Ռուանդան ու Հայաստանն ունեն մեկ ընդհանրություն, բայց այն չի վերաբերում խորհրդարանում կանանց թվին: Ռուանդայի օրենսդիր ստորին պալատում կանանց ներկայացվածությունը` 61 տոկոս, ամենաբարձրն է աշխարհում: Հայաստանը 110-րդ տեղում է, բայց առաջ է իր հարևաններ Թուրքիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Արցախից և Իրանից:

ArmComedy թոք շոուի տաղավարում պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) անդամ Նաիրա Զոհրաբյանը Ռուանդայի խորհրդարանում կանանց թվի ավելացումը «ամերիկյան փորձ» որակեց: Տիկին Զոհրաբյանը դեմ չէ ավելի շատ գործընկերուհիներ ունենալուն, բայց կցանկանար, որ յուրաքանչյուր ոք որոշակի դիրքի հասներ ըստ սեփական ունակությունների:

2003 թվականին Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն նախաձեռնեց սահմանադրական հանրաքվե, որը պահանջում էր խորհրդարանում կանանց առնվազն 30 տոկոս ներկայացվածություն: Նպատակն իրագործվեց. Ներկայացուցիչների պալատի (օրենսդիր ստորին պալատ) 80 տեղերից 24-ը վերապահվեց կին թեկնածուներին: Միայն կանայք կարող էին հավակնել այդ տեղերին, և միայն կանայք կարող էին քվեարկել նրանց օգտին: Մնացած տեղերի համար մրցում էին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ:

Ներկայում Հայաստանն ունի գենդերային քվոտա, բայց այն կիրառվում է բոլորովին այլ կերպ: Կուսակցության (կամ դաշինքի) ազգային համամասնական ցուցակի թեկնածուների յուրաքանչյուր քառյակ պետք է ներառի առնվազն մեկ տղամարդ և մեկ կին թեկնածու: Այսպիսով, քվոտան զուտ կանանց համար է, բայց կիրառվում է երկու ձևով: 2017 թվականին այս ցուցակներով էր նշանակվում ներկայացուցիչների կեսը Ազգային ժողովում: Մյուս կեսն ընտրվում էր ուղղակիորեն քվեարկողների կողմից, ռեյտինգային համակարգով, որտեղ սովորաբար ավելի քիչ թվով կանայք էին ընտրվում:

Գործող ընտրական օրենսգրքով (մինչ լրացում կատարելը) նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո 1-ը 4-ում (մոտավորապես 25 տոկոս) հարաբերակցությունը նվազեցնել մինչև 1-ը 3-ում: Այսինքն՝ կուսակցության ցուցակում թեկնածուների յուրաքանչյուր եռյակ պետք է ներառի առնվազն մեկ տղամարդ և մեկ կին: Քանի որ արտահերթ ընտրություններ նախատեսվում են 2018 թվականի վերջին կամ 2019-ի գարնանը, վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովն առաջարկում է արագացնել գործընթացը, որպեսզի 1-ը 3-ում հարաբերակցությունը կիրառվի առաջիկա ընտրություններում: Հանձնաժողովն առաջարկում է նաև հրաժարվել ռեյտինգային բաղադրիչից, որը չէր ներառում գենդերային քվոտա: Արդյունքում հայ խորհրդարանականների հաջորդ խմբում կանանց ներկայացվածությունը կլինի առնվազն 33 տոկոս, ինչպես Միացյալ Թագավորությունում, Շվեյցարիայում և Ավստրիայում:

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) համաձայն է հաջորդ ընտրություններում այս քվոտային, սակայն խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ընտրական բարեփոխումների խորհրդարանային աշխատանքային խմբի քննարկման ընթացքում իր զարմանքն արտահայտեց՝ հայտարարելով. «Իմ խորին համոզմամբ՝ մեկ չորրորդ քվոտան մի քանի անգամ գերազանցում է կանանց այն ռեալ քաղաքական պոտենցիալը, որ կա Հայաստանում»:

Հարկ է նշել, որ ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի 12 անդամից չորսը կանայք են, այսինքն՝ մեկական պատգամավոր յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից: Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի 12 անդամներից կանայք են երեքը:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն առաջարկեց բարձրացնել նշաձողը` առաջիկա ընտրություններում կիրառելով 40 տոկոսանոց գենդերային քվոտավորում (գերազանցելով Դանիային, Իսլանդիային և Նոր Զելանդիային): Այս շեմն առաջարկել էին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները վարչապետին առընթեր հատուկ հանձնաժողովի հետ խորհրդակցության ընթացքում: Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց փոխզիջումային տարբերակ` ընդունել 40-տոկոսանոց քվոտան, բայց ուժի մեջ մտցնել միայն 2024 թվականի հունվարի 1-ից հետո. առաջարկն ընդունվեց բոլոր կուսակցությունների կողմից: Այդուհետ կուսակցության համապետական ցուցակում թեկնածուների յուրաքանչյուր հնգյակ պիտի ընդգրկի առնվազն երկու տղամարդ և երկու կին թեկնածու:

Եվ վերջում, Սպարտակ Սեյրանյանը հստակեցրեց, որ գենդերային քվոտավորումն անհամատեղելի է ՀՅԴ-ի առաջարկած բաց ցուցակների հետ, ըստ որի քվեարկողները կարող են ուղղակիորեն ընտրել անհատ թեկնածուների, և ոչ թե ըստ յուրաքանչյուր կուսակցության որոշած դասավորության: Եթե կուսակցությունից չընտրվեն բավարար թվով կանայք, ձայների մեծամասնությունը ստացած կին թեկնածուներն առաջ կանցնեն տղամարդ թեկնածուներից (որոնք ըստ էության իրենցից շատ ուղղակի քվեներ են ստացել), մինչև քվոտան կլրանա: Ելք և Ծառուկյան խմբակցությունները, որոնք նախընտրում են փակ ցուցակներ, չցանկացան վիճարկել հարցը, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել միջանձնային հարաբերությունների խնդրահարույց դինամիկայի:

Մաս I & II

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. կուսակցական բաց ցուցակներն ընդդեմ փակ ցուցակների և այլ նկատառումներ

Մայիսի 8-ին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու օրը, Նիկոլ Փաշինյանը խոստացավ արտահերթ ընտրություններ անցկացնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունից անմիջապես հետո, ինչը թույլ կտա կազմակերպել արդար մրցապայքար։Գործի են անցել ընտրական բարեփոխումների աշխատանքային երկու խումբ: Յարութ Մանուկեանը այս հոդվածում գրում է բաց եւ փակ դաշինքների ցուցակների տարբերությունների եւ յուրահատկությունների մասին:

Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը. շեմեր, դաշինքներ և կոալիցիոն կառավարություն

Երբ խոսքը խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածության մասին է, միանշանակ երկուսը գերադասելի է մեկից։ Իսկ կուսակցությունները կարո՞ղ են լինել չափից դուրս շատ։ Հարցը Խորհրդարանական աշխատանքային խմբի և վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովի քննարկումների կենտրոնում է:

Ազգային փոքրամասնությունների քվոտաներ

Հայաստանն էթնիկապես միատարր երկիր է: Ըստ վերջին՝ 2011 թվականի ազգային մարդահամարի՝ հարցվողների 98 տոկոսն ազգային պատկանելությամբ իրեն համարում է հայ: Այլ պատասխանները դասավորված են հետևյալ կերպ.

Հայաստանի նոր՝ 2015 թվականի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը, որի առանձնահատկությունները պետք է հստակեցներ ընտրական օրենսգիրքը:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կիրառված համակարգը թերևս բավարար չափով չէր անդրադառնում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` թե ովքեր պիտի լինեն նրանց ներկայացուցիչները: Սակայն խորհրդարանական աշխատանքային խմբի կողմից վարչապետին առընթեր հանձնաժողովին ներկայացված 35 առաջարկներից և ոչ մեկը չի ենթադրում փոփոխություններ գործող օրենսգրքի այս մասում:

Ներկայում ընտրական օրենսգիրքը վերջին ազգային մարդահամարի արդյունքներով չորս խոշոր փոքրամասնություններից յուրաքանչյուրին թույլ է տալիս ունենալ մեկական մանդատ խորհրդարանում: Յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ներկայացնում է երկու մասից բաղկացած ցուցակ: Առաջին մասը սովորական համամասնական ցուցակն է (որում, ինչպես վերը քննարկեցինք, արտացոլված է գենդերային քվոտան): Ցուցակի երկրորդ մասն առնչվում է ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը: Յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է ցուցակի երկրորդ մասում տեղ հատկացնել եզդի, ռուս, ասորի և քուրդ թեկնածուի: Նախատեսվում է նույնիսկ յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից նշանակել մինչև երեք փոխարինող թեկնածու, որոնք, սակայն, խորհրդարանում տեղ կզբաղեցնեն միայն այն դեպքում, երբ առաջին թեկնածուի տեղն ազատվի (օրինակ, հրաժարականի կամ մահվան հիմքով):

