Եկամտի հարկման մեխանիզմը հանդիսանում է մի գործիք, որի շնորհիվ երկրում ապահովվում է տնային տնտեսությունների միջև եկամուտների վերաբաշխումը։ Հարկման երեք հնարավոր տարբերակներից՝ ռեգրեսիվ, համահարթ և պրոգրեսիվ, երկրների մեծամասնությունում տարածված է վերջինը։ Ինչու՞ հենց պրոգրեսիվ հարկումը։ Ցանկացած երկրում տնտեսական քաղաքականությունը մշակող մարմինների առջև ծառանում է երկընտրանք՝ սոցիալական արդարություն թե՞ շուկայական արդյունավետություն։[1] Բնականաբար, սոցիալական երկրում նախընտրությունը տրվում է սոցիալական արդարությանը։ Այդ գաղափարի շրջանակներում ենթադրվում է, որ բարձր եկամուտ ստացողը պետք է կիսի իր եկամուտը շատ ավելի ցածր կամ ընդհանրապես եկամուտ չունեցող անձանց հետ։ Սա է եկամուտների անհավասարության դեմ պայքարի հիմնական բաղադրիչներից մեկը և պատասխանը այն հարցի, թե ինչու պրոգրեսիվ հարկում։ 

Հարկման երեք տեսակների միջև առկա տարբերությունը հետևյալն է․

  • Ռեգրեսիվ հարկման շրջանակներում հարկի մեծությունն իր բացարձակ արժեքով նույնն է բոլորի համար՝ անկախ եկամուտից։ Այս տարբերակի վառ օրինակն է ավելացված արժեքի հարկը․ գնելով նույն ապրանքը տարբեր եկամուտ ստացող անձինք մուծում են նույն գումարը, որը մեծ տոկոս է կազմում ցածր եկամուտից և փոքր տոկոս բարձր եկամուտից։ Այսինքն, ցածր եկամուտ ունեցող խավի համար հարկային բեռը ավելի մեծ է։ Այսպիսով՝ եկամուտների ռեգրեսիվ հարկումն աշխատում է հակառակ՝ եկամուտների անհավասարության խորացմանն ուղղված սկզբունքով, թեև կարող է նպաստել ստվերային տնտեսության կրճատմանը։

  • Համահարթ հարկման շրջանակներում հարկային տոկոսադրույքը նույնն է բոլորի համար՝ անկախ եկամուտից։ Սա համապատասխանում է շուկայական արդարության սկզբունքին, քանի որ բոլորը վճարում են իրենց եկամուտի նույն մասնաբաժինը՝ անկախ հանգամանքներից։ Սակայն այս տարբերակը մասնագետներից շատերը դիտարկում են որպես եկամուտների անհավասարությունը խորացնող քայլ։ Ակնհայտ է, որ կենսամակարդակն ապահովելու տեսանկյունից նույն մասնաբաժինը տարբեր նշանակություն ունի ցածր և բարձր եկամուտ ստացող անձանց համար։

  • Պրոգրեսիվ հարկման շրջանակներում հարկային դրույքն աճում է ըստ եկամուտի աճի. ավելի շատ եկամուտ ստացողն ավելի մեծ մասնաբաժին է մուծում իր եկամուտից, և հակառակը։ Հարկման այս մոտեցումը ամենաարդյունավետն է համարվում սոցիալական արդարության տեսանկյունից։ Պրոգրեսիվ հարկումը ստեղծում է ավելի լայն հնարավորություններ եկամուտների վերաբաշխման համար, թեև խոչընդոտում է շուկայական արդյունավետությանը՝ ըստ եկամուտների աճի հարկային դրույքաչափի աճը զսպում է տնտեսական սուբյեկտների ակտիվությունը և շատ հաճախ, այլ հավասար պայմաններում, նպաստում ստվերային տնտեսության աճին։

