«Ինձ ասավ սկի մի երեխա չես կանա բերես, էլ քեզ իմա՞լ պահենք, մեզ ցեղը շարունակել ա պետք, ոչ թե ձրիակեր։ Փասափուսեքդ խավքա, գնա որտեղից եկել ես,— սկեսուրի խոսքերն է մեջբերում 29-ամյա Ռուզաննա Սարգսյանը։ Զայրույթը, վիրավորանքը, ցավը մեծ է։ Մի կողմից երեխա ունենալու իր մեծ ցանկությունն է մնացել անկատար, մյուս կողմից երբեմնի հարազատների վերաբերմունքն է տանջում։— Ախր ես կին եմ, ես ամեն հարցով աջակցել եմ մարդուս, դժվար պահերին իր կողքին եմ եղել, կխասկընամ, որ երեխա ունենալը շատ լավ բան է, մեկ ուրիշին ծնունդ տալը մեծ բերկրանք է, բայց ես չեմ արժանացել այդ պարգևին, ուրեմն վե՞րջ, հա՞, էլ սիրված չե՞մ կանա լինեմ, այսինքն ընդամենը երեխա բերող գործի՞ք եմ»։

Ռուզաննայի հարցերը շատ են, պատասխաններ փնտրելը՝ թերևս անօգուտ։

Իր անպտղությունը պարզել է ամուսնությունից երկու տարի անց՝ 23 տարեկանում։ 25 տարեկան է եղել, երբ ամուսնու հարազատները որոշել են, որ նրան պահելու կարիք այլևս չունեն։ «Սկեսուրս ասաց՝ տղես մեծանում ա, քանի շուտ ա, թող երեխա բերող կնգա առնի, որ առողջ երեխեք ունենան։ Ամուսինս էլ շատ չընդդիմացավ, ինքը մեկ ա տարվա կեսը Ռուսաստան՝ խոպան էր լինում, իրեն երևի մեկ էր՝ ես կլինեմ, թե մեկ ուրիշը»,— ասում է կինը։

Հայաստանի ամենապահպանողական համարվող մարզից՝ Գեղարքունիքից է Ռուզաննան։ Ամուսնությունից մեկ տարի անց, երբ ուշացել է երեխայի ծնունդը, հարազատները հորդորել են դիմել բժշկի, իսկ երբ բժիշկն ասել է, որ ամուսնուն էլ պետք է հետազոտի, նույն հարազատները ընդդիմացել են․ «Սկեսուրս ասաց՝ իմ տղեն չի կըրնա չբեր էղնի, քեզնից ա, խայտառակ մի արա մեզ։ Էդպես ամուսնուս չթողեց ստուգվի, պայքարելն անիմաստ էր դառնում, մեր դեպքում բաժանությունը ամենալավ լուծումն էր երևի, չնայած մեզ պես բազմաթիվ զույգեր կան, որ կարողացել էին հաղթահարել այդ խնդիրը»։ Թեև Ռուզաննան իր խնդրի հետ մնացել է միայնակ, սակայն նա հեռու է միակը լինելուց, ում մոտ ախտորոշվել է անպտղություն։

English 

Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15 տոկոսն անպտղություն ունի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անպտղության մասին հետազոտություններն այստեղ հաճախակի չեն։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և այլ կառույցների 2009 թվականի համատեղ հետազոտության մեջ նշվում է 17 տոկոս անպտղության ցուցանիշ։ 

1992 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել՝ ճշտելու աշխարհում անպտղության ցուցանիշը: Առաջին ուսումնասիրության արդյունքներով Հայաստանում ամուսնական զույգերի մոտ անպտղության ցուցանիշը 23,4 տոկոս էր: Երկրորդ ուսումնասիրությունն իրականացվել է 2004 թվականին և գրանցվել 31,8 տոկոս անպտղություն: 2010-ին անցկացված երրորդ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է՝ մինչև 16,8 տոկոս: 2014-ին անպտղության ցուցանիշը կազմել է 14,9 տոկոս, որը ԱՀԿ-ի չափանիշներով մոտ է ճգնաժամային մակարդակին։

Հատկանշական է, որ նույն 2014-ի հետազոտության համաձայն տղամարդկանց մոտ անպտղությունը 9,5 տոկոս է, կանանց մոտ՝ 14,9 տոկոս:

Ի՞նչ է անպտղությունը

«Անպտղությունը շատ տարբեր են պատկերացնում, սակայն սովորաբար այսպես է՝ եթե մինչև 35 տարեկան կինը չի հղիանում՝ մեկ տարի, առանց պաշտպանվելու ապրելով կանոնավոր սեռական կյանքով, և չունի այլ գանգատներ՝ ցավեր, արտադրություն, դաշտանային ցիկլի բացակայություն, նման դեպքում պետք է դիմել բժշկի, սակայն ոչ ավելի շուտ, քան մեկ տարին։ Մեր հասարակությունում ամուսնությունից դեռ երկու֊երեք ամիս չանցած սկսում են հարցաքննել, թե արդյո՞ք նորահարսը չի պատրաստվում իրենց երեխա պարգևել»,— ասում է գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանը։ Ըստ մասնագետի՝ 35 տարեկանից բարձր կանանց դեպքում այս փուլը կես տարին է։

Անպտղության երկու տեսակ է առանձնացվում՝ առաջնային և երկրորդային։ Եթե կինը նախկինում երբեք չի հղիացել, ապա անպտղությունը համարվում է առաջնային: Եթե կնոջ մոտ եղել է անգամ մեկ հղիություն (անկախ նրանից, թե ինչով է այն ավարտվել՝ ծնունդ, հղիության արհեստական ընդհատում, վիժում կամ արտաարգանդային հղիություն), իսկ հետագա մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքում հղիանալ չի հաջողվել, ապա դա երկրորդային անպտղություն է:

Ըստ ՄԱԿ-ի հետազոտության՝ Հայաստանում առաջնային անպտղությունը 5 տոկոս է, երկրորդայինը՝ 12 տոկոս: Հատկանշական է, որ անպտղության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում և Արմավիրում:

«Պտղաբերության կենտրոն ունենալն արդեն իսկ խոսում է այն մասին, որ երկրում կա լուրջ խնդիր, իսկ չբերության հիմնական պատճառը բորբոքային երևույթներն են, որոնք առաջացնում են արգանդափողերի անցանելիության խնդիր։ Անպտղության գործոններից է նաև վատ էկոլոգիան, սթրեսը, որը նույնպես ունենում է իր ազդեցությունը հորմոնների վրա»,— մանրամասնում է Հովհաննիսյանը։

Մասնագետներից շատերն անպտղության պատճառներից առանձնացնում են նաև այն, որ այժմ վերարտադրողական տարիքի է հասել 1990-ականների սերունդը, որը մեծացել է ցրտի, թերսնման ու ծանր սթրեսների շրջանում, երբ երկրում պատերազմ, շրջափակում ու տնտեսական ճգնաժամ էր:

Այդուհանդերձ, անպտղության դոմինանտ պատճառը բժիշկները շարունակում են համարել կրթության ու տեղեկացվածության պակասը։

 

Սեռական կրթության բացակայությունն ու անպտղությունը

Հայաստանում երկրորդային անպտղության հիմնական պատճառը սեռավարակներն են ու աբորտները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե առաջնային անպտղության դեպքում գրեթե բոլոր կանայք ժխտել են աբորտ անելու հանգամանքը, երկրորդային անպտղություն ունեցող յուրաքանչյուր երրորդ կինը (33,6 տոկոս) ունեցել է հղիության արհեստական ընդհատում: Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է նաև աբորտի ազդեցությունը կնոջ վերարտադրողական առողջության վրա ու պարզվել է, որ աբորտի դիմած 33 կնոջից միայն 22-ն է հետագայում ունեցել հղիություն։

Հատկանշական է, որ այս խնդիրները մեծամասամբ հնարավոր կլիներ կանխել կրթության և տեղեկացվածության բարձրացման միջոցով, սակայն Հայաստանում սեռական կրթության դասընթաց ներդնելու նախաձեռնությունները մշտապես ընդունել են սվիններով՝ համարելով, որ այդ կերպ այլասերում են երեխաներին ու վտանգում ազգային ավանդույթները: Մինչդեռ ըստ հետազոտությունների՝ Հայաստանում դեռահասների (15-19 տարեկան) շրջանում հղիության արհեստական ընդհատման դեպքերն աճում են․ պաշտոնական տվյալներով 2011-ին 12 000 աբորտներից 600-ը դեռահասների մոտ է գրանցվել, կամ 15-19 տարեկանների 5 տոկոսը (1000 կնոջ հաշվով)։ 2009-ին նույն ցուցանիշը 4,6 տոկոս էր:

Տևական պայքարից հետո միայն 2008-ին հանրակրթական դպրոցների բարձր դասարաններում ներդրվեց «Կյանքի հմտություններ» առարկան, որի շրջանակներում տարեկան 10-11 ժամ հատկացված է սեռական կյանքի, սեռավարակների, դրանցից խուսափելու վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդուհանդերձ, կրթության փորձագետները բազմիցս նշել են, որ այս առարկան դասավանդում են ոչ կոմպետենտ մասնագետներ, ուսուցիչները դեռևս չեն հաղթահարել սեռականության մասին խոսելու բարդույթը, թեմաների մատուցման և ուսուցման որակը «խիստ կասկածելի է»:

Թեև մայրաքաղաք Երևանում կարծես սկսել են ավելի մեծ ուշադրություն հատկացնել վերարտադրողական առողջությանը և խնդիրների դեպքում առանց վարանելու դիմել մասնագետի օգնությանը, ըստ մասնագետների՝ մարզերը շարունակում են մնալ խոցելի։

«Ինչպես տեղեկատվության պակասը, այնպես էլ կեղծ ավանդույթներին տուրք տալը սովորաբար ուշացնում է բժշկին դիմելը։ Օրինակ մտածում են, որ չամուսնացած աղջիկը չպետք է գնա գինեկոլոգի մոտ, քանի որ ամոթ է ու ինչ կմտածեն մարդիկ։ Մինչդեռ խնդիրներ կարող են ունենալ բոլորը և դրանց ժամանակին կանխարգելումը կարող է զերծ պահել բարդություններից։ Բացի այդ, յուրաքանչյուր տղամարդ շատ նեղ անձնական է համարում, որ ինքը կարող է ունենալ խնդիր, ու, սովորաբար, ամաչում ու խուսափում է ստուգումից, մինչդեռ ստուգում պետք է անցնի պարտադիր զույգը»,— ասում է գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանը։

Բժիշկը շեշտում է նաև, որ Հայաստանում անպտղության ծանրակշիռ պատճառներից է արտագնա աշխատանքը, որտեղից տղամարդկանց զգալի մասը վերադառնում է սեռավարակներով։ Ըստ մասնագետի՝ Հայաստանում կարևոր խնդիր է նաև նախաամուսնական հետազոտության մշակույթի բացակայությունը։ «Ապագա զույգերը պետք է անցնեն բուժզննում, որը թույլ կտա վեր հանել ռիսկերը, առողջական խնդիրները։ Ամենակարևորը՝ զույգերը պետք է անկեղծ լինեն միմյանց նկատմամբ, խոսեն, չվախենան»,— ասում է Հովհաննիսյանը:

 

Անպտղությունը դատավճիռ չէ

Միամտություն է կարծելը, թե անպտղությունը դատավճիռ է։ Ամեն իրավիճակից էլ գտնվում է ելք։ Վերարտադրողական ժամանակակից օժանդակ տեխնոլոգիաների ներդրումը՝ արհեստական բեղմնավորում, փոխնակ մոր հնարավորություն և այլն, նպաստում են անպտուղ ամուսնության հաղթահարմանը և ընտանիքին, ցանկության դեպքում, երեխաներ պարգևելուն։ Ու թեև արհեստական բեղմնավորման գործընթացը բարդ, թանկ ու երբեմն էլ բավական երկարատև գործընթաց է, անգամ հնարավոր է՝ նույն գործողությունը մի քանի անգամ կրկնելու կարիք լինի, սակայն սա այն հույսն է, որը տեսնում են շատ զույգեր:

Երեխաների հանդեպ միջսերնդային բռնության կանխարգելումը Հայաստանում

Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։

Սեռական դաստիարակություն եւ հաշմանդամություն

Սեռական դաստիարակություն, սեռական առողջության պահպանում, սեռական հարաբերություններ․ մեր երկրում ընդունված է այս մասին կամ շշուկով խոսել կամ լռե։ Իսկ եթե խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող անձանց սեռական հարաբերություններ ունենալու մասին, ապա տաբուներն ու թյուրըմբռնումներն ավելի շատ են:

Ոչ թե ինչ, այլ ինչու․ նահապետականության բնորոշիչները

Կոյուղաջրից մինչև կապույտ մազեր․․․Ի՞նչ է տեղի ունենում, երբ կինը չի համապատասխանում կամ չի համակերպվում իրենից ակնկալված իրականությանը: Ինչո՞ւ է նրա անհատականությունը վերածվում անհանդուրժելի սպառնալիքի: Գենդերային խտրականությունը խորը մշակութային խնդիր է ամենուրեք՝ այդ թվում նաև հայոց մեջ, որտեղ իրավիճակները փոփոխվում են, իսկ վարքագիծը՝ ոչ:

30-ամյա Լուսինե Հակոբյանը մեկ ամսից պատրաստվում է արհեստական բեղմնավորման՝ «Էկո»-ի կամ այլ կերպ ասած՝ փորձանոթային բեղմնավորման, որն արհեստական բեղմնավորման տեսակ է, երբ սաղմն աճեցվում է արհեստական պայմաններում, ապա որոշակի ժամանակահատված անց տեղադրվում արգանդի խոռոչում, ուր շարունակվում է հղիությունը:

Լուսինեի մոտ սա երրորդ միջամտությունն է։

«Առաջին անգամ համարյա երրորդ ամիսն էր հղիության, գնացի բժշկի, բժիշկն ասաց՝ արդեն մի քանի օր է պտուղը մահացած է։ Իմ կյանքի ամենավատ օրն էր, աշխարհը փուլ էր եկել գլխիս, ես լսել էի նրա սրտի զարկերն ու պարզվեց նա այլևս չկա։ Ամբողջ սպասումներս ի չիք դարձան։ Ամուսնուս հետ գնացինք քաղաքից, բոլորից հեռու, միայն երկուսով էինք, թվում էր, թե էդ էմոցիաները երբեք չեն անցնելու։ Միակ մարդը, որի կարիքն ունենում ես էդ պահին, հենց կողակիցդ է, ինքը եթե չլիներ, ես կխելագարվեի։ Մոտ կես տարի տևեց էդ դեպրեսիվ շրջանը։ Նյարդային էի, մտածում էի, որ բոլորն են մեղավոր։ Մի օր ծանոթներիցս մեկը շատ կոպիտ ասաց՝ պետք չի քո տրամադրությունը մյուսների վրա տարածես, որևէ մեկը մեղավոր չի քո խնդրի համար։ Շատ ազդվեցի, բայց հենց էդ ժամանակ հասկացա, որ, իսկապես, որևէ մեկը որևէ բան պարտավոր չէ։ Հետո առանց հասկանալու, կարճ ժամանակ անց ուզում ես երկրորդ անգամ փորձել։ Երկրորդ անգամ ավելի հեշտ ուշքի եկանք, արդեն անցել էինք այդ ճանապարհով, գիտեինք մեր գլխի գալիքը»,— արհեստական բեղմնավորման երկու անհաջող փորձերն է ներկայացնում Լուսինեն։

Նա ամուսնանալուց մոտ յոթ ամիս հետո է բացահայտել խնդիրը, երբ ընդհանուր բուժզննման նպատակով այցելել է բժշկի։ «Ինձ մոտ ամեն բան նորմալ էր, բայց, ամեն դեպքում, ամուսնուս էլ խնդրեցի ստուգվել։ Պարզվեց խնդիրը նրա մոտ է։ Սովորաբար չես պատկերացնում, որ նման բան կարող է քեզ հետ լինել, քեզ էլ առնչվել։ Մեծ շոկ էր երկուսիս համար էլ։ Մի քանի բժշկի գնացինք։ Միայն մեկի ախտորոշմանը չէինք հավատում։ Սակայն բոլորն էլ ասում էին, որ անհրաժեշտ է սկսել բուժում»։

