6 33 25 pm copy copy

«Մեր ու բալիկի առաջին հանդիպումը շա՜տ-շա՜տ հուզիչ էր, հատկապես երբ փոքրիկին բերում էին այն սենյակը, որտեղ ես և ամուսինս էինք ու մենք դեռ չէինք տեսել նրան, այլ պարզապես լսում էինք այդ սայլակի անիվների ու երեխայի ձայնը։ Անգամ այդ միջանցքը, որով ինքը գալիս էր, ինձ թվում էր չափազանց երկար, թվում էր իմ բալիկին երեք ժամ է բերում են այդքան շատ էի սպասում նրան։ Այդ մի քանի րոպեների ընթացքում իմ աչքի առջև ֆիլմի նման գնում էին մեր ինը տարիների պայքարի, այս հիվանդանոցից այն հիվանդանոց գնալու կադրերը։  Փոխնակ մոր միջոցով երեխա լույս աշխարհ բերելու միակ խնդիրն այն է, որ փոքրիկն ինը ամիս շարունակ ուրիշ կնոջ ձայն է լսում և ուրիշի հոտն է զգում, իսկ ծնվելուց հետո անմիջապես կենսաբանական մոր գրկում է հայտնվում ու առաջին մեկ ամիսը դժվար է ընտելանում մայրիկին», -ասում է Անին, ով իր բալիկին ունեցել է փոխնակ մոր օգնությամբ։ Անին ու ամուսինը հիմա արդեն իրենց երկրորդ երեխային են սպասում, որը լույս աշխարհ է գալու մեկ այլ փոխնակ մոր միջոցով։

Անին անեկղծանում է, որ ամուսնու հետ պլանավորում են հինգ երեխա ունենալ։

 «Մենք որոշել ենք ամենաքիչը հինգ երեխա ունենալ ու ու նրանցից յուրաքանչյուրին պատմելու ենք, թե ինչպես են իրենք լույս աշխարհ եկել, քանի որ կարծում ենք, որ փոխնակ մայր լինելը յուրահատուկ առաքելություն է։ Երբ մենք որոշում կայացրինք փոխնակ մայր գտնել, հասկացանք, թե դա ինչ դժվար ու բարդ գործընթաց է մեր երկրում, որովհետև շատ քիչ մարդիկ կան, որոնք համաձայն են փոխնակ մայր դառնալ, անգամ այսպես կոչված միջնորդներ կան, ովքեր այդ գործով զբաղվում են։ Բայց մենք իրենց չենք դիմել, այլ մեր բարեկամներից մեկի միջոցով ենք գտել մեր փոխնակ մամային, ով արդեն մեկ անգամ դարձել էր փոխնակ մայր ու առողջ բալիկ էր ունեցել։ Քանի որ մեր բարեկամը վստահեցրեց, որ պատասխանատու ու շատ բարեխիղճ կին է, որոշեցինք հանդիպել ու ընտրեցինք հենց նրան»։

Անին ու ամուսինը իրենց փոխնակ մոր հետ հարաբերությունները պահպանում են մինչև օրս, հրավիրում են երեխայի հետ կապված ցանկացած առիթի։ Հղիության շրջանն էլ Անին անց է կացրել հիմնականում փոխնակ մոր հետ՝ փորձելով նրա օրը դարձնել հագեցած, տանել ժամանցի վայրեր ու տրամադրությունը միշտ բարձր պահել։

