Հայաստանում ընդերքօգտագործման պետական կառավարումը, ներառյալ թույլտվությունների տրամադրման, մշտադիտարկման իրականացման, օրենքների, ստանդարտների և պայմանագրերի համապատասխանության ապահովման գործընթացները, թերի է։ Այս թերությունները հանգեցրել են լուրջ ձախողումների, որոնք երկրին պատճառել են վտանգավոր տնտեսական, սոցիալական և բնապահպանական կորուստներ։ Նոր կառավարությունը պետք է հրատապ կերպով գնահատի առկա իրավիճակը և ձեռնարկի թերությունների վերացմանն ուղղված վճռական քայլեր։

Փոքր թվով հանքարդյունաբերական ընկերություններ են Հայաստանում գործել շահույթով։ Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից հինգ տարվա կտրվածքով կատարված տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ «մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների համար վնասով աշխատելը եղել է ընդհանուր միտում»[1]։ 2010-2014 թթ․-ին ընդհանուր թվով շահագործվող 14 հանքերից ութը գործել են վնասով։ Դրանց մեծ մասը վնասներ արձանագրել է ամեն տարի։ «Այսպիսով, ստացվում է, որ հանքարդյունահանման արտոնագրերը շնորհվել են անկենսունակ ծրագրերի համար», նշված է զեկույցում[2]։

Անդրադառնալով Հայաստանում վնասով աշխատող հանքարդյունաբերական գործունեությանը, ՀԲ փորձագետները նշում են, որ այս ձախողումը հատկապես էական է, քանի «որ վերջին 7-8 տարվա ժամանակահատվածը համարվում է ապրանքների պատմականորեն բարձր գների շրջան»։ Ավելին, վնասներ արձանագրվել են անգամ այն պարագայում, երբ հանքարդյունաբերական գործունեությունը Հայաստանում ունի զրոյին ձգտող բնապահպանական ծախսեր։ Վերջին այս միտքն շատ ավելի մեղմ է ձևակերպված զեկույցում՝ նկատելով, որ «վատ կատարողական արդյունքները տեղի են ունեցել այն նույն ժամանակ, երբ աղտոտման կանխարգելման և շրջակա միջավայրի կառավարման համար համարժեք միջոցներ չէին հատկացվում [հանքարդյունաբերական ընկերությունների կողմից]․․․»[3]։ 

Վնասով աշխատելու նման պատկերը շարունակական է եղել։ 2017թ․-ի դրությամբ մետաղական հանքարդյունաբերության նպատակով տրված 28 թույլտվությունների պարագայում կար յոթ շահագործվող հանք, իսկ Ամուլսարի հանքը գտնվում էր շինարարական փուլում։ Մեկ այլ հանքի՝ Թեղուտի շահագործումը դադարեցվել է այս տարվա հունվարին՝ շահագործվող հանքերի թիվը դարձնելով վեցը՝ գումարած դեռևս շինարարական փուլում գտնվող Ամուլսարը։ Թեղուտի հանքն իր մեծությամբ երկրորդն էր Հայաստանում։ 

Պետք է նշել, որ վնասներ և գործունեության դադարեցումներ արձանագրվել են չնայած Հայաստանում գործող ադեկվատ ֆիսկալ ռեժիմին։ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի՝ «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրի կողմից կատարված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների համար ռոյալթիի և հարկերի ընդհանուր բեռը չափազանց ողջամիտ է, իսկ իրականում՝ միջին մակարդակի, եթե համեմատում ենք հանքարդյունաբերության ոլորտի համանման կառուցվածք ունեցող այլ երկրների հետ[4]։ ՀԲ-ում նույնպես հանգել են նմանօրինակ եզրակացության։ 

Այսուամենայնիվ, 2017թ․-ին Հայաստանի կառավարությունն է՛լ ավելի մեղմացրեց ֆիսկալ ռեժիմը ընդերքօգտագործողների համար։ Մինչ այդ հարկային օրենսգիրքը թույլ էր տալիս, որպեսզի մետաղների իրացման պայմանագրային գները, որոնց հիման վրա հաշվարկվում էր ռոյալթին, Լոնդոնի մետաղների բորսայի (ԼՄԲ) գնանշումներից շեղվեն տասը տոկոսով։ ԼՄԲ-ով սա պայմանավորելը կարևոր գործիք է հանքարդյունաբերության ոլորտում՝ գոնե մասնակիորեն գնագոյացման ռիսկերը կառավարելու առումով։ 2017թ․-ին Հայաստանի կառավարությունը հանքարդյունաբերական ընկերությունների թույլատրեց ԼՄԲ գնանշումներից մինչև 20% շեղում ունեցող պայմանագրային գներ՝ արդյունքում հանքարդյունաբերողների համար հնարավորություն ստեղծելով սեփական ծախսերի բեռի շատ ավելի մեծ մաս փոխանցել պետբյուջեին։ Ֆինանսական այս միջոցառման հիմնավորման վերլուծությունը կարող է մեկ այլ քննարկման առարկա դառնալ, այժմ միայն նշենք, որ ոլորտի քաղաքականության և կառավարման հարցերի շարքում այն առանցքային պետք է համարվի։