Ազգային փոքրամասնությունների տեղաբաշխումը, սակայն, գործնականում լրացուցիչ բոնուսային տեղեր է տրամադրում խոշոր կուսակցություններին: Ներկայիս ընտրական օրենսգրքում նշված ալգորիթմը հետևյալն է.

 

1- Հաշվել յուրաքանչյուր կուսակցության գործակիցը՝ նախնական 101 տեղերի նրանց բաժինը բաժանելով 1 գումարած տվյալ կուսակցությանն արդեն իսկ տրված ազգային փոքրամասնության տեղերի թվի:

2- Հաջորդ ամենամեծ փոքրամասնության տեղը տրամադրել ամենամեծ գործակցով կուսակցությանը:

3- Վերահաշվարկել գործակիցները և կրկնել առաջին քայլից, մինչև լրացվեն էթնիկ փոքրամասնության 4 տեղերը:

Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե տվյալ համակարգն ինչպես է գործել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, աղյուսակը հուշում է, թե ինչպես են հատկացվել նախնական 101 տեղերը: Նվազագույն շեմը չհատած կուսակցություններին տրված քվեները մի կողմ դնելուց հետո (տե՛ս հոդվածաշարի երկրորդ մասը, ընտրություններում անցողիկ շեմի մասին), մյուս կուսակցությունների օգտին տրված քվեները բազմապատկվում են 101-ով (համամասնական տեղերի թիվը) և բաժանվում մնացած կուսակցությունների ընդհանուր քվեների վրա: Արդյունքը կլորացվում է մինչև ամենամեծ ամբողջ թիվը: Կլորացումից ստացվում է 101-ից ցածր ընդհանուր թիվ, ուստի մնացած տեղերը տրամադրվում են ամենամեծ մնացորդով կուսակցություններին (2017-ին դրանք Ելք և ՀՅԴ-ն էին), մինչև ընդհանուր թիվը կազմում է 101:

Հիմա, երբ նախնական 101 տեղերը բաժանված են, կարելի է տեղեր հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ամենամեծ փոքրամասնությունը եզդիների համայնքն է, ուստի ընտրվում է ամենամեծ կուսակցության (ՀՀԿ) եզդի թեկնածուն: Ապա վերահաշվարկվում է ՀՀԿ-ի գործակիցը` այն բաժանելով երկուսի: Այժմ ամենամեծ գործակիցը Ծառուկյան դաշինքինն է, ուստի ընտրվում է երկրորդ ամենամեծ փոքրամասնության` ռուս համայնքի նրանց թեկնածուն: Գործընթացը շարունակվում է ևս երկու շրջան, և ընտրվում են ՀՀԿ-ի ասորի և քուրդ թեկնածուները: Չորս լրացուցիչ տեղերն ավելացվում են նախնական 101-ին, և այդպիսով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը կազմում է 105:

Հարկ է նշել, որ վերջին ընտրություններում ոչ Ելք դաշինքը, ոչ ՀՅԴ-ն կուսակցական ցուցակների երկրորդ մասում ըստ էության չեն ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների: Այսպիսով, եթե նույնիսկ նրանց գործակիցն այնքան մեծ լիներ, որ բավարարեր այս չորս տեղերից մեկը զբաղեցնելուն, տեղն ամեն դեպքում կհատկացվեր հաջորդ կուսակցությանը: 2017 թվականի ընտրություններին մասնակցող ինը կուսակցություններից միայն ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Հայկական վերածնունդն էին ներկայացրել ազգային փոքրամասնության թեկնածուներ:

2018 թվականի հուլիսի 2-ին վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովը հանդիպեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին` ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ նրանց մեկնաբանությունները լսելու համար: Քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց երկու հնարավոր մոտեցում:

Առաջինը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (PACE) Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունն է, որը յուրաքանչյուր կուսակցությունից պահանջում է թեկնածուների համամասնական ցուցակում ներառել ազգային փոքրամասնության թեկնածուների նվազագույն քվոտա՝ բացառելով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված առանձին ցուցակը:

Երկրորդ մոտեցումը ենթադրում է առանձին երկրորդ ցուցակ ազգային փոքրամասնությունների համար, բայց տեղերը հատկացվում են ըստ նրա, թե որ կուսակցությունն է ստացել քվեների մեծամասնությունն այն ընտրատարածքներում, որտեղ տվյալ ազգային փոքրամասնությունն ամենից շատ է ներկայացված:

ՀՀԿ-ի գործող պատգամավոր Կնյազ Հասանովը, որը ներկայացնում է քրդական համայնքը, նշեց, որ երկրորդը ձախողված տարբերակ է, քանի որ քրդական համայնքը շատ տարածված է երկրով մեկ, ուստի որևէ տեղամաս չի կարող ճշգրիտ արտացոլել իր քաղաքական նախապատվությունները:

Ասորիների դաշինքի նախագահ Մելինե Գասպարյանը դժգոհեց, որ ոչ առաջարկված տարբերակները, ոչ էլ ընթացիկ գործընթացը ազգային փոքրամասնություններին հնարավորություն չեն տալիս ընտրել սեփական ներկայացուցիչների: Նա առաջարկեց այլ մոդել, ըստ որի ազգային փոքրամասնությունները մասնակցում են համապետական ընտրությանը, բայց հնարավորություն են ստանում երկրորդ քվեն տալ իրենց փոքրամասնության ներկայացուցչի օգտին, որը լավագույնս կներկայացնի իրենց (և ոչ թե այն թեկնածուի օգտին, ում ընտրել է քաղաքական կուսակցությունը): Նրա պնդմամբ՝ եթե էթնիկ հայերը պիտի ընտրեն, թե ովքեր են լինելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ապա կարելի է առհասարակ հրաժարվել այդ տեղերի հատկացումից:

Մեկ այլ առաջարկով թույլատրվում է ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կուսակցությունների ստեղծում, որոնց համար խորհրդարանում հայտնվելու շեմն ավելի ցածր կլինի` 1 տոկոս: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրությունը, նույնիսկ այդպիսի ցածր շեմի դեպքում հավանական չէ, որ կուսակցությունները բավարար քվեներ կստանան խորհրդարանում ներկայացված լինելու համար:

Ազգային փոքրամասնությունները լավագույնս ներկայացնելու պահանջը, որը ներմուծեց 2015 թվականի սահմանադրությունը, բավական բարդ է: Վարչապետին առընթեր հատուկ հանձնաժողովը դեռևս չի տվել վերջնական հանձնարարական: Հանձնաժողովը կարող է որդեգրել Վենետիկի հանձնաժողովի մոտեցումը, ըստ որի ազգային փոքրամասնության քվոտան ներառված է յուրաքանչյուր կուսակցության ցուցակում: Նույնիսկ այդ մոտեցումը բարդ է, քանի որ բարձրացնում է հետևյալ հարցերը.

  • Արդյո՞ք քվոտան պիտի նախատեսված լինի բոլոր ազգային փոքրամասնությունների համար ամբողջությամբ, թե՞ յուրաքանչյուրի համար առանձին:

  • Եթե առանձին, արդյո՞ք պահպանվելու է առաջին 4 խմբերի կամայական թիվը, թե՞ այն պետք է սահմանափակվի ժողովրդագրական ցուցանիշով, օրինակ, բնակչության 1 տոկոս:

  • Նկատի ունենալով այն, որ կուսակցությունները հազվադեպ են 40-ից ավելի ներկայացուցիչ ունենում խորհրդարանում, արդյո՞ք կպահանջվի ցուցակի առաջին 25 անունների շարքում ներառել ազգային փոքրամասնության առնվազն մեկ ներկայացուցիչ:

  • Ի՞նչ կլինի, եթե կուսակցությունը չկարողանա ներգրավել ազգային փոքրամասնության թեկնածուի:

Ինչպիսին էլ լինեն այս հարցերի պատասխանները, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ 101 խորհրդարանականներից բաղկացած հիմնական խմբում պետք է ներառել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ խոշոր կուսակցություններին լրացուցիչ տեղեր հատկացնելու փոխարեն:

 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

 

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

Subscribe to our mailing list

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team