«Ես երբեք վախ չեմ ունեցել, որ փոխնակ մայրը կհրաժարվի երեխային հանձնել ինձ ու ամուսնուս, քանի որ կա հստակ կետ օրենքում։ Բացի այդ, մեզ ասացին, որ փոխնակ մայրը ցանկալի է կեսարյան հատման միջոցով երեխա ունենա, որպեսզի մինչև արթնանալը, երեխան իր մոտ չլինի։ Բայց ինձ համար ամենակարևորը ոչ թե կետերն էին ու օրենքը, այլ այն, որ ինը ամիսների ընթացքում հասցրել եմ բավական լավ ճանաչել մեր փոխնակ մամային։ Ինն ամիս շարունակ իր կողքին եմ եղել։ Մենք նրա համար բնակարան էինք վարձակալել ու ես պատկերացնում էի, թե որքան դժվար է ընտանիքից հեռու, առանձին ապրելը, այդ պատճառով ամեն ջանք գործադրել եմ, որ միշտ իրեն լավ զգա։ Իր համար հագուստ եմ գնել, ձմեռային կոշիկներ, որպեսզի չմրսի ու ոտքը հանկարծ չսայթաքի։ Երեխայի հետ կապված բոլոր գնումներն էլ միասին ենք արել ու մինչև օրս հրաշալի հարաբերություններ ունենք ու ես ուզում եմ, որ այդպես էլ շարունակվի, որովհետև ես և ամուսինս երախտապարտ ենք նրան իր անձնազոհ քայլի համար»։

Փոխնակ մայրությունը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիա է, որին մասնակցում են երեք մարդիկ․ պտղի կենսաբանական ծնողները  և այն կինը, որի արգանդում էլ ձևավորվում է պտուղը։ Փոխնակ մայր կարող են դառնալ 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Եթե 2002 թվականի մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքի (ՀՕ-474-Ն) «փոխնակ մայրությունը» հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ փոխնակ մայրը կարող է լինել միաժամանակ նաև ձվաբջջի դոնոր, ապա նույն օրենքի հոդված 15-ի վերոնշյալ կետը 2012 թվականին փոխվել է (15-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.12 ՀՕ-85-Ն) ու այսուհետ փոխնակ մայրը չի կարող լինել միաժամանակ ձվաբջջի դոնոր, հետևաբար որևէ դեպքում փոխնակ մայրն իրավունք չունի երեխային չհանձնել կենսաբանական ծնողներին ու պարտավոր է կատարել 15-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերը, որոնք սահմանում են փոխնակ մոր՝ երեխայի նկատմամբ ունեցած իրավունքները։ (ՀՀ օրենք համար 11, հոդված 15, կետ 10- Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից):  

Նույն օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ցանկացած տեղեկություն գաղտնի է ու հրապարակման ենթակա չէ։ Տեղեկությունը կարող է տրամադրվել միայն դատարանի, դատախազության կամ այլ իրավասու մարմինների պահանջով՝ օրենքով սահմանված կարգով։

Հարկ է նշել, որ վերոնշյալ օրենքի հոդված 11-ը հստակ սահմանում է ևս մեկ կարևոր դրույթ՝ երեխայի սեռը որոշելու անթույլատրելիությունը․ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն:

Շատերը արտամարմնային բեղմնավորում ասելով՝ հասկանում են միայն փոխնակ մայրություն, սակյան դա այդպես չէ։ Արտամարմնային բեղմանվորում նշանակում է պտղաձվի ստացում մարմնից դուրս։ Այսինքն, համապատասխան մասնագետը վերցնում է կնոջ ձվաբջիջն ու տղամարդու սպերմատոզոիդը և արտաքին պայմաններում ստեղծվում է էմբրիոն՝ պտղաձու, որը կրում է տվյալ կինը։ Սակայն քանի որ կան այնպիսի խնդիրներ, որոնց դեպքում տվյալ կինը չի կարող կրել էմբրիոնը, այդ դեպքում օգնության է գալիս փոխնակ մոր ծառայությունը։  

Նարինեն (անունը փոխված է) երկու անգամ փոխնակ մայր է դարձել։ Ամուսնացած է, ունի երեխաներ։ Ամուսինը գրավոր համաձայնություն է տվել, քանի որ ամուսնացած լինելու դեպքում սա պարտադիր պայման է, որ կինը փոխնակ մայր դառնա զույգի համար (Հոդված 15, 3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ)։ Երկու անգամ էլ առողջ բալիկ է ունեցել ու հանձնել ծնողներին՝ ստանալով համապատասխան գումար։ Ասում է․

