hypnoticspiral1 hypnosis meditation motion background video loop sample2 9

Քարոզչությունը Հայաստանում 2018 թվականի ապրիլից առաջ

 

1991 թվականին անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի՝ մեկը մյուսին հաջորդող կիսա-ինքնակալական վարչակարգերը հետևողականորեն տարածում էին որոշակի արժեքներ ու գաղափարներ՝ կարծիք ձևավորող արդյունավետ մեխանիզմների և փորձված քարոզիչների միջոցով: Այս տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո պետական կառավարման համակարգը և մեդիադաշտը Հայաստանում անցումային շրջանում են: Ներկայում քաղաքական միջավայրը վերածվել է իշխանության համար պայքարի ասպարեզի, որտեղ տարբեր քաղաքական կուսակցություններ ու խմբեր ունեն սեփական մեդիառեսուրսները (այդ թվում և հեռուստաալիքներ): Ավելին, հայ հասարակությունն առերեսվել է իր հին արժեքները վերագնահատելու և նոր արժեքային համակարգ ու խմբային ինքնություն ստեղծելու մարտահրավերին, որն ասպարեզ է բացում մանիպուլյացիաների և քարոզչության համար:

Նախկին կառավարող վերնախավի սերմանած արժեքային համակարգը հիմնված էր այսպես կոչված ավանդական արժեքների վրա, ըստ որի ավանդական ընտանիքը հասարակության առանցքային կառուցվածքի հիմքում է: Հայի կերպարը, որ առաջ էր քաշում Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր հռչակած պահպանողական մոտեցմամբ, ուներ մի շարք այսպես կոչված «ազգային» առանձնահատկություններ: Նախ և առաջ, իսկական հայը բնութագրվում էր որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Երկրորդ, զինվորական ծառայությունը դարձել էր տղամարդկանց կարևոր բնութագիր: Այս միտումը հատկապես սրվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Արդյունքում, վերջին շրջանում մի շարք քաղաքական գործիչներ պարսավանքի են ենթարկվել բանակում չծառայելու համար, նույնիսկ եթե օրինական կամ արդարացված պատճառներ են ունեցել պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու համար: Պետության կողմից խրախուսված ավանդական պատկերացման համաձայն՝ կանանց առաջնային դերը ընտանիքի կին և մայր լինելն է: Վերջին տարիներին «ապագա զինվորի մայր» արտահայտությունը նույնպես դարձավ թեմայի շուրջ հանրային դիսկուրսի մաս:

Միլիտարիստական արժեքների քարոզչության գագաթնակետն «Ազգ-բանակ» հայեցակարգի ներմուծումն էր 2016 թվականի հոկտեմբերին: Հայեցակարգը տարածվեց պետության հետ փոխկապակցված մի շարք լրատվամիջոցների, այդ թվում և Հանրային հեռուստատեսության կողմից և պետական հաստատությունների, այդ թվում և Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջերով: Ըստ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ հայեցակարգը ստեղծվել է հասարակության և բանակի կապն ամրապնդելու նպատակով: Ըստ Սարգսյանի՝ «բոլոր կառավարական մարմինները, քաղաքացիական բնակչությունն ու մյուսները պետք է ճշգրտությամբ կատարեն իրեն դերը երկրի պաշտպանության գործում»: Սա հանգեցրեց պարտադիր զինվորական ծառայության և այլ հարցերի շուրջ հանրային լայն քննարկումների: Արդյունքում բանակում չծառայելու համար պետական պաշտոնյաների հանրային պարսավանքը վերջին երկու տարիներին դարձավ նորմ:

Հանրային կարծիքում ձևավորված «վերադաս քաղաքացու» կերպարը բնութագրում էր նրանց, ովքեր ծառայել էին բանակում: Չնայած ընդհանրապես զինվորականության և մասնավորապես Ղարաբաղի պատերազմի վետերանների (որոնք հայտնի են որպես Ազատության մարտիկներ) հանդեպ հարգանքը նոր միտում չէ Հայաստանում, «Ազգ-բանակ» հայեցակարգը զինվորական ծառայության՝ որպես «վերադաս» քաղաքացու բնորոշ հատկանիշի հետևողական քարոզչության առաջին փորձն էր: Այս նոր մոտեցման համատեքստում նախկին ռազմական ղեկավարներն ու զինվորները ներկայացվում էին որպես առաջատար քաղաքական պաշտոնների ավելի լավ թեկնածուներ: Այս պահպանողական, միլիտարիստական, տղամարդակենտրոն արժեքային համակարգի քարոզչությունը խտրական էր փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և ընդհանրապես նրանց հանդեպ, ովքեր համաձայն չեն ընդունել այս հստակ զատված և սահմանված դերերը:

Շատ հաճախ Հանրապետական կուսակցության և նրա դաշնակիցների այսպես կոչված ավանդական արժեքային համակարգը ոչ միայն խտրական էր, այլև հաճախ նաև ագրեսիվ ու բռնի: Օրինակ, ԼԳԲՏ համայնքի հանդեպ ագրեսիան տարածված խնդիր է Հայաստանում: Մի շարք դեպքերում ԼԳԲՏ համայնքի անդամները և ենթադրյալ անդամները ենթարկվում էին բռնության, հանցավոր գործողություններն իշխանությունների կողմից պատշաճ իրավական գնահատական չէին ստանում, իսկ ԼԳԲՏ համայնքի հանդեպ խտրականությունն ու բռնությունն արդարացվում էր խորհրդարանի պատգամավորների կողմից: 2012 թվականին հանրահայտ բար հրկիզվեց Երևանում. հանցանքը կատարվեց երկրի միասեռական համայնքի դեմ ատելությունից դրդված: Այն ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության (ՀՀԿ-ի մոտ դաշնակից) պատգամավոր Արծվիկ Մինասյանը ոչ միայն հրապարակավ պաշտպանեց կասկածյալներին, այլև հանդես եկավ երաշխավորությամբ: Մինասյանի պնդմամբ՝ նրանց գործողությունները համաչափ են և համապատասխանում են հայ հասարակության արժեքներին:

Ավանդական ընտանեկան արժեքների քարոզչությունը նաև հող է նախապատրաստել Հայաստանում ընտանեկան բռնության գոյությունը հերքելու և ապա իշխանությունների կողմից ընտանեկան բռնության զոհերին պաշտպանություն չտրամադրելու համար: 2010-2017 թվականներին առնվազն 50 կին է սպանվել իրենց զուգընկերների կամ նախկին զուգընկերների կողմից: 2017 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանի կառավարությունը վերամշակում էր ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծը, օրինագիծը կանխարգելող և պաշտպանական գործիքից արհեստականորեն վերածվեց բռնություն գործադրողների և վերապրածների միջև ընտանեկան «հաշտեցման մեխանիզմի»: 2017 թվականի նոյեմբերի կեսերին կառավարությունը վերանայեց օրենքը և ներառեց «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը»՝ որպես առանցքային սկզբունք: Մի շարք հանրային գործիչներ, այդ թվում և պատգամավորներ հանդես եկան հրապարակային հայտարարություններով՝ պնդելով, որ օրենքը հակասում է ավանդական հայկական արժեքներին:

Հայտարարությունները հեռարձակվեցին նախորդ կառավարության հետ կապակցված մի շարք լրատվամիջոցներով, այդ թվում և «Արարատ TV»-ով, որը Հանրապետական հեռուստաալիք էր, իսկ բոլորովին վերջերս ենթադրաբար գնվել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Կառավարության հետ փոխկապակցված հեռուստատեսային և առցանց լրատվամիջոցներն իրենց լուսաբանումներում ոչ միայն զանգվածաբար անտեսել են ընտանեկան բռնության հիմնախնդիրը, այլև մասնակցել են հատուկ գենդերային դերերի և գենդերահեն բռնության քարոզչությանը տեղական արտադրության սերիալների միջոցով: Ըստ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի իրականացրած համազգային հարցման՝ մի շարք դեպքերում ընտանեկան բռնության հանցագործությունների հիմնական պատճառը կարծրատիպային գենդերային դերերն ու հայ հասարակության նախապաշարմունքներն են:

Հետապրիլյան իրավիճակ

 