Եթե ֆինանսական ձախողումները առնչվեին միայն մեկ կամ երկու ընկերության, ապա ոչ պատշաճ կառավարման հարցը, թերևս, նման կտրուկ կերպով չէի բարձրացնի։ Այն փաստը, որ ֆինանսական ձախողումը եղել է համատարած, ստիպում է մեզ պատասխաններ փնտրել առաջին հերթին թույլտվությունների տրամադրման հարցերով որոշումների կայացման գործընթացում։ ՀԲ զեկույցը նույնպես հանգում է նույն եզրակացությանը՝ առաջարկելով որդեգրել հանքարդյունաբերության ոլորտի այնպիսի քաղաքականություն, որն ի վիճակի կլինի բացառել նման ծրագրերը Հայաստանում։

Մետաղական հանածոների արդյունահանման ծրագրերը Հայաստանում 2015 թ. դեկտեմբերի դրությամբ:

Այժմ անդրադառնանք ձախողումներից առ այսօր գրանցված ամենախոշորին՝ Թեղուտի հանքին, որը գտնվում է Լոռու մարզի հյուսիսում, հայ-վրացական սահմանից 25 կմ հեռավորության վրա։

Չնայած բնապահպանական խմբերի կողմից 5-6 տարի շարունակ իրականացվող բողոքի ակցիաներին, Թեղուտ ՓԲԸ-ն, որը Լիխտենշտեյնում գրանցված «Վալլեքս Գրուպ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ստացավ պղինձ և մոլիբդեն արդյունահանելու թույլտվություն։ Ըստ այդ թույլտվության պայմանների վերջին փոփոխությունների, այն տրվել է տասնհինգ տարի ժամկետով (2013-2027)։ 

Պլանավորման և կառուցման փուլում նշվում էր, որ հանքավայրն ունենալու է ջրի վերամշակման փակ շրջանառու համակարգ, ջրանցքներ՝ անձրևաջրերի հեռացման համար, անտառահատման փոխհատուցման միջոցառումներ և այլն։ Իրականացվող փիառ միջոցառումների շրջանակներում երիտասարդները, ընկերության տարբերանշանով վերնաշապիկներով և ընկերության դրոշներով, երթով քայլում էին Երևանի փողոցներով և մարդկանց համոզում, որ հանքավայրը լինելու է օգտակար հանածոների կայուն արդյունահանման օրինակելի նմուշ, որի նմանը տարածաշրջանում դեռ ոչ ոք չի տեսել։

2013թ․-ի օգոստոսին դանիական կենսաթոշակային ֆոնդը՝ PensionDanmark-ը, Դանիայի Արտահանումների վարկավորման հիմնադրամի՝ EKF-ի միջոցով համաձայնեց տրամադրել 350 մլն դանիական կրոն (ըստ այդ պահին գործող փոխարժեքի՝ մոտ 62 մլն դոլար) վարկային միջոցներ։ Թեղուտ ՓԲԸ-ն պետք է այս միջոցներով դանիական FLSmidth[5] ընկերությունից գներ վերամշակման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներ։

PensionDanmark-ի գլխավոր տնօրեն Թորբեն Մյոգեր Պեդերսենը ծրագրից ակնկալվող կրկնակի օգուտն այսպես ամփոփեց․ «Այս գործընկերությունը մի կողմից մեր անդամների համար կապահովի պարտատոմսերից ստացվող եկամտից շատ ավելի բարձր շահույթ, իսկ մյուս կողմից այն կօգնի ունենալ Դանիայից արտահանումների պատվերներ այն դեպքում, երբ ավանդական ֆինանսավորման հնարավորությունները սուղ են»։

Նույն հայտարարության մեջ PensionDanmark ընկերությունը նշում է, որ «ֆինանսավորման համաձայնության պայմաններից է հանքարդյունաբերական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի և անվտանգության միջազգային պահանջների պահպանումը»։ EKF-ի գործադիր տնօրեն Անետ Էբերհարդը վերահաստատել է, որ կատարվող ներդրումը «կապահովի համապատասխանություն միջազգային բարձր ստանդարտների հետ»։ Նա նշել է՝ «մենք բնականաբար ուրախ ենք այս համաձայնության կնքման համար, որը կնպաստի դանիական արտահանումների աճին և, որն ավելի կարևոր է, սա արվում է մի ծրագրի համար, որը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կսահմանի նոր ստանդարտներ։ Մենք մի շարք պահանջներ ենք առաջ քաշել, ինչը նշանակում է, որ հանքավայրը կլինի Հայաստանում առաջինը, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին»։

Հանքարդյունաբերող ընկերությունն ակնհայտորեն կարողացել է փարատել ներդրողի մտահոգությունները «շրջակա միջավայրի և անվտանգության միջազգային պահանջների» հետ համապատասխանության առումով, քանի որ EKF-ն ի վերջո տրամադրեց համապատասխան միջոցները, դանիական սարքավորումները գնվեցին և տեղափոխվեցին Հայաստան, դրանք սկսեցին կիրառվել հանքավայրի շահագործման ընթացքում, առաջին եկամուտը ապահովվեց 2015թ․-ին։

Սակայն, շահագործման մեկնարկից երկու տարի անց, 2017թ․-ի հոկտեմբերին EKF-ը հայտարարեց, որ դադարեցնում է Թեղուտի ֆինանսավորումը կնքված համաձայնագրի և զգուշացումների շարունակական խախտումների պատճառով[6]։ Տարածված մամլո հաղորդագրության մեջ EKF-ը նշել է, որ ֆինանսավորումը դադարեցնելու «որոշման մի մասի պատճառ են հանդիսացել» երկու էական բացթողումներ.