 «Ես անբարոյականություն չեմ արել, մաքուր եմ իմ խղճի ու Աստծո առջև, իսկ թե մարդիկ ինչ կասեն, միևնույնն է։ Ես օգնել եմ այդ զույգերին երեխաներ ունենալ, նրանց նվիրել եմ երջանկություն, որի համար շատերը պայքարում են տարիներ շարունակ, այնպես որ, ես չեմ ամաչում։ Հեշտությամբ եմ հանձնել երեխաներին, քանի որ հստակ գիտակցել եմ, որ նրանք իմը չեն ու որևէ կապ չունեն ինձ հետ։ Ընտանիքիս անդամները աջակցել են ամեն վայրկյան, իսկ դա ինձ համար ամենակարևորն է»։

Հայաստանի Հանրապետության 2002 թվականին ընդունված «վերարտադրողական առողջության ու վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում տեղ գտած 15-րդ հոդվածը վերաբերում է փոխնակ մայրությանը և կարգավորում է փոխնակ մոր ու փոխնակ մոր ծառայությունից օգտվող զույգի հարաբերությունները։

Շենգավիթ բժշկական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը կարծում է, որ այս օրենքը բավական մակերեսային է ու շատ կարևոր կետեր, որոնք կարգավորում են փոխնակ մոր ու զույգի հարաբերությունները, ինչպես նաև վերաբերում են երկու կողմերի իրավունքներին, բացակայում են․

«Փոխնակ մոր և զույգի հարաբերությունները կարգավորվում են օրենքով, սակայն մի շարք անկատար կետեր կան, որոնք անպայման պետք է ուսումնասիրել ու ավելացնել նորերը։ Օրինակ, չկա որևէ կետ այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ երեխան ծնվում է և ունենում առողջական  խնդիրներ ու կենսաբանական ծնողները հրաժարվում են սեփական երեխայից։ Իմ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում փոխնակ մայր դառնում են սոցիալապես անապահով ընտանիքների կանայք՝ այդպիսով լուծելով մի շարք խնդիրներ հենց ընտանիքի համար։ Եթե համեմատենք այլ երկրների հետ, Հայաստանում փոխնակ մոր ծառայության համար սահմանված գները բավական մատչելի են օրինակ, եթե ԱՄՆ-ում խոսքը գնում է 100000 դոլարի մասին, ՌԴ-ում՝ 60-70000 դոլարի, ապա մեր երկրում փոխնակ մոր ծառայության ամբողջական փաթեթը տատանվում է 20-30000 դոլարի սահմանում»։

Փոխնակ մայրն ինքն է որոշում այն գինը, որը պետք է ստանա երեխային լույս աշխարհ բերելուց հետո (Հոդված 18, 11. Փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում՝ համապատասխան առողջապահական հաստատության կամ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձի կամ ամուսինների և փոխնակ մոր կողմից նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով:

12. Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ

Փոխնակ մայրը կանխավճար չի ստանում և ողջ գումարը փոխանցվում է միայն երեխայի ծնվելուց հետո։ Աննա Խաչատրյանն այս երևույթի հետ կապված իր մտահոգություններն ունի․