Այսօր՝ կառավարության փոփոխությունից հինգ ամիս անց, մարդու իրավունքներին սպառնացող քարոզչությունը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը, անընդհատ աճում է: Օգոստոսի սկզբին մի խումբ ԼԳԲՏ ակտիվիստներ հարձակման ենթարկվեցին Շուռնուխում՝ Հայաստանի հարավում գտնվող փոքր գյուղում: Լրատվամիջոցների արձագանքը և դեպքից մի քանի շաբաթ անց Շուռնուխում կազմակերպված հոմոֆոբների խմբի հավաքը ցույց տվեցին, որ դեպքը դարձել է գործիք՝ այս անգամ ոչ պետական գործիչների կողմից նոր կառավարության դեմ քաղաքական քարոզչության համար: Մինչ այդ մի շարք հանրային գործիչներ, այդ թվում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, հանդես եկան հրապարակային հայտարարություններով՝ ակնարկելով, որ նոր կառավարության որոշ պաշտոնյաներ ԼԳԲՏ համայնքից են: Հոմոֆոբ հարձակումների կանոնավոր տարածումը մի շարք լրատվամիջոցների կողմից, որոնք հանրային ընկալման մեջ կապվում են նախկին իշխող կուսակցության հետ, տպավորություն է ստեղծում, որ հոմոֆոբ քարոզչությունն օգտագործվում է ավանդական արժեքների շուրջ հանրային համախմբման միջոցով Փաշինյանի կառավարությանը վարկաբեկելու համար և ցույց տալու, որ հեղափոխական ուժերը ոչնչացնում են հայկական ինքնությունը:

Թեման դարձյալ երևան եկավ հոկտեմբերի 24-ին՝ խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, երբ Փաշինյանին խնդրեցին չեղարկել Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ ֆորումը, քանի որ այն սպառնում է ավանդական հայկական ընտանեկան արժեքներին: Փաշինյանը պատասխանեց, որ որքան թեման քիչ քննարկվի, այնքան լավ, քանի որ այն խնդրահարույց է իր ու իր կառավարության համար: «Ոմանք կասեն, թե պաշտպանում ենք նրանց, մյուսները կասեն՝ խախտում ենք մարդու իրավունքները, ուրիշները՝ թե խարխլում ենք ավանդական ընտանիքի հիմքերը, և այլն... Ես կարծում եմ՝ մեր կառավարությունն ինչ-որ ձևով կխուսափի այս հարցից, բայց 10, 20, 30 տարի հետո անխուսափելիորեն լինելու է մի կառավարություն, որն առերեսվելու է այդ խնդրի հետ: Եվ կառավարությունը պիտի որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում է բոլորին տրորու՞մ, գնդակահարում է, թե՞ ինքը ճանաչում է այդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում»: Նրա պատասխանը լայն հանրային քննարկման առիթ դարձավ: Մի կողմից այն որակվեց չափազանց չեզոք, մյուս կողմից նրան մեղադրեցին հոմոֆոբիայի մեջ: Նրա պատասխանը նաև հոմոֆոբ հայտարարությունների նոր ալիք բարձրացրեց:

Պատերազմի բռնկման հավանականությունը վերջին ամիսների քննարկման մյուս տարածված թեման է: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ պատերազմի և քաղաքացիական պատերազմի «տագնապների» մասին հոդվածներ էին հրապարակվում՝ վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու և հայ հասարակության ինքնապաշտպանական բնազդն արթնացնելու համար: Եթե քաղաքականության անվտանգայնացման (սեկյուրիտիզացիա) միջոցով կարծիքի մանիպուլյացիան նորություն չէ Հայաստանում, ապա քաղաքացիական պատերազմի քարոզչությունը բավական նոր երևույթ է: Մի շարք հանրային գործիչներ, որոնք հանրային ընկալման մեջ ասոցացվում են նախկին իշխանության հետ, պնդում են, որ եթե Փաշինյանի կառավարությունը չգնա զիջումների ճանապարհով, Հայաստանում կսկսվի լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմ կամ հիբրիդային պատերազմ: Թեման լայնորեն քննարկվում էր ֆեյսբուքի կեղծ օգտատերերի կողմից, և հաճախ մեջբերվում Ուկրաինայի օրինակը: Խուճապի մթնոլորտ ստեղծելու համար օգտագործվում էր այլ տերմինաբանություն, օրինակ այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «աննախադեպ ճգնաժամ», «վտանգ», «պետականության կորուստ» և «քաոս»:

Ավանդական արժեքների քարոզչությունն արվում է նաև կրոնական քարոզչության միջոցով: Այս քարոզչությունը ոչ միայն ուղղված է որոշ կրոնական փոքրամասնությունների, այլև նրանց, ովքեր հրապարակավ իրենց համարում են աթեիստ: Օրինակ, առողջապահության նոր նախարար Արսեն Թորոսյանն իր կրոնական հայացքների համար պարբերաբար քննադատության է ենթարկվում այդպիսի լրատվամիջոցների կողմից: Նույն լրատվամիջոցները («Իրավունք», «Հրապարակ», BlogNews, 168.am, Lurer,com, YerevanToday) հրապարակել են հոդվածներ, ըստ որոնց նոր կառավարության անդամները Կյանքի խոսք եկեղեցու հետևորդներ են: Կրոնական հայացքների պատճառով քաղաքական գործչի դեմ քարոզչության կազմակերպված ալիքի վառ օրինակ էր վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանի դեպքը. վերջինս մի շարք լրատվամիջոցների կողմից քննադատվում էր Կյանքի խոսք եկեղեցու հետևորդ լինելու համար:

Այսօր Հայաստանում ամենահետաքրքիր միտումը նույն լրատվամիջոցների և ֆեյսբուքի «հանրային կարծիք ստեղծողների» կողմից տարբեր թեմաների համակարգված քարոզչությունն է: Թավշյա հեղափոխությունից հետո նշանակալի փոփոխությունն այն է, որ պետության մաս կազմող մեդիա հարթակները (Հանրային հեռուստաընկերություն և ռադիո) դադարեցրել են խտրական արժեքների համակարգված քարոզչությունը: Սակայն միլիտարիստական քարոզչությունը շարունակվում է, քանի որ բանակի մասին մի շարք մեդիա ծրագրեր դեռևս հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ: Այնուամենայնիվ, վերջին մի քանի ամիսներին հանրային հեռարձակման բովանդակությունը զգալիորեն փոխվել է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող թեմաների լուսաբանման առումով: Սակայն սա չի նշանակում, որ մարդու իրավունքների դեմ քարոզչությունը Հայաստանում դադարել է. հակառակը, այն ավելի համակարգված է, քան առաջ, և հիմնականում տարվում է այն լրատվամիջոցների կողմից, որոնք հանրային ընկալման մեջ կապվում են Հանրապետական կուսակցության հետ, որոնց թվում է «Արարատ» հեռուստաընկերությունը:

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների արժեքները թիրախավորող քարոզչության դաշտում հիմնական ինստիտուցիոնալ փոփոխությունը չի կատարվել կառավարության կողմից: Մինչ 2018 թվականի գարուն Հայաստանի կառավարությունն ուներ հատուկ հաստատություն, որը զբաղվում էր քարոզչության տարածմամբ: «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (PRIC) պետական ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում էր որոշ արժեքների համակարգված քարոզով: 2018 թվականի մայիսից հետո PRIC-ի ղեկավարությունն ու առաջատար փորձագետները լքեցին իրենց պաշտոնները, բայց Թավշյա հեղափոխությանը վնասելուն ուղղված ջանքերի հետ մեկտեղ շարունակում են մարդու իրավունքներին հակասող քարոզչության տարածումը ֆեյսբուքում: Հավաքից հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ ի աջակցություն Շուռնուխ գյուղի բնակիչների կազմակերպված ավտոերթի կազմակերպիչների ու մասնակիցների թվում Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին աշխատակազմն էր: 2018 թվականի մայիսին PRIC-ի ղեկավարության փոփոխությունից հետո այն չի նախաձեռնել մարդու իրավունքների դեմ ուղղված որևէ քարոզչական ալիք: Չնայած դրան, ապագայում նմանատիպ գործունեության մեջ այս կազմակերպության ցանկացած ներգրավվածություն կանխելու համար անհրաժեշտ է հանրության համար թափանցիկ դարձնել դրա գործառույթները: Բյուջեից ֆինանսավորվող կառույցը, որն ունի 150 աշխատակից և ստեղծվել է ժողովրդավարական համակարգում հանրությանը տեղեկատվություն ապահովելու համար, պետք է լինի լիովին թափանցիկ:

Աթոռները կարգավիճակ չեն ճանաչում...