●   Հանքի ջրհավաք ավազանի հոսքաջրերը ողողել են հարակից տարածքները։ EKF-ը բազմաթիվ առիթներով ուշադրություն է հրավիրել այս խնդրի վրա։

●   Չնայած EKF-ի բազմաթիվ պահանջներին՝ շահագործող ընկերությունը չի կարողացել փաստաթղթերով ապացուցել, որ պոչամբարը համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Նշվել է նաև մի երրորդ գործոն, որը թեպետ հանքավայրի մաս չի կազմում, սակայն թվում է, որ ազդել է ներդրողի՝ ֆինանսավորումը դադարեցնելու մասին վերջնական որոշման վրա։ Թեղուտի պղնձի հանքաքարի մի մասը վերամշակվում է Ալավերդու պղնձաձուլարանում, որի սեփականատերը «Վալլեքս Գրուպ» ընկերությունն է։ EKF-ը նշում է, որ պղնձաձուլարանում առողջության և անվտանգության պահպանման պայմանները բացարձակապես անընդունելի են։ Այն հանքարդյունաբերող ընկերությանը բազմիցս զգուշացրել է «ձուլարանում գործող ծայրահեղ վատ աշխատանքային պայմանների մասին և ընկերությանը կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ առավել ընդունելի աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով»։ Հանքարդյունաբերող ընկերությունը՝ Թեղուտ ՓԲԸ-ն, փաստորեն չի կարողացել արձագանքել նաև ներդրողի այս զգուշացմանը։

Հայտնի չէ, թե արդյոք սրանք են այն բոլոր պատճառները, որոնք հանգեցրել են EKF-ի կողմից ֆինանսավորման դադարեցմանը։ Օրինակ՝ չգիտենք, արդյոք Թեղուտ ՓԲԸ-ն իր վարկային պարտավորությունները կատարում էր ժամանակին և ըստ համաձայնագրի պայմանների, թե ոչ։ Հայտնի է միայն, որ 2018թ․-ի հունվարին «Վալլեքս» ընկերությունը հայտարարեց, թե անժամկետ դադարեցնում է Թեղուտի շահագործումը, դադարեցնում է նաև իր 1032 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը[7]։ 

«Վալլեքս» ընկերությունը տարածեց հետևյալ հաղորդագրությունը, որը ոմանց մոտ թերահավատություն առաջացրեց, մյուսների մոտ՝ շփոթմունք, ինչպես նաև մտահոգություն. «Ներկա փուլում «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կարիք է առաջացել ներգրավել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային հեղինակություն ու ճանաչում ունեցող կազմակերպությունների՝ ծավալուն գիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու և ընկերությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ գործնական լուծումներ տալու և, ի թիվս այլոց, հանքաքարի վերամշակման տեխնիկական և տեխնոլոգիական առավել բարձր ցուցանիշներ ապահովելու համար՝ հանքավայրի շահագործման ընդլայնման արդյունքում նախատեսվող արտադրական ծավալների հաշվառմամբ»[8]։

 

Թերահավատությունը պայմանավորված էր նրանով, որ որևէ անդրադարձ չկար EKF-ի կողմից բարձրացված շրջակա միջավայրին առնչվող մտահոգություններին։ Շփոթությունը տեղիք տվեց այն, որ հանքավայրը սկսել էր գործել ընդամենը երկու տարի առաջ՝ կիրառելով Դանիայից ներմուծված գերժամանակակից տեխնոլոգիաներ։ Եվ, վերջապես, ի՞նչ է նշանակում «Վալլեքս» ընկերության հայտարարությունը։ Մի՞թե նշված նպատակների համար չէր տրամադրվել շուրջ 62 մլն ԱՄՆ դոլար դանիական վարկը։

Մտահոգիչ էր այն, որ, միգուցե, հանքում առկա չէին նախապես հայտարարված պաշարները։ Այնպես որ, միգուցե, այս ամենը ընդամենը պատրվակ է հանքարդյունահանման համար առավել ընդարձակ տարածք պահանջելու համար (ինչը նշանակում է շրջակա միջավայրի նկատմամբ ավելի մեծածավալ և չվերահսկվող ոտնձգություն)։ Շրջակա միջավայրին առնչվող մտահոգությունների կամ հանքավայրի ապագայի վերաբերյալ «Վալլեքսի» կողմից որևէ հայտարարություն չի հնչել։

Թեղուտի շահագործման մեկնարկի և փակման այս պատմությունը մի շարք հարցեր է բարձրացնում։ Թերևս, բազմաթիվ քննարկումներ կարող են և պետք է ծավալվեն ցածրորակ բնապահպանական և սոցիալական կառավարման պայմանների պարագայում օտարերկրյա ներդրումների օգուտների և վնասների շուրջ։ Սակայն սույն վերլուծության առանցքային հարցը հետևյալն է՝ ո՞ւր էին պետական հաստատությունները այս ընթացքում։

Ինչո՞վ էր զբաղված պետությունը, երբ կառուցվում, այնուհետև շահագործվում էր Թեղուտը, երբ EKF-ը նախ ներդրումներ էր կատարում էր և ապա հանքարդյունաբերող ընկերությանը զգուշացումներ և վերջնագրեր հղում։ Ո՞ւր էին բնապահպանական, աշխատանքային առողջության, անվտանգության, տեխնիկական կառույցների թույլտվությունների և, վերջապես, հանքավայրի ստուգումները, որոնք շահագործման պայմանների համապատասխանություն կապահովեին։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ է պետությունն իրականացրել իր կարգավորող դերակատարության այն մասը, որն առնչվում է երկրի մեծությամբ երկրորդ հանքավայրի շահագործմանը։