«Հիմնականում ինձ հանդիպած փոխնակ մայրերի մոտ ես նկատել եմ այն, որ ուզում են բարեհաջող հղիություն տանել ու առողջ բալիկ լույս աշխարհ բերել, որպեսզի իրենց գումարը ստանան, քանի որ այդ ամենն արվում է հենց գումարի համար։ Վերջնական մեծ գումարը տրվում է վերջում, երբ կատարվում է ԴՆԹ անալիզ, հաստատվում է, որ երեխան տվյալ զույգինն է։ Կարծում եմ, եթե վերջնական մեծ գումարը տրվի նախապես, դժվար կլինի հսկել փոխնակ մոր վարքագիծը, իսկ այս պարագայում նա հստակ գիտի, որ պատասխանատու է զույգի առջև այն երեխայի համար, որին կրում է, այլապես գումար չի ստանա։ Երբ երեխան ծնվում է, նրան անմիջապես հեռացնում են փոխնակ մորից ու հանձնում ծնողներին։ Իհարկե դեպքեր կան, երբ զույգը որոշում է երեխային կրծքի կաթ տալ ու թույլատրում է փոխնակ մորը կերարկել բալիկին, բայց սա ոչ հաճախ հանդիպող երևույթ է»։

Հարցին, թե ում է տրվում երեխայի լույս աշխարհ բերելու գումարն այն դեպքում, եթե փոխնակ մայրը ծննդաբերության ժամանակ մահացել է, բժշկուհին արձագանքեց․

«Դուք տալիս եք մի հարց, որի պատասխանը ես չունեմ։ Դրա համար եմ ասում, որ օրենքում շատ անկատար հարցեր կան։ Եթե կինը ամուսնացած է, ենթադրում եմ, որ տրվում է ամուսնուն կամ ընտանիքի անդամներին, իսկ եթե ոչ՝ չգիտեմ, դուք իրավիճակ եք նկարագրում, որի մասին որև կետ չկա։ Ես գիտեմ, որ Աստված մի արասցե, եթե երեխան է մահանում, ապա փոխնակ մայրը ոչինչ չի ստանում, քանի որ զույգի ու փոխնակ մոր միջև կնքված պայմանագրում հստակ գրված է միայն առողջ երեխա ծնվելու դեպքում է փոխնակ մայրը ստանում գումար»։

Աննա Խաչատրյանը տեղեկացրեց, որ փոխնակ մոր ծառայությանը կարող են դիմել և չամուսնացած մարդիկ, և անհատները, և օտար պետությունների քաղաքացիները։ Դա օրենքով արգելված չէ։ Փոխնակ մոր հղիությանը հետևող բժիշկը պարտավոր է իմանալ, որ այն երեխան, որին կրում է տվյալ կինը, իրենը չէ և զույգերն, ըստ Աննա Խաչատրյանի, շահագրգիռ են այդ հարցում ու տեղյակ են պահում բժշկին։ Լինում են դեպքեր, երբ զույգը ստանում է փոխնակ մոր մասին բոլոր անհրաժեշտ տվյալները ու համաձայնում է, որպեսզի նա կրի երեխային, սակայն չի ցանկանում անձամբ հանդիպել փոխնակ մորը։ Բժշկուհի Խաչատրյանը նշեց, որ սա ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր։

«Այո, կան զույգեր, որոնք չեն ուզում հանդիպել իրենց փոխնակ մորը։ Մի կողմից, սա իրենց ընտրությունն է, մյուս կողմից էլ ենթադրում է որոշակի դժվարություններ։ Մի քիչ խնդրահարույց է դառնում փոխնակ մորը հսկելը, քանի որ ամեն բան արվում է միջնորդի միջոցով։ Բայց հղիության ընթացքում շատ կարևոր է, որպեսզի զույգը գնա կոնսուլտացիների փոխնակ մոր հետ, որպեսզի իմանա, թե ինչ պետք է անել, ինչ է անհրաժեշտ, կարևոր է նաև հետևել փոխնակ մոր սննդակարգին և այլն։ Սակայն, էլի եմ ասում, սա ընտրության հարց է»։

