվում։ Ներսը լցնում եմ մանկությանս տան հուշերով: Ահա, անվերջ խշշացող հին ռադիոն, ծփուն վարագույրը, նախշը՝ ծածկոցի, թե՞ սփռոցի, լավ չեմ հիշում, թաքստոցս, անկյունի ճաքերը, որ չար արարածների էին վերածվում, նույնիսկ թեյի բաժակակալներն եմ դնում ծլեպված պահարանի մեջ։ Տնամեջն ապրված, շնչեղ դարձնելու համար համ ու հոտով եմ լցնում, խնձորի թելած չրերն աջուահյակ կախ եմ տալիս, վառարանին սոխ եմ դնում խորովվի (ոնց չէի սիրում), իսկ պատերի մեջ ներծծված տատուպապի մարմնահոտը, թե քթիս առներ, հաստատ, հաստա՛տ կհիշեի, բայց ավաղ էլ չկա, վաղուց, շատ վաղուց ոչ մի տեղ։ 

Չի ամբողջանում, ծակերը մեծ են, էստեղ փակվել չի լինի։ Առաջին տունս աչքիս առաջ ջնջվում ու մնում է անջնջելի։

Արժի՞ հավքին ձվի, ծառին սերմի, մարդուն իր օրորոց-տան պատմությունն անել՝ Էն քաղցր տան, որ շատերս կերանք, որովհետև Հենզել ու Գրետել էինք, որովհետև մանկության տունը միշտ էլ անուշեղենից է շինված, միշտ էլ մութ անտառի բացատում սովյալներիս իր գիրկն է կանչում, եթե անգամ հետնախորշի մի նեղվածքում ոտուգլուխ քնելով ենք մեծացել։ 

Ամեն ոք իրենն ունի՝ իր երազելու առաջնեկ տարածքը, իր նախաաշխարհը, երկնքին մոտ իր օթևան-կտուրը, վախերի հնավայր իր նկուղը, առանձնության հանգրվան իր անկյունը։ Բայց թումանյանական սահմանմամբ՝ «ամենից սիրուն, լավ տունը, որ կա...», արի ու տես, հաճախ էլ չկա։ Իմն այլևս ավերակ է, Կամոյի շրջանի մանկապատանեկան առողջարաններից մեկում էր, որտեղ տատս ու պապս մանկավարժներ էին։ Փլատակ, ուր ոտք դնելու ուժ չունեցա տարիներ առաջ կողքով անցնելիս։ Քեզ չի լինի բնակեցնել իմ կորուսյալ դրախտի փրթիկներից հյուսված երազում։

Չեմ հանձնվում։ Ահա, դեռ կանգուն մի տուն հստակ հասցեով՝ Երևան, Արզումանյան 4, չորրորդ մուտք, վերջին հարկ, աջի դուռ, դուրս էի գալիս, փողոցն անցնում, մտնում դպրոց։ Աջափնյակի մեր խրուշչովկան, ուր երեք սերունդով իրար ծոց ու գլխի էինք ապրում, անծայրածիր նեղվածք էր։ Ռեզինի պես ձգվող լուցկու էն տուփերից մեկը, որ դառնում էին մեռելատուն ու հարսանքատուն, տեղն եկած տեղը տասնյակներով մարդ տեղավորում, ուր ճաշի էին նստում սեղանի շուրջ, որին օրեր առաջ տատիկի դագաղն էր դրված, ուր թոռնիկները, վերջապես հանգիստ փռված, կարող էին ննջել նրա մահվան մահճում, իսկ առավոտյան, լվացվելու համար հատակին քնած, գյուղից եկած բարեկամների վրայով պիտի անցնեին։ Մի խոսքով, մուտքի աստիճաններով երկու-երկու բարձրանալու, իջնելիս էլ վերջին չորսի վրայով թռչելու տունը, որի ամեն թիզն անգիր հիշում եմ։ 

Քեզ էստեղ չեմ հրավիրի (զբաղված է, հորաքրոջինս է հիմա), բայց համանման մի դատարկ բնակարանում տնավորում եմ ու սպասում, թե ինչ կլինի։ Դռան թակոց։ Անծանոթն ինչ-որ գիտափորձի ու գովազդի մասին է խոսում, քեզ «Կվադրատուրին» (նույնությամբ կրկնվում է Սիգիզմունդ Կրժիժանովսկու համանուն պատմվածքը) կոչվող հեղուկ տալիս, որ պիտի քսես տան պատ-հատակ-առաստաղին, որպեսզի վերջում հայտնվես անկանոն մեծացող սենյակիդ խավարում։