Միջանկյալ մեկ դիտարկում. նախքան առանցքային հարցին անդրադառնալը կուզենայի նշել, որ այս տարվա մարտի 21-ի խորհրդարանական լսումների ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարարը հայտարարեց, որ Թեղուտի շահագործման աշխատանքները կվերսկսվեն 2018թ-ի վերջին կամ 2019թ-ի սկզբին։ Սա իսկապես հետաքրքիր հայտարարություն է, քանի որ այն արվում է ոչ թե «Վալլեքս»-ի, այլ՝ պետության ներկայացուցչի կողմից։ Ընդ որում, նախարարի այս հայտարարությունը հնչում է այնպիսի համատեքստում, երբ պետության ոչ մի ներկայացուցիչ որևէ կերպ չի անդրադառնում Թեղուտի շուրջ շրջակա միջավայրի, անվտանգության, պայմանագրային կամ ֆինանսական հարցերին առնչվող բազմաթիվ մտահոգություններին։

 

Եվ նորից․ ո՞ւր էր պետությունը։

Պարզվում է, որ այս ժամանակահատվածի մի զգալի ընթացքում պետական կառավարման առանցքային գործառույթները կասեցված են եղել։ Սկսած 2015թ․-ի օգոստոսից մինչև 2017թ․-ի դեկտեմբեր ամիսը մորատորիում է հայտարարված եղել ստուգումների  մեծ մասի նկատմամբ։ Կառավարության՝ հանրորեն հասանելի հիմնավորումն այն է եղել, որ սա իրականացվել է բիզնեսի համար խոչընդոտների վերացման նպատակով։ Համապատասխան հանքարդյունաբերական և բնապահպանական ստուգումներ իրականացնող մարմինները ներգրավվել են միայն այն դեպքում, երբ հարկային տեսչությունը, որի գործողություննեը չեին կասեցվել, խնդրել է ընկերություն կատարվող այցելությունների ժամանակ ուղեկցել իրենց։

Քարտեզը ցույց է տալիս 2015 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանում պահպանվող այն տարածքները, որտեղ տրամադրված են հետախուզման և արդյունահանման արտոնագրեր:

Թեև նախապես պլանավորված ստուգումներ չեն եղել, նախարարությունները և համապատասխան տեսչությունները պարտավոր էին հետաքննել քաղաքացիների կամ կազմակերպությունների կողմից ներկայացված հիմնավորված բողոքները։ Քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ջանքերն առ այն, որպեսզի հանրային իշխանություններն իրականացնեն իրենց իսկ կառավարման գործառույթները, մասնավորապես կապված Թեղուտի դեպքի հետ, ունեն տասնամյա պատմություն, որի ընթացքում բազմաթիվ բողոքներ են ներկայացվել պետական գործակալություններին, եղել են դատական հայցեր, որոնցից մի քանիսը հասել են սահմանադրական դատարան, միջազգային դատարաններ, ինչպես նաև բողոքներ ընդունող միջազգային այնպիսի կառույց, ինչպիսին է Ժնևում գտնվող Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն։

 

Այս գործողություններից ոմանց արդյունքում գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն, ընդհանուր առմամբ, Թեղուտի հանքավայրի՝ պետության (և հանրության) տեսադաշտից դուրս գտնվելու առումով որևէ արդյունք չի գրանցվել։ Թեղուտի և մոտակա Շնող գյուղի բնակիչների հետ միասին այս ջանքերում ներգրավված են քաղաքացիական հասարակության մեծ թվով կազմակերպություններ, այդ թվում՝ Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը, «Էկոդար» ՀԿ-ն, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը։ Թեղուտի հանքավայրի հետ առնչվող բոլոր գործողությունների, փաստերի, քայլերի, իրավական ռազմավարությունների և մանևրերի, հաջողությունների և ձախողումների վերանայման և վերլուծության համար չափազանց շատ ժամանակ կպահանջվի[9]։ Սակայն, նպատակ ունենալով ընդգծել այս հարցում պետական կառավարման ձախողումը, հակիրճ անդրադառնանք քաղաքացիական հասարակության կողմից նշված գործողություններից մեկին՝ ուղղված արդյունավետ պետական կառավարման ապահովմանը։

2015թ․-ի մայիսի 18-ին ՀՀ վարչական դատարանը ՎԴ/1726/05/15 գործով քննության է առել ՀՀ Լոռու մարզի բնակիչ Սուսաննա Շախկյանի և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպության համատեղ հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության։ Հայցվորները պահանջում էին, որպեսզի դատարանը պատասխանող կողմին պարտավորեցնի ստուգումներ իրականացնել Թեղուտ ՓԲԸ-ում և հանքավայրում։

Հայցվորները պնդում էին, որ քաղաքացիական հասարակության խմբերն ունեն «անհերքելի փաստեր [․․․], որոնք ցույց են տալիս, որ հանքարդյունաբերող ընկերությունը նշանակալիորեն շեղվել է ծրագրի՝ նախապես հաստատված պայմաններից․․․»։ Հանքը արդեն նոր պայմաններով շահագործելու նպատակով, ըստ ներկայացված բողոքի, «ընկերությունը պետք է դիմեր նոր թույլտվության համար, անցնելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի և քայլերի միջով, այդ թվում՝ հանրային քննարկումների բոլոր փուլերով։ Այդ ստուգումները անհրաժեշտ էին՝ համապատասխան խախտումները և դրանց հետևանքները օրենքով սահմանված կարգով բացահայտելու նպատակով»։