 Զույգի և փոխնակ մոր միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ևս հաստատվում են նոտարով, անհատական են ու կարող են հիմնական կետերից զատ՝ երկուստեք համաձայնության դեպքում պարունակել այլ կետեր ևս։ Կան փոխնակ մայրեր, ովքեր պահանջում են ամսական վճարել 150-200000 դրամ, կամ կան զույգեր, ում համար հատուկ պայման է այն, որ փոխնակ մայրը ապրի իրենց հետ, կամ հղիության ողջ ընթացքում խուսափի սեռական հարաբերություններ ունենալուց։ Կան զույգեր, որոնք սնունդ կամ հագուստ են տրամադրում, որպեսզի փոխնակ մայրը սնվի առողջ ու կրի այն հագուստը, որը զույգը որոշել է նրա համար։

Միշտ չէ, սակայն, փոխնակ մոր հղիությունն ընթանում պլանավորածի համաձայն։ Աննան, ով մասնագիտությամբ բժիշկ է, պատմում է, թե ինչպես ամուսնու հետ որոշեցին ի վերջո դիմել փոխնակ մոր օգնությանը երեխա ունենալու համար․

«Մենք ինը տարի  ամուսնացած ենք ու այս ընթացքում երբևէ հղիություն չի գրանցվել։ Ամուսնությունից մեկ տարի անց սկսել ենք զբաղվել այդ խնդրով՝ դիմելով տարբեր կլինիկաներ ու անցնելով բժշկա-գենետիկական հետազոտություններ և ի վերջո, խորհրդակցելով մեր բժշկի հետ՝ եկել ենք այն եզրահանգման, որ պիտի դիմենք փոխնակ մոր օգնության։ Սկսեցինք փնտրել ու մոտ մեկ տարի անց գտանք համապատասխան կնոջ, ում էլ վստահեցինք մեր երեխայի կրել։ Բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, համապատասխան մասնագետների կողմից տեղադրվեց երկու էմբրիոն ու մեկ շաբաթ անց պարզեցինք, որ տեղադրված երկու էմբրիոններն էլ հասել են իրենց նպատակինմեր  փոխնակ մայրը զույգ երեխաների էր սպասում։ Ուրախությունս անսահման էր, սակայն փոխնակ մոր անպատասխանատու լինելն ու խնդրին անլուրջ մոտեցումը յոթերորդ ամսում հանգեցրին հղիության ընդհատման։ Այժմ կրկին փնտրտուքների մեջ եմ, ամեն օր զանգեր եմ ստանում տարբեր կանանցից, ովքեր պատրաստ են դառնալ փոխնակ մայր, անգամ ֆեսյբուքում էջ եմ բացել, ինչպես շատ կանայք են դա անում, սակայն մինչև օրս չեմ գտել այն կնոջը, ում կվստահեմ կրել երեխայիս»։

Աննան գտնում է, որ փոխնակ մոր բարոյահոգեբանական վիճակը չափազանց կարևոր է․

«Փոխնակ մայրն այդ քայլին դիմելուց առաջ պետք է հասկանա դրա լրջությունը։ Կարևոր է նաև փոխնակ մոր տեղեկացված լինելը։ Օրինակ, բազմաթիվ կանայք, ովքեր արդեն բալիկներ ունեն, կարծում են, որ փոխնակ մայր լինելը շատ հեշտ է, բայց իրականում նախևառաջ պետք է հասկանալ, որ այս տեսակ հղիությունը բնական ճանապարհով չէ ու սաղմը, որին ինքը կրում է, չի պատկանում իրեն»։

 «Հորմոն» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Խաչիկյանը տեղեկացնում է․