Գրողը ես եմ, հստակ գիտեմ, որ Կրժիժանովսկուն տուրք տալով քեզ փրկել չի լինի, բայց մեկ է, մեր հին տան ողջ կահ-կարասին լցնում եմ սենյակիդ դատարկության մեջ, անգամ քաշովի համարներով հեռախոսն ասեղնագործ տակդիրի հետ, դաշնամուրի գլխի փայտե փղերին, որ անհետ կորան տնետուն տեղափոխվելիս, վիետնամական շխկշխկան ծղոտե վարագույրը, գոմեշ հեծած տղայով գրաֆինը (գլխարկը խցան էր, իսկ հեղուկը գալիս էր գոմեշի բերանից), Նոր տարվա համար գուլպաներում պահվող չամիչն ու շոկոլադները պահածոյի բանկաներում, ծանր սրճաղացը, որ անդուլ պտտել եմ անհաշվելի ժամեր, անթիվ-անհամար այլևայլ էժան գանձեր, մինչև անգամ անսարք ծորակի կաթոցն ու թարմ թթվի հոտն եմ տանդ ամենակուլ երախին բաշխում, բայց ապարդյուն, ահագնացող սև խոռոչը կուլ է տալիս ամեն բան։

Մեր հաջորդ տան նմանակում (Դավթաշեն, Երկրորդ թաղամաս, 13 շենք, 11-րդ հարկի չորսսենյականոց) դու անմիջապես հիվանդանում ես։ Էս արդեն խցանված աղբատարով, քամուց դղրդացող տունն էր՝ թղթե պատերով էն պանելային բներից մեկը, որ դառնում էին կինոթատրոն ու թոնրատուն, որտեղ «Հարուստներն էլ էին լաց լինում» երեկոյան՝ միշտ նույն ժամին, մեքենայի մարտկոցին միացված պստիկ հեռուստացույցից, ուր գալիս էին աղ ուզելու ու չէին գնում մինչև վառարանը չմարեր, ուր տոն օրերին սիգից դոլմա էին փաթաթում, ուր մայրերը պզուկոտ որդիներին բռնացնում էին էն գործի վրա ու բան չէին ասում, իսկ հայրերը՝ կրծկալած դստրերին ծխախոտ թռցնելիս։ Մի խոսքով, անվերջ խափանվող վերելակում հարկ առ հարկ մնալու տունը, որտեղ մի երկու ձմեռ քնում էի շորերով, մի երկու ամառ՝ դպրոցից պրծնելու սպասումով, իսկ հետագայում պարզվեց էս մեկը լենուբոլ էր ճիշտ էնչափ, որպեսզի ուսանողական ընկերներս մոտս գիշերեն, սենյակիս պատերին նկարեն ու գրոտեն ինչ սրտները տա։ 

Դու սերտաճեցիր էս տարածքի հետ, որ գնալով փոքրացավ ու փոքրացավ (Էս էլ է հայտնի պատմություն, որ ամենից վառ պատկերված է Միշել Գոնդրիի «Օրերի փրփուրում»՝ Բորիս Վիանի համանուն վեպի էկրանավորման մեջ), խեղդվեցիր սեղմված պատերի մեջ, հիվանդությանդ հետ զուգահեռ աճող ծաղիկների թավուտում։

Պարզ է, չէ՞, որ հերթով իմ ապրած բոլոր տների նմանակներում փորձեցի քեզ փակի տակ պահել։ Գյուղի ծերի տանը, ուր զուգարան չկար, և գիշերը ստիպված տնից հեռու բլրակի արտաքնոցը պիտի գնայիր՝ գայլերի ոռնոցին ականջալուր, որտեղ էլ ծակն ընկնելով անմիջապես կնքեցիր մահկանացուդ։ Հյուրանոցներում ու գրողական կացատներում, որ մի երկու ամսից տան պես հարազատ էին դառնում, իսկ դու մեռար ձանձրույթից, գուցե օտարությունից։ Քուրթուլուշի կիսանկուղում, ուր կախվեցիր, երբ փողոցի պատերին տեսար «Ո՞ւր է մեր տունը...» հայերեն գրությունը։ Իմ տները քեզ սպանում էին։