Դատական հայցին նախորդել էին քաղհասարակության տարբեր խմբերի կողմից տարիներ տևած ջանքերը՝ միտված բնապահպանության նախարարությանը ստուգումներ իրականացնել պարտավորեցնելուն, ինչը, ըստ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի, վերջինս հրաժարվում էր կատարել՝ բերելով տարբեր պատճառաբանություններ, հատկապես նշելով, որ ծրագիրը գտնվում է շինարարական փուլում և հնարավոր չէ վերհանել որևէ շեղում նախքան շահագործման աշխատանքների մեկնարկը։ ՀՀ բնապահպանության նախարարությանը ստուգումներ իրականացնել պարտավորեցնելուն ուղղված ջանքերը և նախարարության անգործության արդյունքում քաղաքացիների իրավունքների խախտումները տեղ են գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013 և 2014 թվականների զեկույցներում[10]։

2015թ․-ի հուլիսի 1-ին, գործը վարույթ ընդունելուց մեկ ու կես ամիս հետո, բնապահպանության նախարարությունը դատարանին է ներկայացնում նամակ, ըստ որի՝ համաձայն նախարարի №000115 հրամանի, որն արձակվել էր դրանից մի քանի օր առաջ, համապատասխան տեսչական գործակալություններին հանձնարարվել է ստուգումներ իրականացնել Թեղուտ ՓԲԸ-ում։ Այս ստուգումը պետք է իրականացվեր 2015թ․-ի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 24-ին գումարված դատական նիստի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը դատարանին միջնորդում է կարճել գործը այն հիմքով, որ նախարարությունն արդեն իրականացնում է հայցվորների կողմից պահանջված ստուգումները։ Այդպիսով, նախարարությունը նաև պնդում էր, որ կողմերի միջև այլևս վեճ գոյություն չունի։

Հայցվորների փաստաբան Հայկ Ալումյանն ի պատասխան միջնորդում է, որպեսզի պատասխանող կողմը ներկայացնի լրացուցիչ ապացույցներ ստուգումների ընթացքի վերաբերյալ, ինչին պատասխանող կողմն արձագանքում է, որ նախարարի հրամանն արդեն իսկ բավարար ապացույց է՝ նորից պնդելով կարճել գործը։ Դատարանը համաձայնեց պատասխանող կողմի հետ և 2015թ․-ի օգոստոսի 25-ին գործի վարույթը կարճվեց։ Դատարանը նախարարությանն ընդամենը պարտավորեցրեց փոխհատուցել հայցվորների կողմից կատարված 8 հազար ՀՀ դրամի դատական վճարները (մոտ 15 ԱՄՆ դոլար)։ 

Մետաղական հանածոների հետախուզման համար տրված լիցենզիաները 2015 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ:

Այս ամենին զուգահեռ, 2015թ․-ի հուլիսի 30-ին, բնապահպանության նախարարության կողմից Թեղուտ ՓԲԸ-ում ստուգումներ անցկացնելու մասին հրամանի վերջնաժամկետից (օգոստոսի 4) չորս օր առաջ, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում, սկսած օգոստոսի 1-ից, հարկային և մաքսային ստուգումներից բացի կասեցնել բոլոր տեսակի ստուգումները հնգամսյա ժամկետով։ Այս մորատորիումն այնուհետև երկարացվել է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մինչև 2017թ․-ի դեկտեմբեր։ Մինչդեռ, ըստ ամփոփագրի, դատական նիստի ժամանակ նախարարության ներկայացուցիչը չի նշել այս նոր որոշման մասին և թե ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ արդեն իսկ հրահանգված ստուգումների վրա:

Գործի վարույթի կարճումից մեկ ամիս հետո 2015թ․-ի սեպտեմբերի 28-ին «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն (արդեն կարճված գործով հայցվոր) գրավոր դիմում է ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել նախարարության կողմից հրահանգված ստուգումների արդյունքները։ 2015թ․-ի հոկտեմբերի տասին №5/23/54059 թվագրությամբ պատասխան նամակով բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ստուգման արդյունքները չեն կարող հրապարակվել, քանի որ դա անելու համար ստուգումը պետք է ավարտվի ըստ օրենքով սահմանված կարգի և ընթացակարգերի, որի ավարտից հետո միայն արդյունքները կհրապարակվեն պաշտոնական զեկույցի տեսքով։

«Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպությունը որոշեց սպասել, և երբ 2017թ․-ի դեկտեմբերին ավարտվեց բոլոր ստուգումների վրա հայտարարված մորատորիումը, արդեն 2018թ․-ի փետրվարին հասարակական կազմակերպությունը գրավոր դիմեց բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել Թեղուտ ՓԲԸ-ի ստուգման վերջնական հաշվետվությունը։ 2018թ․-ի փետրվարի 23-ի պատասխան նամակով նախարարությունն ուղարկել է նույն տարվա փետրվարի 20-ին բնապահպանական տեսչության կողմից տրամադրված նամակ, ըստ որի ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Թեղուտ ՓԲԸ-ում երբևէ որևէ ստուգում չի նախաձեռնվել և իրականացվել։ Այս պատասխանից ապշած և զայրացած՝ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահը լրատվական կայքի հետ զրույցում նշում է՝ «ստացվում է ինչ՝ դատարանին խաբե՞լ են։ Հիմա, սա նոր երևան եկած հանգամանք է, և մենք նորից դիմում ենք դատարան, որ գործի վարույթը վերսկսվի։ Մեր պահանջն է, որ Թեղուտ ՓԲԸ֊ում բնապահպանական տեսչությունը իրականացնի ստուգումներ»[11]։