Կրթություն ստանալը մարդու անքակտելի իրավունքն է, որը, անկախ հանգամանքներից, չպետք է որևէ կերպ սահմանափակվի: Այնինչ, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առանձնակի կարևորվում է կրթության իրավունքի իրացումը։ Միևնույն ժամանակ, այս խնդիրը շարունակաբար դուրս է մղված քաղաքականությունների մշակման շրջանակից:

Ընտանեկան բռնություն․ անկատար օրենքն ու հասարակության կարծրատիպերը կանանց սպանությունների պատճառ են շարունակում մնալ

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։

Երեխաների հանդեպ միջսերնդային բռնության կանխարգելումը Հայաստանում

Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։

Subscribe to our mailing list

Վերջին վեց ամիսները ցույց տվեցին, որ խտրական քարոզչությունը Հայաստանում չի դադարի, այն կշարունակվի ու կուժգնանա որոշ քաղաքական համատեքստերում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունը չի ֆինանսավորում ու չի աջակցում մարդու իրավունքների դեմ ուղղված քարոզչությանը, բայց մի շարք լրատվական ռեսուրսներ ու հանրային գործիչներ շարունակում են քարոզչություն իրականացնել Հայաստանում փոքրամասնությունների դեմ: Պարզ է նաև, որ ավանդական արժեքների քարոզչությունը կլինի ավանդական կուսակցությունների նախընտրական դիսկուրսի հիմնական թեմաներից մեկը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Մարդու իրավունքների դիսկուրսը որպես հանրային կարծիքի մանիպուլյացիայի գործիք կիրառելու արատավոր ավանդույթը կասեցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի հանրությանն իրազեկել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաների մասին:

 

Ի՞նչ է քարոզչությունը

 

Քարոզչության վերլուծության ինստիտուտը սահմանում է քարոզչությունը՝ «որպես կարծիքի արտահայտում կամ գործողություն անհատների կամ խմբերի կողմից, որը միտումնավոր ստեղծվել է այլ անհատների և խմբերի կարծիքների կամ գործողությունների վրա ազդելու համար՝ նախապես որոշված նպատակներով»: Ըստ քարոզչության ամենաընդունված սահմանման՝ այն այլ մարդկանց համոզմունքներն ու գործողությունները մանիպուլյացիայի ենթարկելու համակարգված փորձ է, որն արվում է հատուկ նպատակների համար: Արդյունավետ քարոզչությունը սովորաբար մանիպուլյացիայի է ենթարկում հիմնական մարդկային զգացմունքները՝ վախերը, ինքնապաշտպանական բնազդը, սեռական վարքագիծը, ընտանեկան արժեքները և այլն: Արդյունավետ քարոզչությունը ստեղծում է (կամ աղճատում է արդեն իսկ գոյություն ունեցող) խմբային ինքնությունը: Ջեյսըն Սթենլին իր «Ինչպես է գործում քարոզչությունը» գրքում նշում է, որ որոշ խմբային ինքնություններ հանգեցնում են համոզմունքների ձևավորման, որոնցից դժվար է բանականորեն հրաժարվել, քանի որ դրանցից հրաժարվելը կնշանակի մարտահրավեր նետել սեփական ինքնագնահատականին: Երբ մեր սեփական ինքնությունը կապված է որոշակի խմբի ինքնության հետ, մենք կարող ենք դառնալ իռացիոնալ: Արդյունքում հատկապես ընկալունակ ենք դառնում քարոզչության նկատմամբ [1]: Շատ հաճախ քարոզչությունը սոսկ սուտ չէ, այլ օբյեկտիվ իրականության աղավաղված ներկայացում:

Իր նպատակին հասնելու համար մանիպուլյատորը կամ քարոզիչը կարող է օգտագործել տարբեր գործիքներ՝ բառեր, ժեստեր, ցուցապաստառներ, հուշարձաններ, երաժշտություն, հագուստ, տարբերանշաններ, զարդանախշեր փոստային նամականիշների վրա և այլ խորհրդանիշեր: Քարոզչություն տարածելու ամենաազդեցիկ գործիքն, անկասկած, խոսքն է, հետևաբար՝ լրատվամիջոցները: Արդյունքում մենք մշտապես բախվում ենք մեդիայի մանիպուլյացիայի ալիքների, ապատեղեկատվության կանոնավոր տարածման ու ապակողմնորոշման խնդրին: Թվայնացման ներկա դարաշրջանում մեդիա մանիպուլյացիաները հատկապես վտանգավոր են, որովհետև առցանց և սոցիալական մեդիան մանիպուլյատորներին/քարոզիչներին հնարավորություն է տվել հեշտությամբ հասանելի դառնալ բնակչության ավելի լայն շերտերի համար: Հետևաբար, ոչ միայն Հայաստանում, այլև համեմատաբար ազատ մեդիա ունեցող երկրների մեծ մասում կարծիքի մանիպուլյացիայի զանգվածային ալիքները վտանգում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Լիարժեք ինքնակալական համակարգերի դեպքում քարոզչության մենաշնորհը պատկանում է կառավարությանը: Սովորաբար ինքնակալական համակարգերն ունենում են հատուկ պետական հաստատություն, որը կարելի է կոչել քարոզչության նախարարություն: Մինչդեռ ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական համակարգերում քարոզչության աղբյուրը շատ հաճախ թաքնված է, երբեմն՝ նույնիսկ արտաքին: Ավելին, մեր թվային իրականության մեջ չափազանց բարդ է հետևել քարոզչության աղբյուրին: Քաղաքական և մարդու իրավունքների դեմ քարոզչության մեջ ներգրավված կայքերը կարող են տեղակայված լինել Չինաստանում, բայց հրապարակել նյութեր, որոնք թիրախավորում են Կանադայի մի փոքր քաղաք: Հայաստանի դեպքում, 2018 թվականի մայիսի 1-ից 9-ը՝ նոր վարչապետ ընտրելու համար հրավիրված ԱԺ երկու լսումների միջև ընկած ժամանակահատվածում, հանկարծ ի հայտ եկան մի քանի տասնյակ կայքեր և սկսեցին ապատեղեկատվություն ու քարոզչություն տարածել հեղափոխական ուժերի դեմ: Կայքերը հիմնականում գործում էին Ռուսաստանից:

Իրավական դաշտում պայքարը քարոզչության դեմ, որը վերածվում է ատելության խոսքի և ատելություն սերմանում Հայաստանում, դժվար է, և դրա պատճառը իրավական կարգավորումների թերություններն են: Ավելին, հաճախ քարոզչությունը շատ նուրբ է, իսկ «փափուկ» քարոզչությանն արձագանքելն ավելի բարդ է: Այսպիսով, կարելի է ասել, որ չկան իրավական կարգավորումներ, որոնք կկանխեն հայկական ֆիլմերի, սերիալների ու ամսագրերի թողարկումը, որոնք կանանց ներկայացնում են որպես թույլ, խոցելի ու կախյալ էակներ կամ ընտանեկան բռնությունը և տղամարդու կողմից կանանց բռնությունը դարձնում են չափանիշ:

-------------------------------------

[1] Սթենլի Ջ., «Ինչպես է գործում քարոզչությունը», Princeton University Press, 2015, էջ 19:

 

 

 


 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Velvet Revolution: The Moments In-Between

In 2018, the Armenian people were swept up in a nationwide movement that would come to be known as the Velvet Revolution. Photojournalist Eric Grigorian took thousands of photos, documenting and capturing images of ordinary people who came together to achieve the extraordinary. Through his own words, Grigorian tells the story of the revolution and the moments in-between.

------------------------------

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

-------------------------------------

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

-------------------------------------------

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team