Կարճ արձակի չորս էջի մեջ հանգիստ կարելի էր քեզ տնակալել, ինչի՞ չի ստացվում։ Երևի ուզում եմ անտունի տան կայացման գեղարվեստական էս անհնարինությունն էնպես հաղթահարել, որ գոնե մի քայլ մոտենամ ինձ հուզող հարցերին. ինչի՞ մեկ էլ օջախի կատու հայերը (ավելի շուտ՝ հայաստանցիները) տիտիկ չարեցին իրենց չորս պատի մեջ, երբ կարող էին «հերոսանալ» պարզապես տանը մնալով, ինչի՞ հանկարծ Քիփլինգի կատու կտրեցին։ Ինչի՞ օջախի առասպելի վրա կառուցած տուն-երկրի բնակիչներից շատերը տարեց «տնեցիքի» նկատմամբ էդքան անտարբեր, էդքան թքած վերաբերմունք դրսևորեցին։ Թշնամին տնից կլինի՞։ 

Հըմ։ Սխտոր ու սոդայով քաղցկեղ բուժող միամիտ մեր ցեղին մեղադրել կլինի՞։ Մարդկային կյանքի հետևողական արժեզրկումը չէ՞ր, որ մեր տները վերածեց զնդան ու դամբարանի, որտեղ նոր պահարանի ձեռքբերումն ավելի կարևոր է, քան մի տնեցու տարիներով մզզացող ճողվածքի վիրահատությունը։

Լավ, բա ինչի՞ «պատերազմ» հորջորջված էս օրհասական պահին մեկ էլ թափով կպան նորանոր շենք-զնդաններ շինելու գործին՝ տնավերանքի գնով, քանդելով Երևանի հրաշքով փրկված հին տները, ինչի՞ օջախապետության ջատագով իշխանությունը «տարեց» տների նկատմամբ էդքան անտարբեր, էդքան թքած վերաբերմունք դրսևորեց։ Պարզ է, չէ՞, որ ակամա հիկիկոմորիի վերածված գիտակից քաղաքացին չէր կարող էդ տների կյանքը փրկել։ 

Երևի մարած օջախն այլևս տուն չի։ Երևի օջախն անգին է, իսկ տունը գրոշի գին չունի։ Գուցե տարիքը հարգել չգիտենք, թեև օրնիբուն հազարամյակներից ենք խոսում, գուցե ուզում ենք տարեցին օր առաջ մեռցնել՝ լինի մարդ, թե տուն, որ հետո վրան ողբներս կապենք։ Մի՞թե ես սխալվեցի, Վանոն ճիշտ էր, և մեր ուզածը ոչ էլ տուն դառնալն էր, այլ միայն կարոտ, տան կարոտ քաշելը։ Չէ, մնալու ես իմ կերտած տան մեջ, տո լա՛ճ տնավեր։

Արժի՞ հավքին թռիչքի, ծառին պտղի, մարդուն իր երազանքի տան պատմությունն անել։ Էն չքնաղ տան, որ շատերիս կերավ, որովհետև տասնամյակներով հիպոտեկ փակելը խաղուպար չի, որովհետև տուն-տեղ դնելու մարմաջն ու տանը չմնալու վախը (աղջկա պիտակ) մոր կաթի հետ ենք յուրացրել, հայրագլուխ մեր կողմերում մայրական տարածք, մի տաքուկ գիրկ միշտ էլ փնտրել ենք, եթե անգամ եղած-չեղածը ծայրամասում մի քառասուն քառակուսի մետր էր լինելու։ 

Ամեն ոք իրենն ունի՝ իր անվերջ վերափոխվող նախագիծը, իր տնաշխարհը, եփութափի հանդիսավայր իր խոհանոցը, սիրո տաճար իր ննջարանը, մաքրագործման մեհյան իր բաղնիքը, մեկ էլ տեսար ընթերցարան-զուգարանը։ Ուրեմն քալանթարյանական «իմ տունը քո տունն է» սահմանմամբ չի լինի շարժվել, հատկապես համավարակի օրերին։