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախարարությունը, կառավարությունը և դատարանը, կարծես համախմբված, բեմադրել են թատերական մի ներկայացում, որը խոչընդոտել է քաղաքացիների և քաղհասարակության ջանքերը՝ ուղղված պետական մարմիններին կառավարման իրենց հիմնական գործառույթները իրականացնել պարտավորեցնելուն, կապված մի ծրագրի հետ, որը զգալի սոցիալական, բնապահպանական և տնտեսական ռիսկեր է պարունակել տարածաշրջանի և երկրի համար։ Ցավալի հեգնանքն այստեղ այն է, որ պետությունը սա արել է տնտեսական զարգացման քողի ներքո, ինչը տապալվեց հենց նույն Թեղուտում։

Իհարկե, վերոնշյալ պատմությունն ընդամենը քաղաքացիական հասարակության միայն մեկ կազմակերպության ունեցած փորձառությունն է, որը հետևողականորեն ստիպել է կառավարությանն իրականացնել կառավարման իր գործառույթը հանքարդյունաբերական կոնկրետ ծրագրի հետ կապված։ Սակայն կառավարման կոպտագույն ձախողումները Հայաստանում եղել են համատարած։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

 

●      Սյունիքի մարզում Ագարակի հանքավայրի պոչանքները ուղղակիորեն լցվում են Արաքս գետը՝ թափվող բաց ջրատարների միջոցով։ Պետությունն անկարող է եղել վերացնել այս երևույթը։ Նույն հանքավայրի փակված պոչամբարներից մեկը, որը չունի հողածածկ, արտանետում է մեծ քանակությամբ պոչանքի փոշի, որը հողմահարման միջոցով հասնում է Ագարակ քաղաք և համայնքի գյուղատնտեսական նշանակության հողեր։ Նույն հանքարդյունաբերողն ունի պոչամբար, որի պոչատարներից զգալի արտահոսքեր են նկատվել 2016թ․-ին կատարված այցելության ժամանակ։

●      Սյունիքի մարզում գտնվող Քաջարանի հանքավայրն իր պոչանքները տեղափոխում է Կապանից 30 կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկի պոչամբար՝ օգտագործելով հսկայական քանակությամբ ջուր։ Ջրային ռեսուրսների այս քանակությամբ օգտագործումն անընդունելի պիտի համարվի և նվազեցվի համահունչ միջազգային չափանիշներին։ Ամենասարսափելին այն է, որ պոչամբարի ջուրը, առանց ենթարկվելու որևէ մաքրման, բաց է թողնվում դեպի Օխտար գետը, որտեղից էլ այնուհետև հոսում է դեպի Ողջի գետ։

●      Կավարտի չգործող հանքավայրը նախկինում եղել է Կապանի ոսկու հանքավայրի մաս, որն այնուհետև նախորդ սեփականատիրոջ կողմից, ակնհայտորեն նաև պետական մարմինների մասնակցությամբ, առանձնացվել է հանքավայրի արտադրական մասից։ Այս շրջանը Հայաստանում թթվային ապարաների դրենաժի աղտոտման ամենավատ աղբյուրներից է, որի առնչությամբ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել։ Տեղական համայնքների բողոքները բախվել են խուսափողական պատասխանների։

●      Ակտիվիստների տարբեր խմբեր ուսումնասիրություններ են կատարել և բարձրաձայնել Ամուլսարի հանքավայրի և այնտեղ թթվային ապարների դրենաժի հետ առնչվող ռիսկերի մասին։ Պետությունը բավականաչափ կամք կամ պարզապես իրավական մեխանիզմներ չի ունեցել այդ ուսումնասիրությունները դիտարկելու համար։ Մի՞թե սրա պատճառն այն է, որ պետությունն իսկապես համոզված է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու իր կարողությունների վրա և վստահ է, որ բոլոր ռիսկերը պատշաճ կերպով կգնահատվեն ՇՄԱԳ ընթացքում։ Միգուցե պետությունն անկարո՞ղ է անդրադառնալ նախկինում թույլ տրված քաղաքականության և տեխնիկական թերություններին՝ մի ծրագրի շրջանակներում, որը կարող է երկարաժամկետ լինել և էական ազդեցություն ունենալ երկրի չափազանց զգայուն մի հատվածի վրա։ Արդյոք օրենքը թույլ չ՞ի տալիս քննարկել նոր փաստեր եւ ապացույցներ, երբ դրանք առաջանում են:

●      Լոռու մարզում գտնվող Ախթալայի հանքավայրը աղտոտման ռիսկային աղբյուր է եղել հարակից համայնքների համար։ Այն նաև թույլ է տվել, որպեսզի պոչանքների հոսքաջրերը ուղղակիորեն թափվեն Դեբեդ գետը։ Պետությունը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկել՝ միտված ընկերության կողմից աղտոտումը կանխելուն։

 

Այսուհանդերձ, ոլորտում դրական փոփոխությունների հույս կա, թեպետ ճանապարհը երկար է լինելու։ 2018թ․-ի մայիսի 22-ին հերթական ուղիղ եթերի ժամանակ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրահանգել է ստուգումներ իրականացնել երկրում գործող բոլոր մետաղական հանքարդյունաբերողների մոտ։ Քաղաքական նման կամքի առկայությունը միանշանակ ողջունելի է, թեև բարձր ռիսկայնություն ունեցող կառույցների պլանավորված ստուգումներ պահանջվում են նաև օրենքով։