Երկրների մեծամասնությունը ֆիզիկական անձանց եկամուտների նկատմամբ կիրառում է պրոգրեսիվ հարկման մոտեցումը՝ որպես գերակա խնդիր համարելով սոցիալական արդարությունը։ Այս հանգամանքներում բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ կիրառության մեջ դնելով եկամուտների պրոգրեսիվ հարկումը՝ զուգահեռ ստեղծել տնտեսական ակտիվությունը խթանող այլ մեխանիզմներ։ Ոչ պակաս կարևոր է պրոգրեսիվ հարկման սանդղակի ճիշտ հիմնավորումը։ Ժամանակակից պատմության մեջ հայտնի է Ֆրանսիայի օրինակը, երբ 2013թ․՝ նախագահ Ֆրանսուա Հոլանդի առաջարկով, ընդունվեց որոշում, համաձայն որի՝ 1մլն եվրոյից ավել եկամուտ ստացող անձինք պետք է վճարեին այդ ավելցուկի 75%՝ որպես եկամտային հարկ։ Այս որոշումը հստակ դիմադրությանը հանդիպեց բարձր եկամուտ ստացող անձանց կողմից, իսկ դերասան Ժ․ Դեպարդյեն անգամ հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից[2]։ Հասարակական ճնշման արդյունքում այդ որոշումը կարճ ժամանակ անց կասեցվեց և հարկային դրույքաչափի առավելագույն շեմն իջեցվեց մինչև նախկինում գործող 50%, իսկ միջադեպը դարձավ օրինակելի օպտիմալ դրույքաչափ սահմանելու հարցում։ 

Սակայն, 50%, 40% կամ 30% դրույքաչափի դեպքում նույնպես գործում է ստվերային տնտեսության աճի վտանգը, ինչը կանխելու նպատակով հարկատուներին՝ իրենց կողմից վճարված գումարների դիմաց անհրաժեշտ է առաջարկել որոշակի արտոնությունների և/կամ սոցիալական երաշխիքների փաթեթ։ Այս առումով հետաքրքիր է  մի շարք զարգացած երկրների, այդ թվում՝ սկանդինավյան երկրների շուկայական սոցիալիզմի և ԱՄՆ լիբերալ շուկայական տնտեսության մոտեցումները՝ որպես երկու տարբեր մոտեցում՝ բարձր և ցածր հարկային բեռով։  

Ի թիվս այլ երկրների, Հայաստանում ևս գործում էր եկամուտների հարկման պրոգրեսիվ համակարգը, ինչը համապատասխանում է եկամուտների վերաբաշխման սկզբունքին եկամուտների անհավասարության պայմաններում։ Եկամուտների բևեռացման մասին փաստում են Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները․ 2017թ․ դրությամբ՝ անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 10 209 դրամ բնակչության ամենաաղքատ 10%-ի դեպքում և 172 413 դրամ ամենահարուստ 10%-ի դեպքում[3]։ Այսպիսով, ըստ պաշտոնական գրանցված եկամուտների՝ ամենամեծ եկամուտ ունեցող բնակչության զանգվածը ստանում է գրեթե 17 անգամ ավել, քան ամենացածր եկամուտ ունեցողները։ Այս թվաբանությունը ստիպում է մտածել, որ առկա է հարուստներից դեպի աղքատները եկամուտի վերաբաշխման խնդիր։ Այս գաղափարին ծառայում է գործող հարկման տեսակը, և հարկումն իրականացվում է հետևյալ սանդղակով և դրույքաչափերով․

screen shot 2019 07 04 at 5 41 53 pm

Մինչև 2018թ․ գործող դրույքաչափերը թեև ունեին պրոգրեսիվ բնույթ, սակայն տարբերվում էին ընդամենը 1,6 տոկոսով, ինչն ավելի մոտ է համահարթ հարկմանը։ 2018թ․-ից գործող սանդղակն ավելի է համապատասխանում պրոգրեսիվ սկզբունքին։

Ինչպե՞ս է գործում հարկման մեխանիզմը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի զբաղված բնակչության ավելի քան 30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում[6], որտեղ 2018թ․ դրությամբ՝ ոլորտի միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 116 538 դրամ[7], գրեթե 11 տոկոսն աշխատում է կրթության ոլորտում՝ 114 418 դրամ աշխատավարձով, և գրեթե 11 տոկոս՝ մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգման ոլորտում՝ 126 424 դրամ միջին ամսեկան աշխատավարձով։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընդհանուր առմամբ, աշխատող բնակչության գրեթե 65 տոկոսը ստանում է 150 000 դրամից պակաս եկամուտ՝ մուծելով 23% եկամտահարկ։ Այսպիսով՝ հարկման սանդղակի այս շեմից բարձր գտնվում է զբաղվածների 35 տոկոսը։ Այդ թվում ամենաբարձր վարձատրվող՝ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ, ֆինանսական և ապահովագրության ոլորտներում զբաղված է ընդհանուր թվաքանակի գրեթե 4․5 տոկոսը։ 2019թ․ հունիսի 25-ին կայացած ԱԺ նիստի ընթացքում հավանություն ստացած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում նախատեսվում է վերանայել հարկման գործող սկզբունքները՝ պրոգրեսիվից անցնելով համահարթ հարկմանը և աստիճանաբար նվազեցնելով եկամտային հարկի դրույքաչափը /տես աղյուսակը ստորև/։ Ավելի պարզ սա կարելի է ներկայացնել հետևյալ օրինակով՝ 20 տոկոս դրույքաչափի դեպքում 100 000 դրամ ստացողը վճարելու է 20 000 դրամ, 1 000 000 ստացողը՝ 200 000 դրամ։ Տոկոսային արտահայտությամբ մասնաբաժինը նույնն է, սակայն բացարձակ արժեքով տարբեր է կյանքի բազային կարիքներն ապահովելու տեսանկյունից։ 