Չեմ հանձնվում։ Եթե, մենք ենք, մեր սարերը, եթե դու էլ մերոնցից մեկն ես (և այդ մեկը դու ես, և այդ մեկը դու ես, և այդ մեկը...), ուրեմն լեռան կատարի աչք-տունդ կշինեմ՝ Սարոյանին ընդօրինակելով. կլինի ապակուց, արտաքինից կես ձվի նման, ուր միայն ուղղաթիռով կարելի է հասնել։ Սմարթ-գոմերի մեր չկայացող իրականությունից մտքով կթռչեմ սմարթ-տների Հայաստան։ Լեռան խելացի տունդ նրանցից չէ, որ լվացքդ վերջացնելիս բջջայինդ ծլնգացնում է, այլ բիոտեխնոլոգիական հրաշք, որտեղ արհեստական բանականությամբ շարժվող տունդ որսում է ուղեղիդ ամեն մի ազդակը, գլխի է, երբ ես անտրամադիր, ինչի կարիք ունես (ոչ մի կառավարման վահանակ կամ նման քլունգ սարքեր, ոչ էլ ձայնային հնոտիք հրահանգներ, միայն հեռազգացություն): Կոդավորում եմ էնպես, որ ինքնաոչնչացման բնազդիդ տուրք չտա, ասենք, գազի խուց չդառնա ու քեզ խեղդամահ անի, խանդի նոպայի մեջ վերջդ չտա, երբ հասկանա, որ մտքիդ դրել ես իրեն վաճառել։ 

Գրողը ես եմ, դիսնեյական «Սմարթ տուն» հեռուստաֆիլմի (1999) սցենարը, որտեղ խելացի տունը վերածվում է խանդոտ մայրիկի, ի սկզբանե բացառում եմ։ Ո՞վ չի ուզի իր ամեն մի քմահաճույքն իրագործող ապագայի տան մեջ լռվել։ Մի խոսքով, քեզ տնավորում եմ ու սպասում, թե ինչ կլինի։ 

Բա իհարկե՝ աղետ։ Երկրաշարժ էր, թե մեկ այլ ցնցում՝ էական չի, բայց փաստացի տունդ փլվեց, ավելի ճիշտ՝ քեզ դուրս թքեց, խելագարված գցվեց ձորը։ Հը՞մ։ Կյանքում, գրքում թե կինոյում բազում տներ են նշանավորվել, դարձել բնակիչների բախտակիցը կամ էն անքակտելի միջավայրը, որտեղ կյանքը հոսել է ըստ տարածքի թելադրանքի, խղճուկ հյուղակներում պալատական ինտրիգներ չեն հյուսվել, գոթական դղյակներում գեղջկական հովվերգություններ չեն ծավալվել, անգամ մարդկայնացված, գործող կերպարի վերածված տները, որքան էլ մահաբեր (աչքիս է գալիս Գիլյերմո դել Տորոյի արնածոր «Արնոտ սենյակը»), մեկ է, երբեք անսպասելիորեն ինքնասպան չեն եղել։ Տեսնես ինչի՞ է անտունի տնակալումն անլուծելի խնդրի վերածվում, երբ ամեն ինչ պարզից էլ պարզ է։

Գուցե հոգով շրջմոլիկ ես, գուցե քեզ խորթ է անշարժ գույքի գաղափարը։ Եղավ: Հասկացա, ի սկզբանե սխալ էր շարժդ սահմանափակելը։ Քոնը չէր էդ ամենը, չէր լինի։ Ուրեմն քեզ համար կշինեմ մի շարժական տուն՝ երևի անվավոր կամ ավելի զիլ՝ կախարդական, ոչ թե Բաբա Յագայի չանչավոր խրճիթի, այլ Հաուելի դղյակի պես մի բան։ Նորից լծվում եմ գործի՝ մտքումս կերպարդ, որովհետև ուզում եմ տունդ քեզ նման լինի, քեզնից բխող, ինչ-որ առումով նմանակդ, ինչպես ընտանի կենդանիներն ու իրենց տերերն են նմանվում։ Ոչ միայն տեսքով, այլև հղացմամբ, ինչո՞ւ չէ, նաև բնավորությամբ, որովհետև ուզում եմ երկու կյանք փրկել՝ թե անտուն մարդու, թե լքված տան, որ էս տեքստում գնալով նույնանում են։ 

