Զարմանազան

img 1148

- Ի՜նչ ես զռռում, արա:

- Չի թողում իրա խաղալիքով խաղա՜մ:

- Ով:

- Էն տղան:

- Դու էլ գնա իրան խփի: Ռըխին խփի ձեռից առ: Տղա ե՞ս, թե ինչ ես:

- Բայց ախր ինքն ակնոցով ա:

- Հենց ակնոցին էլ խփի, վախկոտի մեկը: Նենց խփի, որ արուն գա՝ կտա: Արունը բացի: Դու իմ տղեն չե՞ս: Հենց որ քեզ մեկը բան ա ասում՝ առանց մտածելու խփի:

Վեցամյա Արթուրիկը ծուռ տոտերի վրա ճոճվելով՝ անվճռականորեն քայլեց դեպի մի քսան մետր այն կողմ ավազների մեջ խաղացող տղուկը:

- Կռիվ ես սարքում, հազիվ եկել ենք մի քիչ օդ շնչենք:

   Պատկերազարդում Հարութ Թումաղյանի:

Զարմանազան

Ըստ հայկական լեգենդի, մի թագավոր երեք աղջիկ ուներ՝ Զանազանը, Զարմանազանն ու Արեգնազանը։ Թագավորը ցանկանում էր տղա զավակ ունենալ։ Աղջիկներից մեկը՝ Արեգնազանը, անցնում է ծիածանի տակով և դառնում տղա, անունը՝ Արեգ։ Այս լեգենդն արտացոլված է Ղազարոս Աղայանի «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» ստեղծագործության մեջ։

- Չափդ իմացի: Էդ ո՞ր օրվանից ես էնքան աբուռ քաշե որ ինձ նկատողություն անես, տո հայվա՛ն,- կտրեց Համբոն, հետո աչքերը բարձրացրեց կնոջ կերպարանքին:

- Էդ ի՞նչ ես հագե:

- Ինչ ա որ, սառաֆան ա էլի:

- Էրեկ քիչ եմ կերցրե աչքիս: Բա էդ էրեսդ խի՞ չես մարդամեջ անում, անջախ ոտներդ սաղին ցուց տաս: Գնա շու՛տ հետ հագնվի, անամոթ. ոնց որ ավտոյով որ էկանք:

Կինը դեմքի շալն ուղղեց՝ ծածկում էր աչքի տակի կապտուցը, ու շուռ եկավ, որ գնա: Գունագեղ սարաֆանի վրայից վարդագույն վադալազկա էր հագին, որ վզի ու թևքերի վրայի կապտուցներն էլ չերևան:

- Հերըս ասում էր հենց որ զգում ես որ դա ա ճիշտը՝ իսկույն առանց մտածելու խփի: Խփողը ճշտովն ա,- ասաց Համբոն հեռացող կնոջ հետևից:- Շա՜տ բարի մարդ էր հերըս, բեռդից որ էկավ՝ սաղ օրն ընձի սովորցընում էր: Ես էդ քոթոթին տղա կդարձնեմ, չնայած քու պիղծ արնից էլ կա մեջը, փչացրել ես արմատը:

Ձեռքը տարավ կողքը՝ ծալովի սեղանիկին դրած արաղի շշին, մեկ էլ աչքն ընկավ ափի մոտ խաղացող աղջնակներին:

- Արա դրանց է՛լ ես հանվըցրե՞լ: Տո քու տունը չշինվի: Հըլը դրանց էլ շալակի հետդ տար, չըլնեմ չիմանամ, գլխիս խաղեր եք խաղում:

Գարնանային արևը շլացուցիչ էր, կուրացնող, այրող: Ամպի ծվեն չկար լճի վրա: Երեկ մի լավ քոթակել էր կնոջը, և որպես ներողություն՝ այսօր, գարնանային տաք օրը, բերել Սևանի ափ, որտեղ դեռ մարդ չկար, բացի էն անկապ ակնոցավորի ծնողներից՝ հեռու նստած: Եղանակը դեռ հեռու էր լողանալու լինելուց, ու քթի տակ մռթմռթում էր «չեն էլ թողում տանը մարդ սթրվի գոնե մի օր, ոշ մեկ գորձըս չի ջըգում, ես սրանց հագցընեմ-ուտցընեմ՝ հասկցող չկա, իլլաքի էդ էշը հասկընա, անջախ ոռաքամակը մենակ բացի խալխի դեմ»:

Բայց կողքի գյուղի Սարգիսը՝ թավ բեղավոր, շարժիչավոր ռետինե նավակիկով եկավ, և Համբոն, ուրախացած, ոտքի ելավ:

- Էթանք, ապե:

Կնոջը.

- Ավտոյին լավ կնայես, հե՛:

- Անձրև ա գալու,- ասաց Սարգիսը, նայելով այրող արևին:

- Էս եղանակին ի՞շ անձվեր, ապե: Դու գոնե մի հատ ամպ տենում ե՞ս:

- Պապա, պապա, ինձ էլ կտանե՜ս,- վրա հասան աղջնակները՝ արդեն էլի նորմալ՝ քաղաքի շորերը հագած:

- Ձուկ բռնելն աղջկա տեղ չի, ցավդ տանեմ: Պուճուր ա նավակը:

- Պապա, պապա, բա ի՞նձ:

- Էն տղուն խփի՞ր: Ու՞ր ա խաղալիքը: Էլի իրա ձեռն ա՞: Բա դու ի՛շ տղա ես որ ես քեզ հետս տանեմ:

Արթուրիկը գլուխը կախեց:

- Արա գլխարկդ հանի:

Արթուրիկը նայեց վեր՝ իր գլխարկին, ու գլուխն էլի կախեց:

Արդեն երկու տարի է, ինչ գլխարկը գլխից չէր հանում, օրուգիշեր գլխարկով էր: Թե փորձում էին զոռով հանել՝ գոռում էր, հիստերիայի մեջ ընկնում:

- Էթամ-գամ, թե քեզ լավ տղու պես պահած ըլես՝ տանեմ ման աձեմ:

img 1147

 