Լուսինեն հիշում է, որ սկզբնական շրջանում հոգեբանական ծանր ապրումներ է ունեցել։ Նյարդայնացնող են եղել հատկապես բոլոր այն հարազատների հորդորները, որոնք շատ հեռու լինելով բժշկությունից տարբեր խորհուրդներ են տվել, ինչ-որ դեղեր, խոտաբույսերով թուրմեր առաջարկել։ «Երբեք չեմ մոռանա, երբ սկսեցի չարանալ ու ինձ շատ մենակ էի զգում։ Անարդարության զգացում կար։ Ինչու՞ պետք է մյուսները ունենային երեխա, իսկ ես ոչ։ Բայց զգացի, որ լավ տեղ չի տանելու, աշխատեցի ինձ վրա, հասկանում էի, որ դա ես չեմ, ես չէի կարող էդքան չարանալ։ Սարսափելի էր, երբ խղճում էին, կամ երբ ծանոթներս հղիության դեպքում խուսափում էին ինձ ասելուց։ Հետո սկսեցի ընդունել խնդիրն ու գնալ բժշկի։ Իհարկե, ամեն բժշկի գնալուց սպասում ես, որ մի հրաշք լուր կասեն քեզ, մի բան հաստատ դեպի դրականը փոխված կլինի, սակայն էդպես չի լինում։ Երբ առաջին անգամ գնացինք բժշկի, մի քանի ամիս սպասեցի, էնքան շատ էր հերթը ու հենց էդ ժամանակ հասկացա, որ ես մենակ չեմ ու ինձ պես հարյուրավոր մարդիկ կան»։

Շոկային հաջորդ փուլն այն էր, երբ ամուսինները ճշտեցին, թե որքան գումար կարժենա երեխա ունենալու հաճույքը։ Բայց անգամ այդքան գումար ծախսելուց և բուժումներից հետո էլ երեխա ունենալու հավանականությունը հիսուն տոկոս չի կազմում։ «Սկսվում է մոտ 5000 դոլարից։ Առաջին անգամը միշտ ավելի թանկ է լինում, դժվար է հիմնական խնդիրը ճշտելը, հետազոտությունները շատ են։ Կարող են բազմաթիվ թաքնված խնդիրներ լինել։ Ամբողջ ընթացքն ուղեկցվում է էմոցիոնալ բարդ վիճակներով, հատկապես երբ հիվանդանոցում ես։ Ստացվում է, որ նախ պետք է պայքարես խնդրիդ դեմ, հետո կարգավորես էմոցիոնալ դաշտդ ու գումար հայթայթես այդ խնդիրը լուծելու համար»,— պատմում է Լուսինեն։

Ու եթե Ռուզաննայի դեպքում խնդիրը հարթվել է ամուսնալուծության ճանապարհով, ապա Լուսինեն ասում է, որ երբևէ չի մտածել այդ մասին։ «Միշտ մտածել եմ, որ նույն խնդիրը կարող էր նաև ինձ հետ լինել։ Ես իրեն սիրելով եմ ընտրել, ոչ թե երեխա ունենալու համար։ Մեր հարաբերություններին այդ խնդիրը երբեք չի խանգարել, չեմ հիշում մի պահ, որ մտածեմ՝ այ եթե երեխա լիներ, խնդիրներն այլ կլինեին։ Խնդիրը միավորում է կամ էլ բաժանում։ Եթե իրարից չեք հեռանում, ուրեմն շատ ավելի ամբողջական եք։ Ամուսինները պետք է հասկանան, որ այդ խնդիրը չպետք է իշխի իրենց վրա, պետք է շարունակեն ապրել, ամեն օրով ուրախանալ։ Ամաչելը, նեղվելն անօգուտ են ու պետք չէ այդ խնդրից մեծ ողբերգություն սարքել։ Ես երկու ամսից պատրաստվում եմ արդեն երրորդ անգամ սկսել այդ դժվար գործընթացը, բայց այս շաբաթ գնալու եմ զումբայի պարերի։ Չեմ սպասում, որ երեխա ունենամ ու էդ ժամանակ լավ կլինի։ Կյանքն անցնում է, պետք է ապրել»,— ասում է Լուսինեն։

 

 

 

 

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team