Խնդիրս հստակվում է. գրաշեն տունդ էնպես պատկերել, որ ընթերցվի իբրև քո «ես»-ը, ոնց որ Ֆեդերիկո Բաբինան է միանգամից ճանաչելի պատկերում ռեժիսորներին, արվեստի ոճերն ու ինչ ասես տան ու շենքի տեսքով։ Տուն, որից պրծում չունես, որտեղ մնալդ անխուսափելի է, միշտ հետդ է, որ կրում ես ոչ էնքան ուսապարկի, որքան խխունջի պատյանի պես, որովհետև դու հենց քո անտեր տունն ես, որ կաս, ոչ ավել, ոչ պակաս։

Եղավ։ Տանդ սերմը սրտիդ միջին ծիլ է տալիս։ Գիտես՝ մեջդ տուն է աճում, տուն ես դառնում։ Մեծանում-մեծանում, օրով չէ՝ ժամով է մկան, ավիշ, ոսկոր ու ծուծք շինանյութի վերածվում։ Հստակ երևում է տանիք-գլուխդ, ձախ ականջդ՝ երդիկ, աչքերդ թեպետ դեռ կարող են տեսնել, բայց արդեն ձեղնահարկի օդանցքներ են։ Պարզ է չէ՞, էս կերպարանափոխման պատկերը։ Արդեն ֆրանքենշտայնոտ հոտ է փչում, բացառված չի, որ աղբաման ու մարդ կուլ տվող հրեշ դառնաս, որ սնվելու և հյուրընկալելու իր ուրույն պահանջն էդպես է բավարարում։ 

Հըմմ։ Ես չուզեցի։ Վերջին տունդ աչքիդ առաջ ջնջվում է ու մնում լոկ մի ջնջված պարբերություն։

Արժի՞ հավքին բլբուլի, ծառին շվաքի, հային իր Աստծու երկրային տան պատմությունն անել՝ էն միակ տան, որ բոլորս ունենք, որովհետև մարմինն է հոգու տունը, բայց արի ու տես, հայի մարմինն Աստծու տունը չի, որովհետև եկեղեցին է իր Աստծու տունը՝ յոթից հետո դռնփակ շենք, մոմ ու մատաղի գործով տարված կառույց, մինչդեռ մեղսավոր մարմինը հոգու ժամանակավոր կացարանն է, ուր այն կենվոր է և ոչ տնատեր։ 

Ամեն ոք իրենն ունի՝ իր աստվածային միսուարյունը, իր մարմնաշխարհը, իր սիրակեզ սիրտը, իր հրաշագործ ուղեղը, իր անկրկնելի դեմքը, իր միակ անձնական անօտարելի տարածքը, իր տուն-մարմինը, եթե անգամ դարձվորել է, խոց ու վերքով պատվել կամ պարզապես ծերացել է։ Ո՞նց պիտի մեր տունը մարմնավորվի կամ մարմինը տնակալվի, երբ դիակը ողջից թանկ է։ Ուրեմն ո՞րն է լինելու հայի տունդարձի նախաշավիղը, անտունիի վերջին տունը՝ չերգված, չլսված, գուցե չգրված, եթե ոչ իր մարմնի երգը, իր հոգու տան ազատագրումն ու փառավորումը (էստեղ հնչում է Նինա Սիմոնի «I ain't got no home…»-ը, մինչև հայերեն տեքստը կգրվի, և որտեղ ամեն ինչ ասված է)։ 

Հը՞մմմմմմ...

Հանձնվում եմ։ Էս անորոշ ներկայի մեջ փորձեցի քեզ տնակալել անցյալի և ապագայի հուշ ու անուրջ բյուր տներում։ Դու չուզեցիր մեղքս քավել։ Ես մնացի անգործունակ պատկան մարմին, որի կամոք (կամ առնվազն լուռ համաձայնությամբ) մի տուն էլ քանդվեց։ Ասում եմ՝ կներես, ասում եմ՝ արի գրկեմ, գիրկս արի, տո լաճ տնավեր։

Քեզ մերկացնում եմ փողոցում, ցնցոտիներդ հերթով հանում եմ, հանում եմ, հանում եմ դիմակս, Հռոմի պապի պես համբուրում եմ կեղտոտ ոտքերդ, Նիկոլի պես՝ ճաքճքած ձեռքերդ, ձեռնոցներս էլ եմ հանում, հանում, հանվում եմ, որ զգամ փշաքաղվող մաշկիդ ջերմությունը, որ սրբեմ մեր արցունքներն ու համբուրեմ պաղ շուրթերդ...