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ անպտղություն կարելի է համարել այն, որ երկու տարի շարունակ ունենալով ազատ սեռական կյանք ու պլանավորելով երեխաներ, երբևէ հղիություն չի գրանցվում։ Սակայն բազմաթիվ բժիշկներ խորհուրդ են տալիս դիմել համապատասխան մասնագետի ոչ թե երկու, այլ մեկ տարի անց։  Ես էլ հորդորում եմ բժշկի ուղարկել ոչ միայն կնոջը, այլ միասին գնալ, քանի որ հնարավոր է, որ անպտղության պատճառն արական է։ Լուծումները կարող են տարբեր լինել կախված պատճառից ու բուժման ընթացքից։ Մենք միայն ամբողջական հետազոտություններ անելուց ու համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո ենք որոշում, թե ինչ լուծումներ պետք է առաջարկել։ Անամնեզի շնորհիվ մոտավոր տպավորություն ենք ստանում, թե ինչի հետևանքով է անպտղությունը։ Պիտի նշեմ, որ թյուր կարծիք կա մեր երկրում, թե անպտղությունն ունի միայն իգական պատճառներ, քանի որ դրանք երկուսն են, ու վերջերս արական խնդրով պայմանավորված անպտղությունների քանակը շատացել է»։

Արդյո՞ք Հայաստանում շատ են այն տղամարդիկ, որոնք պատրաստակամ են գնալ ու անցնել համապատասխան ստուգումներ, որպեսզի հասկանան անպտղության պատճառը, Աննա Խաչիկյանը պատասխանում է․

«Հայ իրականության մեջ տղամարդը բացառում է այն միտքը, որ ինքը կարող է անպտղության պառճառ լինել։ Միայն որոշակի գիտակցության գալուց ու տարբեր փուլեր հաղթահարելուց հետո են որոշում կայացնում դիմել բժշկի։ Հատկապես, երբ սիրում են կողակցին և ցանկանում են երջանիկ տեսնել, համապատասխան հետազոտություն են անցնում։ Կան դեպքեր, երբ տղամարդու սպերմագրաման ուսումնասիրելուց հետո, տեսնում ենք, որ ամեն բան կարգին է, նրան հանգիստ ենք թողնում ու սկսում ենք հետազոտել անպտղության հնարավոր իգական պատճառը։ Ունենում ենք դեպքեր, երբ զույգը պարզապես անհամատեղելի է ու երբեմն ցավոք, անհամատեղելիության ցուցանիշն այնքան բարձր է, որ մենք հասկանում ենք, որ տվյալ զույգի մոտ միասնաական գենետիկայի շարունակությունն անհնար է։ Տեղյակ ենք պահում ու զույգն ինքն է որոշում շարունակել համատեղ կյանքը, թե ոչ»։

Մեր հասարակությունը փոխնակ մայրերին հաճախ տալիս է բազմաբնույթ պիտակավորումներ ու շատերը փոխնակ մայրությունը կապում են վատ վարքի հետ։ Կան երկրներ, որտեղ փոխնակ մայր լինելն արգելված է, կան նաև երկրներ, որոնք պետական մակարդակով քննարկում են այս ծառայությունն արգելելու խնդիրը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոխնակ մայրությունը հաճախ վեր է ածվում բիզնեսի։ Հայաստանում իսկապես դժվար է գտնել փոխնակ մայրերի, որոնք համաձայն են խոսել այս թեմայի մասին, պատճառը նույնն է՝մարդկանց արձագանքն ու ընգծված վատ վերաբերմունքն այս երևույթի հանդեպ։ Կարծիքները տարբեր են, բայց անհերքելի է մի բան․ բազմաթիվ զույգեր, որոնք կանգնել են անպտղության խնդրի առջև, փոխնակ մոր օգնության շնորհիվ վայելում են ծնողներ լինելու բերկրանքը։

 

 

read in English  

 

Անպտղության եզրագծին․ երեխա ունենալու բարդությունները Հայաստանում

Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15 տոկոսն անպտղություն ունի: Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է՝ 2014-ին կազմելով 14,9 տոկոս: ԱՀԿ-ի չափանիշներով այս ցուցանիշը մոտ է ճգնաժամային մակարդակի եւ խոսում է այն մասին, որ երկրում կա լուրջ խնդիր:

Սեռական դաստիարակություն եւ հաշմանդամություն

Սեռական դաստիարակություն, սեռական առողջության պահպանում, սեռական հարաբերություններ․ մեր երկրում ընդունված է այս մասին կամ շշուկով խոսել կամ լռե։ Իսկ եթե խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող անձանց սեռական հարաբերություններ ունենալու մասին, ապա տաբուներն ու թյուրըմբռնումներն ավելի շատ են:

Ընտանեկան բռնություն․ անկատար օրենքն ու հասարակության կարծրատիպերը կանանց սպանությունների պատճառ են շարունակում մնալ

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով կնոջ մահվան հերթական բոթը Հայաստանում կրկին ստիպեց խոսել հայ հասարակության կողմից այդքան չսիրված ընտանեկան բռնության դեպքերի ու չհանգուցալուծվող խնդիրների մասին։

Հայաստանի քաղաքական կյանքում կանայք շարունակում են մնալ ետնաբեմում

թեև Հայաստանում կանայք բնակչության հիսուն տոկոսից ավելին են կազմում, միայն մեկ կուսակցություն է կնոջը տեսել գլխավոր դերում։ Գոհար Աբրահամյանի անդրադարձը այն հարցին թե ինչու նախընտրական ցուցակներում կանանց առկայությունը տղամարդկանց կողքին այնքան էլ բարի կամքի դրսևորման արդյունք չէ նույնիսկ երբ հարկ է եղել օրենքով ամրապնդել կանանց ներգրավվածությունն նախընտրական ցուցակներում։

Երեխաների հանդեպ միջսերնդային բռնության կանխարգելումը Հայաստանում

Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանում երեխաների դեմ բռնության հարցին նվիրված համաժողով. թեմա, որի մասին հաճախ չի խոսվում։ Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը, որին մասնակցել է երկրում բնակվող 8000 տնային տնտեսություն, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկվող երեխաների թիվը խիստ տագնապալի է գնահատում։


 Portraits of Memory - Aram Manukyan  

 Portraits of Memory - Harutyun Marutyan 

Velvet Revolution: The Moments In-Between

In 2018, the Armenian people were swept up in a nationwide movement that would come to be known as the Velvet Revolution. Photojournalist Eric Grigorian took thousands of photos, documenting and capturing images of ordinary people who came together to achieve the extraordinary. Through his own words, Grigorian tells the story of the revolution and the moments in-between.

------------------------------

Portraits of Memory: Gyumri

 

This year marks not only the 30th anniversary of the earthquake, but also the 30th anniversary of the start of the Karabakh Movement. Before the Velvet Revolution, EVN Report traveled to Gyumri to talk to the people there about their memories, concerns and dreams for the future. These are the voices of the participants of the 1988 Movement from Gyumri.

 

 

-------------------------------

Introspective Armenia: Portraits of Memory

Dedicated to the 30th Anniversary of the Karabakh Movement

 

The 1988 Karabakh Movement brought about a period of intense and sweeping changes and the people of Armenia were leading the charge. 

 

 

-----------------------------------------

Ինտրոսպեկտիվ Հայաստան. Հիշողության դիմանկարներ

Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

1988-ին սկասած Ղարաբաղյան Շարժումը ինտենսիվ և վիթխարի փոփոխությունների ժամանակաշրջան էր, որն առաջնորդում էր հայ ժողովուրդը: 

 

When we launched EVN Report on March 16, 2017 in Yerevan, our mission was to be the first reader-supported Armenian publication. But we had to prove to you, our reader, what we were made of. So, for the past year we have written extensively and critically about issues impacting our lives in Armenia and the Diaspora. Our goal was to elevate the conversation, to bring meaning and context to our own unique digital town square. We have also been a platform where the world can take a peek inside our complexities, hardships, accomplishments and victories. If you read something that meant something on EVN Report, then we are asking you to support us so that we maintain our independence and are accountable to you.

Please visit our Support Us page to learn more:https://www.evnreport.com/donate


All rights reserved by EVN Report
Developed by Gugas Team