Կարթերը գցեցին, գլխարկը գլխին քաշեց՝ արևը վառում էր, սիգարեթ վառեցին, Սարգիսը կամաց թիավարելով առաջ էր տանում: Կարթերը լուռ էին, իշխան չկար:

- Արա էս իմ բախտն ա թե քու:

- Ռակ ուզեիր՝ ուրիշ, իշխան բլեսնից էս օրով ով ա բռնում որ ըստե:

- Ապե դու բան չես ջըգում: Կամաց քշի, ինքը զգում ա:

Շատ արագ՝ ամպեր եկան:

- Իսկը իշխանի եղանակ ա, ապե:

Քամին սաստկացավ:

- Հիմա կխփի: Որ բռնեմ, է՜. տանեմ ափ տղուս տամ գլուխը քարին խփի սատկըցնի, կյանք սովրի ճըստը, կյանքի կայֆեր:

Բայց սպասումները զուր էին:

- Ինչ անենք, հետ էթա՞նք:

- Հըլը մե քիչ էլ սպասի:

Ինչպես Սևանում լինում է՝ մի րոպեում փոխվեց գույնը, եղանակը. սաստիկ քամին հասավ, անձրևը սկզբում կաթ-կաթ, հետո՝ հորդաց, ասես դույլից:

- Շուռ արի էթանք, ապե, բա՛խտ չունես դու, բա՛խտ:

Սարգիսը կարթերը հավաքեց՝ ձեռ տված չէին, շարժիչը երկա՜ր թելով մի քանի անգամ խոդի գցելով ի վերջո գործարկեց, նավակը դռդռալով, ավելի ու ավելի արագանալով՝ ալիքների միջով գնաց դեպ ափ, որից լա՜վ հեռու էին. տպավորությունն այնպիսին էր, ասես Սևանի մեջտեղ հասած լինեին, թեև Համբոն գիտեր, որ այդպես չէ:

Անհաջող ձկնորսությունը լավ առիթ է խոստացված վճարը չտալու: «Ափին կասեմ»: Ինքն իր սուր, հեռատես խելքից գոհ՝ ձեռքը տարավ նստարանի տակ պահած արաղի կիսատ շշին: Խցանը դեռ չէր հանել՝ նավակը մեկ էլ դռդռաց ու կանգ առավ:

- Ի՞նչ էղավ այտա:

- Աչքիս բենզինը պրծավ:

- Տո քու տունը չշինվի, բա առանց պատրաստվելու ե՞ս ծով դուս գալի:

- Դե ասցի փողը կտաս՝ հետո կլցնեմ, հո շատ չէինք ծախսելու:

- Դե մեղքը քու վիզը. էս դու, էս էլ քու թիակները:

Սարգիսը սկսեց թիավարել, փորձելով քամու դեմ գնալ: Անձրևը պատի պես էր տեղում, արդեն ջուր էր հավաքվում ռետինե նավակում, ալիքները նետում էին վեր ու վար:

- Արա սենց ալիք Սևանում չեմ հիշում:

- Շատ ա էղե,- հանգիստ ասաց Սարգիսը բեղի տակից, շարունակելով համառորեն թիավարել:

- Վայ թե պըտի դարդըգես,- ասաց Սարգիսը:

- Ով՝ ե՞ս: Ինձ բանվորի տեղ ե՞ս դրե, տո հայվա՛ն:

Բայց ճար չկար. Համբոն նստարանի տակից վերցրեց ճողփիկն ու, ամբողջ աշխարհը հայհոյելով, սկսեց ջուրն ալարելով նավակից դուրս նետել, ավելի շատ ձևի համար, քան լրջով: Մի քիչ արեց՝ ջուրը չէր քչանում, ընդհակառակը, շատանում էր: «Սաղ էն բոզն ա մեղավոր», ինքն իրեն ասաց. «Էրեգ որ համը չհաներ ձեռըս շարժել չտար՝ էսօր հանգիստ տանը նստած կըլնեի, Յուվենտուսը՝ դեմըս»: Կնոջը երբևէ ներել չէր կարող. առաջին երկու անգամն աբոռտ անել էր ստիպել, բայց երրորդ ու չորրորդ անգամները կինն ու բժիշկները, բոլորը՝ կնոջ տոհմուտակն էլ հետը, խաբել-համոզել էին, որ տղա է լինելու: Արդյունքում մինչև Արթուրիկը երկու ավելորդ ձրիակեր հոգս էր ծնվել, Համբոյի կյանքը ծանրացել էր: Մենակ Արթուրիկն էր, որ ինչ-որ չափով մխիթարանք էր, էն էլ «դրանից ի՜շ տղա պըտի ստացվեր, որ»: Պետք ա բժշկի տանել էդ գլխարկի հաշվով, ինքը ժամանակ չունի, էն սարսաղն էլ առանց իրա բա՜ն չի կարա անի: Բա որ գլուխը որդնի: Դրան ա գնում: Էդ ծանր մտքերը միշտ էին Համբոյի գլխում, հիմա մի հատ կում արեց արաղի, երկու թաս էլ ճողփիկով դատարկեց, վեր նայեց՝ ափը՝ հեռու՜, համարյա չէր երևում, անձրևը՝ թանձր սյուն:

- Արա չես քշու՞մ:

- Ինչ կարամ՝ անում եմ,- ասաց Սարգիսը. քրտինքն ու անձրևն իր դեմքը հավասարաչափ էին ողողում:- Օգուտն ինչ:

- Արա բա էս Սևանի անձվերը շուտ չի՞ անցնում, տնա՛շեն:

- Նայած:

Համբոն շոշափեց նավակի պիրկ պատը:

- Փուքսըդ էլ չիջնի՞ խայտառակ ըլնենք:

- Չի իջնի,- բեղի միջից հանգիստ ասաց Սարգիսը, շարունակելով թիավարել:

- Ի՞նչ:

- Չի իջնի,- գոռաց Սարգիսը:

- Բա ասում էիր բենզինդ էլ պըտի հերիքեր,- հուսահատ գոռաց Համբոն քամու ու սելաֆի միջից:

- Բենզինը փող արժի,- ուսուցողական տոնով գոռաց Սարգիսը:- Իսկ էս իմ թոքն ա:

- Հեսա թոքդ վարակվի՝ փուքսն էլ կիջնի,- քթի տակ վրա բերեց Համբոն:

- Ի-ի՞նչ:

- Հեչ, գորձիդ կաց,- չարացած գոռաց:

Մեկ էլ հանկարծ՝ անձրևի պատի ետևից՝ ահագին ծիածանը, ասես մի հսկա՜ չալպտուրիկ շալ, չնայած անձրևին. կամարը մի ափից մյուս ափ՝ հառնեց նավակի դեմը. լեռ:

- Ճիշտ են ասում էլի որ էս Սևանը գիժ ա. անձվերը չպրծած՝ էս էշը կապեց, հըլը սրան,- գոռաց Համբոն:

Սարգիսը մի պահ թիավարելը թողեց, շուռ եկավ, որ ծիածանը տեսնի, և այդ պահին հատկապես ուժեղ մի ալիք եկավ, նավակը վերցրեց ու շպրտեց վեր, հետո՝ առաջ, ձախ... Համբոն էնպես զգաց, ինչպես երբ բանակի տեղը տղեքով իրեն «ծյոմնի» էին անում՝ որ ավտոմատի պրիկլադով տվին գանգին հետևից, աչքերը չռվան-թռան վերև, տակից հողը,- ինչ հող, նավակի միջի ջուրը,- պլստաց-գնաց. ուշքը կորցրեց:

Պրիկլադով գանգի հարվածին՝ նման էր, մենակ թե գանգի ցավը չկար: Անձրևը դադարել էր: Օդը սուր օզոն էր: Սարգիսը թաց լաթ էր փռել Համբոյի ճակատին, դիմացը նստած՝ թաց սիգարեթ էր ծխում: Ծիածանը շողշողում էր նավակի ետևում:

- Էս ինչ հաշիվ էր, ապե,- հազիվ շուրթերը շարժելով, արտասանեց Համբոն, փորձելով նավակի հատակի ջրի միջից վեր կենալ:

- Ծիածանի տակով անցանք: Պատահում ա:

- Բա էդ ի՞նչը գլխիս դմփեց:

- Ալիք էր, էլի:

- Սենց բան ըլնում ա՞, ապե, որ ծիածանի տակով մարդ անցնի:

- Հաճախ չէ, բայց պատահում ա: Պապըս պատմել էր՝ մի հատ գրողի ման ածելու էր տարել, ըտենց էղավ: Ավետիք Իսահակյանն էր, կարծեմ:

Լճի մակերևույթն արագ դարձավ հայելանման, ասես բան էլ չէր եղել: Ամպերը ցրվել էին: Փոթորկի հետքը միայն հիասքանչ ծիածանն էր, որ նավակի ետևում պսպղում էր դեռ երկա՜ր, փողփոփում, մաս-մաս անհետանալով, ասես փոթորկի աստվածը կտոր-կտոր իր սարքած փազլը ետ վերցներ: Թիավարելով, մի քսան րոպեում Սարգիսը նավակն ափ հասցրեց: Համբոն ճոճվելով դուրս եկավ, մոտեցավ իր շեզլոնգին, մեջը փռվեց:

- Պապա, պապա, բան բռնեցի՞ք:

- Չէ ապե, փոթորիկ էր:

- Հոգնել ե՞ս, պապա:

- Բա գիդես հեշտ ա՞. փոթորիկի դեմ պապադ կռիվ տըվավ:

- Ինձ չես տանի՞:

«Ասեմ Սարգսին՝ թող տանի մի քիչ ման ածի, հեռու չգնան, թիավարելով»: Բայց դա նշանակում էր՝ ոչ միայն խոստացված փողը տա, այլև՝ ավել: Աչքերով փնտրեց Սարգսին ու տեսավ, որ ավտոմեքենայի մոտ կինն իր ձեռքի պայուսակը բացել է և Սարգսին բան է տալիս: «Իբր թե ինքն ա վճարում: Ես իրան փող տամ՝ ինքը ծախսի, իբր ինձ ա լավություն անում»: Աչքերը փակվում էին. հաջորդ պահին խո՜ր քնած էր:

 

img 1146

 

Արթնացավ մթնշաղին, կինն ու երեխաներն իրերը հավաքել, ավտոմեքենայի մոտ լուռ սպասում էին: Սարսափելի տրամադրություն ուներ: Ինչ-որ բան այն չէր:

- Լցվեք, լցվեք էթանք էս հայվան տեղից:

Ջրափի պահակը մոտեցավ:

- Սարգսի՛ց կուզես, էսօր լավ քյար ա արե: Էս սարսաղի էշ խելքից:

- Ասում են՝ կառանծյա են դրե, սաղ ճամփին կառդոններ:

- Էդ ա, մեր գլխին խո մե խերով բան չես ասի: Գորձիդ կաց:

Հնոտ «պաջեռոն» կատաղած տեղից պոկեց, դուրս եկավ մայրուղի, իրեն զսպելով՝ քշեց: Մի քիչ քշելուց հետո ճամփեզր մտավ-կանգ առավ:

- Էս բոթասներս սաղ ջուր են:

Բոթասները հանեց, հետո՝ թաց գուլպաները, առանց նայելու մեկնեց ետ՝ կնոջը, կոշիկը դիպավ աղջնակներից մեկի քթին:

- Արա նայի էլի, ինչ ես անում:

Ոտաբոբիկ քշեց առաջ: Տղան՝ կողքին նստած, և երեք կնիկարմատը՝ ետևում, լուռ էին:

Մի քիչ քշեց, էլի դանդաղեց:

- Արա էս խի ա էսքան շատ ավտո: Արա էս ճամփեն էլ ոնց որ հատուկ է՛լ ավելի ա օձաձև դառե:

Կինը զարմացած նայեց, բան չասաց:

- Իշ ես շոռե, գիդես չեմ տենու՞մ: Ես սա՛ղ եմ տենում: Շոռ ու շոռշոռ ե՞ս գլխիս: Գորձի՛դ կաց: Սաղ տուն են գալի, է՛. համ կիրակի իրգուն ա, համ է՝ կառանծյա: Արա դե էս ո՛նց ես քշում,- Համբոն սեղմեց ազդանշանը, որքան ուժ ուներ:

Կողքի մեքենան ի պատասխան սեղմեց:

Համբոն է՛լ ավելի ուժեղ սեղմեց:

- Արա քշել չգիդես, ուր ես մեյդան ընգե:

Կողքի մեքենայի սևացրած պատուհանի ետևը մի պահ երևաց կանացի երիտասարդ կիսադեմ:

- Էդ ա էլի, հոր ավտոն տակը՝ ընգել ա մեյդան քոռի հարսը: Ո՛շ դարդ ունեն, ո՛շ ցավ, ոշ էլ խելք:

Կինը կրկին զարմացած նայեց: Համբոն զգաց նրա հայացքը, բայց այս անգամ չհակաճառեց, լեզուն կծեց: «Էս ինչ ա հետըդ ըլում, ապե, ուշքի արի. սարի պես տղուն սարքին ռագատկի քար», հոր ձայնով դիմեց ինքն իրեն:

Դիմացը մթության մեջ ոստիկանական մեքենայի լույսերն էին:

- Արա է՛սս իշ ա:

Անցավ, չկանգնեցրին: Քանի մոտենում էր Երևանին, ավելի ու ավելի դանդաղ էր քշում: Մեկ էլ զգաց՝ սիրտը խառնում է: «Արա էս արաղը վայ թե լրիվ խուժան բան էին հարիֆցրե ձեռըս կոխե, հայվանները»: Ոտներին ու ձեռներին հանկարծ դող եկավ, այնպես էր դողացնում, որ վախենում էր գազի սեղմակը փախչի ոտքի տակից, ղեկը՝ ձեռքը բաց թողնի: Մատները սեղմել էր ղեկին ամբողջ ուժով, սպիտակել էին:

Ավտոտնակը քաղաքի ծայրում էր: Հազիվ հասցրեց այնտեղ:

- Բա տուն չես տանու՞մ:

- Հելեք դուք ձեր ձևի գնացեք, գորձ ունեմ:

Կինն ու երեխեքը լուռ ելան, գնացին ավտոբուսի կանգառ:

Ինքն ավտոն մտցրեց տնակ, մի քիչ ղեկին հակված նստեց, փորձելով մտքերը հավաքել: Խոնավ բոթասը բոբիկ ոտքերին հագավ, հազիվ կողպեց ավտոտնակը, դուրս եկավ մայրուղի, տաքսի բռնեց, ետևի դուռը բացեց-նստեց:

- Ի՜նչ ես հետևը նստում, կարող ա՞ ղզիկ ես,- ասաց վարորդը, կասկածանքով իր անվարժ ֆիգուրի ներս մագլցելը չափելով:- Ես ղզիկներ չեմ քշում:

Ուզեց կատաղել:

- Գորձիդ կաց,- բայց իր սեփական ձայնը լսեց ու լռեց:

Վարորդը հայելու մեջ նայեց իրեն ու էլ չշարունակեց, քշեց, ուր որ ինքն ասաց:

Դուրս եկավ, քայլեց դեպ շքամուտք:

- Արա բա փո՞ղը:

- Դու ինձի ղզիկ ասես ես քեզ փող տա՞մ, իշի թուլա:

Վարորդը հայհոյեց, թքեց ու տեղից պոկվեց:

Տուն մտավ՝ լրիվ հալից ընկած, գնաց փռվեց մահճակալին առանց հանվելու ու խո՜ր քուն մտավ:

Առավոտյան,- չէ, կեսօրն անց արթնացավ: Գնաց լոգարան: Այնքան էլ վատ չէր զգում իրեն այլևս, բայց մի բան այն չէր: Թույլ էր: Մի հինգ օր է՝ չէր սափրվել և ալարելով մտածում էր, որ այսօր արդեն անխուսափելի է: Բայց երբ դեմքը ողողեց՝ նայեց հայելու մեջ և քար կտրեց. դեմքին մազի հետք չկար, անցյալ օրերի սափրն էլ էր գնացել: «Էս քնած տեղս թրաշել ա՞ իձյոտը: Իրանից կգա»: Ողորկ այտերը շոշափեց. թու՜յլ աղվամազ էր, ասես երբևէ թրաշ չտեսած, ձախ այտին էլ՝ խալ:

Կրծքին ինչ-որ տարօրինակ բան էր զգում: Շապիկը վեր քաշեց. ստինքներն ուռել էին, կախ ընկել: Հա, ինքը փոր էլ ուներ, լավ էլ խոշոր ստինքներ՝ տղամարդուն հարիր մկանուտ, դե, արդեն տարիքն էլ եկել էր. բայց էսքա՞ն:

- Էս ինչ ա կատարվում հետս:

Զուգարանում քիչ էր մնում սիրտը պայթի:

- Հանգիստ, հանգիստ,- ինքն իրեն ասաց:- Էդ ա. վարակն ա. էկավ, կպել ա. ավելի լավ, էթամ թող իմանան առանց ինձ ոնց կըլնի: Էն ապերախտն էլ թող իմանա, էն ճստլոն էլ սաղ կյանք կափսոսի, որ տաս անգամ ասցի գլխարկդ հանի՝ չհանեց:

- Բժիշկ ջան, վատ եմ:

- Ի՞նչ է եղել:

- Չեմ կարա բացըտրեմ, բայց աշքիս կպել եմ: Էրեխեք ունեմ, էկեք էլի, չվարակեմ:

Կանացի ձայն էր, չէր ասում ախտանշանները, հետո հորինեց, թե տաքություն ունի, սիրտը խառնում է (էդ էդքան էլ չհորինեց), վերջը, երրորդ անգամ զանգելուց հետո եկան:

«Արա էս ուրեմը դրա հըմար չեն ասում, մարդուն իշ ա ըլնում: Ասելու բան չի»: Գաղտնիքը պայթեցնելու աստիճան դժվար էր պահել, բայց դե ու՞մ ասես:

Վերջը եկան, էն էլ թարսի պես բժշկուհի էր, հետն էլ՝ մայրապետուհի:

- Մե հատ տղա չկա՞ր ղրգեին:

- Ասեք, ես բժիշկ եմ, ինձ ամեն ինչ կարելի է ասել:

- Չեմ կարա: Բժիշկ ջան, բան... էն... դե, էն բանից, էլի...