Վարչապետը նաև հայտարարել է, որ կոչ է անում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մամուլի ներկայացուցիչներին մասնակցել այս ստուգումներին՝ նպատակ ունենալով ապահովել ամբողջական թափանցիկություն։ Սա նույնպես ողջունելի է։ Սակայն հավասարապես կարևոր է այս ստուգումների կազմակերպման կոմպետենտությունը։ Բնապահպանական բոլոր փորձագետները գիտեն, որ «սատանան մանրուքների մեջ է»։ Շատ բան է կախված ստուգումներ իրականացնողների կարողություններից, նրանց կոնկրետ մանդատից, անկախությունից և միջազգային ստանդարտների ու փորձի մասին ունեցած պատկերացումից։ Նախքան ստուգումների իրականացումը կառավարությունը պետք է ցույց տա, որ լիարժեք կերպով տեղյակ է այս բոլոր մտահոգությունների մասին։ Ցանկալի կլինի նաև, որպեսզի կառավարությունը ուղեցույցներ պատրաստի հանքարդյունաբերական օբյեկտներ ստուգումների նպատակով այցելող ոչ փորձագետ անձանց համար։

Կարևոր առաջին քայլ կարող է լինել սկզբնական ստուգումներ իրականացնող բարձր մակարդակի փորձագետների թիմի նշանակումը, որտեղ պետք է ներգրավված լինեն նաև միջազգային փորձագետներ։ Տեսչական խմբին պետք է նաև հասանելի լինեն հանքարդյունաբերող ընկերությունների կողմից պատրաստված շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության վերաբերյալ բոլոր ներքին հաշվետվությունները։ Տեսչական այս աշխատանքների բոլոր ծախսերը պետք է հոգան հենց հանքարդյունաբերող ընկերությունները։ Միջազգային հանրությունը ՀՀ կառավարությանը կարող է աջակցել տեսչական խմբում միջազգային հեղինակավոր փորձագետներ ներգրավելու հարցում։

Ստուգումները պետք է սկսվեն Թեղուտի հանքավայրից, քանի որ այս դեպքում որոշակի հրատապության խնդիր կա. հեղինակավոր միջազգային ներդրողը դադարեցրել է ֆինանսավորումը, նշելով բնապահպանական խոշոր խնդիրների մասին՝ կապված պոչամբարի և այնտեղից դեպի շրջակա միջավայր շարունակական արտահոսքերի հետ։ Այս մտահոգությունների շուրջ մինչ այժմ մեկնաբանություններ չեն եղել հանքարդյունաբերող ընկերության, պետական ինստիտուտների կամ որևէ պետական գործակալության կողմից։

Նպատակը պետք է լինի փաստերի և ռիսկերի հստակ ու անկեղծ բացահայտումը, լուծումներ առաջարկելը։ Նոր կառավարությունում պետք է հասկանան, որ ժառանգել են մի այնպիսի պատասխանատվություն, որը, վճռական քայլեր չձեռնարկելու դեպքում, մնալու է իրենց ուսերին՝ հատկապես, եթե պոչամբարների հետ կապված որևէ աղետ տեղի ունենա։

Մայիսի 22-ի ուղիղ եթերի ընթացքում վարչապետի կողմից հայտարարվել է նաև հետախուզական և հանքարդյունաբերական նոր թույլտվությունների սառեցման մասին՝ մինչև չհետաքննվեն արդեն գոյություն ունեցող գործընթացներն ու կարողությունները։ Սա նույնպես ողջունելի քայլ է։ Հանքարդյունաբերական ոլորտի ներդրումները պետք է չափվեն տասնամյակների կտրվածքով։ Որևէ անհրաժեշտություն չկա հապճեպ որոշումներ կայացնելու՝ առանց լիարժեք հասկանալու առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Վարչապետը, սակայն, դեռևս չի անդրադարձել բնության հատուկ պահպանվող տարածքներում հանքարդյունաբերական շահագործման և հետախուզական աշխատանքների համար արդեն տրված թույլտվությունների խնդրին։

Ըստ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից իրականացված վերլուծության՝ Սյունիքի մարզում օգտակար հանածոների հետախուզական աշխատանքների համար տրված և 2015թ․-ի վերջի դրությամբ գործող 19 թույլտվություններից 11-ը մասնակիորեն կամ գրեթե ամբողջությամբ գտնվել են հատուկ պահպանվող տարածքներում։ Սա անընդունելի է և հերթական անգամ ցույց է տալիս գոյություն ունեցող արհամարհանքը բնության, այդ թվում՝ տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանության պահպանության նկատմամբ։ Նման հետախուզական աշխատանքների քաղաքականությունը պետք է վերանայվի։

Փաստված է հանքարդյունաբերական քաղաքականությանը, օրենսդրությանն ու պրակտիկային առնչվող մոտ տասնհինգ խնդիր, որոնք պետք է վերանայվեն կամ բարելավվեն։ Օրինակ, մեծ բացթողում է, որ Հայաստանը դեռևս չունի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականություն և ռազմավարություն։ Սրա մասին նշվել է նաև ՀԲ 2016թ․-ի զեկույցում։ Նոր կառավարությունը պետք է լիարժեք կերպով ձեռնամուխ լինի այս քաղաքականության մշակման գործընթացին։ Այն նաև պետք է ապահովի այդ գործընթացի բաց լինելը և շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավվածությունը։ Քաղաքականությունը չպետք է մշակվի փակ դռների ետևում և միայն ընտրովի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Համաշխարհային բանկը Հայաստանին միջոցներ է հատկացրել այս կարևոր գործընթացն իրականացնելու համար, և Հայաստանն այն հաջողությամբ պետք է օգտագործի։