screen shot 2019 07 04 at 5 44 47 pm

Այսպիսով՝ 2023թ․-ից սկսած մինչև 150 000 եկամուտ ստացող անձանց հարկային բեռը կնվազի 3 տոկոսով, 150 000-2 000 000 դրամ եկամուտ ստացողներինը՝ 8 տոկոսով, իսկ 2 000 000-ից ավել ստացողներինը՝ 16 տոկոսով։

Ավելի պարզ պատկերացնելու համար հաշվարկենք, թե որքան եկամտային հարկ են վճարում տարբեր եկամուտ ստացող անձինք՝ ներկա և ապագա դրույքաչափերի համաձայն։

screen shot 2019 07 04 at 5 46 18 pm

Համահարթ հարկմանն անցնելու արդյունքում տոկոսային արտահայտությամբ զգալիորեն կթեթևանա բարձր եկամուտ ստացողների բեռը՝ նվազելով գրեթե 30 տոկոսով։ Բացարձակ թվերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել հետևյալը. ցածր եկամուտների դեպքում խնայողությունը կազմում է առավելագույնը 5 000 դրամ, բարձր՝ 2մլն-ից ավել եկամուտի դեպքում՝ 150 000-ից սկսած։ 

Ընդհանուր առմամբ, այս մեխանիզմը ենթադրաբար պետք է նվազեցնի ստվերային եկամուտների խնդիրը և նպաստի տնտեսական արդյունավետության աճին։ Արդյոք այս թվաբանությունը բավարա՞ր պայման է ստվերը նվազեցնելու համար։ Այս հարցում մասնագետների կարծիքները տարբերվում են։ Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ ինստիտուցիոնալ թերզարգացման պայմաններում դրույքաչափերի կրճատումը ստվերի նվազեցման արդյունավետ միջոց չէ[9]։ Հարկ վճարողին ստվերից դուրս բերելու համար անհրաժեշտ է ստեղծել հավելյալ խթաններ՝ դարձնելով հարկ վճարելը շահավետ և գրավիչ։ Դասական օրինակ է Շվեդիան, որտեղ հարկ վճարողը ապավինում է սոցիալական երաշխիքներին և պաշտպանությանը։ 

Այսպիսով, եկամտահարկի համահարթ հարկման արդյունավետ գործելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ՝ առաջին հերթին, վճարված հարկերի արդյունավետ վերաբաշխումն ապահովելու համար։ Այն հարկատուն, որը մեծ հարկեր վճարելով չի ստանում դրա դիմաց իր կենսամակարդակը բարելավվելու որևէ երաշխիքներ և ծառայություններ, չի ձգտելու սեփական կամքով դուրս գալ ստվերից։ Պատահաբար չէ, որ սկանդինավյան երկրներում հարկատուները պատրաստ են վճարել իրենց եկամուտի մեծ մասը, այն ինչ հետխորհրդային երկրներում առհասարակ հարկ վճարելն ընկալվում է որպես զուտ պարտականություն, առանց որևէ պահանջատիրության։ Այս պայմաններրում, առանց համակարգային լուծումների, համահարթեցումը կարող է հանգեցնել եկամուտների բևեռացման խորացմանը։

Կարդալ անգլերեն


 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Velvet Revolution: The Moments In-Between

In 2018, the Armenian people were swept up in a nationwide movement that would come to be known as the Velvet Revolution. Photojournalist Eric Grigorian took thousands of photos, documenting and capturing images of ordinary people who came together to achieve the extraordinary. Through his own words, Grigorian tells the story of the revolution and the moments in-between.

------------------------------

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

-------------------------------

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

-----------------------------------------

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team