 

armen 002

 

                                                                                                               * * *

Քեզ ասում են՝ մնա տանը, իսկ դու տուն չունես, քեզ ասում են՝ հեռու մնա, վարակի բուն ես։ Հազար ու մի ոդիսական տունդարձով կնքվեց, դու մնացիր անկ ու տնանկ դարձվոր՝ անուրեք։

Դու իրական ես, ավելի ճիշտ՝ նախատիպ ունես։ Մլուլ ես տալիս մեր թաղերում, գիշերում Դավթաշենի կամրջի տակ, իսկ ես կուշտ ու կուռ լռված եմ մի հարյուր մետրի վրա՝ Հովսեփ Էմինի մեր եռահարկ առանձնատանը, ուր մի ողջ հարկաբաժին եմ զբաղեցնում, որի պատշգամբից նայում եմ անբարդի ու անարագիլ Արարատին ու իմ արևին գիր-տունդ երկնում։ 

Արժի՞ քեզ հորս կառուցած, մորս շենացրած մեր ներկայիս տան պատմությունն անել, ուր «տանը մնալն» անեծքից օրհնանք դարձավ՝ պարզից էլ պարզ բանաձևով. մի տանիքի տակ ընտանիք, ուր ամենքն իր անձնական տարածքն ունի, ուր տնեցիք «հյուր» են գալիս ու ներս անցնելիս միշտ դուռդ թակում, որի գողտրիկ փակ բակում թութ ու թուզ է աճում, իսկ փարթամ վարդի թուփն էս վայիս մայիսին աննախադեպ ծաղկաշատ էր։ Էս տունը, որ երաժշտանոց է, որովհետև եղբայրս կիթառահար է, հարսս՝ երգչուհի, որ անդուլ հորս արվեստանոցն է ու ստեղծարար մորս արհեստանոցը և իրենց թոռան խաղադաշտը, որ անգամ իմ պես փողոցայինին պատվով տնակալեց էս օրերին, ավաղ, քո առաջ մնաց դռնփակ։ 

Պարզ չի, բոլորովին, ընդհանրապես, առհասարակ, հեչ էլ պարզ չի՝ ես կորա, թե՞ դու։ Ամեն դեպքում, կարանտինի օրերին տեսադաշտիցս կորար։ Երբեմն մտքիս մեջ հայտնվում էր ոստիկանը, պահանջում տեղաշարժման թերթիկդ (ելքի հասցեդ ամեն անգամ տարբեր կերպ էի լրացնում՝ «կամրջի տակից» մինչև «կյանքի լուսանցք» կամ «գրողի ծոց», այցելության վայրը մշտապես՝ «մոտակա աղբաման», երևակայությունս ավելիին չէր հերիքում), հետո քեզ տանում էին ապաստարան (Երևանում անգամ փողոցային շներն արդեն ունեն, համոզված էի՝ անօթևան մեկը հաստատ էս օրերին փողոցում չէր մնա), որտեղ ջերմությունդ չափում էին, ուտացնում-խմացնում, տիրություն անում, խիղճս հանգստացնում։ 

Իսկ երեկ նորից քեզ տեսա՝ անդիմակ ու անձեռնոց խաչմերուկի աղբամանը քջուջ անելիս։ Համաճարակը մեր միջի սոցիալական հեռավորությունն անդունդ էր սարքել (նախկինում էլ ոչ մեկը հանդիպելիս վզովդ չէր ընկնում), ու չմոտեցա, չնայած հաստատ որոշել էի, որ մեկ էլ տեսնեմ... Ի՞նչ էի ասելու՝ մնա տա՞նը, թե՞ արի տուն։

 

armen 003
Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի,  Հարավային Կովկասի տարածաշրջանի Երևանի գարսենյակի հետ համագործակցաբար:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team