Կան նաև որոշ դրական միտումներ, որոնց սկիզբը դրվել է նախորդ կառավարության օրոք և որոնք պետք է շարունակել՝ այդ ծրագրերի հաջող իրականացումը ապահովելու համար։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) միանալու Հայաստանի հայտը բավարարելու դեպքում Հայաստանին կընձեռվեն ոլորտի ֆինանսական թափանցիկությունն ապահովող հզոր գործիքներ։ Այն նաև ապահովում է բազմաշահառու կառավարման հարթակ, որը կառավարման ոլորտում հնարավոր կդարձնի նոր ինստիտուցիոնալ զարգացումների իրականացումը։

Բացի այդ, հանքարդյունաբերական թափոնների վերաբերյալ ընդերքի մասին օրենսգրքում 2016-2017 թթ․-ին կատարված փոփոխությունները էականորեն բարելավել են Հայաստանի օրենսդրությունն այդ ոլորտում՝ ընձեռելով կառավարման նոր գործիքներ, ինչպիսիք են հանքարդյունաբերական թափոնների կառավարման պլանները, հանքավայրերի փակման պլանները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխավորությունները։ Սրանք ճիշտ ուղղությամբ բարեփոխումներ են, որոնց իրականացման ճանապարհին սակայն խոչընդոտ են մարդկային և ինստիտուցիոնալ բացթողումները, և բնականաբար կա այս ամենը բարելավելու անհրաժեշտություն։ Կառավարությունը պետք է հետևողական լինի, որպեսզի այս գործիքները կիրառվեն և իրականացվեն արդյունավետ կերպով։

Սույն հոդվածով ցանկանում եմ ողջունել նոր կառավարության ջանքերը, որը ստանձնել է բոլոր ոլորտներում երկրի կառավարումը բարեփոխելու մանդատ։ Հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ձախողումներն այս առումով չափազանց ուսանելի կարող են լինել։ Նշված խնդիրները պետք է հաղթահարենք ամբողջությամբ՝ անդրադառնալով թե՛ հրատապ ճգնաժամերին, թե՛ երկարաժամկետ բարեփոխումներին առնչվող հարցերին։ Ամենամեծ դասը կարող է լինել այն, որ պատշաճ կառավարումը պահանջում է հանձնառություն պետական քաղաքականության բոլո՛ր նպատակների նկատմամբ՝ առողջ ազգաբնակչություն, առողջ հասարակություն, առողջ շրջակա միջավայր և առողջ տնտեսություն։ Կառավարման այդպիսի բարեփոխման շուտափույթ իրականացումը կարող է անհավանական թվալ, սակայն Հայաստանը արդեն գրանցել է հաջողություններ, որոնք մինչ այս անհավանական էին թվում։

                                             Հոդվածում տեղադրված քարտեզները Համաշխարհային Բանկի, "Հայաստան. Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում" զեկույցից (2016):
------------------------------------------
[1] Օգտակար հանածոների ոլորտի ռազմավարական կայունության գնահատում (2016), Համաշխարհային բանկ, էջ 65։ Զեկույցը հասանելի է այստեղ՝ http://crm.aua.am/files/2018/05/Armenia-Strategic-Assessment-ARM.pdf
[2] Նույն տեղում, էջ 109։
[3] Նույն տեղում, էջ 109։
[4] http://mlri.crm.aua.am/?q=fiscal-regime-analysis
[5] https://www.pensiondanmark.com/en/press/news-archive/2013/ekf-and-pensiondanmark-secure-financing-of-large-orders-for-flsmidth/, կայքէջի հասանելիության ամսաթիվ և ժամ՝ 2018թ․-ի մայիսի 21-ին, Երևանի ժամանակով 14:30-ին։
[6] http://www.ekf.dk/en/about-ekf/news/Pages/EKF-withdraws-financing-from-Armenian-mining-project.aspx, կայքէջի հասանելիության ամսաթիվ և ժամ՝ 2018թ․-ի մայիսի 21-ին, Երևանի ժամանակով 19:21-ին:
[7] http://teghout.vallexgroup.am/en/Information-Center-News-Vallex-Group-Companies-Announcement-13-02-2018, կայքէջի հասանելիության ամսաթիվ և ժամ՝ 2018թ․-ի մայիսի 21-ին, Երևանի ժամանակով 14:36-ին:
[8] http://teghout.vallexgroup.am/en/Information-Center-News-Vallex-Group-Companies-Announcement կայքէջի հասանելիության ամսաթիվ և ժամ՝ 2018թ․-ի մայիսի 21-ին, Երևանի ժամանակով 14:35-ին:
[9] Թեղուտին առնչվող այս գործողություններից մի քանիսին ծանոթանալու նպատակով այցելեք՝  http://ecoright.am/en/judicial-proceedings/teghut-environmental-inspections/ կամ՝ http://teghut.am/legal-processes-teghut/
[10] http://www.ombuds.am/
[11] «Բնապահպանները դիմելու են դատարան՝ պահանջելով վերաբացել Թեղուտի հանքի դեմ 2015֊ին կարճված գործը», մայիս 25, 2018, 11:18, epress.am։ Ամբողջական հոդվածը հասանելի է այստեղ։
 
 

 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team