- Սեռական հիվանդությու՞ն է: Ջերմություն չունեք: Ասեք, մի՛ ամաչեք:

- Տո չէ ի՜շ սեռական, լավ էլ մաքուր ուկրայինկա էր: Չէ, նայի...

Բայց չէր կարողանում ասել:

Բժշկուհին գնաց մյուս սենյակ, կնոջը դիմեց.

- Ի՞նչ է եղել ձեր ամուսնուն:

Կինն ասաց, որ չի հասկանում:

Բժշկուհին սևեռուն նայեց կնոջ դեմքին, ձեռքով ծնոտը բռնեց, աչքի տակի կապտուկն ուսումնասիրեց: Թևքերը քշտել հրահանգեց: Կապտուկները տեսավ: Ծպծպացրեց: Հետո դարձավ երեխեքին: Չտեսնող հայացքով նայեց տղայի գլխարկին:

- Էն մարդն ո՞վ է էնտեղ:

- Հայրիկը,- ասաց աղջնակներից մեկը:

- Իրեն ի՞նչ է եղել:

- Երեկ շատ էր խմել, անձրևի տակ ընկավ Սևանում:

- Պարզ է:

img 1149

- Մենք ձեզ չենք կարող տանել,- ասաց, վերադառնալով։- Դուք դեռ թագաժահր չունեք, մնացած հիվանդներին տանում ենք, եթե միայն մահամերձ են: Պառկեք, կամաց-կամաց ուշքի կգաք: Եվ հարգեք ձեր ընտանիքի՛ն: Թե չէ ուրիշ տեղ կտանենք:

Նրանց գնալուց հետո Համբոն փակվեց զուգարանում և բռունցքներով սկսեց գլուխը ծեծել:

- Անբա՛խտ, տո, անբա՛խտ, գոնե մե հատ տղա ղրգեին:

Զանգեց քչաքանակ ընկերներից՝ Սերոյին:

- Ապե իշ կա՞:

- Իշ պըտի ըլնի, ապե, էնքան պատվեր ունենք, չենք հասցնում:

Սերոյի բիզնեսը տնական գյուղմթերք վաճառելն էր: Սերոյի բախտը բերել էր էս օրերին:

- Ապե էթանք մի տե նստենք էլի:

Սերոն ոչ ժամանակ ուներ, ոչ հավես Համբոյի հետ ռեստորան գնալու: Համբոն խասյաթ ուներ, տղերքի հետ ռեստ գնալուց հետո վերջին պահին ցվրվել, իբր, զուգարան, հետո զանգել-ասել, որ իրեն շտապ կանչում են, որ իր փայն իրենք վճարեին:

- Ապ դե գիդես զբաղված եմ:

- Հել էլի ապ, կարևոր ա:

- Չեմ կարա ապե: Քու մո՞տ իշ կա:

- Ապե մե մոմենդ ասի կպել եմ, էն էլ մե հատ ծյոծ էկավ ասեց չէ: Դե գորձս լռվավ, ապե, իշ սեմ:

- Լավ կըլի ապ ջան, չվախնաս:

Ինչը պիտի լավ լինի: Համբոն ցեխի նայող էր: Տերը պարտաճանաչ վճարում էր, էն էլ ցեխի աշխատանքն արգելել էին արդեն հինգ օր է: Ինչ հեղափոխությունը եղավ՝ գործերը թարսվան. մինչ այդ Ղռի Բինդոյին էր ծառայում, լիքը գործ կար անելու, հեղափոխությունից հետո Ղռի Բինդոն եղած-չեղածը հավքեց-չվեց Փարիզ և մենակ էդ ցեխը թողեց իր հավատարիմ Համբոյին: Լավ է, գոնե էդ մի բանը թողել էր, էն էլ...

- Էլ սրանից էլ բեթա՞՜ր,- երգեցիկ ասաց Համբոն:

- Ի՞շ:

- Իշը՝ իշ:

- Իշ ասիր չլսի: Էդ կարող ա՞ քուրոն ա: Լավ չի, հա՞, Համբոն:

Համբոն բջջայինն անջատեց: Ձայնը սկսել էր անսպասելի ռուլադներ տալ: Նորից գնաց լոգարան, նայեց դեմքին. ունքերը կամար էին կապել, բարակել, աչքերում փայլ էր առաջացել, շուրթերն էլ լցվել էին ու կարմիր էին, ասես շրթներկած: Ներքև նայել այլևս չէր համարձակվում: Գաղտագողի հայացք փորձեց գցել ու իսկույն էլ վեր նայեց: «Գոնե փորըս իջներ, մե օգուտ կըլներ էս չոռից»: Բայց ոչ. դուրս ընկած փորը, երևի, միակ բանն էր, որ մնացել էր անփոփոխ:

- Մե հատ շոր բեր, դուս եմ գալի:

Կինը բերեց բաց կապույտ դիմակ, ռետինե ձեռնոցներ:

- Ախչի դու վաբշե յանդ տարած ա՞: Կարող ա՞ ես ըսենց բան ռեխիս քաշեմ դուս գամ: Դու ինձ ում տեղն ես դրե:

- Բա ինչ անեմ, ուրիշ չկա:

- Խոսեցի՞ր: Էն սև շալդ բեր:

- Էն շալը մեծ ա:

- Կտրի:

- Ափսոս չի՞:

- Ախչի դե ձենդ կտրի՜: «Ափսոս»: Իմ սև սիրտ՝ քու մուրաբով շոռաբլիթ: Որ դու ես առե՝ ափսոս ա, հա՞: Որ ես առած ըլեի, հեչ ափսոս չէր ըլի, չէ՞: Ու՞մ փողով ես առե:

- Քո, քո:

- Ու՞մ:

- Քո:

- Ու՞մ: Մի հատ է՛լ ասա, լավ չլսվեց:

- Քո:

- Բա՛րձր ասա, էրեխեքը լսեն:

- Քո փողո՛վ եմ առե,- գոռաց կինը:

Երեխեքը մյուս սենյակում լռեցին:

- Ա՛յ էդ ուրիշ բան: Դե կտրի՛:

Կինը շալը փռեց սեղանին, մկրատը վերցրեց ու, շալին վերից նայելով, տատամսեց:

- Ես քու անշնուռոկ: Հըլը տու ստե:

Կինը վախվխելով նրան մեկնեց մկրատը, սայրը՝ դեպ իրեն:

Սա մկրատը վերցրեց, մյուս ձեռքի դմբուզով խաբուսիկ օդում հարված արեց, իբր կնոջն էր բոքսում, սա մի կողմ փախավ:

- Էդ ո՞ր օրվանից ես ինձնից վախում, ես քե դանակով խփած կա՞մ: Լավ էլ անում ես, վախում ես, դու շա՛տ վախի, բալքըմ մե օգուտ ըլի էս կյանքում,- շարունակեց, բայց մեկ էլ հանկարծ փորը սարսափելի ծակեց, այնպես, որ ծալվեց:

Հազիվ իրեն ուղղեց, ցավը հաղթահարեց և լուռ կռացավ սև շալի վրա, աչքաչափը ճշտեց, մկրատը հենեց մի եզրին ու մի՛ շարժումով մի եռանկյուն կտրեց, հետո՝ մյուսը:

Մեկը կապեց դեմքին, մյուսը մեկնեց կնոջը.

img 1144

- Էս էլ քեզ: Չասես «մարդս ինձ չօգնեց տնից հելավ»: Թե պետք ըլի կեթաս խանութ: Ուրիշ բան չկապես, հա՜: Իմ կնիգը գալուբո պավյազկով տնից հելնողը չի, ինչ էլ ըլի: Չըլնեմ-չիմանամ, դագաղու՛մ կքթնեմ: Փողը գիդես որդե ա:

- Էս ո՞րտեղ ես սովորել:

- Ինչը:

- Դու կարող ա՞ դերձակություն ես արել բեռդում:

- Արա դու գիդես ես քու պես անշնուռոկ ե՞մ: Հալիդ կաց, մի՛ տաքըցրա:

Կանչեց աղջնակներից մեկին: Կնոջն ասաց.

- Մե հատ ասա էդ թուղթը գրի, իշ պըտի գրվի:

Աղջնակը թուղթը գրեց, Համբոն սև անձրևանոցը հագավ, սև գլխարկը դրեց գլխին, սև շորը՝ բերանին, տնից դուրս եկավ:

Ավտոտնակը տնից հեռու էր ստացվել, որովհետև տան մոտ մի ավտոտնակ կար՝ տերերը գնացել էին Ամերիկա, Համբոյին ծախել, բայց փողը չէր տվել: Վաղուցվանից սեփականացրել էր: Էն էլ մի օր սրանք վերադարձան, տերն ասաց «Փողը տուր կամ դուրս արի», Համբոն ասաց «Բերնիդ կտամ», ու մի երկու լավ խոսք էլ՝ տիրոջ մոր, տատու և այլ ազգականների վերաբերյալ: Մյուս օրը վեցը սև հագնված տղով եկան Համբոյին շուրջփակ արին, ավտոն հանին ծառին խփին: Ընկերական շրջապատը չէր կորցրել փաստորեն գյադեն, չնայած փախել էր Լոս: Ստիպված, Համբոն ցեխի վարպետ Գարիկի ձեռից ավտոտնակն առավ, խոսք տվեց, որ փող կտա, բայց հետաձգում էր:

Հիմա քայլում էր մութ փողոցներով, աշխատելով մարդու չհանդիպել: Սև ստվերներ էին միայն երևում այստեղ-այնտեղ և կորչում ամայի փողոցներում, իրարից մի կողմ խույս տալով, մեկ էլ հազվադեպ՝ մի որևէ գունավոր լոխ: Էլ տաքսի նստել էլ ռիսկ չէր անում, փողն էլ էր ափսոս, բայց մանավանդ՝ տրանսպորտ: Հենց մարդու մութ կերպարանք էր տեսնում կամ մանավանդ խումբ՝ ճամփան փոխում էր: Ոստիկաններից մանավանդ էր վախենում. լապտերիկներով կերպարանքները լուսավորում էին: Մի տեղ եկավ՝ չկարողացավ խուսափել, մի հինգը սև տղա, իրար քիթ մտած, սև կապաշորերը դեմքներին, նեղ ճամփով գալիս էին, թեքվելու տեղ չկար: Հավասարվեցին, փորձեց դեմքը շուռ տալ, կողքներովը սողոսկել-անցնել:

- Հըլը սրան,- ասաց մեկը:- Ապե կարող ա՞ դու վախում ես որ մենք քեզ վարակենք, էս խի՞ ես սենց ծիխարյա փորձում ցվրվել:

Արյունը խփեց գլուխը, շուռ եկավ որ մի հատ զարկի։

- Ապե էսի բոզ ա, հըլը սրան:

- Դու խրտվիլակ ե՞ս, քուրո: Էթանք մե քիչ խաղ ընենք:

- Քուրոն տա՛տդ ա,- ասաց ու դմբուզը վրա բերեց ասողի քթին:

Բայց... Մկանները թուլացել էին, թևը նույն հաստության էր, բայց էն հին իր գուրգուրած մկանի տեղը՝ ճարպ ու միս: Հազիվ կպավ տղայի դնչին, սա զարմացած ետ քաշվեց:

- Արա էս իշ կռվարար բոզ ա:

Մյուսը բջջայինի լապտերն ուղղեց վրան:

- Արա հըլը սրան նայեք, էսի էն այգու գյոթերից ա, հորըս արև:

- Արա էս իշ բախտ էր, որ մենք էսօր քեզ հանդիպանք:

img 1143

Տղաները հասան վրան: Մի քանի հարվածից հետո Համբոն ընկավ, մի տասն անգամ փորին ու մեջքին քացով տվին, ինքը մենակ տնքում էր, որ ոստիկաններ չգան: Մթան մեջ, ծանր շնչելով, հինգ մութ ստվեր տնքալով տշում էին գետնին ընկած վեցերորդը, ասես հինգ անտուն շուն՝ մի չաղ սատկած կռիս գտած լինեին, ծիծակ կոշիկները մինչև աղի պոչերը մխրճելով նրա փափկած ազդրումեջքի մեջ: Բայց աշխատում էին դեմքին ու գլխին չզարնել:

- Յա՛խկ, զզվանք: Էթանք լվացվենք, ապե, էսի շառ ա, վարակիչ էլ կըլի:

Համբոն մի քիչ պառկեց թաց գետնին, սաղմի դիրքում, մի կերպ, տնքալով վեր կացավ: Ոտները դողում էին: Բերանն արյունլվիկ էր: Ձեռքով սրբեց, կաղեկաղ քայլեց դեպ ավտոտնակ:

Ավտոմեքենայի մեջ իրեն նայեց հայելում, բերանը կրկին ձեռքով սրբեց, ջուր էլ չուներ լվացվելու, սև շալով էլի դեմքը փակեց ու շարժվեց դեպ «ռանչո»:

«Ռանչոն» իր փրկությունն էր. փոքրիկ տարածք՝ քաղաքի մշտապես ծխացող աղբանոցի կողքերը, մի հինգ շինություններից մեկը. կոկիկ այգի, մի սենյականոց փայտե հոլիկ: Ժամանակին ադրբեջանցու էր պատկանել, նրա գնալուց հետո մեկը սեփականացրել էր, հետո ծախում էր, Համբոն տասը տարի առաջ մի օր վառած կոնյակի լավ առևտուր էր արել Կրասնոդար, հետ եկավ՝ քեֆը տեղը, էդ մարդը հազար դոլար ուզեց, երեք հարյուրով համաձայնեցին, երկու հարյուրը Համբոն տվեց վերջը: Իր բույնն էր: Չնայած աղբանոցին մոտիկ լինելը, հոտն այդտեղ չէր գալիս, այգիներ էին, խփում-վերացնում էին, կախարդանք. Համբոյինն էլ մրգատու ծառերով լի այգի էր. բալենի, խնձորենի, սալորենի, ծիրանենի, տանձենի, կեռասենի և այլն, ցանկապատի շուրջ՝ հատապտղի թփեր. էլ մոշ, էլ հաղարջ: Համբոյինը դառնալուց ի վեր ծառութուփ ամլացել, էլ մեծ մասամբ պտուղ չէին տալիս, դե, նայող չկար, տարի էր լինում՝ չէին էլ ծաղկում, բայց դեռ կանաչում էին:

Լավ է, գիշեր էր, կողքի վագոնչիկի բոմժերի ընտանիքը դուրս չէր գա էս ժամին, դուրս գար էլ՝ իրեն չէին տեսնի: Բոմժերը «ռանչոյի» կողքի վագոնչիկն էին ապօրինի սեփականացրել, յոթը երեխա ունեին, հայրը՝ նախկին ինժեներ, հարբեցող էր, աղբանոցում բան-ման փնտրող, մայրն էլ՝ մանկավարժականն ավարտած, էլի աղբերն էր փորփրում քաղաքով մեկ: Յոթը երեխուց հինգը տղա էին, մեկը մեկից փոքր, սրանցպեսների բախտը բերում է: Ամեն անգամ, երբ գալիս էր, վազում-գալիս էին «Համբո ձձա, Համբո ձձա, մի կտոր հաց տա՜ս», քշում էր, ասես ճանճ լինեին, մի վախտ շուն էր կապած պահում՝ Ջինային, լավ մեծ շուն, հատուկ սոված էր պահում օրերով, որ կատաղած լինի, սատկեց աստված գիտի ինչից, Սերոն ասում էր՝ սովից, բայց դե Համբոն հո գիտեր, որ Ջինան կարար շաբաթներով բան չուտեր ու հեչ վեջն էլ չէր, մենակ ավելի էր կատաղում, ինչն էլ հենց պետք էր: Բոմժի երեխեքը թաքուն թունավորած կլինեին, բայց նույնիսկ եթե՝ Ջինայի կենդանության օրերից ի վեր, մեկ է, վախենում էին Համբոյի «ռանչո»-ին մոտենալ, նույնիսկ թե ինքը շաբաթներով չերևար:

img 1142

Ավտոն կանգնեցրեց, հայելում մի հատ էլ երեսը նայեց՝ արյունը դադարել էր, լերդացել դեմքին, մեկ էլ զգաց ոտների արանքում թացություն: Ձեռքը տարավ՝ էլի արյուն: «Յախկ, զզվանք եմ դառե»: Վայ թե պիտի կյանքին վերջ տա: Ինչ արած: Դուրս եկավ, կաղեկաղ գնաց-մտավ հոլիկը, բարձրացավ բա՜րձր՝ դեռ ադրբեջանցու ժամանակներից մնացած դոշագների գագաթը, անջատված քնեց:

Առավոտյան արթնացավ ճռվողյունից: Շլացուցիչ համերգ, քաղաքում էդպիսին չես լսի. ամե՛ն ձայն կար՝ էլ սարյակ, էլ ճնճղուկ, էլ աղունիկ, էլ սոխակ էլ, էլ ծառը էն որ կտկտացնում ա՝ դա, ու մեկ էլ՝ ագռավների, էն էլ ի՛նչ կռիվ-համերգ՝ ագռավների սիրո երգ, ասելու բան չի, թե լսած չկաք:

Վեր կացավ, ոտները վերից վար արյուն՝ դուրս եկավ այգի. ծառերը ծաղկել էին, սպիտակ, կարմիր, դեղին, ամեն գույն, տակովն անցնելիս՝ վրան ցող ու գիշերվանից մնացած անձրև ցողացին: «Ցողով լվացվող էլ դառանք»: Մոտեցավ աղբյուրի խողովակին, կափույրը փորձեց բացել՝ ժանգոտել էր, չէր ենթարկվում, երկու ձեռքով փորձեց: Աչքն ընկավ մատներին. բարակել էին, եղունգները՝ մաքուր, կոկիկ, ասես հարդարված, մանիկյուր քսած լինեին: Փառք աստծո, գոնե մատնածայրերի կոպիտ մաշկը նույն պադոշն էր մնացել: Հազիվ, երկու ձեռքը ցավացնելով, կափույրը բացեց, պաղորակ ջրով սրսփալով լվացվեց, փաստորեն՝ լողացավ, քթի տակ ցավից տրտնջալով. ողջ մարմինը կապտուց էր: Սրթսրթալով գնաց հյուղակ մի կտոր լաթ գտավ, խցկեց ոտների արանքը, սեղանի սփռոցը վերցրեց-կապեց կոնքերի շուրջ, դե շալվարը բանի պետք չէր, լվանալ էր պետք: Կեղտոտ շորերը հավաքեց, կույտ արեց, դրեց մի կողմ: Սարսափելի աղտոտ էր հյուղակը, տարիներով չէր մաքրվել. կինն այստեղ չէր գալիս, Համբոն չէր էլ ուզում, որ գա: Վերջին անգամ տղերքով քեֆ էին արել՝ էդպես թափված մնացել էր ամեն ինչ, այգու սեղանին՝ ափսեները, բաժակները շարված՝ բորբոսնած: Հավաքեց, տարավ աղբյուրի մոտ, լվաց, քերեց, ետ բերեց, խնամքով դարսեց: Մի շոր վերցրեց, հյուղակը մաքրեց, սեղանի տակից փոքրիկ շարժական գազօջախը հանեց, լուցկին գտավ, փորձեց՝ աշխատում էր, դեռ գազ էլ կար: Լուցկին որ տեսավ՝ ծխելը հիշեց, սիգարեթ վառեց, մի ղուլաբ քաշեց՝ հազալով դուրս թքեց, հանգցրեց, դեն նետեց: Փոքրիկ սառնարանը բացեց՝ մեջը լիքը ուտելիք. անցած անգամ որ եկել էին քեֆի, ով ինչ կարող էր հետը բերել էր, էն էլ էնքան էին խմել, որ բան չէին էլ կերել նորմալ: Սերոն լիքը կաթնաշոռ էր բերել, թե ում էր պետք էդ կաթնաշոռը, սալիկները դարսած էին իրար գլխի:

«Հերթականությունը պիտի մշակեմ»: Համբոն ամբողջ աղբը հավաքեց տնից և այգուց, Գորբաչովի սֆաթն էջին (վառարանի համար էր ձմեռներն օգտագործում) դեղին թերթի մեջ փաթաթեց, տարավ դուրս՝ աղբակույտի մեջ գցելու: Աղբակույտը՝ պորտալարով կապված քաղաքի գլխավոր աղբանոցին, սակայն նրանից հեռու էր՝ հինգ տնականոց ավանչիկի վերջերը: Առավոտը դեռ վաղ էր. բոմժերի երեխեքը տնից դուրս չէին եկել, հայրը վաղուց «աշխատանքի» էր, մայրն էլ, վայ թե, գիշերվա «ռեյդից» դեռ չէր դարձել: Ետ գալիս նկատեց՝ պատուհանից նայում են, հետո երեք տարեկան տղուկը դուրս թռավ վագոնչիկից, գոռաց.

- Համբո՛ ձձա, Համբո՛ ձձա, կամփետ տա՞ս,- բայց հանկարծ լռեց ու ետ փախավ:

Համբոն հոլիկում թավան գտավ, մաքրեց, մեջը մի քիչ ձեթ լցրեց, դրեց գազօջախին, բալի մուրաբան բացեց, կաթնաշոռը թասի մեջ լցրեց, կորիզները հանած մի քիչ բալ ավելացրեց, մի քիչ՝ մուրաբայի մածուկ, երկու ձու կոտրեց, էս, էն, ձեռները մեջը կոխեց, հունցեց, սկսեց թխել. է՜ մի երեսուն տարի է չէր կերել, ինչ մայրը դադարել էր իրեն կերակրել. կինը՝ ոչ, չէր սարքում: Համը բերանն էր մնացել: «Ռանչոյից» ծխաց տապակի ախորժալի բույրը: Բոմժի երեխեքը, շշմած, սկզբում վախվխելով, հետո՝ ավելի ու ավելի համարձակ եկան, այգու դռանն անտեր շների պես սոսնձված՝ ծիկրակում էին: Մի երեսուն հատ թխեց Համբոն. եքա թասը լիքն էր, երբ վերջապես ամենափոքրիկ բոմժիկը համարձակվեց ձայն հանել.

- Համբո՛ ծյոծյա, Համբո՛ ծյոծյա, հաց կտա՞ս:

Թասը ձեռքը դուրս եկավ այգի, դրեց սեղանին, շոռաբլիթների ախորժաբույրի գոլորշին քուլա ելավ վեր, ծաղկած այգուն հեքիաթի տորթի համ տալով. ծիտիկները համերգները կտրեցին, սսկված հավաքվեցին ծառի կատարին, նայելու՝ տակի սեղանի հրաշքին: Ձեռքերը սփռոց-փեշի ծայրով սրբելով, անմազ բոբիկ ոտքների վրայից փեշը մի ձեռքով քշտած, որ քայլելուն չխանգարի՝ Համբոն վճռականորեն դոփեց դեպ այգու դռնակը: Երեխեքը ետ վազեցին: Համբոն դռնակը կրնկի վրա բացեց:

- Եկեք, երեխեք, տվառոժնիկը պատրաստ ա:

Հեռվից՝ աղբակույտի մոտից, անվստահորեն Համբոյին էին ծիկրակում յոթը զույգ փայլփլուն աչուկ:

 

 

Նվիրվում է Մարգո Դադայանին:

img 1145

Հայնրիխ Բյոլ հիմնադրամի, Հարավային Կովկասի տարածաշրջանի Երևանի գրասենյակի հետ համագործակցաբար:


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team